Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լույսի կանթեղը

Լույսի կանթեղը
22.01.2016 | 10:04

«Ճգնավորը ծնրադիր Ապարան լեռան սարավանդին, երկա՜ր, երկա՜ր աղոթեց, բայց երկնքից չկաթեց նրա սրտի մեջ ուրախության սփոփանքի գեթ մի շիթ։
Ներքևում, ժայռի կողքով մի թափոր էր շարժվում։ Դպիրները վառ ջահերը բռնած քայլում էին դանդաղաքայլ։ Ահա երևում է Գրիգոր Լուսավորչի լույս երեսը, ու վիմափոր մատուռից թափորը ուղղվեց Ապարանի սարն ի վեր։ Աղջամուղջի մեջ շարժվող հրդեհի էին նման ջահերի վառ բոցերը։ ՈՒխտավորները խուռներամ կանգնել էին և սպասում էին հրաշագործ հայրապետին։
Լսվում է «Հայր մեր» երգը. հավատացյալներն էին աղոթում։ Մթնած երկնակամարում լուսնի շողերի տակ գծագրվել էին սարերի երկնասլաց կատարները։ Սուրբ Գրիգորը մտամփոփ աղոթում էր զոհարանի վրա կանգնեցված Խաչի առջև։ Դպիրների երգը անուշ հնչեղությամբ ուղեկցում էր սրբի աղոթքին։ Շուտով ջահերը մարեցին, ներկաները հայացքները դեպի երկինք սևեռած սպասում էին սովորական դարձած հրաշքին։
Երգերը նույնպես մարեցին։ Մի պահ բազմամբոխի լռությունը մահասարսուռ վեհափառություն ստացավ։ Հայրապետը զմայլելի հափշտակությամբ բազկատարած՝ անշշուկ երկինք նայեց, և ահա ամպերի խոր անդունդներից մի լույս երկարեց և ավազանի կենտրոնի վրա՝ կանթեղի նման պլպլաց` լույսն անպարան կախված։ Այդ երկնալույս հրաշքի վրա ուխտավորները նորից սկսեցին հոգեզմայլ «Հայր մերը» երգել. Աստծո Լույսը դարձյալ հայտնվել էր, իսկ ճգնավորը ինչպես միշտ, նույնպես և այդ գիշեր, զրկված էր այդ լույսից, քանի որ ինքն էլ էր ուզում Լուսավորչի նման սրբի համբավ ունենալ, սակայն իր միտքը խղճի հանդիմանությամբ կրկնում էր անընդհատ. «Աստված ամբարտավաններին հակառակ է...», և Լուսավորչի կանթեղը նրա հոգու մեջ բնավ չպլպլաց։
Լուսավորիչը այնտեղ, լեռան բարձունքն ի վեր աղոթքով Անմահի խորհրդավոր տաճար էր «կանգնեցրել», ուր անպայման կանթեղ էր կախվում, ու այդ վայրը այդ հրաշքից հետո սկսեց կոչվել Ապարան, քանզի առանց պարանի էր կանթեղը կախվում։
Աղոթում էր Լուսավորիչը և այդ վայրը դառնում էր հրեշտակների բնակարան և միայն արդարներն ու պարզ մանուկներն էին արժանանում տեսնելու Լուսավորչի վառվող կանթեղը։
Փոքրիկ հրեշտակները ձեռք ձեռքի տված, թրթռուն ու ոսկեթև երկնքից կախված մի օղակ էին կազմում սուրբ Լուսավորչի գլխի վրա բռնելով։
Ճգնավորը հուսահատ հարցրեց հայրապետին, թե ինչու ինքը երբեք չկարողացավ տեսնել այդ լույսը երկնահրաշ։ Եվ պատասխան առավ Լուսավորչի լուսատու լույս հոգուց.
«Սնափառությունը, նախանձը, ատելությունը նենգության կրքեր են դժոխային, որ մութ վարագույր են քաշում աչքերի առջև։ Տերն անպարան կանթեղը ցույց է տալիս միայն այն արդարներին, որոնց հոգին ավելի ճերմակ է, քան շուշանը հովիտների, որոնց հոգին ծանրացած չէ չարությամբ, այլ ավելի թեթև է, քան հրեշտակների դրախտաբույր շունչը»։
Ճգնավորը լռեց։ Նայեց ամպերին, աստղերից հեռու, շատ հեռուն երևաց, ու հասկացավ, որ ճգնությունները ապարդյուն էին մնացել, քանզի իր չմաքրված հոգու կրքերը հեռացրել էին նրան վեհագույնի բարձունքներից և դարձրել երկրաքար»։
Այս նյութը քաղվել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հրատարակված «Բազմավեպի» 1915 թ. փետրվարի համարից, երբ արդեն եղեռնի գույժը պետք է լսեին Լուսավորչի զավակները, և աշխարհի դաժան մթությունը պետք է առժամանակ մարեր Լուսավորչի կանթեղը հայորդիների սրտերից, քանզի ժողովրդի արդարներն ու Քրիստոսին հավատարիմ մնացածները պետք է գնային այդ կանթեղը Վառողի հավերժ Լույսերին միանալու և իրենք էլ դառնալու մի-մի կանթեղ, մինչև կգա հավետի Արդարության օրը։
ՈՒ այդ օրը եկավ ուշ թե շուտ, միայն Տերը գիտի, բայց հարյուր տարի անց աննախադեպ իրադարձություն կատարվեց բազմաչարչար հայոց հողի վրա, քանզի յոթ դար անընդմեջ չսրբադասած եկեղեցին միանգամից միլիոն ու կես նահատակ սրբադասեց ու երկնայինի սրբալույս հրեշտակներին հանձնեց իր հավատարիմների արդեն սրբացած հոգիները ի պահ, մինչև կհնչի համայն հայության ազդարարության փողը երկնքից:
Իսկ մինչ այդ Ամենայն հայոց բանաստեղծը, իր սրտում այդ երկնախորհուրդ լույսից կրելով, գրեց (1902 թ., Հովհաննես Թումանյան).

ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԿԱՆԹԵՂԸ


Կես գիշերին կանթեղը վառ
Կախ է ընկած երկընքից,
Լուսավորչի կանթեղն անմար
Հայոց մըթնած երկընքից:

Կախ է ընկած առանց պարան
Արագածի կատարին,
ՈՒ սեղանից հըսկայական
Լույս է տալիս աշխարհին:

Լույս է տալիս երկա՛ր դարեր
ՈՒ վառվում են միշտ անշեջ
Սուրբի մաքուր արցունքները
Յուղի տեղակ նըրա մեջ:

Ոչ մարդկային ձեռ կըհասնի
Էն ահավոր բարձունքին,
Եվ ոչ քամին կըհանգցընի՝
Վիշապ-քամին ահագին:

Երբ պատում է մութ խավարը
Չընաշխարհիկ մեր երկրին,
Երբ տիրում է ահն ու վախը
Թույլ, կասկածոտ սըրտերին,

Ով անմեղ է, լիքը սիրով
ՈՒ հավատով անսասան,
Ով նայում է վառ հույսերով
Դեպի Հայոց ապագան,

Նա կըտեսնի էն մըշտավառ
Ջահը կախված երկընքից,
Ասես՝ աստծո աչքը պայծառ
Հըսկում է ցած երկընքից:

Իսկ Լուսավորչի անպարան կանթեղի լույսը երկնքից դարեդար անդուլ հսկում է ԷՋՄԻԱԾԻՆ Աստվածահաստատ հայոց հավատքի սիրտը, որ այն բաբախի անկանգ մինչև նորից կգա ամենիս Կյանքը՝ ՀԻՍՈՒՍԸ, որ կատարվի Հայր մերի անսուտն խոսքը. «Եվ թող Քո կամքը լինի երկրի վրա ինչպես երկնքում է…»: Ամե՜ն ու ամե՜ն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ