ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Դժվարին իրավիճակն Ադրբեջանի բռնապետ վարչակարգին այլևս թույլ չի տա սպառնալ պատերազմով»

«Դժվարին իրավիճակն Ադրբեջանի բռնապետ վարչակարգին այլևս թույլ չի տա սպառնալ պատերազմով»
19.01.2016 | 00:54

Իրավիճակն Ադրբեջանում շարունակում է սրվել։ Նավթի գների անկման և մանաթի արժեզրկման հետևանքով սկիզբ է առել սոցիալական ճգնաժամ: Թեմայի շուրջ զրուցում ենք թուրքագետ, տարածաշրջանային փորձագետ ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻ հետ։

-Պարոն Խուդավերդյան, Ադրբեջանում ստեղծված ճգնաժամը ինչի՞ կարող է հանգեցնել։
-Ադրբեջանն այժմ գտնվում է բավականին բուռն և խորացման միտումներ ունեցող ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղղակի կապ ունի նավթի գների անկման հետ: Եթե դեռևս անցյալ տարի նավթի գինը տատանվում էր 55-60 դոլարի սահմաններում, Ադրբեջանի ղեկավարությունը դեռևս փորձում էր ինչ-որ կերպ չեզոքացնել նավթի էժանացման հետևանքները, սակայն երբ նավթի գինը իջավ 40 դոլարից պակաս, դրան հետևեց արդեն մանաթի կտրուկ արժեզրկումը, որը հանգեցրեց համատարած գնաճի, ինչն էլ իր հերթին բերեց նոր դժվարություններ, երբ արհեստականորեն բարձրացան նաև այն ապրանքների և ծառայությունների գները, որոնք գնաճ ապրած մյուս ապրանքների և ծառայությունների հետ այդքան էլ կապ չունեին։ Դրան հետևեցին բնակչության բուռն դժգոհությունը և խուճապը, քանզի ադրբեջանական հասարակությունը սովոր չէր կենսամակարդակի նման կտրուկ անկմանը, որին հաջորդեցին բողոքի ցույցեր և ընդվզումներ: Անշուշտ, եթե նավթի գները շարունակեն մնալ առնվազն մեկ բարելը 50 դոլարից ցածր մակարդակում, ապա կարելի է ասել, որ դրան զուգահեռ ոչ միայն կշարունակվեն գնաճը և աշխատատեղերի զանգվածային փակումը, ադրբեջանական հասարակության դժգոհությունը կմեծանա, այլև երկրում կստեղծվի իսկական հեղափոխական պայթյունավտանգ իրավիճակ, որը կարող է բերել ադրբեջանական իշխանությունների դեմ երկարատև պայքարի՝ իր բոլոր հետևանքներով:
-Արտաքին խաղացողներն ինչպե՞ս կփորձեն օգտագործել Ադրբեջանում ստեղծված իրավիճակը։
-Ադրբեջանում ստեղծված ծանր կացությունից առաջին հերթին կփորձի օգտվել Թուրքիան, որպեսզի էլ ավելի մեծացնի այդ երկրում իր ազդեցությունը։ Սակայն կարելի է նշել մի հանգամանք, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները սերտ հարաբերություններ ունեն Իլհամ Ալիևի վարչակարգի հետ, բացի այդ, Ադրբեջանն այժմ հայտնվել է արտաքին բավականին բարդ կացության մեջ՝ Արևմուտք-Արևելք դիմակայության արանքում, և իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանը չի կարող մանևրել, քանզի եթե որդեգրի արևմտյան դիրքորոշում, ապա լուրջ խնդիրներ կունենա Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ Թուրքիան, որն Ադրբեջանի վրա ունի լուրջ ազդեցություն, ՆԱՏՕ-ի անդամ է, հետևաբար Ադրբեջանն այս պահին հայտնվել է ներքին և արտաքին աննախանձելի կացության մեջ, որից դուրս գալու ելքը շատ բարդ է գտնել։
-Ի վերջո, Հայաստանին ձեռնտու է անկայո՞ւն, թե՞ կանխատեսելի Ադրբեջան։
-Հայ-ադրբեջանական հարաբերությունները կրում են այնպիսի լարված բնույթ, սահմանային իրավիճակն այնպես լարված է, որ կարող ենք ասել, որ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական սնանկացումը Հայաստանին ձեռնտու է այն առումով, որ ներքին և արտաքին դժվարին իրավիճակը Ադրբեջանի բռնապետ վարչակարգին այլևս թույլ չի տա հոխորտանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին, սպառնալ պատերազմով, քանզի արդեն Ադրբեջանը չի տիրապետում այնպիսի լուրջ ֆինանսական միջոցների, որոնք նրան թույլ կտան երկարաժամկետ պատերազմ վարել։ Ներքաղաքական խնդիրներն այնքան են սրվել Ադրբեջանում, որ ներկայումս ալիևյան կլանն իր բոլոր ջանքերն ուղղել է ներքաղաքական տնտեսական ճգնաժամի դեմ պայքարին։ Սակայն դրանով հանդերձ ադրբեջանական կողմը չի մոռանում լարված պահել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։
-Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացվեցին։ Բնական է, որ դա հանգեցնելու է տարածաշրջանում Իրանի դերի բարձրացման։ Այս իրավիճակը ինչպե՞ս կանդրադառնա Թուրքիայի վրա։
-Միանշանակ Թուրքիան և Իրանը տարածաշրջանում մրցակից երկրներ են, և հենց միայն այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և դավանում է սուննի մահմեդականություն, ի տարբերություն շիա Իրանի, արդեն ստվեր է գցում թուրք-իրանական հարաբերություններին: Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, հետևաբար Իրանը և Ադրբեջանը նույնպես խնդիրներ ունեն: Այս տեսանկյունից կարող ենք նշել, որ պատժամիջոցների վերացումը դրական կազդի Իրանի զարգացման, ինչպես նաև հենց Հայաստանի տարածաշրջանային զարգացման վրա, քանզի հայ-իրանական ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական շահերը համընկնում են:

Զրուցեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ