Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ընծա

Ընծա
22.01.2016 | 10:29

Փաստը Պատմության արքան է։ Բայց թագավորը հաճախ մերկ է, ինչպես ցուցափեղկի մանեկենը։ Ես ձգտել եմ լոկ «զգեստավորել» մերկ մանեկենին՝ պատմական ստույգ փաստերին շունչ հաղորդելով:

1659 թվականի սկզբին Նոր Ջուղայի վերնախավը՝ քալանթարը, խոջաները, քեդխուդան և ուստաբաշին, նստեցին միտք անելու։ Թուրքական առևտրային ուղուց շարունակում էին տագնապալի լուրեր ստացվել, օրավուր դժվարանում էր Կ. Պոլսի ու Զմյուռնիայի նավահանգիստներ հասնելը՝ Եվրոպա անցնելու համար։ Հայոց առևտրային քարավանները ենթարկվում էին թուրք վալիների, մաքսավորների, հարկահավաքների անթաքույց կողոպուտին, ու դա կատարվում էր պետական մակարդակով, իշխանությունների թողտվությամբ և ակնհայտ խրախուսմամբ։ Կաշառատվության գումարներն ահռելի չափերի էին հասել, սակայն դա էլ չէր օգնում. ճանապարհային թալանն այնպիսի ծավալներ էր ընդունել, որ տնտեսապես այլևս ձեռնտու չէր այդ ուղուց օգտվելը։ Անհրաժեշտ էր նոր ռազմավարություն մշակել, Եվրոպա տանող նոր ճանապարհներ գտնել։ Եվ ելքը ակնհայտորեն միակն էր՝ Ռուսիան, այն երկիրը, ուր շուրջ 50 տարի այցելում էին խոջաների վաճառական-գործակալները։ Բայց կար մի խանգարիչ հանգամանք. ռուսները, ճիշտ է, արտոնություններ էին տրամադրում, ամեն կերպ ընդառաջում, սակայն, որպես կանոն, հայ վաճառականներին թույլ չէին տալիս Եվրոպա անցնել, բերած հում մետաքսն իրենք էին էժան գնում, վերավաճառում, և հայոց շահույթը, եվրոպականի համեմատ, էապես նվազ էր։
Մի կարևոր պարագա ևս կար՝ քաղաքական գործոնը, որի հետ խոջաները հաշվի չնստել չէին կարող, բայց որից հարկ էր օգուտ քաղել խելացիորեն։ Բանն այն էր, որ պարսից շահն ինքն էր ցանկանում առևտրատնտեսական, հետևաբար և քաղաքական կապեր հաստատել Ռուսաստանի հետ՝ ընդդեմ Թուրքիայի, սակայն դա անելու գրեթե ոչ մի հնարավորություն չուներ. քրիստոնյա Ռուսիան մուսուլմանական Պարսկաստանին վերաբերվում էր առնվազն թերահավատությամբ ու կասկածամտորեն։ Պարսից շահին միջնորդներ էին անհրաժեշտ, և հպատակ քրիստոնյա հայերը ամենահարմարն էին։
Ահա այս լրջագույն քաղաքական ու տնտեսական խնդիրներն էին քննարկում Նոր Ջուղայի տերերը։ Եվ ազգային գենը, բազմադարյա փորձառությունը, զգուշավորությունն ու հաշվենկատությունը նրանց դրդեցին կայացնելու իմաստուն որոշում։ Նախ, վճռվեց հարկադրանք չկիրառել և նորջուղայեցի վաճառականներին վերապահել լիակատար ազատություն՝ ով ցանկանում էր կարող էր շարունակել օգտվել թուրքական առևտրային ուղուց։ Միաժամանակ ակնհայտ էր, որ Ռուսաստանի հետ առևտրային կապերը նոր՝ միջպետական մակարդակով ամրապնդելը խոստումնալից էր և հետագայում մեծ օգուտ կարող էր բերել։ Որովհետև ապագա ռուս-պարսկական առևտրում լինելով առաջինը՝ իրենք կզբաղեցնեին մենաշնորհային դիրք, մյուս կողմից` Թուրքիային կստիպեին վերանայելու սեփական քաղաքականությունը, մեղմացնելու, բարեհաճ դարձնելու վերաբերմունքը դեպ հայ վաճառականները։
Վճիռը կայացված էր։ Համաձայն էին բոլորը՝ քալանթար Աստվածատուր Միրեթենցը, խոջաներ Պստիկաղա Շահիխասենցը, Աղափիրի Ջախաթունենցը, Մարգար Շահրիմանենցը, Սագար Թոփչենցը, Զաքար Գերաքենցը, Մարտիրոս Աղենցը, Ավետիք Գիլանենցը, Վախգում Ջուաիրին, Գրիգոր Գիուզենցը, Հովհաննես Ջյարկալանենցը, Աղազար Միրզաբեգենցը, Ոսկան Ջահիրունցը, Մինաս Փանոսենցը, Վալյանդիս Թաղարինցը, Ապով Լուսիկենցը, Հովսեփ Նանենցը, Կարապետ Քառասմանկացը, Հովհաննես Ասկանդարովը և ուստաբաշի Հակոբջանը։
Որոշվեց Ռուսիո ցարի մոտ ուղարկել 10 հոգուց բաղկացած մի պատվիրակություն, որի ղեկավար նշանակվեց կաթոլիկ Զաքար Սահրադի Շահրիմանյանը։ Առաքելությունը պիտի նախապատրաստվեր, թանկագին նվերներ տաներ և առաջին քայլն աներ ռուս-պարսկական միջպետական առևտրային պայմանագիր կնքելու ուղղությամբ։
...Կասպից ծովը հատելով՝ խոջա Զաքարն ու նրա ինը ընկերները 1659 թ. օգոստոսի 7-ին ափ իջան Աստրախանում։ Ապա տեղական իշխանությունների հետ երկարատև բանակցություններից, կասկածանքներն ու թերահավատությունը փարատելուց հետո, բռնեցին Մոսկվայի ճամփան։ Ռուսիո մայրաքաղաք հասան միայն 1660 թ. մարտի 27-ին, իսկ ապրիլի 12-ին նրանց բարեհաճեց ընդունել Ալեքսեյ Միխայլովիչ ցարը։ Նա նիհարավուն, չորուկ, ցանցառ ու սրածայր բեղ-մորուքով մարդ էր։ Արքան նաև հրաշալի գլուխ էր հանում առևտրից, նա Ռուսիայում տնտեսական գործունեությամբ զբաղվող ամենանշանավոր անձն էր, որին ի մասնավորի պատկանում էր հացահատիկի, երկաթի և հայերի բերած հում մետաքսի վաճառքի մենաշնորհը։
Ընդունելությունն սկսվեց ժամանակի ոգուն համապատասխան արարողակարգով՝ ընծաների մատուցմամբ։ Նվիրատվությունը հարգանքի դրսևորում էր տիրակալի հանդեպ, խորհրդանիշ, և որքան թանկ էր ընծան, այնքան բարձր էր երախտագիտության զգացումը, այսինքն՝ նվերի արժեքը և հարգանքի արտահայտության չափը ուղիղ համեմատական էին։ Ահա այստեղ ցարին ու ռուսական արքունիքին իսկական ապշանք էր սպասում՝ խոջա Զաքարն ի ցույց դրեց մի գահ...
Այն պատրաստված էր չինարենուց, հաճարենուց և այլ փայտատեսակներից, հարդարանքում գործածված էին սև թավիշ, կարմիր մետաքս և դեղին կերպաս։ Գահը զարդարված էր թանկագին քարերով. նրա վրա կար 897 ալմաստ, 1298 մարգարիտ, ամետիստ, շափյուղա, տպազիոն, հակինթ, 1830 փիրուզ, 3 թելաշար մարգարիտ։ Թիկնակին ասեղնագործված էին մանր մարգարիտներով ելուզված երկու հրեշտակների պատկերներ, որոնց արանքում զետեղված էր հետևյալ լատիներեն արձանագրությունը. «Potentissimo et Invectissimo Moscovitorum Imperatori ALEXIO, in terris felisiter regnanti, hic tronus, summa arte et industria fabrifactus, sit futuri in coelis et perennis faustum felixque omen. Anno Domini 1659», ինչը հայերեն թարգմանաբար նշանակում էր. «Հզորագույն և անհաղթ Մոսկովյան կայսր Ալեքսեյին՝ երկրին երջանկաբար գահակալողին, մեծագույն արվեստով ու ջանադրությամբ պատրաստված այս գահը թող լինի անսահման երանավետության գալիք երջանիկ նախահայտնություն։ Քրիստոսի 1659 թվական»։
Գահից բացի, Զաքար Շահրիմանյանն ընծայեց պղնձի վրա դրվագազարդված Խորհրդավոր ընթրիքի պատկեր, ալմաստե ակով մատանի, մեկ արծաթե մատուցարան՝ վրան խմիչքի արծաթե տափաշիշ և խունկ, 15 շիշ շարբաթ, 3 շիշ վարդաջուր և մեկ շիշ գոնգեղի ջուր (այսինքն՝ օծանելիք), ջութակի տեսքով թանկագին քարերով զարդարված ոսկեպատ թանաքաման, մեկ արծաթե տուփ, որի մեջ կար ալմաստե ակով երկու ոսկե մատանի, Ծռազարդի 12 հատ բարդու ճյուղ, 1,5 կիլոգրամ համեմունք, 24 կիլոգրամ շաքարապատ հնդկական կոճապղպեղ։
Նկատելով, որ զմայլված ցարն ակնհայտ հետաքրքրությամբ նայում է գահին, խոջան հայտնեց, որ թանկագին քարերը ձեռք է բերել Հնդկաստանից, իսկ գահը պատրաստել են Նոր Ջուղայի հայ վարպետները։ Ապա ավելացրեց.
-Իմ խէր սիրեց մեծ թաքւորն, թախտն թամամեց, ինձ արետ՝ թէ տար թաքաւորին փէշքաշ արար։
(Թարջիմանն ամեն ասվածը թարգմանում էր ռուսերեն)։
Ալեքսեյ Միխայլովիչը, մեղմ ասած, զարմանք էր կտրել։ Բայց նա ոչ միայն երկրի ամենահարուստ մարդն էր, այլև Ռուսիո արժանապատիվ արքան և պահանջեց, որ խոջան հայտնի գահի գինը։
Շահրիմանենց Զաքարը հրաժարվեց, պատճառաբանելով, թե նվերները բերել է ոչ թե շահախնդրությունից դրդված, այլ առաջնորդվելով նույն հավատքին պատկանելու զգացումից և որպես երախտագիտության նշան՝ քրիստոնյա հայ հավատակիցների նկատմամբ Ռուսիո կայսեր ցուցաբերած բարեհաճ վերաբերմունքի համար։
Այնժամ Ալեքսեյ Միխայլովիչը կանչեց արքունի վաճառականներին և հրամայեց արժեքը որոշել։ Խոջա Զաքարը կանխեց և ստիպված ասաց, թե գահի գինը 24443 ռուբլի 50 կոպեկ է։ Թեպետ դա ինքնին ժամանակի համար վիթխարի գումար էր, բայց Շահրիմանյանն առնվազն կրկնակի ցածր գին բարձրաձայնեց։ Նախ, նա ոչ թե ապրանք էր բերել վաճառելու, այլ ընծա, հարգանքի հավաստիք, և, երկրորդ, նա հայ մարդ էր, իսկ հայերը նվերի գին չեն ասում։
Այդուհանդերձ, դեպքն այնքան արտառոց էր, ընծաներն այնքան թանկարժեք, որ արքունիքում դա կարող էր ընկալվել որպես կաշառք։ Այդ իսկ պատճառով, որպես փոխհատուցում, ցարը վճարեց 4000 ռուբլի արծաթադրամ, 12500 ռուբլի պղնձադրամ և թույլ տվեց, որ Շահրիմանյանը 18000 ռուբլու սամույր և այլ մորթեղեն գնի։
Այսքանից հետո միայն սկսվեցին Մոսկվայի ու Նոր Ջուղայի միջև առևտրային պայմանագրի շուրջ բանակցությունները։ Դրանք հաջող ընթացան, Ալեքսեյ Միխայլովիչը խոստացավ ըստ ամենայնի ընդառաջել, սակայն զանազան պատճառներով պայմանագրին վիճակված էր կնքվել միայն 7 տարի անց։
Զաքար Շահրիմանյանը և նրա ուղեկիցները Մոսկվայից մեկնեցին 1660 թ. օգոստոսի 20-ին։
Իսկ «Ալմաստե գահը» մնաց Կրեմլում և սկսեց օգտագործվել ռուսաց արքաների թագադրությունների, առանձնակի հանդիսավոր արարողությունների, ռուս ուղղափառ եկեղեցու տաղավար տոների, օտարերկրյա դեսպանների ընդունելությունների ժամանակ։


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ