Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տարսայիճ աղայի «Նապոլեոնները»

Տարսայիճ աղայի «Նապոլեոնները»
26.01.2016 | 01:57

Փաստը Պատմության արքան է։ Բայց թագավորը հաճախ մերկ է, ինչպես ցուցափեղկի մանեկենը։ Ես ձգտել եմ լոկ «զգեստավորել» մերկ մանեկենին՝ պատմական ստույգ փաստերին շունչ հաղորդելով:

1850 թվական, Կոստանդնուպոլիս։ Մայրաքաղաքի տնտեսական կյանքը խուլ իրարանցման մեջ էր։ Անգլիական կտորեղենը հեղեղել էր կայսրության մայրաքաղաքը։ Թուրքիան ձգտում էր իր մերկությունը ծածկել նորաձևությանը համընթաց՝ եվրոպավարի ու եվրոպական մանուֆակտուրայով։
Պոլսահայ վաճառականները՝ արագորեն արձագանքելով շուկայի պահանջարկին, անցում էին կատարել մանուֆակտուրայի առևտրի ոլորտ։
Մետաքսավաճառների խանի իր վաճառատանը նստած, հաբեշական թանձր սուրճ խմելով, Հովհաննես աղա Թոքատյանը մտմտում էր, որ քոմիսիոնջիների՝ հանձնակատարների, ծառայություններից օգտվելն այլևս ձեռնտու չէր։ Գրեթե բոլոր հանձնակատարները պոլսահայեր էին, որոնք վաղուց բնակություն էին հաստատել Մանչեստրում, Լիվերպուլում, Լոնդոնում և տեղի մանուֆակտուրային ձեռնարկություններից կտորեղեն էին առաքում, բնականաբար, համապատասխան միջնորդավճար ստանալով իրենց սպասարկության դիմաց։ Ժամանակի ընթացքում մատակարարումն աճեց, բայց բարձրացան նաև հանձնակատարների տոկոսադրույքները։ Պոլսո շուկայում մրցակցություն ծագեց, ինչին դիմակայելու միակ միջոցը ապրանքի գնի իջեցումն էր, սակայն հանձնակատարների տարեցտարի աճող ախորժակը դա թույլ չէր տալիս և ուղղակիորեն հարվածում էր փոքր ու միջին դրամագլուխ ունեցող վաճառականներին։ Դա էր պատճառը, որ նրանցից շատերն իրենց որդիներին կամ եղբայրներին սկսեցին ուղարկել Անգլիա, որպեսզի ձերբազատվեն հանձնակատարներից։
Սուրճի պնակը ձեռքին, նայելով վաճառատանը պարապ-սարապ թրև եկող 20-ամյա որդուն՝ Մարտիրոսին ու կառավարիչ Տարսայիճին, Հովհաննես աղան մտմտում էր, որ այդպես շարունակվելու դեպքում կսնանկանա. առևտուր չկար, իր անգլիական կտորեղենը, որ Մանչեստրից ուղարկում էին միջնորդներ Միրասեյիդյան եղբայրները, թանկ էր։ Ստեղծված կացությունից դուրս գալու միայն մեկ միջոց կար, և սուրճի գավաթը սեղանին դնելով ու ոտքի կանգնելով՝ Հովհաննես աղան վերջնական որոշում կայացրեց։
Մարտիրոսն անընդհատ խոսում էր, ինչ-որ պատմություններ պատմում ու ծիծաղում։ Պոլսո ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո օգնում էր հորը, բայց ոչ մի րոպե ձայնը չէր կտրվում, ինչը, բնականաբար, դուր չէր գալիս ծանրաբարո Հովհաննես աղային և ուրբաթախոս Տարսայիճին։ Բայց ի՜նչ կարող ես անել...
Ի վերջո, աղան ասաց.
-Մեր առևտրի վիճակը շատ վատ է։ Դուք էլ դա գիտեք,- հայացքն ուղղեց Տարսայիճին ու Մարտիրոսին։- Այդ պատճառով որոշել եմ, որ դու, Մարտիրոս, մեկնես Մանչեստր, այնտեղից ապրանք ուղարկես։ Իսկ դու, Տարսայիճ, աշխարհ տեսած, կենցաղագետ մարդ ես, ուզում եմ, որ զավակիս ուղեկցես, գործերն այնտեղ կարգի գցես ու վերադառնաս։ Ընտանիքիդ մասին անհոգ եղիր, մինչև գալդ ոչ մի բանի կարիք չեն ունենա։
Տարսայիճը վաթսունին մոտ, սպիտակախառն մորուքով, կլորիկ դեմքով, կլորիկ փորով ճաղատ մարդ էր։ Նա քսան տարուց ավելի աշխատում էր Հովհաննես աղայի մոտ, առևտրային գործերով բազմիցս եղել էր գավառներում, երկու անգամ նույնիսկ Ռումելի՝ կայսրության եվրոպական մաս էր գնացել և աչքաբաց, հաշվենկատ, զգույշ ու վստահելի մարդու համբավ ուներ։ Հենց այդպիսի մեկն էր պետք թեթևամիտ Մարտիրոսին ուղեկցելու համար։
Մարտիրոսը ոտքի ցատկեց ու բղավեց.
-Հուռռա՜, կեցցե՜ Անգլիան...
«Տեսնես սրանից մարդ դուրս կգա՞»,- մտածեց աղան և ասաց.
-Մարտիրոս, զավակս, գործը լուրջ է։ Անգլիական օրենքները խիստ են, անգլիացիներն ինքնահավան, գոռոզամիտ մարդիկ են։ Մանչեստրում առևտրային տուն պիտի հիմնես, և քեզնից կախված կլինի մեր հետագա առևտուրը։ Ամեն ինչում կլսես ու կենթարկվես Տարսայիճին։
Կառավարիչը շոյվեց։
-Տարսայիճը մի թերություն ունի՝ օտար լեզու չգիտի։ Իսկ դու վարժ խոսում ես ֆրանսերեն. ճիշտ է, ֆրանսերենն անգլերեն չէ, բայց երկուսով գլուխ կհանեք։ Պատրաստվեք մեկնելու։
...Մեկ շաբաթ անց, առավոտյան, Պոլսո նավահանգստում բազմամարդ էր։ «Յըլդըզ» երկկայմ առագաստանավի մոտ խռնված ամբոխը՝ հույներ, հրեաներ, թուրքեր ու եվրոպացիներ, եռուզեռի մեջ էր։ Ծովից զով քամի էր փչում։
Մարտիրոսը եվրոպական կոստյում էր հագել, սպիտակ վերնաշապկին կարճ ու լայն սև փողկապ կապել, իսկ լայնեզր գլխարկի տակից երևում էին նշաձև հոնքերը, նորածիլ բեղերը։
Տարսայիճն էլ էր եվրոպացու կոստյումով, բայց գլխին ֆես ուներ, որից ձերբազատվել կտրականապես հրաժարվում էր։
Հովհաննես աղան Տարսայիճին մի կողմ տարավ, գրպանից թաքուն մի քսակ հանեց, դրեց կառավարչի ձեռքն ու փսփսաց ականջին.
-Այստեղ 50 ոսկի է, հարկ եղած դեպքում՝ ծախսիր, Անգլիայի փողերը Մարտիրոսի մոտ են։
Տարսայիճը կայծակի արագությամբ քսակը թաքցրեց ծոցագրպանում։
Առագաստանավի տախտակամածից լսվեց զանգակի ընդհատ ու զիլ զնգոցը։ Մարտիրոսը գրկախառնվեց հոր հետ:
«Յըլդըզը» դանդաղորեն կտրվեց ափից։ Մարտիրոսը տեսավ, թե ինչպես հայրը նավի ուղղությամբ խաչ հանեց, ապա շրջվեց և ձեռքերը հետևը դրած՝ կորամեջք քայլեց։
Նավախցում Տարսայիճն ասաց.
-Լսիր, Մարտիրոս տղա, սրանից հետո ինձ պիտի ականջ դնես։ Եվրոպայում վխտում են գողեր, ավազակներ, խարդախներ, խաբեբաներ և հազարումի ստահակներ։ Դու անհոգ, բերանբաց ջահել ես, այնինչ հարկ է անչափ զգույշ լինել, ոչ ոքի չասես ուր ենք գնում, ինչ նպատակով, ինչ գործերով։ Մի բան խոսելուց առաջ ինձ հետ խորհրդակցիր, հիշիր հորդ խոսքերը, ես քեզ համար պատասխանատու եմ։
-Լա՜վ, լա՜վ,- ծիծաղեց Մարտիրոսը,- թող քո ասածը լինի, աղա։ Միայն մի բան եմ խնդրում՝ ֆեսդ փոխիր, ես քեզ համար մի լայնեզր գլխարկ կառնեմ։
Տարսայիճը ձեռքը թափ տվեց. «Անլուրջ տղա է»։
Երեկոյան հասան Բուրգաս։ Նավահանգստում կառք նստեցին ու շտապեցին երկաթուղային կայարան։
Տոմսակներ գնեցին և ճամպրուկները ձեռքներին մտան առաջին կարգի վագոն։ Կոստյումները հանեցին, խալաթներ հագան, և Մարտիրոսը կապոցից հանեց մոր դրած կերակուրները՝ տոլմա, հավ, բաստուրմա, հավկիթ, պանիր, լավաշ։ ՈՒղեկցորդը թեյ բերեց, և փառահեղ ընթրեցին։ Շատ էին հոգնել, և գնացքի միալար աղմուկի տակ քնեցին։
Առավոտյան արթնացան ուղեկցորդի խուլ բղավոցներից. «Սոֆիա՜..., Սոֆիա՜...»։ Անկողինները հավաքեցին, լվացվեցին ու հագան կոստյումները։ Գնացքը կանգ առավ, և պատուհանից երևաց Սոֆիայի ընդարձակ կայարանը։
Մարտիրոսն ու Տարսայիճը որոշեցին նախաճաշել, երբ հանկարծ երկու մարդու հետ ներս մտավ ուղեկցորդը, թուրքերեն ասաց, որ ուղեկիցներ են, ապա ֆրանսերեն բարի ճանապարհ մաղթեց նորեկներին։
Մեկը ավելի տարիքով էր, մորուքավոր, փողկապի վրա ոսկե քորոց ուներ: Ձեռքներին բնական կաշվից ոչ մեծ ճամպրուկներ էին, թանկարժեք ընկուզենուց պատրաստված ձեռնափայտեր։ Երիտասարդ կապտաչի ձախ ձեռքին ադամանդե ակով մատանի կար։ Չգիտես ինչու, հենց սկզբից նրանք դուր չեկան Տարսայիճին։
Եկվորները գլխարկներն ու ձեռնափայտերը դրեցին կուպեի մի անկյունում ու ֆրանսերեն ինչ-որ բան ասացին։ Մարտիրոսն իսկույն ոտքի թռավ, սեղմեց նրանց ձեռքը և զրույցի բռնվեց։ Ախր, ֆրանսերեն գիտեր...
Գնացքը շարժվեց։ Մարտիրոսն ուղեկիցներին հրավիրեց իրենց հետ նախաճաշ անելու։ Անծանոթները սեղանիկի մոտ տեղ գրավեցին, և ավագը ճամպրուկից կոնյակի մի գեղեցիկ շիշ հանեց, իսկ մյուսը սիգար առաջարկեց։ Մարտիրոսը չէր ծխում, իսկ Տարսայիճը կպցրեց ու սկսեց հազալ։ Ծիծաղեցին։
Տարսայիճը ափսոսում էր, որ ֆրանսերեն չգիտի, այդ երկուսը շատ կասկածելի տիպեր էին։ Ոչ, նրանց տեսքին Տարսայիճը չէր խաբվի...
Մարտիրոսը տարերքի մեջ էր, անընդհատ բլբլացնում էր, մերթընդմերթ ոտքի էր ցատկում, ձեռքերը թափահարում, նորից նստում, զրուցակիցներին բերան բացելու հերթ չէր տալիս։
Ի վերջո, Տարսայիճը չդիմացավ.
-Մարտիրոս, սրանք հայերեն գիտե՞ն։
-Չէ, որտեղի՞ց։ Ֆրանսիացի եղբայրներ են, տուն են գնում։
-Մարտիրոս, զգույշ եղիր, ավելորդ բաներ չխոսես։
Օրն անցավ, վրա հասավ երեկոն։ Գնացքի միալար դղրդոցի տակ Տարսայիճի կոպերն ինքնաբերաբար փակվում էին։ Բայց պետք էր զգոն լինել։
Նա շանթահար եղավ, երբ Մարտիրոսից լսեց «Անգլեթեր» բառը. գիտեր, դա նշանակում էր Անգլիա։ Տարսայիճը նստած տեղն ուղղվեց և ընդհատելով Մարտիրոսի շաղակրատանքը՝ հարցրեց.
-«Անգլիա» բառ ասացի՞ր, ճի՞շտ լսեցի։ Ի՞նչ ես խոսում հետները, չլինի՞ պատմում ես, թե ուր ենք գնում և ինչ գործով։
-Հա, պատմում եմ, ի՞նչ կա որ։ Անհոգ եղիր, լավ մարդիկ են։
-Տնաքանդ, ամբողջ ճանապարհին ես քեզ ի՞նչ էի ասում,- ձայնը բարձրացրեց Տարսայիճը։- Սրանք անծանոթ մարդիկ են, մենք նրանց չենք ճանաչում, բա կարելի՞ է պատահական մարդկանց գործերի մասին պատմել։ Մարտիրոս տղա, ականջիդ օղ արա՝ Եվրոպան լի է գող-ավազակներով...
-Է՜հ,- ձեռքը թափ տվեց Մարտիրոսն ու շարունակեց ֆրանսերեն խոսքուզրույցը։
Չէ՜, այդպես թողնել չէր կարելի, հարկ էր մի բան ձեռնարկել։
Տարսայիճը նորից ընդհատեց Մարտիրոսին.
-Փողերդ որտե՞ղ են։
-Աղա ջան, անհոգ եղիր, ապահով տեղ են, մայրիկը կարել-ամրացրել է անդրավարտիքիս,- ասաց Մարտիրոսը։
Երբ դրսում լրիվ մթնեց, Տարսայիճի կոպերն սկսեցին դավաճանորեն փակվել։ Բայց քնել չէր կարելի, դեռ մի գործ պիտի աներ։ Այդ ֆրանսիացիները շատ կասկածելի էին։
Մարտիրոսին ասաց, թե գնում է զուգարան։ Դուրս եկավ միջանցք և պատեպատ զարնվելով՝ հասավ վագոնի ծայրը։ Մտավ զուգարան ու դուռն ամուր կողպեց։ Տեղավորվեց նստոցին ու երկարաճիտ ձախ կոշիկը հանեց։ Ծոցագրպանից զգուշորեն դուրս բերեց Հովհաննես աղայի տված քսակը, միջից հատ-հատ հանեց զուգարանի թույլ լույսի տակ աղոտ պսպղացող «նապոլեոնները»՝ ճիշտ հիսուն հատ, ու դրեց կոշիկի մեջ։ Ապա ոտքը մտցրեց ու կապիչներն ամուր ձգեց։ Կանգնեց թե չէ՝ ոտքն սկսեց ցավալ։ Ոչինչ, ուրիշ ճար չկար, պետք էր դիմանալ։ Ապահովությունը զոհողություն էր պահանջում։
Տարսայիճի հաշվարկը պարզ էր. Մարտիրոսի բերանբացության պատճառով ֆրանսիացիներն արդեն գիտեին, որ իրենց մոտ փող կա (առանց խոշոր գումարի Անգլիայում ինչպե՞ս էին առևտրային տուն բացելու)։ Այդ իսկ պատճառով նա մտադիր չէր շորերը հանել ու քնել, ամբողջ գիշեր նստած կմնար։ Եթե անգամ չդիմանար ու քներ, ապա ֆրանսիացիները կարող էին ծոցագրպանից ոսկեդրամները գողանալ, բայց կոշիկի միջից՝ ոչ...
Տարսայիճը դուրս եկավ վագոնի նեղլիկ միջանցք։ Ոսկիները ոտքը ցավեցնում էին, և կառավարիչն սկսեց կաղալ։ Ներս մտավ կուպե, նստեց ու վագոնի շորորից և Մարտիրոսի շաղակրատանքից վերջնականապես հոգնած՝ քնեց։
Արթնացավ թեթևակի ցնցումից։ Մարտիրոսն էր։
-Բարի լույս, աղա ջան։ Գնացքն այս կայարանում կես ժամ կանգնելու է, գնանք մաքուր օդ շնչենք ու ֆրանսիացիների հետ սուրճ խմենք։
Տարսայիճը դժվարությամբ կանգնեց, և ձախ ոտքն իսկույն ցավեց։ Ճամպրուկից հանեց սրբիչն ու օճառը և կաղալով դուրս եկավ։ Մարտիրոսն ու օտարերկրացիները զարմացած նայեցին հետևից։
Բուլղարական այդ կայարանում օդը սառն էր։ Նստած քնելու պատճառով Տարսայիճի մարմինը կոտրատվում էր։ Մարտիրոսն ու ֆրանսիացիներն առաջ անցան, իսկ աղան կաղալով հետևեց նրանց։
Կառամատույցում երիտասարդ ֆրանսիացին թևանցուկ արեց Մարտիրոսին և շրջվելով դեպի հետ մնացած Տարսայիճը, հարցրեց.
-Ինչո՞ւ է ձեր բարեկամը կաղում, ի՞նչ է պատահել։
Մարտիրոսը նայեց Տարսայիճին, որն իրոք շատ խղճալի, հիվանդագին տեսք ուներ, մանավանդ՝ անհեթեթ ֆեսով, և ասաց.
-Խնդրում եմ, դուք սուրճ պատվիրեք, ես հիմա կգամ։
Ապա մոտեցավ Տարսայիճին ու մտահոգ հարցրեց.
-Աղա ջան, էդ ի՞նչ է եղել, ոտքդ ցավո՞ւմ է։
Տարսայիճը ծանր շունչ քաշեց, ֆեսն ուղղեց և ասաց.
-Մեղքը քոնն է, Մարտիրոս, մոռացել ես հորդ պատվիրանները և ականջ չես դնում ասածներիս։ Էդ ֆրանսիացիները շատ կասկածելի մարդիկ են, մի խաբվիր դրանց տեսքին, քաղցր-մեղցր խոսքերին, քաղաքավարի շարժուձևին, ես էդպիսիներին լավ եմ ճանաչում, եվրոպացի խարդախները հենց էդպիսի տեսք ունեն։
Ապա փսփսաց Մարտիրոսի ականջին.
-Հայրդ ինձ 50 «նապոլեոն» է տվել, պահել եմ կոշիկիս մեջ։
Մարտիրոսը փռթկացրեց, բայց զսպեց իրեն։ Նստեցին սեղանիկի շուրջ, սկսեցին սուրճ խմել, և Մարտիրոսն իրեն հատուկ բարեհոգությամբ ֆրանսիացիներին անմիջապես պատմեց իր խնամատարի կաղալու պատճառի մասին։ Եղբայրները նայեցին միմյանց ու հազիվ նկատելի քմծիծաղ տվեցին։
...Գնացքը սուրում էր Եվրոպայի խորք։ Այդ գիշեր ևս Տարսայիճը նստած քնեց։ Հաջորդ առավոտյան հասան Բելգրադ։
Այստեղից ուղեկիցների ճանապարհները բաժանվում էին։ Երբ կայարանում միմյանց հրաժեշտ էին տալիս, ֆրանսիացիներից ավագը սեղմեց Մարտիրոսի ձեռքը և ասաց.
-Մեզ համար շատ հաճելի էր ձեզ հետ ճամփորդել։ Դուք ազնիվ երիտասարդ եք, և կանխագուշակում եմ, որ փայլուն ապագա կունենաք։ Ինչ վերաբերում է մեզ, ապա պիտի խոստովանեմ՝ մենք մեր մասին գրեթե ոչինչ չպատմեցինք, քանզի եղբորս հետ որոշել էինք գաղտնաբար ճամփորդել։ Բայց ձեզ կասեմ, որովհետև դուք սրտաբաց ու շիտակ մարդ եք։ Մենք Ֆրանսիայի թագավոր Լուի Ֆիլիպ I-ի որդիներն ենք։ Ես Լուի Շառլն եմ՝ Լուի Օռլեանցին, իսկ եղբայրս Ֆրանսուան է։ Մեր հայրը մահամերձ է, և շտապում ենք հասնել Վերսալ։ Այնպես որ, մենք գողեր և ավազակներ չենք, ինչպես կարծում է ձեր խնամատարը...
Մինչ շվարած Մարտիրոսը կանգնել ու չգիտեր ինչպես արձագանքի, եղբայրները մարդկանց ամբոխի մեջ անհետացան։
...Կուպեում Տարսայիճը կոշիկը հանեց, ոսկիները մեկիկ-մեկիկ հաշվեց, դրեց ծոցագրպանը և հայտարարեց, որ ֆեսը կփոխի լայնեզր գլխարկով։ Հնչեց Մարտիրոսի զրնգուն ծիծաղը։
…Մարտիրոս Թոքատյանը հաստատվեց Մանչեստրում, հիմնեց առևտրային տուն, տարիներ շարունակ մանուֆակտուրա առաքեց Կ. Պոլիս և դարձավ ոչ միայն անգլահայ համայնքի կազմավորողներից, այլև ամենապարկեշտ ու սիրված անձնավորություններից մեկը։ Նա այն 30 հայ վաճառականներից էր, որոնց տրամադրած գումարներով Մանչեստրի Ափփեր Բրուք փողոցում 1870 թ. կառուցվեց Սբ. Երրորդություն հայոց եկեղեցին։

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ