Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչո՞ւ Հայաստանի նախագահը չի հետևում Պուտինի օրինակին

Ինչո՞ւ Հայաստանի նախագահը  չի հետևում Պուտինի օրինակին
22.12.2015 | 00:38

Հավատացեք, ամեն անգամ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս «մեծ» կոչված իր ամենամյա տարեվերջյան ուղիղ մամլո ասուլիսով, մոսկվայաբնակ ամեն մի նախկին հայաստանցու մեջ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հայոց նախագահը կտրականապես խուսափում իր ժողովրդի հետ հաղորդակցվելու այս հրապարակային ձևաչափից: Բայց չէ՞ որ, եթե մի կողմ դնենք մասշտաբները, իր կենսաբարոյական անհուսալի խնդիրների մեջ խրված հայաստանյայց ժողովուրդը անհամեմատ ավելի շատ հարցեր ունի առաջադրելու իր ղեկավարությանը, որովհետև չի ստանում դրանց մեծ մասի իրական պատասխանը: ՈՒմի՞ց, ե՞րբ, որտե՞ղ:
Եվ ամեն անգամ Պուտինը ապշեցնում է, նույնիսկ համաշխարհային մակարդակով, իր եզակի հրապարակայնությամբ: Դատեցեք ինքներդ` առաջնորդվելով պարզ «թվաբանությամբ»: Սա Ռուսիո առաջնորդի թվով 11-րդ հանդիպումն էր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որը տևեց 3 ժամ 10 րոպե: Միջոցառմանը ներկա ռեկորդային 1490 լրագրողներից 32-ը (27-ը՝ տեղացի, 5-ը՝ օտարերկրացի) 44 հարց ուղղեցին նրան: Եթե ուզում եք, սեռն էլ կհիշատակենք՝ 14-ը տղամարդ էր, 18-ը՝ կին: Ողջ ասուլիսը թարգմանվում էր անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Հայաստանի վերաբերյալ ոչ մի հարց չհնչեց:
Եվ այսպես, Պուտինը բաց ճակատով նստած էր մասնագիտության բերումով ագրեսիվ ու սկանդալասեր լրագրողական հանրության առջև: Հարցերի բնույթի ոչ մի սահմանափակում, հետաքրքրվիր ինչով ուզում ես՝ երկրի ներքին ու արտաքին բազմակողմ իրավիճակ, համաշխարհային անցուդարձ, կոնկրետ իրադարձություններ, փաստեր, իրողություններ, անձնական կյանք… Եվ բոլոր հարցապնդումները ստանում են հանգամանալի պատասխան: Հիացնում է այս մարդու պետական լայնածավալ մտածողությունը, խոր իրազեկվածությունը քաղաքական-տնտեսական-հասարակական կյանքի նրբություններում: Բնավ չի խուսափում ծառացած դժվարությունների մասին խոսելուց, իր քաղաքացիներին հուսադրելուց և այլն:
Հայերիս համար, թերևս, ամենաուշագրավը նրա վերաբերմունքն էր ռուս-թուրքական հարաբերությունների ընթացիկ իրավիճակի նկատմամբ: Թուրքերի կողմից ռուսական ռմբակոծչի խոցումից հետո կրկին ու կրկին Պուտինը դրսևորեց իր ծայրահեղ անհանդուրժողականությունը թուրքական ղեկավարության ու, մասնավորապես, Էրդողանի հանդեպ: Այսքա՜ն էլ թուրք՝ հայավարի կասեինք մենք: Բարեկիրթ, չափի զգացումով այս անձը նույնիսկ չկարողացավ տիրապետել իրեն և զայրույթն ու արհամարհանքն արտահայտեց բնավ էլ ոչ կոռեկտ ձևով. «Եթե թուրքական ղեկավարության մեջ որևէ մեկը որոշել է լիզել ամերիկացիների մի տեղը (ծափահարություններ-Ռ.Հ.), չգիտեմ, ճի՞շտ է վարվում, թե՞ ոչ»: Կամ. «Աթաթուրքը դագաղի մեջ շուռ կգար, եթե իմանար սողացող իսլամացման մասին»:
Մեր երկրի համար հուսադրող կլինի Պուտինի հայտարարությունը ի պատասխան վրաց լրագրողուհու հարցի՝ Մոսկվան պատրա՞ստ է վերականգնելու հարաբերությունները Վրաստանի հետ, չեղյալ համարելու վիզայի ռեժիմը:
Իմաստ ունի առանձնացնել ևս մի պարագա, երբ նրան հարցրին իր ժառանգների՝ երկու դուստրերի մասին: Ոչ, ոչ, խոսքը չէր վերաբերում լրագրողական մեղադրանքներին, թե նրանք, իբր, իրենց լկտի են պահում, սանձարձակ են, խառնվում են գործարար մարդկանց կյանքին, կոռուպցիայի մասնակիցներ են… Պուտինը պատասխանեց, որ մտացածին են լրատվամիջոցների տարածած այն լուրերը, թե նրանք ուսանել ու ապրում են արտասահմանում: Նրանք երկուսն էլ հիմնարար կրթություն են ստացել Ռուսաստանում, մասնագիտությունից բացի, գիտեն մի քանի օտար լեզուներ, բացարձակապես չեն զբաղվում ո՛չ բիզնեսով, ո՛չ էլ քաղաքականությամբ: Նրանք երբեք «աստղային» երեխաներ չեն եղել, և ինքը հպարտանում է իր աղջիկներով:
Կարելի է բազմաթիվ այլ մեջբերումներ, մեկնաբանություններ անել, բայց դա չէ կարևորը: Դառնանք ռուսաստանաբնակ հայերի վերոհիշյալ մտահոգությանը: Իրոք, ինչո՞ւ Վլադիմիր Պուտինը չի վախենում իր ժողովրդից` բաց երկխոսության մեջ մտնելով նրա հետ: Ավելին, նա հայտարարում է, որ նման շփումները հնարավորություն են տալիս առավել խորությամբ ընկալելու մարդկանց հուզող խնդիրները: Պուտինի ելույթից մեկ շաբաթ առաջ նույն նպատակադրվածությամբ հեռուստալրագրողների հետ, այդ թվում` ընդդիմախոս, ուղիղ հանդիպում ունեցավ նաև վարչապետ Դմիտրի Մեդվեդևը (իհարկե, ոչ նման մասշտաբով): Բայց ինչո՞ւ իսկապես Հայաստանի ղեկավարներից և ոչ մեկի մտքով անգամ չի անցնում հայ ժողովրդի աչքի առաջ զրուցել, չասենք` 1490, ապա գոնե 90 լրագրողների հետ, որոնց մի մասը՝ ոչ «պալատական»: Բանը հասել է նրան, որ նման գաղափարն անգամ Հայաստանում ֆանտաստիկ է թվում: Ասելիք չունե՞ն, թե՞ վախենում են սուր հարցերից: Բայց մինչև ե՞րբ: Լավ, չե՞ն կարող պատասխան տալ ազգի համար բախտորոշ այն հարցին, թե ինչու են հայաստանցիները շարունակում զանգվածաբար արտագաղթել իրենց բնօրրանից: Կամ` ինչո՞ւ Հայաստանի կառավարությունում չկա ոչ մի ինտելեկտուալ վառ անհատականություն: Ի վերջո, ինչո՞ւ նոր սահմանադրությունը պետության ղեկավարին չի պարտադրում ժամանակ առ ժամանակ ինչ-որ ձևաչափով, թեկուզ խորհրդարանում, հաշվետվությամբ հանդես գալու:
Եվ վերջում բնավ էլ Պուտինին չառնչվող արտասովոր մի միջադեպի մասին, ինչը, սակայն, հոռետեսական խոհեր է առաջացնում հայոց երկրի ապագայի հարցում: Երևանից մեկնում էի Մոսկվա: Ինքնաթիռում պատահաբար հանդիպեցի հին ծանոթներիցս մեկի տղային: Մանկամիտ էր ի ծնե, հայրը մի կերպ նրան պահակ էր «դասավորել»: Հարցնում եմ՝ ո՞ւր ես գնում: «Հայաստանն ապրելու տեղ չի,- պատասխանում է,- որոշել եմ տեղափոխվել Ռուսաստան` ազգականիս մոտ»:
Մտածում ես՝ արդեն թերահասներն էլ են արտագաղթում:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1523

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ