Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Գերտերությունները չեն ստիպում մեր պաշտոնյաներին բյուջեն թալանել. սա ներքին խնդիր է»

«Գերտերությունները չեն ստիպում մեր պաշտոնյաներին բյուջեն թալանել. սա ներքին խնդիր է»
02.02.2016 | 11:50

Երևանը 2015-ին հանրահավաքների ու քաղաքացիական ակցիաների պակաս չունեցավ: Սկիզբ դրվեց նաև նախադեպը չունեցող կենդանի պատին, ինչի միջոցով իրենց դիրքորոշումն արտահայտեցին ու ակտիվիստներին յուրովի աջակցեցին մտավորականները, հայտնի անձինք: «Էլեկտրիկ Երևանի» լուսանկարը հայտնվեց Ռոյթերզ գործակալությանը ներկայացված տարվա լավագույն լուսանկարների շարքում: Քաղաքացիական անհնազանդության ծանոթ պատկերների հանդիպեցինք «Վարդապետի լռությունը» ֆիլմում: Քաղաքացիական պայքարը, մերօրյա իրականությունը այս կամ այն կերպ իրենց արտացոլումն են գտնում նաև գրականության մեջ: Զրուցակիցս արձակագիր, սցենարիստ ՍԱՐԳԻՍ ՀՈՎՍԵՓՅԱՆՆ է, ում գործերում կարելի է տեսնել մեզ ծանոթ իրականությունը, հետանկախության շրջանի տագնապները, վայրիվերումները: Նրա «Դոմինո» պատմվածքների ժողովածուի և «Համբարձման գիշեր» պիեսի հենքը քննադատական վերաբերմունքն է հասարակական անառողջ երևույթներին և սերն ու կարեկցանքը հայրենիքի ու մարդու հանդեպ:

-2016-ը մեկնարկեց ոստիկանություն-քաղաքացիական ակտիվիստներ բախմամբ: Բախումը Ազատության հրապարակում էր, պատճառն էլ տոնածառն էր, ինչը տեղադրելու թույլտվություն չունեին Ամանորը Ազատության հրապարակում նշելու պատրաստվող նորհայաստանցիները: Քաղաքը, իհարկե, գրեթե չնկատեց «տոնական» եռուզեռը: Հասկանալի պատճառներով: Ինչպե՞ս եք վերաբերվում, այսպես կոչված, քաղաքացիական անհնազանդությանը:
-Քաղաքացիական անհնազանդությունը դարձել է անհրաժեշտություն, երբ օրինականության ու արդար կառավարման համար պատասխանատու պետական ինստիտուտները բոլորովին չեն բավարարում հասարակության հիմնավոր ակնկալիքները, երբ դրական փոփոխության որևէ հնարավորություն չի մնացել, քաղաքացին ի՞նչ պետք է անի: Իմ դիրքորոշումը միանշանակ է, գուցե որոշ կոնկրետ արարքներ անընդունելի լինեն, բայց, ընդհանուր առմամբ, քաղաքացիների ակտիվությունը ողջունելի է:
-Ձեր «Ես ու իմ ընկեր Շուռը» պատմվածքում ընկերները, թվում է, նույն դեպքերի մասին են խոսում, իրականում մեկը նկատի ունի 2008-ը, մյուսը` 1996-ը: Այսինքն, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել: Ի՞նչ է փոխվել «Էլեկտրիկ Երևանում»:
-Հետանկախության 25 տարիները ցույց են տալիս, որ մենք մտել ենք ինչ-որ անվերջանալի շրջապտույտի մեջ, որի վերջը չի երևում: Փոփոխությունները թե՛ մեր խնդիրների, թե՛ մեր սպասելիքների համեմատ չափազանց համեստ են: Մարդիկ անընդհատ լքում են երկիրը, և իմ կարծիքով, հիմնականում այն մարդիկ, որ ավելի ակտիվ են, չհարմարվող, չեն հանդուրժում անարդարությունը: Մյուս կողմից` միշտ կան նոր, թարմ դեմքեր քաղաքացիական պայքարում: Սա ոգևորում է ինձ, հուսադրում, որ լճացում չի լինի: Որովհետև, երբ արդեն չարձագանքեն մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, անցանկալի երևույթներին, դա կլինի վերջը:
-«Այո»-ի և «Ոչ»-ի պայքարի ժամանակ Դուք գրառում էիք արել՝ կեղծիքներ իրականացնող ուսուցիչներին ուղղված: Հետաքրքիր է խնդրի մասին Ձեր ընդհանրական կարծիքը:
-Ընտրատեղամասերը հիմնականում գտնվում են դպրոցներում` տեխնիկական պատճառով, քանի որ դժվար է համապատասխան տարածքներ գտնել: Ավանդույթ է դարձել ուսուցիչներին ներքաշելը ընտրությունների կազմակերպչական աշխատանքների մեջ: Իսկ ընտրությունների ժամանակ մենք ականատես ենք լինում անհավանական խախտումների: Ինձ զայրացնում է, որ այդ ամենի մեջ ներգրավված են այն մարդիկ, ովքեր պետք է սերունդ կրթեն: Ի՞նչ պիտի նրանք սովորեցնեն իմ երեխային, եթե համապետական մակարդակի կեղծիք կատարողներ են: Մանավանդ ուսուցիչները, ովքեր համարվում են գրագետ հատվածը մեր հասարակության, ենթադրվում է, որ մի քիչ ավելի անկախ պետք է լինեին, բայց տեսնում ենք, որ այդպես չէ, հասարակ գյուղացին, ով իրեն չի երևակայում, առանձնահատուկ վերաբերմունք չի ակնկալում, շատ ավելի ազատ է արտահայտում իր բողոքը, պայքարում իր իրավունքների համար: Ինչ վերաբերում է բուն սահմանադրության փոփոխությանը, եթե մեր ժողովրդի համար ամենաէական փաստաթղթի փոփոխության արդյունքում հետընթաց է գրանցվում, ոչ առաջընթաց անհատի, քաղաքացու, երկրի համար, արդեն իսկ աբսուրդ է: Ինձ համար անընդունելի է, որ իշխանությունը պիտի ձևավորվի ոչ թե ուղղակի ընտրությամբ, այլ առավել միջնորդավորված: Սա կարծես ժողովրդի և իշխանության միջև ևս մեկ ֆիլտր տեղադրելու փորձ էր, ցավոք՝ հաջողված:
-Հայաստանում 900 հազար մարդ աղքատ է, 70 հազարը` քաղցած: Ձեր իսկ դիտարկմամբ` ռուս-թուրքական հակամարտությունում որևէ մեկի կողմն անցնելուց առաջ նախ այս վիճակագրության մասին պիտի մտածենք:
-Ներքին շատ խնդիրներ չլուծելու համար պարզունակ մանիպուլյացիա են անում` մեղքը բարդելով արտաքին թշնամու վրա: Իհարկե, մեզ բոլորից շատ անհանգստացնում է տարածաշրջանում գերտերությունների քաղաքականությունը, որոնց շահերի բախումը մեր ճակատագրի վրա կարող է մեծ ազդեցություն ունենալ: Բայց պետք չէ աչքաթող անել առօրյա խնդիրները: Դրանք աչքաթող անելու պատճառով է 900 հազար մարդ աղքատ: Գերտերությունները չեն ստիպում մեր պաշտոնյաներին բյուջեն թալանել. սա ներքին խնդիր է:
-Ձեր «Վազիր, Բիբի…» պատմվածքը ավելի հոգեբանական ու ընդհանրական խնդիր է վեր հանում: Հոր և դեռ չծնված երեխայի սիրո յուրօրինակ դրսևորում է և անհանգստություն. «Ոչինչ հավերժ չէ… Երբ ամեն պահի կարող է տիեզերքի խորքերից մի հսկայական երկնաքար գրկախառնվել մեր այս խախուտ մոլորակին ու վայրկյանների ընթացքում ամեն ինչ ուղարկել գրողի ծոցը, եթե միայն մինչ այդ մարդիկ իրենք իրենց գլուխը կերած չլինեն»: Ի՞նչ է պետք վստահ ապրելու համար: Տագնապներն ինչի՞ց են ծնվում:
-Ծնող դառնալու բերկրանքն ու պատասխանատվությունը զգալու արդյունքում են ծնվում տագնապները: Իհարկե, մարդկությունը, իր անհասկանալի հակումներով, անընդհատ պատերազմելու է, ինչն անհանգստություն է պատճառում յուրաքանչյուր ծնողի: Բայց «Վազիր, Բիբի…»-ն իմ ամենալավատեսական գործն է, ես հավատում եմ, որ ամեն նոր սերունդ ավելի խելացի է լինելու, ավելի ուժեղ և կարող է ոչ թե գոյատևել, այլ ավելի լավ ապրել, քան նախորդները:
-«Քաղաքը ուզում է, որ ես ու ինքը գրախանութ ունենանք»։ Ձեր այս գրառումը «Մետրո» գրախանութի մասին է, որ բացել եք «Բարեկամություն» մետրոյի կայարանի տարածքում: Անցորդներին գրավո՞ւմ է գրախանութը, արդեն հասցրե՞լ եք նկատել, թե որ գրքերն են պահանջված:
-Շրջապատում ամեն մեկն ուզում էր օգնել, անընդհատ զգացել եմ այդ դրական էներգիան իմ նախաձեռնության նկատմամբ: Ինչ վերաբերում է պահանջարկին, ասեմ, որ ամենից շատ վաճառվում է մանկական գրականությունը: Առհասարակ, ընթերցողին ավելի շատ հետաքրքրում է այն գրականությունը, որ ժամանց է ապահովում լավ իմաստով` ինտելեկտուալ ժամանց:
-Նախապատվությունը, իհարկե, տրվում է արտասահմանյան գրականությանը:
-Այո, հատկապես վերջին թարգմանություններին:
-Հայ ժամանակակիցներից կա՞ն անուններ, որ հետաքրքրում են ընթերցողին:
-Այո, Արամ Պաչյան, Հովհաննես Թեքգյոզյան, Գուրգեն Խանջյան, Մարինե Պետրոսյան, Հովհաննես Գրիգորյան, ով, ցավոք, մեզ հետ չէ:
-Ինքներդ նոր գրքով ներկայանալու նպատակ ունե՞ք:
-Վեպի մտահղացում կա, վաղուց սկսել եմ, բայց ժամանակ է պետք ավարտելու համար: Գրականության համար ժամանակ եմ ուզում:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ