Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պետք չԷ սևացնել անցյալը գորշ ներկան սպիտակեցնելու համար

Պետք չԷ սևացնել անցյալը գորշ ներկան սպիտակեցնելու համար
22.01.2016 | 01:34

Հայոց լրատվամիջոցներում բավականին ընդգծված է հակախորհրդային քարոզչությունը, ինչը Հայաստանում տեղ գտած որոշակի հակառուսական տրամադրությունների դրսևորումներից մեկն է: Դե, կախյալ պետություն էինք, անցել ենք դաժան բռնությունների միջով և անկախանալով, վերջապես ստեղծել ենք պայծառ մի պետություն: Եվ օգտվելով նորահայտ ազատություններից, նորեն ձեռքներս ենք առել… պանդուխտի ցուպը: Տրագիկոմեդիա: Ինչքա՞ն կարելի է տեղին ու անտեղի սևացնել մեր ազգային պատմության մի ամբողջ հատված գորշ ներկան սպիտակեցնելու համար: Բոլորը գիտեն, որ եղել են բռնություններ և ոչ ոք չի էլ փորձում դրանք ժխտել ու, առավել ևս, արդարացնել: Բայց և, մյուս կողմից, համեմատության եզր կա՞ Խորհրդային Հայաստանի և ներկայիս դեյուրե անկախ Հայաստանի միջև: Գոնե մեր «բրեժնևյան» սերունդը անշնորհակալ չէ և չի մոռանում, որ մենք ապրում էինք սոցիալապես ապահով ու բարեկեցիկ երկրում՝ հզոր ինդուստրիայով, զարգացած գիտությամբ, արվեստով, կրթությամբ: Անազա՞տ էինք: Կենսաթոշակով հանգիստ ապրող հայաստանցու մտքով անգամ չէր անցնի սննդի մնացորդներ փնտրել աղբանոցներում:
Հազիվ թե արդյունավետ է ստալինյան բռնությունները դարձնել մեր խորհրդային պատմության առանցքը և հսկայական կիրք ու եռանդ ծախսել դրանց բացարձականացման վրա: Դաժանագույն որակվող Խորհրդային Հայաստանում ապրում էր 4 միլիոնից ավելի հայություն: Ինչքա՞ն է մնացել այսօր: Եվ ինչ ենք կարդում հայ մամուլում. «2008-2014 թվականներին Հայաստանից արտագաղթել է 232 հազար մարդ»: Գյումրու չափ մի քաղաք, եթե իհարկե այնտեղ այդչափ մարդ մնացել է: Էլի խորհրդային կարգերն ու Ստալի՞նն են մեղավոր: Հայաստանի ղեկավարներից ո՞ր մեկն է սրտի ցավ հայտնել երկիրը հյուծող ու ամայացնող այս գործընթացի կապակցությամբ:
Ի դեպ, Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանում ևս բուռն ծաղկում ապրեց հակախորհրդային հիստերիան՝ լիբերալ-հրեական, նույնպես թիրախ ծառայեցնելով նույն Ստալինին ու ստալինիզմը: Դե, հարբեցող Ելցինը պիտի «դեմոկրատիա» կառուցեր տասնյակ միլիոնավոր զոհերի ոսկրակույտերի վրա ստեղծված նախկին կոմունիստական կայսրության՝ Ռուսաստանով սահմանափակված տարածքում: Սակայն հենց Բորիս Նիկոլաևիչի հիրավի ավերիչ «բարեփոխումներից» հետո Ռուսաստանում վերաբերմունքը Իոսիֆ Ջուղաշվիլու նկատմամբ սկսեց շեշտակիորեն փոխվել և բնավ էլ չափազանցություն չի լինի ասել, որ նա ներկայումս դարձել է ամենաժողովրդական պատմական անձնավորություններից մեկը: Եվ հարցը սոսկ այն չէ, որ այս անձն ընկալվում է որպես նորագույն աշխարհի խոշորագույն կայսրության ստեղծող, որը երկիրը դարձրեց ինդուստրիալ-ռազմական գերտերություն, ջախջախեց ֆաշիզմը և կարճ ժամանակամիջոցում վերականգնեց հզորությունը: Ստալինի վերագնահատմանը մեծապես նպաստում է կրկին համաշխարհային տերությունների շարքը վերադառնալուն միտված Վլադիմիր Պուտինի գործունեությունը:
Ի վերջո էլի դատապարտեք Հայաստանի խորհրդային շրջանը, Ստալինին, եթե այդքան վախենում եք սեփական ղեկավարներին քննադատելուց: Բայց գոնե դրսևորեք տարրական օբյեկտիվություն և մի՛ ուռճացրեք փաստերն ու իրողությունները: Թեկուզ և այդ նույն ստալինյան բռնությունների հարցում, երբ հիշատակվում են «տասնյակ միլիոնավոր» զոհեր: Օրինա՞կ: Խնդրեմ:
Հայտնի են Հիտլերի այն խոսքերը, թե Գերմանիան պիտի ամեն ինչ անի, որ Ռուսաստանում այլևս իշխանության գլուխ չգան Ստալինի նման մեծագույն մարդիկ: Եվ պատմության հեգնանքն էր, երբ Ստալինից հետո իշխանությունը զավթեց բոլոր առումներով ոչնչություն Նիկիտա Խրուշչովը, որից էլ սկսվեց Խորհրդային Միության թուլացումն ու փլուզումը: Ահա և առաջնորդվելով Ստալինի հանդեպ տածած անձնական կենդանական ատելությամբ, Խրուշչովը իրավապահ մարմիններին հանձնարարում է հատուկ ամփոփիչ տեղեկանք պատրաստել ստալինյան բռնությունների զոհերի մասին: 1954 թվականի փետրվարին նրա սեղանին է դրվում ներքին տվյալների վրա հիմնված փաստաթուղթը, որն ստորագրել էին, ուշադրություն դարձրեք, Խորհրդային Միության գլխավոր դատախազ Ռ. Ռուդենկոն, արդարադատության նախարար Կ. Գորշենինը և ներքին գործերի նախարար Ս. Կրուգլովը: Քանի որ այդ ամփոփագիրը պատրաստված էր ոչ թե համընդհանուր հրապարակման, այլ բացառապես հույժ գաղտնի՝ ներքին օգտագործման համար, ապա պետք է բացառել տվյալների կեղծումը: Առավել ևս, որ հիշյալ երեք բարձրաստիճան չինովնիկները, բնականաբար, չէին կարող չիմանալ, որ Խրուշչովը շահագրգռված էր հիրավի «տասնյակ միլիոնավոր» զոհերի հավաստագրման մեջ, հիմնավորելու համար իր հակաստալինյան մերկացումները: Բայց ինչպես էին ներկայացված եզրակացության տվյալները. «Մի շարք անձանց կողմից ԽՄԿԿ կենտկոմում ստացվող դիմումների կապակցությամբ, որոնք վերաբերում են անցած տարիներին հատուկ մարմինների կողմից հակահեղափոխական հանցագործությունների համար կատարված ապօրինի դատապարտումներին, ինչպես նաև հակահեղափոխական հանցագործությունների համար դատապարտված և ճամբարներում ու բանտերում պահված անձանց գործերը վերանայելու անհրաժեշտության մասին ձեր ցուցմանը համապատասխան զեկուցում ենք. 1921 թվականից մինչև մեր ժամանակները հակահեղափոխական հանցագործությունների համար դատապարտվել է 3777380 մարդ, այդ թվում մահապատժի՝ 642980 մարդ, մինչև 25 տարի և պակաս ժամկետով բանտերում ու ճամբարներում է գտնվել 2369220 մարդ, աքսորում ու արտաքսման մեջ՝ 76180 մարդ»:
Բայց կես միլիոնից ավելի գնդակահարվածներն էլ քիչ չեն, կասեն սովետատյացները և ճիշտ կասեն: Սակայն, միևնույն ժամանակ, տասնյակ միլիոններ չեն: Ի վերջո, ինչպես ռուս նացիոնալիստներն են ասում, ո՜վ է հզորագույն պետություն ստեղծում մտավորականի ճերմակ ձեռնոցներով: Ո՞վ չգիտե, որ աշխարհում ուժի հետ են հաշվի նստում:
Հայ իրականության մեջ հաճախ ես լսում, որ անկախ Հայաստանի միակ լիարժեք կայացած պետական կառույցը բանակն է, և դա բավարար է ոխերիմ թշնամուն զսպելու համար:
Լավ, իր ներկա բազում խնդիրների մեջ խճճված Հայաստանում չկա՞ն շատ ավելի հրատապ խնդիրներ, քան խորհրդային կարգերի միտումնավոր ու պրիմիտիվ փնովումները: Կարո՞ղ է զանգվածաբար արտագաղթողներն էլ են փախչում մեր խորհրդային անցյալից, և չսիրելով ռուսներին, տեղափոխվում են Ռուսաստան: Միգուցե ավելի ճիշտ կլինի, ասենք, խորազնին վերլուծության ենթարկել այն տարօրինակ, պարադոքսալ ֆենոմենը, թե Հայաստանի ներկա ղեկավարության բազմախոցելիության պայմաններում ինչո՞ւ է այսքան անդեմ, անգույն ու անատամ ընդդիմությունը, ինչո՞ւ է նրա մեջ այդքան ուժեղ կենդանական վախը գործող իշխանության հանդեպ: Բայց չէ՞ որ սա անհամեմատ ավելի կենսորոշ խնդիր է, քան սովետատյացությունը՝ ռուսատյացությունը: Առողջ ընդդիմությունը կառողջացներ նաև իշխանությանը:
Հիմա նայեք, նորերս հեռուստատեսությամբ տևական հարցազրույցով որպես արդեն համոզված ընդդիմադիր գործիչ հանդես եկավ Արթուր Բաղդասարյանը: Այն ամենի տակ, ինչ ասաց նա, կարելի է միայն ստորագրել. իշխանությունները ցածրորակ են, ոչ կոմպետենտ, զուրկ են հայրենասիրությունից, անազնիվ են ժողովրդի նկատմամբ, մարդիկ հայտնվել են բանկային կապանքների մեջ, առանց ափսոսանքի թողնում-հեռանում են հայրենիքից, ազգային հարստությունը տնօրինում են մի խումբ ընտանիքներ կամ կլաններ, տեսախցիկների գումարները մտնում են մասնավոր գրպան և այլն, և այլն: Նույնիսկ չխնայեց «հաստափոր» գեներալներին: Ներհայաստանյան իրավիճակն այնքան ողորմելի ու անփառունակ ներկայացվեց, որ մտածում ես՝ այս երանելի անկախությունը մի՞թե ոչ մի լավ բան չտվեց Հայաստանին: Սակայն իր խրոխտ ու իսկապես արդարացի դատապարտումների մեջ Արթուր Բաղդասարյանը այդպես էլ չնշեց որևէ մեղավորի կամ մեղավորների կոնկրետ անուն: Արդյո՞ք նույնքան անդեմ է իշխանությունը՝ չշնչավորված: Հազիվ թե: Գոնե մեկ անուն կարո՞ղ էր հնչել: Ոչ մի դեպքում: Տակտիկական քա՞յլ է սա: Հնարավոր է: Սակայն ընդդիմության արդեն քրոնիկական դարձած այդ վախվորած «տակտիկան» է նրան դարձնում անարյուն ու անպտուղ:
Թե՞ այստեղ էլ են մեղավոր խորհրդային կարգերն ու Ստալինը:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ