Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գնահատենք միմյանց որպես մարդկային գենի որակյալ տեսակը կրողի

Գնահատենք միմյանց որպես մարդկային գենի որակյալ տեսակը կրողի
18.12.2015 | 01:23

1988-ի դեկտեմբերյան աղետի ցավը միշտ մեզ հետ է: Դա այն ցավն է, որ երբեք չի ջնջվի սերունդների հիշողությունից: Այս տողերի հեղինակը ոչ միայն ականատեսն է դեկտեմբերի 7-ի ողբերգական դեպքերի, այլև, որպես դատախազի չհրամանագրված պաշտոնակատար, Սպիտակում շուրջ մեկ ամիս կատարել է իր պարտականությունները: Ասել, թե օրենքի սահմաններում և ազնվորեն է կատարել իր աշխատանքը, կնշանակի ոչինչ չասել: Եվ ի՞նչ: Ընդամենը այն, որ արդյունքում շալակեցի քրեական գործ: Ցավն ամենևին էլ դա չէ: Ընդամենը մի քանի շաբաթ և քրեական գործը կարճվեց հանցադեպի (ոչ թե հանցակազմի) բացակայության պատճառով: Եվ դրա համար ես միշտ հիշում և շնորհակալություն եմ հայտնում բելառուս ժողովրդի այն զավակներին, ովքեր օբյեկտիվորեն քննեցին քրեական գործը և… Բայց երբ պիտի կայացվեր վերջնական կարճման որոշումը, իսկ այն կատարվեց իմ կոլեգա, ազգությամբ հայ (դիտավորյալ ընդգծեցի քննիչի ազգային պատկանելությունը), հատկապես կարևոր գործերով քննիչ Պերճ Հարությունյանի կողմից, նա չզլացավ այդ որոշման մեջ, իհարկե իր պետերի ցուցումով, ավելացնել, թե Սոկրատ Հովսեփյանի կողմից կատարվել է վարչական խախտում: Դա էլ պետք է հիմք հանդիսանար ՀՀ դատախազի համար, որ նա կարողանար զեկուցել ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Սորոկային, թե` տեսեք, որքան օբյեկտիվ եմ, որ նույնիսկ իմ աշխատողի փոքրիկ սխալը չեմ հանդուրժել և նրան պատժել եմ՝ հեռացնելով դատախազության ապարատից: Դատախազի պաշտոնից իջեցրել ու որպես քննիչ ուղարկել եմ Ախուրյանի շրջան: Ճիշտ է, ՀԿԳ քննիչ Հարությունյանը հետագայում ինձնից ներողություն խնդրեց իր արարքի համար, արդարանալով` ես մեղավոր չեմ, ինձ հրամայել են, բոլոր ժամանակներում գործող հանրահայտ դարձվածով: Ինչու բերեցի այս օրինակը, որպեսզի ցույց տամ, թե մենք` հայերս, ինչ սիրով ենք բացում յուրայինի երակը կամ էլ մեր բոլոր հոռի կողմերը փորձում ենք արդարացնել ուրիշների հարկադրանքով:
Դեկտեմբերի 7-ին, տեղական ինչ-որ հեռուստաալիքով ելույթ էր ունենում մի դոկտոր-պրոֆեսոր և բացատրում լսարանին, թե այդքան զոհեր չէին լինի, եթե աղետի գոտու շենքերը կառուցված լինեին մինչև ինը բալ սեյսմակայունությամբ, բայց չէր արվել, որովհետև դա թույլ չէին տալիս Մոսկվայում նստած կոմունիստ պաշտոնյաները: Հանրահայտ խոսք է` մեռածները չեն պաշտպանվում և նրանց վրա կարելի է թափել հոգու ամեն չարություն: Որևէ խոսք չասելով Մոսկվայի հանգուցյալների մասին, որոնց մեղքով չի թույլատրվել կառուցել 9-բալանոց սեյսմակայունությամբ շենքեր, բայց, որպես բանական և գործին շատից-քչից տեղյակ մարդ, ուզում եմ հարցնել այդ պրոֆեսորին` իսկ Լենինականում, Սպիտակում, Կիրովականում կամ աղետի ողջ գոտում կառուցված շենքերը համապատասխանո՞ւմ էին օրենքով նախատեսված 8-բալանոց սեյսմակայունությանը: Ասեմ կտրուկ` ո՛չ: Ո՛չ, որովհետև հայ պաշտոնյաները կենտկոմից մինչև մինիստրների խորհուրդ, շրջկոմից մինչև աշխղեկ, շինտրեստի կառավարչից մինչև շարքային բանվոր, մեղմ ասած, հակահայրենասեր էին և չէին տեսնում շինարարությունից գողացված ցեմենտը, երկաթը, ասենք, շիննորմերով նախատեսված 10 զոդում կատարելու փոխարեն արված ընդամենը մի քանիսը: Հարուցված բոլոր քրեական գործերով կարմիր թելի պես անցնում էին անորակ կատարված շինարարական աշխատանքները: Այնպես որ, թողնենք մոսկովյան հանգուցյալներին հանգիստ և մեր դժբախտությունները փնտրենք մեր մեջ: Այս օրերին «Երկիր Մեդիայով» պատմում էին Սարդարապատի հերոսների ստոր սպանությունների մասին, որ իրագործել են Երևանի բանտում, իսկ հազարից ավելի սպաների ոտաբոբիկ աքսոր ուղարկել: Թող թույլ տրվի հարցնել, այդ ո՞ր վիժվածքն էր, որ Երևանի բանտում ուղղակի կացնով սպանում էր նրանց: Այո, բոլշևիկը, և այն էլ հայ բոլշևիկը: Մի ստոր վիժվածք, որի անունն էր Ավիս Նուրիջանյան կամ Գևորգ Աթարբեկյան: Ոմանք կասեն` դասակարգային պայքար էր, բայց թող հարցնեմ ադրբեջանցի, վրացի կոմունիստներն ինչպես էին վերաբերվում մուսավաթականներին, մենշևիկներին: Նրանց վարքագծում Նուրիջանյանի կարգի գազաններ չեմ հանդիպել: Եվ այդ դաժանությունները բերեցին նոր դժբախտություններ հայ ժողովրդին: Դաշնակցականները 1921 թվականի փետրվարին գնացին, ոմանց կարծիքով` ավանտյուրայի, համաժողովրդական ցասման արդյունքում տապալեցին խորհրդային իշխանությունը Հայաստանում և իշխանությունը պահեցին իրենց ձեռքում ընդամենը քառասուն օր: Իմ կարծիքով` դա խելահեղություն էր և, բնականաբար, որևէ հույս իշխանությունը պահելու համար դաշնակցականները չէին կարող փայփայել: Կռվել համատեղ գործող բոլշևիկների և թուրքերի դեմ, առնվազն խելահեղություն էր: Սակայն չեմ կարող չասել, որ այդ խելահեղությամբ նրանք յուրօրինակ դաս տվեցին հայ բոլշևիկներին: Եվ փետրվարյան դեպքերից հետո Հայաստան եկած Ալեքսանդր Մյասնիկյանը բացահայտ կասի.
-Նուրիջանյանի սխալների (մեղմ է ասել սխալների- Ս. Հ.) վրա մենք դեռ շատ կսայթաքենք:
Ինչո՞ւ բերեցի այս երկու օրինակները: Միայն մի բանի համար, որ մենք դեռևս ճիշտ դասեր չենք քաղում պատմությունից և շարունակում ենք մեր էությամբ պայմանավորված սխալները և նրանց ծանր հետևանքները բարդել օտարների վրա:
Մեր սխալները փնտրենք մեր մեջ և գնահատենք միմյանց որպես հայ մարդու, որպես մարդկային գենի որակյալ տեսակը կրողի և, հավատացած եմ, ամեն ինչ առավել քան լավ կլինի:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ