Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հարավային Կովկասում առաջնային է դառնում անվտանգության ու խաղաղության պահպանումը»

«Հարավային Կովկասում առաջնային է դառնում անվտանգության ու խաղաղության պահպանումը»
22.12.2015 | 10:27

«Իրատեսի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, էներգետիկ աշխարհաքաղաքականության և անվտանգության մասնագետ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ:


-Պարոն Մանվելյան, ինչո՞վ է պայմանավորված նավթի գնի անկումը համաշխարհային շուկայում։
-Նավթի գնի անկումը պայմանավորված է առաջին հերթին ԱՄՆ-ի մշակած և երկար տարիներ իրականացվող ռազմավարությամբ, ինչի նպատակն է նավթի համաշխարհային շուկայում նվազեցնել նավթ արդյունահանող պետությունների ազդեցությունը: Այս ռազմավարությունը, որի մշակումները սկսվել էին դեռ անցած դարի 70-ականներին, երբ առաջ քաշվեց «Էներգետիկ աշխարհաքաղաքականություն» տեսությունը, կարելի է ասել, իր պտուղները սկսեց տալ միայն վերջին տարիներին: Այս քաղաքականությունն ուղղված չէ առանձին պետության դեմ, ինչպես երբեմն ներկայացնում են մեր լրատվամիջոցները։ Սա ԱՄՆ-ի և ընդհանրապես նավթ սպառող պետությունների անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված և էներգետիկ կախվածությունը նվազեցնելու միտում ունեցող քաղաքականություն է: Ինչպես հայտնի է, դեռ 2014 թ. օգոստոսին նավթի մեկ բարելի գինը մոտ 110 դոլար էր, այժմ այն կազմում է մոտ 35-37 դոլար՝ պայմանավորված նավթի տեսակով: Նավթի գնի նման կտրուկ անկման պատճառը գնագոյացման մեխանիզմում տեղի ունեցած փոփոխություններն են: Ընդհանրապես, նավթի գնագոյացումը բավականին բարդ գործընթաց է, որին կարելի է հետագայում անդրադառնալ առանձին հարցազրույցով, իսկ ներկա անկման հիմնական պատճառը թերթաքարային նավթի արդյունահանման կտրուկ աճն է ԱՄՆ-ում: Օրինակ, դեռ 2010-ին ԱՄՆ-ը, որը նավթ սպառող ամենախոշոր պետությունն է աշխարհում, ապահովում էր իր պահանջարկի միայն 63 %-ը, մնացածը ներմուծում էր դրսից: 2014 թ., սակայն, թերթաքարային նավթի շահագործման հաշվին ԱՄՆ-ին հաջողվեց բավարարել իր պահանջարկի 94 %-ը: Սա հանգեցրեց նրան, որ նավթային շուկայում հայտնվեց մոտ 2 մլն բարել օրական ծավալով «ավելորդ» նավթ: Այսինքն, առաջարկը սկսեց կտրուկ գերազանցել պահանջարկը, և նավթի գները նվազեցին՝ 2014 թ. դեկտեմբերին հասնելով 75 դոլար/բարելի: Սակայն նավթի գները շարունակեցին նվազել, երբ հայտնի դարձավ, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հանվում են, ինչի հիմնական նախաձեռնողը հենց Վաշինգտոնի ներկա ղեկավարությունն էր, ինչը նշանակում է, որ նավթի պաշարներով աշխարհի 4-րդ պետությունը (Իրանը տիրապետում է նավթի ապացուցված պաշարների մոտ 9 %-ին, զիջելով միայն Վենեսուելային՝ 19 %, Սաուդյան Արաբիային 15 % և Կանադային 10 %) վերադառնում է նավթի համաշխարհային շուկա: Այս լուրերը փլուզեցին նավթի գները՝ դրանք հասցնելով մոտ 50 դոլարի: Եվ վերջապես, նավթի գնի անկման 3-րդ շրջանը սկսվեց վերջին մեկ շաբաթում, երբ ԱՄՆ-ը հայտարարեց, որ սառեցնում է նավթի արտահանման արգելքի քաղաքականությունը և թույլատրելու է ամերիկյան ընկերություններին հում նավթ արտահանել: Ի դեպ, հում նավթի արտահանումն արգելող օրենքը Կոնգրեսն ընդունել էր դեռ 1975 թ.՝ ի պատասխան 1973 թ. ՕՊԵԿ-ի անդամ պետությունների հայտարարած նավթային էմբարգոյի: Եվ այսպես, այս քաղաքականութունն իր պտուղներն է տալիս, ինչից առաջին հերթին տուժում են այն պետությունները, որոնց նավթի արդյունահանման ծախսերը բավականին թանկ են ¥դրանցից մեկն էլ մեր հարևան Ադրբեջանն է, որը նավթն արդյունահանում է Կասպից ծովի ընդերքից, ինչը բարձրացնում է ինքնարժեքը):
-Հայտնի է, որ Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է նավթի վաճառքից ստացած եկամուտներից։ Գնանկումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս երկրի վրա։
-Նավթի գնանկման հետևանքներն արդեն իսկ նկատելի են։ Ըստ «Սդանդարտ ընդ փուրի» («S&P outlook for Azerbaijan revised to Negative»)՝ այս տարին Ադրբեջանը կփակի ՀՆԱ-ի մինչև 10 % նվազմամբ: 2016 թ. հաստատված բյուջեն մոտ 10 մլրդ դոլարով պակաս է, քան 2014 թ. 25 մլրդ դոլարանոց բյուջեն: Այս իրավիճակը կազդի ոչ միայն այդ պետության նավթագազային սեկտորի վրա, ինչը կազմում է նրա ՀՆԱ-ի մոտ 50 %-ը, այլև շինարարության ու ծառայությունների ոլորտի, քանի որ այս ճյուղերի զարգացումը հնարավոր է միայն նավթային հիմնադրամից կատարվող շարունակական ներդրումների հաշվին: Ընդհանրապես, Ադրբեջանի տնտեսությունը բացարձակ կախվածության մեջ է նավթագազային սեկտորից և այստեղից ստացվող եկամուտներից: Նավթի գների աճի ու արդյունահանման մեծացման շրջանում Ադրբեջանի տնտեսությունը բնութագրվում էր որպես «հոլանդական հիվանդությամբ» տառապող տնտեսություն, ինչը վերջինիս տնտեսության մեջ ամերիկյան դոլարի կտրուկ ավելացման և տեղական արժույթի՝ մանաթի գերարժևորման հետևանք էր: Այս ամենի պատճառով, գազանավթային սեկտորից բացի, մյուս բոլոր ճյուղերը հայտնվեցին սնանկացման շեմին, իսկ շատերն ընդհանրապես դադարեցին գործել, քանի որ Ադրբեջանում արտադրվող ցանկացած ապրանք շատ ավելի թանկ էր, քան ներմուծվողը: Մանաթի գերարժևորումը սնանկացրեց նաև գյուղատնտեսությունը՝ հանգեցնելով մի շարք ճյուղերի վերացմանը կամ էական նվազմանը: Ադրբեջանի արտահանման ցուցակում ևս արդյունաբերության նշված ուղղությունները դադարեցին երևալ, իսկ 2014 թ. տվյալներով՝ այդ պետության արտահանման 95 %-ը նավթ ու գազ է: Նշենք, որ Ադրբեջանը ստիպված էր ներդրումներ անել շինարարության և ծառայությունների ոլորտում՝ ապահովելու համար նաև աշխատատեղեր: Խնդիրն այն է, որ նավթագազային ոլորտը, լինելով ֆինանսատար, միաժամանակ աշխատատար չէ: Այդ պետության աշխատող բնակչության միայն 2 %-ն է ներգրավված նավթագազային ոլորտում: Նավթի գների շարունակական անկումը կամ ներկա գների պահպանումը ծանր կանդրադառնա Ադրբեջանի տնտեսության վրա՝ սնանկացնելով ոչ միայն էներգետիկ, այլև մյուս ճյուղերը ևս, նվազեցնելով եկամուտները և պակասեցնելով ներդրումները: Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն՝ շինարարության սեկտորի կրճատումը գործազրկության կտրուկ աճի պատճառ կհանդիսանա: Կկրճատվի նաև այդ պետության արտահանումը, քանի որ նվազում են նավթի արդյունահանման տեմպերը։ Ադրբեջանը որոշ ժամանակաշրջան կարող է գոյատևել նավթային հիմնադրամի հաշվին, որտեղ կենտրոնացված է մոտ 35 մլրդ դոլար, սակայն այս գումարները բավարար չեն՝ հատկապես հաշվի առնելով, որ եկամուտներն էապես նվազել են, իսկ ծախսերը չեն կրճատվում:
-Գնանկումը կարո՞ղ է հանգեցնել նավթ արտահանող երկրների աշխարհաքաղաքական դերի, ազդեցության նվազման։
-Այն արդեն իսկ հանգեցրել է այդ պետությունների ու աշխարհաքաղաքական տվյալ տարածքների դերի նվազմանը: Դա առաջին հերթին երևում է Մերձավոր Արևելքում ընթացող ռազմական գործողություններից: Հիշեցնենք, որ այդ տարածաշրջանում է կենտրոնացած նավթի պաշարների մոտ 45 %-ը, հետևաբար, այն միշտ եղել է շատ զգայուն տարածաշրջան` նավթի գնագոյացման քաղաքականության առումով: Դեռ մի քանի տարի առաջ այդ տարածաշրջանում իրավիճակի ցանկացած սրացում կհանգեցներ նավթի գների կտրուկ բարձրացման, իսկ ներկայումս, չնայած Սիրիայում, Իրաքում ու Եմենում ընթացող ռազմական գործողություններին, նավթի գինը ոչ թե բարձրանում է, այլ, ընդհակառակը, շարունակաբար նվազում: Այսինքն, եթե նախկինում նավթ սպառող հիմնական պետությունները և հատկապես ԱՄՆ-ը շահագրգռված էին այդ տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմամբ, քանի որ դա նշանակում էր նաև կայունություն նավթի միջազգային սակարաններում, այժմ այդ տարածաշրջանը կորցրել է նավթի գնագոյացման վրա ազդելու իր աշխարհառազմավարական ռեսուրսը: Սա էլ իր հերթին ազդել է նավթով հարուստ տարածաշրջանների ու պետությունների անվտանգության դինամիկայի նվազման վրա: Սա վերաբերում է նաև Կովկաս-կասպյան տարածաշրջանին՝ նավթով ու գազով հարուստ պետությունների հետ միասին: Նավթի գնագոյացման վրա ազդելու ռեսուրսի նվազումը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանը կորցրել է տարածաշրջանի հիմնական խաղացողի իր կարգավիճակը, ինչպիսին էր նավթի դեֆիցիտի և 110-120 դոլար/բարել գնի պայմաններում: Բացի այդ, սկսում է մարել հետաքրքրությունը նաև այդ պետության հենց նավթագազային սեկտորի նկատմամբ: Միայն 2014 թ. այդ պետության նավթի ու գազի սեկտորը լքել են նավթային այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են ֆրանսիական «Տոտալը» և նորվեգական «Ստատ Օյլը»: Հայտնի է, որ Ադրբեջանի նավթագազային սեկտորն ամբողջովին գտնվում է անգլո-ամերիկյան «Բրիթիշ Փեթրոլիումի» վերահսկողության ներքո, սակայն նույնիսկ վերջինս հրաժարվեց մասնակցել Բաքվի ամենահավակնոտ ծրագրերից մեկին՝ TANAP-ին (տրանսանատոլիական գազամուղ), «Բրիթիշ Փեթրոլիումն» այստեղ ունի միայն սիմվոլիկ` 12 % մասնաբաժին, իսկ ծրագրի իրականացման ծանրությունը, որի իրական արժեքը մոտ 12 մլրդ դոլար է, հիմնականում ընկած է Ադրբեջանի պետական նավթային ընկերության վրա: Այսինքն, նավթի գների անկումն ազդում է ոչ միայն այդ պետության տնտեսական, այլև աշխարհաքաղաքական համակարգի վրա՝ հանգեցնելով Ադրբեջանի դերի նվազմանը մեր տարածաշրջանում:
-Նավթի գնի անկումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա:
-Նավթի գնի անկումը Հայաստանի վրա, կարելի է ասել, ունի երկակի ազդեցություն, եթե հաշվի առնենք այդ գործոնի տնտեսական և քաղաքական բաղադրիչները: Ինչպես հայտնի է, Հայաստան ուղղակիորեն նավթ չի ներմուծվում, մենք ներմուծում ենք բենզին և դիզվառելիք, որոնց գնագոյացման մեջ նավթի դերը 20-30 % է (մնացածը ճանապարհածախսն է, նավթի վերամշակումը և հարկերն ու տուրքերը, ի դեպ, նավթամթերքներն ամենաբարձր հարկվող ապրանքներից են): Նավթամթերքի գնի նվազումը կնպաստի, որպեսզի ՀՀ-ն համեմատաբար քիչ գումար ծախսի բենզինի ու դիզվառելիքի ձեռքբերման համար: Սակայն, մյուս կողմից էլ, բենզինի գնի որոշակի նվազումը կնպաստի այդ վառելիքի վաճառքի ծավալների մեծացմանը, քանի որ վերջին տարիներին այն սուր մրցակցության մեջ է գազի հետ, և շատ վարորդներ նախընտրում են անցնել այդ վառելիքի օգտագործմանը` էժանության պատճառով: Ստացվում է, որ, որպես նավթամթերք սպառող դասական պետություն, Հայաստանը տնտեսական առումով շահում է դրանից: Սակայն հայտնի է, որ մեր տնտեսությունը փոխկապակցված է Ռուսաստանի տնտեսության հետ, իսկ նավթի գնի անկումն ազդում է այդ պետության տնտեսության վրա նույնպես: Չնայած Ռուսաստանի տնտեսությունը չունի խորքային կախվածություն նավթագազային ոլորտից (այն կազմում է Ռուսաստանի ՀՆԱ-ի միայն 11 %-ը` 2014-ի գներով), բայց այն ապահովում էր եկամուտների հսկայական բաժին, հետևաբար, նավթի գների անկումը հանգեցնում է այդ եկամուտների կրճատմանը և, որպես հետևանք, դեպի Հայաստան ֆինանսական փոխանցումների կրճատմանը, սա էլ իր հերթին ազդում է ՀՀ-ում մանրածախ առևտրի ծավալների վրա, ու այսպես շարունակ: Քանի որ Ռուսաստանը հայկական պատրաստի ապրանքների սպառման ամենամեծ շուկան է, մենք հատկապես տուժում ենք ռուբլու փոխարժեքի նվազումից, ինչը հետևանք է հենց նավթի գների անկման: Ռուբլու անկումը դոլարի համեմատ հանգեցնում է հայկական ապրանքների թանկացմանը, հետևաբար մեզ համար ռազմավարական նշանակություն ունի երկկողմ առևտրում դոլարի փոխարեն ռուբլուն անցնելու քաղաքականության իրականացումը: Պետք է շեշտեմ, որ տարածաշրջանի ընկալումը՝ որպես նավթի արդյունահանման և առաքման տարածք, սկսում է վերաիմաստավորվել: Ընդհանրապես, նավթային շուկա այնպիսի հսկաների վերադարձը, ինչպիսիք են Իրանը և ԱՄՆ-ը, երկրորդ պլան է մղում նավթի փոքր պաշարներ ունեցող պետությունները: Իսկ Ադրբեջանը իր 1 մլրդ տոննա ապացուցված նավթի պաշարներով, ինչը կազմում է համաշխարհային նավթի միայն 0,4 %-ը, չունի ռազմավարական նշանակություն այդ շուկայի համար: Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական շահերին, ապա մենք ձեզ հետ ականատեսն ենք Հարավային Կովկասի աշխարհառազմավարական նշանակության փոփոխության, ինչը հետևանք է Մեծ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմների և նավթագազային բաղադրիչի նշանակության նվազման: Հարավային Կովկասում առաջնային է դառնում անվտանգության ու խաղաղության պահպանումը, իսկ այդ հարցում կարևորը Հայաստանի դերակատարությունն է` Արցախի հետ:

Հարցազրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ