Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Սուր վերցնողը սրից կընկնի»

«Սուր վերցնողը սրից կընկնի»
22.12.2015 | 00:59

Տարին մոտեցավ իր ավարտին: Այն ամենքի համար կունենա իր նշանակությունը: ՈՒմ` ինչպես…
Խորքային հայացքով Հայաստանի համար գուցե պետք էր առանձնացնել Եղեռնի 100-րդ տարելիցը` առհավատչելու հայոց ապրած ոգին` ի շարունակություն երկինք ելած-սրբադասված երկու միլիոն նահատակների: Դրան զուգահեռելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական «նոր» օրը, որը «բխումն» ու շարունակությունն է նախորդ դարի, որպես «բերանն արնոտ մարդակերի» անվերջ պատում. զի աշխարհը, նրանում պստիկ «ածու» հայերը կրկին կանգնել են լինել-չլինելու շեքսպիրյան դիլեմայի առաջ, երբ քաղաքական շահերը տենչում են պատերազմ, երկինքն արձագանքում է մի՛ սպանաներ:
Տարին սակայն մենք չենք առնչելու այս ամենին. այդ զրույցն անչափ բարդ է ու խորքատար: Խոսենք առավել «էկզոտիկից»` ներհայաստանյան և աշխարհաքաղաքական խնդիրներից:
2015-ի ներհայաստանյան «թոփը», անշուշտ, հանրաքվեն էր։ Ո՞վ է ասել. «Հալեպը, բռնել ոտները, կերել ոչխարը», այլևս էական չէ: Էականը մեկն է. հանրաքվեն վերջ դրեց նախագահական ինստիտուտին: Չենք խորանա նաև այս խնդրի խորքանշանային համակարգի մեջ, ասելու` անհատականության ձեռքը դարերն ի վեր կրակն ընկած հայոց մեջ կոլեկտիվ առաջ գնալու «բանադրանք» է այս սահմանադրությունը, ինչն առաջին հերթին սյունանալու է հենց ՀՀԿ-ի դեմ` ասելու վերարտադրության առաջնահերթությամբ սահմանադրություն փոխած հանրապետականի դեպքում աշխատելու է հայտնի օրինաչափությունը` «սուր վերցնողը սրից կընկնի»:
Քանզի վերջացնելով նախագահական «դարաշրջանը»` «վերջի» մատրիցան հնարավոր է և կլլի նաև ՀՀԿ-ին, որպես նախագահականի էպոխայի առանցք: ՀՀԿ-ն ու նրա առաջնորդը դեռ չեն պատկերացնում հանրաքվեի ու նախագահի ինստիտուտը վերացնելու ողջ «ծանրությունը», որն «առնչվելու» է ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին, այլև առաջին հերթին իրենց… եթե չկարողանան իսկապես և իրականում փոխել այդ մատրիցան:
ՈՒ թե չկարողանան, «ողջը» փուլ է գալու իրենց գլխին: Հայրենիքն ու պետականությունն էլ` վրադիր:
Գիտակցո՞ւմ է իշխող կուսակցությունը, իսկ իրականում նրա լիդերը (միակ կենսունակ խաղացողը) այս գերկարևոր առաքելությունը, չգիտենք, կամ գոնե դեռ տեսանելի չէ: Ընդ որում, այս խնդրի գիտակցումն իսկ քիչ է: Եթե չասենք` ոչինչ է: Քանզի կարևորը տրանսֆորմացիայի գնալու կարողությունն ու կամքն է: Կա՞ նման ցանկություն: Դա ևս դժվար է ասել: Ընդ որում, եթե նախկինում կարծես թե կար, բայց քայլեր չէին արվում, հիմա այդ մասին դեռ խոսք չկա, իսկ ահա հանրաքվեն, դրսևորված «ոչ»-երն իրենց ծավալայնությամբ և խորքայնությամբ բոլորովին նոր իրադրություն էին իշխանությունների համար: Չնայած շատերը վիճարկում և պատճառաբանում են, որ վիճակն առանձնապես «հիասքանչ» չէր նաև 2008-ին` ԼՏՊ-ՀՀԿ, և ոչ էլ 2013-ին` Րաֆֆի-ՀՀԿ հակընդդեմության ժամանակ:
Գուցե և այդպես էր: Սակայն հանրաքվեի ողջ ընթացքը եկավ ապացուցելու` խաղը փոխվել է ոչ միայն ներհայաստանյան մոդերատորների համար, այլև դրսի: Սերժ Սարգսյանից առաջ իրենք ևս հոգնել էին իրենց իսկ կողմից «խաղացվող» հակընդդեմ ներքաղաքական ուժերից, էլ առավել լիդերներից, ուստի «դրսեցիք» բոլորովին նոր մոդուլյացիաներ են կիրառում, որի դեմ իշխանական համակարգը գրեթե անզոր գտնվեց և մի կերպ «պլստաց»: Կկարողանա՞ այս կարճ ժամանակահատվածում «վերարտադրման» գնացող ՀՀԿ-ն համարժեքորեն փոխել իր խաղը, խիստ կասկածելի է:
Մեկ «բայց»-ով. ՀՀԿ լիդերը կարողացել է մինչ այս խաղը պահել ոչ թե տրանսֆորմացիոն-խորքային կոնֆիգուրացիաներով, այլ լավագույնս հաշվելով: Կկարողանա՞ նա այս անգամ ևս «լավ» հաշվել: Հաստատ կկարողանա:
«Հաշիվ-ֆակտուրան» կընդունվի՞: Ընդ որում` բոլոր խաղացողների կողմից` տարածաաշխարհաքաղաքական օր օրի փոփոխվող զարգացումների և քարտեզների պարագայում:
Անհայտ է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ