Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վերագտնենք կորսված կղզին մեր Սևանի

Վերագտնենք կորսված կղզին մեր Սևանի
02.02.2016 | 11:26

Մեր ժողովրդին բախտ է վիճակվել հազարամյակներով ապրելու մեզ կյանք պարգևող քաղցրահամ (խմելու) ջրի` մեր տարածաշրջանի միակ հսկայական շտեմարան հանդիսացող Սևանա լճի հարևանությամբ, որը նախկինում, ջրի հայելու իր անհամեմատելի բարձր մակարդակի (մոտ 15 մետր) շնորհիվ (չհաշված վերջին 80 տարիները) կարողացել է դարեր շարունակ գոյատևել, նպաստելով և ապահովելով բավականին հավասարակշռված, գրեթե անփոփոխ, կայուն և առանց ցնցումների էկոհամակարգ, իր կենսաբանական լիարժեք և նորմալ վիճակով: Մինչև 1950-ականների սկիզբը լիճն իր գրկում ուներ գեղատեսիլ, հրապուրիչ և չքնաղ մի կղզի, որի` ցամաքին բավականին մոտ գտնվելու հանգամանքն էլ ավելի էր ընդգծում լճի անգերազանցելի գեղեցկությունը, հմայքն ու առեղծվածային լինելը:
Նախկինում կղզու և ցամաքի միջև ընկած հսկայական ջրային տարածքն ապահովել է այդ հատվածում ջրի բնականոն, մշտական, երկկողմանի տեղաշարժը, որը լճի մակարդակի իջեցումից հետո իսպառ դադարեց` կապված թերակղզու անցանկալի «հայտնությամբ», որն իր հետ բերեց այդ տարածքի (ներառյալ կղզու) էկոհամակարգի մեծ խաթարման:
Այսօր, թերևս, միայն տարեցները, որոնց բախտ է վիճակվել (այդ թվում` ինձ) ժամանակին այցելելու կղզի, կարող են իրապես գնահատել, թե ինչպիսի հիասքանչ և անաղարտ, իսկական երկրային դրախտ ենք կորցրել, «ժառանգելով» ներկայիս անբարեկարգ և անշուք թերակղզին, որն օլիգարխ-իշխանավորների կողմից վերածվել է «էլիտար» շինարարական հրապարակի, սեփական բիզնես միջավայրի, տարբեր առևտրի կենտրոնների և այլնի:
Սևանա լճի ջրերի դարավոր պաշարներն օգտագործելու «վեհ» գաղափարն իրագործելու նպատակով, ի բարօրություն մեր երկրի տնտեսության զարգացման, 1937-ից սկսած և, հատկապես 1949-ից մինչև 1965-ը, առավել սաստկացան առանց այն էլ մեծ ծավալներով ջրի անհաշվենկատ, անխնա, թերևս ոչ այնքան նպատակային բացթողումները լճից (16 տարում` մոտ 18 մլրդ խմ ջուր կամ 14 մետր ջրի մակարդակ), ինչն ուղղակիորեն մեծ հանցագործություն էր մեր ժողովրդի հանդեպ: Գոնե այսօր պետք է մխիթարվենք, որ խորհրդային իշխանությունները, մեր մտավորականների ընդվզումների արդյունքում, ստիպված եղան հրաժարվել մինչև վերջ իրականացնելուց իրենց «հանճարեղ» գաղափարը` Սևանա լճի մակարդակն իջեցնել ամբողջ 50 մետրով, ինչի պատճառով մոտ 6 անգամ կրճատվելու էր նրա հայելու մակերեսը: Դա, անկասկած, կբերեր Սևանա լճի անվերականգնելի և վերջնական կորստի:
Բարեբախտաբար, 2002-ից սկսած մինչ օրս Սևանա լճի ավազանում տեղի ունեցող շատ բարենպաստ բնակլիմայական պայմանների` անհամեմատ ավելի առատ մթնոլորտային տեղումների շնորհիվ լճի մակարդակը բարձրացավ մոտ 3,5 մետրով: Ցանկության դեպքում, իհարկե, իշխանություններն այդ նույն ժամանակահատվածում կարող էին լճի մակարդակը բարձրացնել առնվազն 5 մետրով, եթե ոչ ավելի: Ընդհակառակը, նրանք ավելի շատ հակված են ամեն կերպ խոչընդոտելու լճի մակարդակի բնականոն բարձրացմանը և ոչ մի հնարավոր պատրվակ ու առիթ բաց չեն թողնում կասեցնելու այն, հատկապես վերջին տարիներին:
Այսպես, եթե սկսած 2002-ից, առաջին 4 տարում (2002-2005 թթ.) լճի մակարդակը բարձրացել է 1,74 մետրով, ապա վերջին 4 տարում (2012-2015 թթ.) այն բարձրացել է ընդամենը 8 սմ-ով: Այդ ակնառու փաստը հաստատում է, որ մեր իշխանությունները վերջին 4 տարիներին շարունակ, ակնհայտորեն կասեցրել են լճի մակարդակի բնականոն բարձրացումը: Ընդ որում, այդ երկու ժամանակահատվածում լճի ավազանում գրանցված մթնոլորտային տեղումների ծավալների տարբերությունը միմյանցից առանձնապես շատ մեծ չի եղել:
Շատ հետաքրքիր է, թե մեր օլիգարխ-իշխանավորները պետական ո՞ր «գերակա» շահից ելնելով են «զրկում» էկոլոգիապես ծանր հիվանդ Սևանա լիճը ապաքինման միակ բուժիչ «դեղորայքից»` բնության պարգևած ջրից: Եթե այս պերմանենտ կասեցումներին ավելացնենք նաև, որ 26.04.2004-ին, պաշտոնապես շահագործման հանձնված «Որոտան-Արփա» ջրատար թունելով Սպանդարյանի ջրամբարից տարեկան մոտ 100 մլն խմ լրացուցիչ ծավալի ջուր պետք է տեղափոխվեր Սևանա լիճ (որն, այդպես էլ չիրագործվեց մինչ օրս, տես «Այդպես էլ ի չիք դարձավ…», www.armecofront.net, 05.03.2015 թ.), ապա կարող ենք պնդել, որ լճի մակարդակն այսօր առնվազն 2-2,5 մետրով բարձր կլիներ ներկայիս մակարդակից:
Անկասկած, խորհրդային տարիներին Սևանի մակարդակի այդ աստիճանի անխնա, բարբարոսական (գուցե և նպատակադրված) իջեցումն աներևակայելի մեծ կործանարար ազդեցություն ունեցավ ոչ միայն լճի, այլև նրան հարող ափամերձ տարածքների, այդ թվում` Սևանա կղզու էկոհամակարգի վրա, հասցնելով նրան լրջագույն աղետալի վիճակի: Անվերադարձ կրճատվեցին կղզին շրջապատող, դարերով գոյատևած հսկայական ծավալով ջրի պաշարները, ինչի «արդյունքում» այդ հմայիչ կղզին վերածվեց մի անբարետես թերակղզու: Իր անցանկալի «ծննդով» ստեղծած «անջրպետ-պատնեշով» նա կղզու և ցամաքի միջև ընկած ջրավազանը բաժանեց երկու մասի` իրենց գուցե և տարբեր կենսաբազմազանությամբ, ջրի ջերմաստիճաններով, ինչու չէ, նաև միկրոմակարդակներով և էլի շատ այլ հատկանիշներով հանդերձ: Բնականաբար, այդ բաժանումը բերելու էր թերակղզու երկու հարակից ջրավազանների` հաճախակի փոփոխվող միկրոկլիմաների տարբերությանը: Երևույթ, որն այսօր չունենալով որևէ էական նշանակություն, այդուհանդերձ, իրականում հանդիսանում է կշռելի երաշխիք` իմաստավորելու կղզու վերականգնման անհրաժեշտությունը:
Այսօրվա դրությամբ Սևանա լիճը կորցրել է իր ջրի նախկին` 58,6 մլրդ խմ ծավալի 21,7 մլրդ խմ-ը (մոտ 37%-ը), որի (այդ թվում` կղզու) հետագայում հնարավոր վերականգնման համար կպահանջվի առնվազն 40-50` մթնոլորտային տեղումներով հարուստ տարի: Հետևապես, եթե լճի նախկին ծավալի վերականգնման համար լավագույն դեպքում պետք է սպասել առնվազն կես դար, ապա ի՞նչն է խանգարում, որ այսօր կամ մոտ ապագայում փորձենք ինչ-որ ձևով, թեկուզ մասնակիորեն, վերականգնել Սևանա կղզին, դրանով իսկ որոշ չափով փոխհատուցել ժամանակին նրան և նրա էկոհամակարգին հասցրած մեծ և աղետալի վնասը:
Սևանա կղզին «վերականգնելու» (թերակղզին ջրանցքով ցամաքից անջատելու) գաղափարը, որը հիմնականում միտված է եղել թերակղզու և նրան հարող ջրավազանների խաթարված էկոհամակարգի որոշակի ապաքինմանը, ժամանակին ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում առաջարկել է այդ նույն հանձնաժողովի անդամ, ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի գիտական խորհրդատու, կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ, երջանկահիշատակ Ռաֆայել Հովհաննիսյանը, ինչն այդպես էլ արձագանք չգտավ:
Անկասկած, այդ ջրանցքի կառուցումով` թերակղզու հարակից կողմերում «մեկուսացված» ջրավազանները միմյանց հետ միացնելով, իրոք զգալիորեն կապաքինվի լճի այդ հատվածի էկոհամակարգը: Միայն թե ջրանցքը պետք է լինի բավականին լայն (իմ կարծիքով` մոտ 80-100 մետր), ինչն անհրաժեշտ է ընդլայնված «ճակատով», մեծ ծավալի ջրի անարգել, երկկողմ տեղաշարժի համար, հաշվի առնելով լճի ալեկոծման ծավալը, ալիքի մեծությունն ու հզորությունը, որոնք միաժամանակ և համահունչ աճելու են` լճի մակարդակի հետագա բարձրացմանը զուգահեռ: Իսկ վերը նշված` կղզու երկու հարակից ջրավազանի միկրոկլիմաների և միկրոմակարդակների տարբերության երևույթը, ինքնըստինքյան, ամեն ինչից զատ, մշտապես կապահովի ջրի բնականոն, երկկողմանի (երբեմն աչքին աննկատ) հոսք ջրանցքում:
Կարծում եմ նաև, որ ջրանցքը պետք է անցնի թերակղզի մտնող ճանապարհի անմիջապես սկզբնական հատվածում կառուցված կամրջի տակով, որով առավել բացահայտ և ակնհայտորեն կընդգծվի նախկինում եղած կղզու և ցամաքի արհեստական կապը: Եվ, իհարկե, էլ ավելի շատ կընդգծվի, եթե այն իրագործվի ժամանակի ոգով և ոճով` մեկ թռիչքով կախովի կառույցով: Եվս մեկ առավելություն: Լիճը կստանա մերձափնյա լայն ճակատով ձկան շարժ` կամրջի վրայից դիտարկման արժանի:
Իհարկե, նման ջրանցքի առկայության դեպքում լրիվ կփոխվեն կղզու «դեմքը», դերն ու նշանակությունը, հատկապես, երբ կարգի բերվեն լողափերն ու լրիվ անուշադրության և ամենաթողության մատնված ափամերձ շրջակայքը: Միայն այս դեպքում «վերածնված» Սևանա կղզին իր հմայքով, գեղատեսիլ և ինքնատիպ տեսարաններով կարժանանա զբոսաշրջիկների ավելի հոծ զանգվածների ուշադրությանը, ովքեր, անշուշտ կըմբոշխնեն և կզմայլվեն նրա էկզոտիկ բնությամբ և նույնքան էլ էկզոտիկ ջրանցքով նավարկելու բերկրանքով: Հնարավոր կլինի նավարկել բոլոր տեսակի և չափի ջրային միջոցներով, անգամ զբոսանավով, եթե նրա բարձրությունը ջրի մակերեսից չանցնի 8-10 մետրը: Ջրանցքում, ինչպես նաև կղզու շրջակայքում, կարելի կլինի կազմակերպել ջրասպորտի տարբեր ձևերի մրցումներ և շքերթներ, սիրողական ձկնորսության մրցումներ:
Կարծում եմ նաև, որ անպայման պետք է ունենանք և առանձնահատուկ ու մեծ շուքով նշենք Սևանա լճի մեծարման օրը, իրականացնելով այդ օրվան նվիրված ամենամյա տոնակատարություններ: Նման միջոցառումների շնորհիվ և օգնությամբ Սևանա լիճը, ի դեմս մեր ակտիվ համաքաղաքացիների, ձեռք կբերի իր իսկական տիրոջն ու բարեկամին, հուսալի ու անշահախնդիր պաշտպանին։


Սերգեյ ՀԱՋԻՆՅԱՆ

Հ.Գ.- Առաջարկը կյանքի կոչելուց հետո վերջապես կազատվենք «թերակղզի» բառից, իր «թերի» բնութագրով, և այն նորից կհնչի դարերով մեզ շատ հարազատ, գեղեցիկ հնչողությամբ մի պարզ բառով` ԿՂԶԻ:

Դիտվել է՝ 4952

Մեկնաբանություններ