Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ազգի ռաբիսացումը դառնում է նրա հոգևոր դեգրադացիայի արտահայտություններից մեկը

Ազգի ռաբիսացումը դառնում է նրա հոգևոր դեգրադացիայի արտահայտություններից մեկը
22.12.2015 | 10:58

Ես չգիտեմ, Հայաստանում դիտո՞ւմ են ազերիական CBC ռուսալեզու հեռուստաալիքը: Արժե, թշնամուն էլ ավելի լավ ճանաչելու նպատակով: Պարտված պետության չարամտությամբ ու անողոքությամբ ի՜նչ մեղքերի մեջ ասես չեն մեղադրում մեզ հազարամյակների պատմություն ունեցող «ազգի» ներկայացուցիչները: Որ մենք որպես քոչվոր ցեղ եկել ու գրավել ենք իրենց հնամյա բնակավայրերը, յուրացրել իրենց պատմական, մշակութային, կենցաղային բազում արժեքները և ներկայացնում դրանք որպես հայկական: Ազերածին են գորգերը, լավաշը, խաշը, տոլման, քյուֆթան: Դե, Ղարաբաղի, Շուշայի մասին էլ չենք ասում: Ինչքա՜ն դարավոր ազերամուսուլմանական ճարտարապետական հուշարձաններ ոչնչացրին ապերախտ ու բարբարոս էրմանիները…
Կարելի է լրիվ արհամարհել այս խորապես «ակադեմիական» հավաստիացումները: Բայց մի պարագայում, ըստ իս, մեր լեզուն կարճանում է: Խոսքը երաժշտության մասին է: Վերջին հաղորդումներից մեկի ժամանակ գողացված համարեցին «ՈՒզունդարան», «Սարի աղջիկը» և մի շարք այլ «թրքաոճ» երգեր: Բայց սա դեռ ոչինչ: Դժգոհության ալիքը բարձրակետին հասավ, երբ զուգահեռվեցին մուղամն ու մեր ամենահաս… ռաբիսը: Տարբերությունը թերևս միայն լեզուն էր:
Ապշեցնում է այն, որ անկախ Հայաստանում ոչ ոք չի պայքարում ռաբիս կոչված այս ցածրակարգ երևույթի դեմ, անգամ ադրբեջանցիներին առիթներ տալով ինչ-որ տեղ արդարացիորեն մեզ մեղադրելու երաժշտագողության մեջ՝ համաթուրքական: Ի դեպ, նման մեղադրանքներ մեզ կարող են ներկայացնել նաև արաբները, հնդիկները, վրացիները, ռուսները: Միայն չառարկեք, թե այդ «արվեստը» համազգային տարածում չունի: Դուք հավատո՞ւմ եք, որ կոմունիստների ժամանակ այդ երաժշտական թյուրիմացությունը հեռուստաէկրան բարձրանար: Իսկ այ անկախ Հայաստանում սա միանգամայն լեգալացվել է, ձեռք բերել ինդուստրիալ բնույթ, նույնիսկ առանձին «մասնագիտական» ռադիոկայաններ են ստեղծվել: Երևանում տաքսիստներից մեկը մի անգամ հպարտությամբ հայտարարեց որ իրենց համար հատուկ ռադիոկայան է գործում, չեմ հիշում, «Ջան» էր անունը, թե «Ղուրբան»: Լավ, Հայաստանի մշակույթի նախարարությունը, կոմպոզիտորների միությունը, կոնսերվատորիայի պրոֆեսորական կազմը և ընդհանրապես արվեստասեր հասարակությունը չե՞ն ամաչում ստեղծված իրավիճակի համար: Ռաբիսի էքսպանսիան այնքան է համապարփակ, որ, կոնկրետ, Մոսկվայի բոլոր հայկական ռեստորաններում էլ ես լսում այդ աղտեղությունը: Եվ մոսկվաբնակ ադրբեջանցիներն էլ են նույն բանն ասում, որ մենք գողացել ենք իրենց ժողովրդական մեղեդիները: Ի վերջո Հայաստանում պիտի հասկանա՞ն, որ ազգի ռաբիսացումը դառնում է նրա հոգևոր դեգրադացիայի արտահայտություններից մեկը:
Տարօրինակ է, երբ Հայաստանի մշակույթի նախարարը հրամանագիր էր պատրաստում հետկոմիտասյան հայ երգարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների, թե վաստակի համար ամերիկահայ մեծանուն երգիչ Արմենչիկին անկախ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի պատվարժան կոչում շնորհելու մասին, ինչո՞ւ չէր մտածում իր մոտ կանչել արդեն հասունացած Արմեն Հարպետի Գոնդրաչյանին և ասել՝ տղա ջան, գիտենք, ձայնդ անզուգական է, տեսահոլովակներդ՝ գերժամանակակից՝ գերազգային, դարձել ես հետխորհրդային Հայաստանի համերգասրահների պաշտելի կուռքը, բայց գոնե «թարգի՛ր» ազերական կլկլոցներդ: Սա մեծ ավանդ կլիներ ու եզակի համարձակ քայլ հայ երգը նորեն (Կոմիտասից հետո) օտարածնություններից մաքրազարդելու գործընթաց ձեռնարկելու ասպարեզում:
Գուցե Հայաստանում ռաբիսի դեմ չեն պայքարում, որովհետև հայրենիքում հռչակված է ազատ երգելու երգչի գերդեմոկրատական իրավունք՝ ազատ ծաղրանկարելու շառլիէբդոյական սկզբունքի նմանակումով: Դե, ազերիների մեղադրանքների վրա կարելի է հանգիստ թքել:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ