Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Գյուլումի որդին և ամուսինը

Գյուլումի որդին և ամուսինը
15.01.2016 | 02:34

Փաստը Պատմության արքան է։ Բայց թագավորը հաճախ մերկ է, ինչպես ցուցափեղկի մանեկենը։ Ես ձգտել եմ լոկ «զգեստավորել» մերկ մանեկենին՝ պատմական ստույգ փաստերին շունչ հաղորդելով:

Երևանում կար Գյուլում անունով մի կին, որի ամուսինն էր Արզումբեկը։ 1616 թ. նրանք ունեցան արու զավակ, որին կոչեցին Գրիգոր։ 16 տարեկան հասակում սա ձեռքն առավ վաճառականի ցուպը և լքելով պարսից լծի տակ հեծող հարազատ քաղաքը, «հուսացեալ յԱստուած եւ յաջողութիւն նորա», այսինքն՝ ապավինելով Աստծուն ու նրա շնորհելիք հաջողությանը, գնաց-հասավ իլախաց երկիր՝ Լվով։ Այստեղ բնակվող բազմաթիվ ազգակիցները պատանուն ընդունեցին, գործ ու ապաստան տվեցին, օգնեցին ըստ ամենայնի։ Գրիգորը Լվովում մնաց 20 տարի, զբաղվեց արևելյան ապրանքների առևտրով, բազում դժվարություններ տեսավ, զրկանքներ կրեց, ճամփորդեց երկրեերկիր, ծովերով ու ցամաքով, մեծ հարստություն վաստակեց և «ի միտ էած զաւանդութիւն նախնեաց»՝ անսալով նախնիների կանչին, վերադարձավ Երևան։ Տուն դարձավ՝ արդեն կրելով խոջա պատվավոր տիտղոսը։
Թե 20-ամյա բացակայության, դեգերումների ընթացքում Գրիգորի էությունը, մտածելակերպը, բնավորությունը ինչպիսի փոփոխություններ էին կրել՝ դժվար է ասել, սակայն վերադառնալով ծննդավայր՝ նվիրաբերվեց բարերարությանը։
Ներկայիս Երևանի Աբովյան ու Սայաթ-Նովա փողոցների հատույթում գտնվում էր Գիտությունների ակադեմիայի առաջին շենքը՝ ստալինյան ժամանակների զորանոցային ճարտարապետության ոճով կառուցված շինծու ասկետը, որի հետնաբակում կծկվել-ծվարել էր մի փոքրիկ հրաշալիք՝ Կաթողիկե եկեղեցին։ 1652 թ. խոջա Գրիգորը Ղրխբուլաղից աղբյուրի ջրով «կամարակապ կերպիւ» մի ջրատար բերեց Կաթողիկեի բակ, իսկ այստեղից՝ քաղաքին, ապա մեծ ծախք կատարելով կառուցեց եկեղեցու ժամատունը։ Բացի այդ, Կաթողիկեին ընծայեց Հայսմավուրք, Ճաշոց, ոսկեկուռ կազմով Ավետարանի ձեռագիր մագաղաթ, սաղմոսագիրք, շուրջառ, արծաթե բուրվառ, ջահ, չորս թուջե բուրվառ, մարգարտաշար վակաս, երկու մետաքսյա ծածկոց, երեք շապիկ, մեկ զույգ ծնծղա, երկու զանգակ, մեկ զույգ արծաթե քշոց, խաչվառի խաչ և վարագույր։


1664 թ. խոջան Քասաղ գետի վրա գտնվող XIII դարի հին կամրջի մոտ կառուցեց նոր կամուրջ։ Ապա Երևանի հողերից օգտվելու իրավունքի համար պարսից խանին վճարեց խոշոր գումար և համաքաղաքացիներին ազատեց հարկատվությունից։
Խոջա Գրիգորը մականուն ուներ, մի զարմանալի մականուն՝ Մոծակ։ Հայտնի չէ, թե այդ մականունն ինչից և ինչպես էր ծագել, բայց կարծում եմ, ուզում եմ հավատալ, որ նա իրեն Մոծակ էր անվանում այն պատճառով, որ իր անձը, իր արածն ազգին ու եկեղեցուն համարում էր չնչին մի բան։
Մոծակը Կաթողիկեին նվիրած Հայսմավուրքի հիշատակարանում սեփական ձեռամբ գրել էր. «Արդ, երեսանկեալ աղաչէմ զամէնեսեանդ զսուրբ հանդիպողքդ, որք պատահիք տեսութեամբ օրինակելով կամ կարդալով եւ լսելով, հիշեցէք ի Քրիստոս զխոջա Գրիգորն»։ Իր ուզածը մի մեծ բան չէր, մոծակաչափ խնդրանք էր, ուրեմն մոմ վառենք Կաթողիկեում և «Տէր, ողորմեա» տանք ի հիշատակ Արզումբեկի ու Գյուլումի որդի խոջա Մոծակ Գրիգորի։
...Արզումբեկը շուտ մահացավ, և Գյուլումը երկրորդ անգամ ամուսնացավ ագուլեցի Քրդունց Աղամիրի ավագ որդի Շմավոնի կամ Սիմոնի հետ։ Վերջինս Երևանի ամենահարուստ մարդն էր և ունևորությամբ զիջում էր թերևս միայն քաղաքի բռնատեր պարսից խանին։ 18 տարի Երևանի զառաբն էր՝ դրամահատարանի կառավարիչը, ինչպես նաև հարկերի, տուրքերի, մաքսերի գանձիչը։ Դրանք անչափ շահութաբեր պաշտոններ էին. Երևանի խանությունը արծաթից ու պղնձից սեփական դրամներն էր հատում, ու երեք խաներ՝ Նաջաֆղուլին, Աբասղուլին և Սեֆիդղուլին, զառաբխանայի կառավարչի պաշտոնում հաջորդաբար պահում էին Շմավոնին, բնականաբար, յուրացնելով «տնտեսված» թանկարժեք մետաղների առյուծի բաժինը ու միաժամանակ ապահովագրելով սեփական կյանքը, քանզի եթե հանկարծ պարսից շահը հայտնաբերեր զեղծարարությունը՝ մեղքը հեշտությամբ կբարդեին քրիստոնյա Շմավոնի վրա։


Պարսիկներն իրենք անձամբ չէին հավաքում հարկերն ու տուրքերը. ընդունված կարգի համաձայն, խաները սահմանում էին որոշակի, այսօրվա բառով ասած՝ ամրագրված, գումար, որից ավելի գանձվածը մնում էր հարկահավաքին, և սա՛ էր Շմավոնի հարստության հիմնական աղբյուրը։
Եվ այս մարդն է, որ ուղղակի առնչություն ունի սուրբ Գրիգոր Լուսավորչի գուբի հետ։
Շմավոնը գիտեր, որ սրբի վիրապը լցվել է հողով, իսկ գուբի վրա կառուցված, անտերության մատնված եկեղեցին խարխլվել ու փլվել էր։ Նա ուխտ կապեց և 1669 թ. մարտի 1-ին ձեռնամուխ եղավ նպատակի կատարմանը։ Վարձեց շինարարների, և մեկ տարի ու մեկ ամիս անց վիրապը մաքրվեց հողից։ Ընդ որում, գուբում հայտնաբերվեց դամբանի տեսքով մի ժամատուն, բայց Շմավոնը թույլ չտվեց դրան մատով իսկ դիպչել, որովհետև գրավոր ու բանավոր ավանդություններից գիտեր, որ այդտեղ է գտնվում Գրիգոր Լուսավորիչ սրբի աճյունը։ Շմավոնը քանդեց կիսավեր եկեղեցին և դրա տեղում սրբատաշ քարով կառուցեց նորը, ավելի մեծը` Սբ. Գրիգոր Լուսավորիչը։ Վիրապը և նորակառույց եկեղեցին օծվեցին 1670 թ. ապրիլի 6-ին, հավանաբար՝ Սբ. Զատկի օրը։
Նույն թվականի հունիսի 1-ին Շմավոնին Սպահան կանչեց պարսից շահ Սուլեյմանը, իսկ դեկտեմբերի 7-ին Երևանի հարկահավաքն ու դրամահատարանի կառավարիչը վախճանվեց, և դին հողին հանձնվեց Նոր Ջուղայի գերեզմանատանը։
...Երջանիկ կին էր Գյուլումը` որդին և ամուսինը մնացին մեր ժողովրդի պատմության մեջ։


ՌԱՄԱԶԻ ՈՐԴԻ ԿՈՍՏԱՆԴԸ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՆ
1653 թվականին ներկայիս ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի կառավարիչն էր Էդուարդ Դիգսը՝ Ռուսիայում Անգլիայի երբեմնի դեսպան սըր Դադլի Դիգսի որդին։ Հենց Ռուսիայում երիտասարդ Էդուարդը շփվել էր նորջուղայեցի վաճառականների հետ, որոնք հում մետաքսի մատակարարման մենատերերն էին և առևտրատնտեսական եռանդուն գործունեություն էին ծավալել։
Հայտնվելով Վիրջինիայում՝ Էդուարդ Դիգսը մտադրվեց շերամապահություն ու մետաքսագործություն հիմնել ու թեպետ Անգլիայից պարբերաբար շերամի սերմ էր ստանում, սակայն փորձառության ու համապատասխան ունակություններ չունենալու պատճառով արդյունքի չէր հասնում։ (Օրինակ, չգիտեր, որ ձմռանը հայերը շերամի որդերին թևատակերում էին պահում, որպեսզի չսատկեն)։ Ո՞վ կարող էր օգնել, ովքե՞ր էին այդ գործի վարպետները. իհարկե, հայերը։
Ահա սրանից դրդված՝ Դիգսը սեփական ծախքով Ամերիկա բերել տվեց Գևորգին։ Մեկ-երկու տարի նրանք միասին աշխատեցին, բայց՝ իզուր, և պատճառը ոչ թե Գևորգի անճարակությունն էր, այլ այն, որ… ծխախոտը «կերավ» շերամին՝ մետաքսագործության փոխարեն զարգացում ապրեց ծխախոտի մշակությունը։
Տեսնելով ձեռնարկած գործի անհեռանկարությունը՝ Գևորգը մտադրվեց վերադառնալ հայրենիք։ Սակայն դեմ էր Վիրջինիայի ծերակույտը, որը 1656 թ. դեկտեմբերին այսպիսի գրավոր որոշում կայացրեց. «Հայ Գևորգին որպես քաջալերանք, որպեսզի մնա երկրում և շարունակի շերամաբուծությունը՝ տալ 4000 ֆունտ ծխախոտ»։ Նահանգը ծխախոտ էր տալիս, որպեսզի Գևորգը առևտրով հաց վաստակեր, չհեռանար երկրից և շարունակեր գործը։
Բայց հորդորները չօգնեցին, հայ շերամապահը չմնաց։ Տուն դարձավ։


Հիմա կհարցնեք՝ այս ամենն ի՞նչ առնչություն ունի Ռամազի որդի Կոստանդի հետ։ Ահա թե ինչ։
...Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի դպրատանը պրոֆեսիոնալ վաճառականներ էին պատրաստում՝ սովորեցնում էին թվաբանություն, աշխարհագրություն և վաճառականության արվեստ։ Դպրատան դասապետն էր Ռամազի որդի Կոստանդը կամ Կոստանդ Ջուղայեցին, որը 1685 թ. ի վերջո ավարտեց տարիների քրտնաջան աշխատանքը՝ «Աշխարհաժողով։ Վասն նորահաս մանկանց եւ երիտասարդաց վաճառականաց խրատ» ձեռագիրը։ Դա բացառիկ աշխատություն էր, վաճառականության ապշեցուցիչ մի ձեռնարկ։
«Աշխարհաժողովում» վարպետ Կոստանդն ուսուցանում էր չորս գործողությամբ թվաբանական հաշվումներ՝ կոտորակների և ամբողջ թվերի հետ, զետեղել էր 13 խնդիր՝ իրենց լուծումներով, զանազան երկրների տարադրամների փոխարժեքներ, տոկոսով տված փողի հաշվառք, ներդրված գումարներից ստացված շահույթի հաշվարկում, կտակների հիմնախնդիրներ՝ հաշվարկների կրկնակի ու եռակի համակարգերով, տարաբնույթ տվյալներ՝ չափերի ու կշիռների մասին։ Բացի այդ, մեկ առ մեկ թվարկել էր իրեն հայտնի բոլոր երկրներն ու քաղաքները։ Դրանց շարքում կար այսպիսի մի գրառում՝ «յենկի դունյա»։ «Դունյա»՝ պարսկերեն նշանակում է «աշխարհ», իսկ «յենկի»՝ «յանկի», այսինքն՝ յանկիների երկիր, Ամերիկա...
Նոր Ջուղայի վանքի դպրատանը նստած Կոստանդ Ջուղայեցին որտեղի՞ց գիտեր աշխարհի տարբեր երկրների ու քաղաքների մասին։ Միայն մեկ հնարավորություն ուներ՝ հարցուփորձ անել աշխարհաշրջիկությունից տուն դարձած համաքաղաքացի վաճառականներին։
Թե չլիներ Վիրջինիայից վերադարձած շերամապահ Գևորգը, Ռամազի որդի Կոստանդը որտեղի՞ց պիտի իմանար հեռավոր, անդրօվկիանոսյան «յենկի դունյայի»՝ յանկիների աշխարհի գոյության մասին։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ