USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

«Ձենովօհանների» խիստ պակաս կա երկրում

«Ձենովօհանների» խիստ պակաս կա երկրում
18.12.2015 | 01:43

Պատկերացրեք այսպիսի անհեթեթ վիճակ: Մեկը գնում է հեռավոր ծանոթի տուն, պայթելու չափ կուշտ ուտում-խմում է, հետո սկսում աչքերով տան անկյունները հոտոտել և, որովհետև տեսողությունից էլ սուր հոտառություն ունի, սրտի ուզածի չափ «լաքա» է գտնում: Ընդ որում, և՛ այնտեղ, որտեղ դրանք իրականում կան, և՛ այնտեղ, որտեղ ընդհանրապես գոյություն չունեն: Պատկերացրի՞ք: Դե հիմա պատկերացրեք նաև, որ այդ մեկը հյուրընկալության տարրական կանոնները շրջանցելու մեծ վարպետ է, հետն էլ սեփական ստվերից երկար լեզու ունի, ու փորձեք շարունակությունը տեսնել: Տեսա՞ք` ինչպես է առանց թույլտվության հարմար տեղավորվում տանտիրոջ համակարգչի առաջ ու սկսում երկար-բարակ թվարկել բոլոր այն «լաքաները», որոնց համար տանտիրոջն առնվազն անարգանքի սյունին պիտի գամել` ի տես աշխարհի:
Լավ, երևակայությանը զոռ տալու գործը թողնենք գրողներին, վերադառնանք լրագրության ոլորտ` հետներս վերցնելով ընդամենը «հեռավոր ծանոթի տուն հյուր գնացած մեկին», որ տվյալ դեպքում Ռիչարդ Միլզն է` մեր երկրում Միացյալ Նահանգների դեսպանը: «Քեռի Սեմի» ներկայացուցիչ այս բարձրաստիճան դիվանագետը հերիք չի եկել, աղայավարի բազմել է մեր տանը, դեռ մի բան էլ հոխորտալ է սկսել, ընդ որում, հայտարարությունների տեսքով, որոնցից վերջինն ավելի շատ պաշտոնական Վաշինգտոնից ՀՀ-ին ուղղված բարձր մակարդակի բողոքի նոտա է հիշեցնում: Ահավասիկ.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ-ի դեսպանատան կողմից` դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»:
Բա հիմա ո՞նց չասես` այ բարև՜, սըր Ռիչարդ, կարո՞ղ է հենց նոր երկնքից իջար, ոտքերդ էլ ամպոտ են: ՈՒ եթե եզակի թվով ենք դիմում, պարզ է, չէ՞, որ հոգնակի թվով «Սպիտակ տան» տերերիդ նկատի ունենք` «աշխարհով մեկ կոռուպցիայի դեմ պայքարող» «փղերի» ու «ավանակների» այդ ընտրովի դասին: Եվ ոչ միայն դիմում ենք, այլև, Օստապ Իբրահիմովիչը կասեր, զուտ հետաքրքրությունից դրդված, ուզում ենք ընդամենը հարցնել` այդ ինչպե՞ս է լինում, որ Թուրքիայում ու Սաուդյան Արաբիայում մինչև «լոշտակ ականջներն» ու «ցմփոր կնճիթը» կոռուպցիայի մեջ թաղված ձեր «գերանը» չեք տեսնում, մեր հանրաքվեի «անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց» «փուշը» տեսնում եք: Եվ ոչ միայն «տեսնում» եք, այլև բացեիբաց սպառնում պատժամիջոցներ կիրառել սույն անձանց նկատմամբ` «դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»: Ավելի պարզ ասած` «պերսոնա նոն գրատա» ճանաչել նրանց` Միացյալ Նահանգներ վերջիններիս մուտքն արգելելով: Լուսահոգի տատս կասեր` վա՜խ, քոռանամ ես, դիմանալու բան չի: Ո՞նց են դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անաչառ անցկացմանը միջամտած «խեղճ» անձինք մարսելու այդ արգելանքը, սրտները կսկիծից կպայթի, ախր: Իսկ եթե լուրջ` ինչո՞ւ է ձեզ թվում, սըր «քեռի սեմեր», որ հայերը քնում-արթնանում, օվկիանոսից այն կողմ իրենց սպասող «դրախտի դռների» մասին են երազում: Ձեր ժողովրդավարական սոդոմ-գոմորը` ձեզ, իսկ մեր «գլուխը» «որբի գլխի» հետ չշփոթեք հանկարծ: Ի դեպ, լուսահոգի Վազգեն Սարգսյանն այս համեմատությունն արեց Վաշինգտոնից վերադառնալուց անմիջապես հետո, առանց ենթատեքստի հասկացնելով, որ «վարսավիրություն» սովորեք այլոց գլխի վրա: Հայրենի գործադիր իշխանության ներկայիս ղեկավար Հովիկ Աբրահամյանը նույն բանն ասելու «դուխ» կունենա՞, տեսնես: Խիստ կասկածում եմ: ՈՒնենար, իր նախարարներին ու գործադիր իշխանությունը ներկայացնող այլ կառույցների ղեկավարներին «մի բերան» կհասկացներ, որ Ռիչարդ Միլզը չէ, Օբաման էլ պապի ձեռքից բռնած որ գա ու «կանչի» իրենց ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատուն, «չպիտի բարեհաճեն ժամանել»: Եթե հարցնեին` ինչո՞ւ, շատ պարզ պատասխան պիտի տար. «Որովհետև, տիարք և տիկնայք հայոց աշխարհի, ձեր գլուխը որբի գլուխ չէ, որ ով հասնի` վարսավիրություն անի վրան, ձեռքի հետ էլ խուզած տեղերում արևմտյան նոր «արժեքներ» կրակի»: Չէ, չի ունեցել այդքան «դուխ» Հովիկ Աբրահամյանը (և ոչ միայն նա), դրա համար էլ ԱՄՆ-ի դեսպանատան ձայնը տաք տեղից է գալիս: «Ձենովօհանների» խիստ պակաս կա երկրում, ավելին, սարսափելի դեֆիցիտ, ահա և «ոտավորվել» են ռիչարդմիլզերը: Ժողովուրդը կասեր` ոտքին տեղ է արել, գլխի համար է տեղ բացում: Իհարկե կբացի: Տեսնես մինչև ե՞րբ են բերանները ջուր առնելու մեր պատկան մարմինները:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ