Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մարգարեական Արարատի երկիր Հայաստան

Մարգարեական Արարատի երկիր Հայաստան
19.01.2016 | 00:04

Արարատի ու մեր երկրի մասին արդեն կարդացինք, սակայն կրկնելն անհրաժեշտություն է այժմ, քանզի մեր հնագույն արմատների մասին ենք գրելու։ Իսկ այժմ բոլորիս սրտին հարազատ «Արարատ» անվան հոգևոր խորհրդի մասին: Սկսենք Սուրբ գրքից. «Դրոշ բարձրացրե՛ք երկրի վրա, փող փչեցեք բոլոր ազգերի մեջ, զորագնդեր կանչեցե՛ք նրա դեմ: Իմ կողմից հրաման տվեք Արարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին» (Երեմ. 51.27): Երրորդ վկայություն. «Երբ նա (Ասորեստանի Սենեքերիմ արքան) երկրպագում էր իր Նեսրաք աստծո տանը, նրա որդիներ Ադրամելեքն ու Սարասարը սրով հարվածեցին նրան և փախան Արարատի երկիրը» (Դ. Թագ. 19.37): Բայց այս անունը, որ համահունչ դարձավ Հայաստան անվանը, իր ամենահին վկայությունն ունի Աստվածաշունչ մատյանում. «Յոթերորդ ամսի քսանյոթին տապանը նստեց Արարատ լեռան վրա» (Ծննդ. 8.4): Այսինքն, առաջին անգամ Սուրբ գրքում որպես լեռան անուն հիշատակվում է Արարատը։ Երբ Նոյը Տիրոջից հրաման ստացավ տապանից ցամաք իջնել իր ընտանիքի հետ, նա առաջինը ոտք դրեց Արարատ լեռան լանջին ու հետագայում հիմք դրեց ու կառուցեց ապագա քաղաքների և գավառների մայրը, անվանեց Նախիջևան, այսինքն, ազգերի հոր և իր ընտանիքի նախաիջևանատեղ: Այստեղ Նոյը առաջին զոհասեղանը պատրաստեց Աստծուն պատարագ մատուցելու համար: Այս հողում էլ ամփոփվեց այդ արդար ու աստվածավախ այրի մարմինը: Որպես հաստատումն դրա, հայոց պատմիչները փաստում են, որ Նոյի կինը՝ Նոյեմզարան, թաղված է Վասպուրականի նահանգի Մարանդ կամ Մայրավանդ կոչվող վայրում («Նոր տետրակ, որ կոչվում է հորդորակ», էջ 57):
Արարատը նաև մարգարեական խորհուրդ ունի հայորդիներիս համար, քանի որ Տիրոջ հավիտենական երկայնամտությունը դեռ չի դադարել Իր փրկագործությունը, որի վախճանաբանական խորհուրդը, ըստ Ղևոնդ Ալիշանի մարգարեական բանաստեղծության, այսպես է լինելու. Մեծ Մասիսը Փոքր Մասսին դիմելով ասում է.

Ինձ մտիկ արեք, լերունք հավասար,
Հանց գիտացիր դու, իմ փոքր եղբայր,
Երբ ետ դարերու առաջին անգամ
Ես՝ Ավագ Մասիս ներսուց որոտամ,
Կանչեմ ու շնչեմ, արձակեմ ծուխ ու բոց,
Սասանեցնեմ զԱրարատն Հայոց,
Այս ըլնի նշան Հայոց աշխարհին
Թե գա ժամանակ, որ փառքն այն հին.
Բայց միայն սիրով հանդարտ ու խելոք
Ջանք դնեն բարվույն ու չըլնին անհոգ:

Այսինքն, մի ահեղ, հրաբխային սասանող ժայթքում է սպասվում Արարատ լեռան վրայից, որից հետո հայոց հին փառքը պիտի վերականգնվի աշխարհում: Եվ ընթերցողը թող իմանա, որ Մասիսի սրտում մինչև երկրի անիմանալի անդունդները հասնող մի խոր վիհ է բացված Արարչի կամքով, որտեղ դեռ ջերմությամբ հուրհրացող հայոց սիրտն է կրակոտ, որ Տիրոջ հրամանին է սպասում, գործի դնելու հինավուրց զորությունը Թորգոմի տան հայկազյան ցեղի, որի մի փոքրիկ կայծը մենք ազգովին ըմբոշխնեցինք 1988 թվին։
ՈՒրեմն այս մարգարեական տողերը թող արթնացնեն ամենքիս, քանի դեռ Աստծո «ոտնաձայնը» նորից չի լսվել տապանակիր Արարատի վրայով որոտով ու բոցով քայլելիս, ու մեր անմիտ նախածնողների նման չթաքնվենք մեղքի թզենու մացառների հետևում, այլ դուրս գանք տիեզերածավալ սիրով մեզ սիրող Տիրոջն ընդառաջ, Նրա սուրբ «ոտքերը» գրկենք, որ է Խաչը Քրիստոսի, ապաշխարության մեղաներով ու արցունքներով թրջենք` Մագթաղինացու նման, քանզի, ընտիր երախայրի ազգ լինելով, հետինների հետ մեղսագործեցինք:

Շարժի՛ր, հա շարժի՛ր, Ավագդ Մասիս,
Արձան պարծանաց Հայոց աշխարհիս,
Շնչե, հա՛ շնչե, ծխիկ ծիրանի,
Որ քո մանկտյաց հուսո նշան ըլնի:
Ահա շարժեցավ Ավագն Մասիս
Արձան պարծանաց Հայոց աշխարհիս,
Ահա շարժեցան դաշտք Արարատա,
Դուք ալ շարժեցե՛ք, մանկտիք Հայկա:
Ահա շնչեցավ ծուխն ծիրանի.
Դուք ալ շնչեցե՛ք, հոգի հայկազնի.
Բայց միայն սիրով, հանդարտ ու խելոք
Ջանք դրեք բարվույն ու չըլնիք անհոգ:
Շարժի՛ր, հա շարժի՛ր դուն ալ, Նահապետ,
Մասսյաց սարերուն շնչիկն առ մեկ հետ...
Ահա շարժեցավ ծեր Նահապետն ալ.
Ո՞վ դեպի Մասիս յուր հետ կառնու քայլ։

Ո՜վ հայորդի, եթե այս վերջին տողերը մի բան ասացին քեզ, ապա կկատարես քո քայլը, որպես Արարատի ջուրը խմած ու նրա հարթավայրի քաղցր պտուղը ճաշակած, և, ամենակարևորը, Հայաստանի ու ամբողջ հայության սիրտ Էջմիածնի զորավոր օրհնությունները վայելած հոգի։
Վերջում` «Արարատ» անվան հետ կապված, ըստ միստիկ խորհրդապաշտների, Մասիս կամ Արարատ լեռան անվան բացատրությունը, կարծում եմ, շատերի համար հայտնություն կլինի, երբ իմանան, որ Մասիսը՝ Մասիաս բառի հետ առնչություն ունի և նշանակում է «Տիրոջ գործ», իսկ Արարատ անունը բացատրվում է նզովք, անեծք սասանման, ստեղծագործություն կամ սուրբ հող։ Իսկ ինչու նզովք կամ անեծք, արդեն իմացանք, մնացյալը ինքներդ խորհեք, երբ կարդաք շարունակությունը։
Նախ` Արարատ անվանն առնչվող մի փոքրիկ վկայություն։ Երբ Աստծո կամքով Երուսաղեմ գնացի, Հին քաղաքի նեղլիկ փողոցներով քայլելիս հանկարծ աչքիս զարնեց Արարատ անունը։ Հետո, երբ ծանոթացա Հին քաղաքի քարտեզին, իմացա, որ չորս խոշոր թաղամասերից միայն երկուսն են կրում ազգի բուն անունը, այսինքն` Հայկական թաղամասը, որը գրավում է Սիոնի մեկ վեցերորդ մասը, և Հրեական թաղամասը, որոնք իրարից բաժանվում են Արարատի փողոցով. մնացյալը ընդհանուր է և կոչվում է Քրիստոնեական և Մուսուլմանական թաղամասեր: Իսկ երբ այդ բանուկ փողոցների վրա հանկարծ կարդում ես երեք լեզուներով (եբրայերեն, անգլերեն, արաբերեն) գրված սուրբ Հակոբի, Հայոց պատրիարքարանի կամ Արարատի փողոց, ինքնաբերաբար հոգիդ լցվում է մի ներքին անբացատրելի վեհության զգացումով, և կարծես այդ զորեղ, հավատավոր ու իմաստուն նախնիների հոգու երկնասլաց կյանքերի թռիչքին դու էլ ես մասնակից դառնում, որոնք եկող, անցնող-գնացող, երբեմն էլ վերացող ազգերի մեջ քսա՜ն դար հարատևեցին, մինչև վերջին ժամանակները:
Բայց և այնպես, գրել Արարատի մասին ու չգրել այս կարևոր փաստի մասին, կարծում եմ, մեծ բացթողում կլինի։ Եթե երբևէ եղել եք Մայր տաճարի թանգարանում, տեսած կլինեք մի գեղեցիկ մասնատուփ, մեջտեղում` սուրբ Խաչ։ Քչերը գիտեն, որ այդ Խաչն ամրացված է տարօրինակ նախշերով մի փայտի վրա, որը հենց Նոյան տապանի այն թանկագին մասունքն է, որը, ըստ հայոց ավանդության, Արարատ լեռ բարձրացող Հակոբ Մծբնեցի հայրապետի համար է բերել Տիրոջ հրեշտակը և քնած ժամանակ դրել նրա գլխի տակ։ Որպես տեղեկություն ասենք` հայոց պատմությունից հայտնի է, որ Արարատ լեռան գագաթն առաջին անգամ բարձրացել է Խաչատուր Աբովյանը և այնտեղից բերել է սառույցի մի կտոր, որը հալեցնելուց հետո, ջուրը խմել են, ինչպես դրախտի ակունքից։
Որպես հետգրություն պատմեմ տարիներ առաջ տեսածս մի երազ, որը դարձյալ կապված է Արարատ լեռան հետ։ 1988 թվականի խառը օրերն էին սկսվում։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ է սպասում մեր ազգին։ Այդ օրերին, սովորականի նման, երեկոյան աղոթեցի ու քնեցի ու այս տարօրինակ երազը տեսա։ Հոգով կարծես երկնքում էի ու ամեն բան վերևից էի տեսնում, քանի որ Հայաստանի` մեզ ծանոթ քարտեզն էր, իսկ ամբողջ սահմաններով մեկ ծովային փրփրացող մուգ կանաչ ալիքներ էին հարվածում, բայց չէին կարողանում ծածկել մեր երկիրը։ Հանկարծ դիտանկյունը փոխվեց, ու տեսա Արարատի զույգ գագաթները, որոնք կարծես Հայաստանի զորավոր թիկունքները լինեին, իսկ հետևում պղտոր ու ահագնատեսիլ հեղեղ էր հավաքվում, պատրաստվելով տակն առնել Հայաստան աշխարհը, բայց Արարատի լեռները, հուժկու Տորք Անգեղի նման, պահպանում էին մեր երկիրը։ Այդ փրփրացող ու գորշ ջրերի ալիքները երբեմն-երբեմն ներխուժում էին մեր երկիր, բայց ոչ մի վնաս չէին պատճառում, այլ անցնում-գնում էին անհետ։ Այս ամենից հետո հանկարծ տեսա, թե ինչպես երկնքում մի տարօրինակ ծիածան կապեց, որը սովորականի նման շրջանաձև չէր, այլ պայտաձև, կոր մասը մինչև երկինք էր հասնում, իսկ երկու ծայրերը Հայաստանի սահմանների վրա հաստատվում էին լուսեղեն սյուների նման։ ՈՒ դա դեռ բոլորը չէր, քանի որ տեսա, թե ինչպես է ծիածանի վերին կամարից լուսավոր ու հիասքանչ ոսկեշաղ իջնում ողջ Հայաստանի վրա` օրհնելով երկնային անանց օրհնություններով։
Տեսածս երազը մոտ քառորդ դար առաջ էր, բայց այս տողերը գրելիս կարծես նորից տեսա և հասկացա, որ այդ ամենը վերջին ժամանակների համար էր, ինչն այժմ կատարվում է թե՛ մեր, թե՛ համայն աշխարհի ազգերի հետ, որոնք ալեկոծվում են պատերազմական արհավիրքներով ու միլիոններով օթևան գտնում օտար երկրներում, բայց Հայաստան աշխարհը, հաղթությամբ սկսելով այդ ալեկոծությունները, այժմ հարաբերական խաղաղության մեջ է` շնորհիվ Արարատի զորավոր պահպանության։ ՈՒ տա Աստված, այդ պահպանությունը հարատևի մինչև Տեր Հիսուսի խոստացած Երկրորդ գալուստը, ինչին այժմ սպասում է մեղքով հիվանդ այս աշխարհը։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ