ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Գումարում-հանում

Գումարում-հանում
02.02.2016 | 00:46

Ճիշտ է, աշնանը դեռ շատ կա, այնուհանդերձ, գարնան շեմին էլ կարելի է ներքաղաքական «գլխաքանակ» հաշվել:
Այսպես, ԵԽԽՎ նստաշրջանը եզրափակեց իշխանական սահմանադրական փոփոխությունների «ասքը», որքան էլ առաջին հայացքից թվա, թե այս խնդիրները միմյանց հետ կապ չունեն բնավ: Բանն այն է, սակայն, որ «կոնկուրենտ ֆիրման» աչքը ջուր դառած սպասում էր, Ամանորի շեմին էլ «2rd.am»-ում գրում-ջնջում, թե ի՜նչ հաղթողական է եղել իրենց երկրորդ նախագահը, ի՜նչ ավետումներ ու պայծառացումներ է ունեցել անցած ողջ ժամանակահատվածներում, ու ո՜նց են կետ առ կետ «իրականացվել» այդ ավետումները, որոնք էլ, ի վերջո, Սահմանադրության նկատմամբ ժողովրդական հուժկու ըմբոստացման ալիք պիտի բարձրացնեին։ Դրան էլ պետք է հաջորդեր իշխանությունների արտքաղաքական-ԵԽԽՎ-ական ֆիասկոն, ինչն ազատ կարձակեր Ալիևի ձեռքերը, և հայաստանյան իշխանությունները կկանգնեին ամենալուրջ խնդրի առաջ արդեն ղարաբաղյան «գետնին» վրա` խորհրդարանական հանրապետություն ձևավորելու շեմին, ընտրությունների նախապատրաստական-«ճակատագրական» այս փուլում:
Սա «կոնկուրենտին» հնարավորություն էր տալու եթե ոչ զարկ տալու օրորոցում այդպես էլ չծնված Վարդան Օսկանյանի «հրաշամանուկին»` կուսակցությանը, ապա գոնե Արա Աբրահամյանի կուսակցական դեմարշին` լուսանցքում հայտնված բոլոր կարգի սատելիտ-ուժերի օժանդակությամբ, այդ դեմարշն ավարտել խորհրդարանում, որպես մեծամասնություն: Մնացածն արդեն տեխնիկայի հարց էր. հետ «պտտել» Սահմանադրությունը` նույն այդ խորհրդարանում, երկիրը կրկին դարձնել նախագահական, 98-ի հեղաշրջման հանգույն ասպարեզ իջեցնել Քոչարյանին:
Ավա՜ղ: Ընդ որում, բանն այն չէ, որ «կոնկուրենտ ֆիրմայում» չեն կարողանում և կարծես չեն էլ կարողացել հաշվել մինչև մեկը: Մի պահ դադարը ձգենք, և մենք ևս «մարգարեանանք», շատ լավ հասկանալով, որ արժանանալու ենք ոմանց «ինկվիզիցիային», սակայն Պլատոնը, մեր ընկերը լինելով հանդերձ, ճշմարտությունից բարձր չէ, ուստի ստացվում է, որ.
ա) Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ նրան խանգարել, աթոռը երերացրել են բոլորը, բացի Սերժ Սարգսյանից, և Քոչարյանն իր պաշտոնավարման-կայացման ողջ ընթացքում իր կողքին ունեցել է Սերժ Սարգսյանի նման «հաշվող»:
բ) Իսկ այսօր ահա բոլորը երերացնում են Սերժ Սարգսյանի աթոռը, իսկ առաջամարտիկների մեջ է, հասկացաք` ով: Եվ Սերժ Սարգսյանը միայնակ հաշվո՜ւմ է ու հաշվո՜ւմ, այն էլ՝ մարտի 1-ի դեպքերից հետո, որի «հաշիվ-ֆակտուրայի» տակից, ըստ «կունկուրենտների» հաշվարկի, որևէ մեկը, անգամ Սերժ Սարգսյանը, դուրս գալ չէր կարող: Սա՝ ի միջի այլոց:
Իսկ եթե փորձենք խոսել քաղաքագիտական լեզվով, ապա պետք է արձանագրել, որ արտքաղաքական իրողություններն ու քամիները ևս փչում են Հայաստանի և Սերժ Սարգսյանի ուղղությամբ: Նույն ԵԽԽՎ հակահայկական ձեռնարկներից ավելի կարևորի` ՈՒոլթերի զեկույցի մերժումը, վերջին շրջանում նկատվող Արևմուտք-Ռուսաստան որոշակի-պրագմատիկ կոնսենսուսի արձագանքներից մեկն էր. գումարած Լավրովի բարձրաձայնումն առ այն, որ «չկա Լավրովի ծրագիր` Ղարաբաղի հարցում», ասել է թե` իսկապես լրջագույն կոնսենսուս (գոնե այս պահին) կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև Ղարաբաղի, այն է՝ Հայաստանի հարցում:
Քի՞չ է: Ամենևին, գումարած ԵԱՏՄ-ում Տիգրան Սարգսյանի վարչապետացում, գումարած ներքաղաքական դաշտի կոալիցիոն գործընթաց, գումարած Նորք-Մարաշի ահաբեկիչների ազատում, ինչն էլ իր հերթին նշանակում է` վտանգների չեզոքացում, գումարած` ԵՄ-ի հարևանության բանակցությունների ընթացք, գումարած Իրանի հետ նոր դաշտի կառուցում և այդպես շարունա՜կ` «գումարած»:
Մնում է, որ այս «գումարումներից» իշխանությունները հավասարում ստանան ոչ միայն իրենց, այլև առաջին հերթին երկրի ու ժողովրդի համար:
Ընդամենը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ