Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պատասխան Կրոմվելին

Պատասխան Կրոմվելին
22.01.2016 | 10:34

1648 թվական, Պլիմուտ։ Մի քանի ամիս էր անցել այն օրից, երբ Լա Մանշը հատել և ափ էին իջել հայերը։ Գաղթականները փոքրաթիվ էին՝ շուրջ 30 հոգի, տարօրինակ հագուստներ էին կրում՝ երկարափեշ վերնազգեստներ, սրածայր մորթե գլխարկներ, և խոսում էին ֆլամանդերեն, ֆրանսերեն, ոմանք էլ՝ իտալերեն։ Նորեկները Պլիմուտի շերիֆին մի կերպ բացատրել էին, որ արևելցիներ են, ազգությամբ՝ հայ, դավանանքով՝ քրիստոնյա։ Եկել էին Ամստերդամից, ցանկանում էին հաստատվել Պլիմուտում և զբաղվել ոսկե իրերի պատրաստմամբ ու վաճառքով։ Շերիֆն էլ բնակության վայր էր հատկացրել ծայրամասում՝ ծովափից ոչ հեռու և պատվիրել պահպանել կարգուկանոնը ու քաղաքացիների շրջանում խառնակություն չառաջացնել։ Եվ դա հասկանալի էր, երկիրը ռազմադաշտի էր վերածվել, ու քաղաքացիական պատերազմի մահաբեր ուրվականը մարդկային կյանքեր էր խլում։
Հայերն սկսել էին այն բանից, որ վարձելով փայտահատների ու հյուսների՝ կառուցել էին հինգ գերանաշեն տներ, որտեղ էլ ապրում ու զբաղվում էին իրենց արհեստով՝ պատրաստում էին անսովոր զարդանախշերով ոսկե իրեր, որոնք համեմատաբար էժան էին և արագորեն սպառվում էին։ Նրանց հետ կին չկար, և տեղացի կանանց հետ շատ զուսպ էին ու հարգալից։ Ոգելից խմիչքներ գրեթե չէին գործածում։ Զարմանալի դյուրությամբ յուրացրին անգլերենը ու թեպետ համայնական կյանքով էին ապրում, սակայն արագ մերվեցին քաղաքին։
Շուտով իրենց պստլիկ թաղամասում աղբյուր կառուցեցին և բացման արարողությանը հրավիրեցին շերիֆին ու Պլիմուտի հարգարժան քաղաքացիներին։ Շերիֆն աղբյուրի ճակատաքարի վրա ինչ-որ անհասկանալի արձանագրություն նկատեց և հայերից ճերմակամորուս տարեցին, որի անունը Գրեգորի էր և որը նրանց ավագն էր, հարցրեց, թե դա ինչ է։ Գրեգորին պատասխանեց, որ իրենց լեզվով է՝ հայերեն, ու թարգմանեց փորագրությունը. «Սա է աղբիւրս հայոց ով խմի զովանա»։
...Խոր, սառնաշունչ աշուն էր։ Մթնդած, ալեկոծ ծովը մռնչում էր և իր վիթխարի, անկասելի ալիքները շռնդյունով զարկում ափամերձ ժայռերին։ ՈՒ եթե մրրկածուփ ծովն ի վիճակի չէր քաղաքը հեղեղել, ապա դա արեց մեկ ուրիշը. իր զորախմբով Պլիմուտ մտավ սարսափազդու Օլիվեր Կրոմվելը՝ ինդեպենդենտների առաջնորդը, Երկար խորհրդարանի անդամը, խորհրդարանային բանակի ստեղծողը, որը երկու տարի առաջ հաղթական ճակատամարտեր էր վարել թագավորական բանակի դեմ և հիմա սկսել էր երկրորդ քաղաքացիական պատերազմը։
Պլիմուտի բնակիչներին՝ տղամարդկանց, կանանց և անգամ երեխաներին ժողովեցին հրապարակում ու մահվան սպառնալիքի տակ ստիպեցին լսել Կրոմվելին։ Թափահարելով ուսերին թափված երկար, գանգրահեր խոպոպները, նա ճառեց, որ գահընկեց է անելու թագավորին, կարգուկանոն է հաստատելու Անգլիայում, սրի է քաշելու բոլոր թշնամիներին և քաղաքի բնակիչներին կոչ արեց ոչինչ չխնայել հանուն մեծ հաղթանակի։ Հետո նստեց իր սևաթույր նժույգը և ծանր զրահներով, տեգերով ու սրերով զինված հեծելազորի ուղեկցությամբ ճանապարհվեց դեպ հյուսիս՝ Լոնդոն։ Պլիմուտի սալահատակը դղրդում էր։ Ռազմաջոկատի վառվող ջահերի շարանը դժնդակ մահ էր գուժում։
Կրոմվելի ուշադրությունը գրավեցին մի քանի փայտաշեն տները և դրանց առջև խմբված տարօրինակ հագուստով մարդիկ։ Նժույգն ուղղեց նրանց կողմը և կանգ առավ աղբյուրի մոտ։ Ապա շրջվեց ու հարցրեց իրեն ճանապարհող շերիֆին.
-Սրանք ովքե՞ր են։
-Սըր, նրանք իրենց հայ են կոչում, քրիստոնյա արևելցիներ են, ոսկեգործությամբ են զբաղվում,- վախվորած պատասխանեց շերիֆն ու ավելացրեց,- պարկեշտ և աշխատասեր մարդիկ են։
-Ո՞վ է ձեր ավագը, թող մոտ գա,- ահեղաձայն բղավեց Կրոմվելը։
Խմբից զատվեց Գրեգորին, առաջացավ ու գլուխ խոնարհեց.
-Լսեք, չգիտեմ ովքեր եք և ինչ գործ ունեք Անգլիայում, բայց ձեզնից ուզում եմ լսել հարցիս պատասխանը՝ դուք ի՞մ կողմից եք, թե՞ թագավորի...
Վառվող ջահերի լույսի ներքո հայերի դեմքերը սմքած էին թվում, աչքերը՝ ապակենման և անշարժ։ Ձիերը ֆռթացնում էին, սմբակները զարկում գետնին, հեծյալների զրահները մետաղյա խուլ զնգոց էին արձակում, իսկ կատաղի ծովից փչող ամեհի քամին ապարդյուն ջանում էր մարել ջահերը։
Գրեգորին նայեց խեղճացած ազգակիցներին, ապա անթարթ հայացքը հառեց Կրոմվելի պաղ աչքերին և ասաց.
-Մեծարգո սըր, մենք ապավինում ենք մեր եկեղեցուն, որի պատվիրաններից մեկն ավանդում է. «Տուր զկայսերն կայսեր եւ զԱստուծոյն Աստուծոյ», հետևաբար մենք իշխանության հլու հպատակներ ենք։ Մեզ համար կարևոր չէ՝ իշխանությունը թագավորինն է, թե մեկ ուրիշինը, կարևորն այն է, որ իշխանությունը օրինական լինի։
Կրոմվելը մի պահ քար կտրեց, ձեռքը բնազդաբար տարավ դեպի սուրը, բայց զսպեց իրեն՝ գնահատեց խորամանկ արևելցու պատասխանի նրբությունը։ Սակայն դա իրեն գոհացնել չէր կարող, նրանց կողմից ցուցաբերվող չեզոքությունը վտանգավոր երկակիություն ու հանդգնություն էր պարունակում։
Բռնակալը քմծիծաղ տվեց և բղավեց.
-Մի քանի օրից կվերադառնամ, և դուք քիչ ժամանակ ունեք, որպեսզի ընտրություն կատարեք և ընդունեք, որ միակ օրինական իշխանությունն իմն է։ Այլապես բոլորիդ կգլխատեմ...
Քաշեց սանձը, խթանները խրեց նժույգի կողերը, և մահվան ջահակիր թափորը դանդաղ շարժվեց։
Երկու օր անց հայերը նստեցին առաջին իսկ նավն ու հեռացան։ Նրանք փրկվեցին մի մարդու հաշվեհարդարից, որն ապագայում գլխատել պիտի տար թագավորին, հրով ու սրով ճնշեր բոլոր ապստամբությունները և հաստատեր պրոտեկտորատ՝ միանձնյա ռազմական բռնիշխանություն։
Այդ դիպվածից հետո հայերն Անգլիա ոտք չդրեցին շուրջ հարյուր տարի։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2010

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ