USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Իսկ հունվարն արդեն կես եղավ

Իսկ հունվարն արդեն կես եղավ
15.01.2016 | 01:14

Հին նոր տարին էլ ճանապարհեցինք, սակայն հետամանորյան հոգեբանական «խումարը» դեռ զգալ է տալիս իրեն և, հավանաբար, չի զիջի դիրքերն այնքան ժամանակ, քանի դեռ մեր սեղաններից չեն անհետացել բաստուրմա-սուջուխ-երշիկեղենի, թփով ու «պասուց» տոլմաների, «բլինչիկի» ու ոչ մի կերպ չվերջացող խոզի բդի վերջին բազմաչարչար կռճոնները: Արդեն չարժե հիշել, թե ով ինչ միջոցներով հայթայթեց դրանք՝ համազգային զեխության «ադաթից» դույզն-ինչ հետ չմնալու համար: Չարժե, որովհետև որքան էլ փորձենք եվրոպացի ձևանալ, հոգու խորքում նույն ցուցամոլ ասիացին ենք, որ Ամանորի խորհուրդը մսեղենացնում-նյութեղենացնում-տեղավորում է սեղանի պարունակության մեջ: Դե ուրիշ ինչպե՞ս, չէ՞ որ հնուց եկած խոսք է՝ ոնց դիմավորեցիր Նոր տարին, այդպես էլ կգլորվեն գալիք 365 օրերը: Ոչինչ, որ այս «ճշմարտության» փուչ ու սնամեջ լինելը վաղուց բացահայտված-պրծած է, մենք սովորույթ ու մեծի խոսք հարգող հայ ենք, հայավարի էլ Նոր տարի ու Զատիկ ենք «անում»՝ դրսից՝ ուրիշի, ներսից մեր սեփական աչքը հանելով: Եվ որովհետև պահպանողական ժողովուրդ ենք նաև, այս Նոր տարին էլ բացառություն չեղավ, «աչք հանելու» նույն գործի վրա էինք, հաջորդ տարի էլ ենք նույն գործի վրա լինելու, անկախ նրանից, «բալը» կրկնակի՞ կթանկանա, թե՞ տասնապատիկ:
Ի դեպ, թանկացում ասացի, և ուղեղումս մեկեն կայծակեց, որ այն գումարները, որոնք մսխվեցին ամանորյան սեղանների վրա, խաղ ու պար են թվալու կոմունալ այն ծախսերի դիմաց, որ առաջիկա օրերին պարտավոր ենք լինելու վճարել: Եվ սա՝ մի քոռ լումայով չբարձրացված նվազագույն աշխատավարձերի և մեր դատարկված գրպանների թշվառ ֆոնի վրա: Այ հենց էստեղ էլ շատ տեղին կլինի հիշել մեր մեծերից եկած մեկ այլ խոսք՝ «տկլոր ջաններիս կատու շալակելու» ու մեկ էլ ոտքը վերմակի չափով պարզելու մասին: Հիշելուն զուգընթաց էլ ձեռքներս կառնենք «քլունգն» ու կընկնենք իշխանությունների «ջանին»՝ ժողովրդական անեծք-հիշոցների հարուստ զինանոցն օգնության կանչելով: Դա էլ հո «Նոր Հայաստան» ճակատի ձեռնարկած բողոքի ակցիաներին մասնակցել չէ՞, որ չանենք: Մյուս կողմից էլ, մասնակցենք, որ ի՞նչ անենք, եթե կազմակերպիչներն իրենք իրենց բռնած գործից գլուխ չեն հանում: Չէ, «քլնգելն» ավելի առարկայական է, գոնե սիրտ է հովացնում: Չմոռանանք՝ մի առավելություն էլ ունի՝ հանում է հոգեբանական «խումարից», որից առայսօր դուրս գալ չենք կարողանում:
Իսկ հունվարն արդեն կես եղավ:
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao