USD481.93
EUR569.16
RUB8.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Բիլալը

Բիլալը
05.02.2016 | 00:11

Արաբ տղա էր՝ 18 տարեկան: Իրաքից էին փախել մեծ եղբոր ու ծանոթներից մեկի հետ: Մեծ դժվարությունների ու փորձությունների միջով անցնելով, եկել հասել էին Բելգիա ու հանգրվանել հյուսիսային Տոնգերլո փոքրիկ գյուղաքաղաքում: Պատմել էին իշխանություններին իրենց դառը կյանքի պատմությունը, փախստականի կարգավիճակ ստացել:
Բիլալ էր անունը: Գեղեցկադեմ տղա էր, ուրախ ու ժպտուն դեմքով, զեյթունի պես սև ու խոշոր աչքերով, հայի աչքերի թախիծն էլ, կարծես, հայացքում ամբարած: Ծանոթացել էինք նիդերլանդերենի ուսուցման դպրոցում` 2012-ի սեպտեմբերի 1-ին: Կողք կողքի էինք նստում:
Հորը չէր հիշում, վաղ էր կորցրել: Սադամ Հուսեյնի հավատարիմ զինակիցներից էր հայրը, այդ պատճառով էլ մշտապես հալածանքի էին ենթարկվել ու եղբոր հետ ստիպված ճողոպրել երկրից, քանի որ մահվան ռեալ սպառնալիքն անընդհատ ճոճվել էր նրանց գլխավերևում: Միակ տղամարդն էի, ում հարգելով ու վստահելով ցույց էր տվել հանգուցյալ գեղեցկուհի մոր լուսանկարը (մահմեդական օրենքները դա խստիվ արգելում են): Հիշում եմ, թե ինչ ակնհայտ հուզմունքով էր հանում նկարը գրպանի խունացած կաշվե դրամապանակից, սրբապատկերին դիպչելու նո՜ւյն-նույն զգուշավորությամբ: Թաղամասը, որտեղ ապրել էին, ավերիչ ռմբակոծության էր ենթարկվել, հիմնովին ավերվել էր նաև հայրական տունը: Հարևանները փլատակների տակից հանել էին մոր անշնչացած դին, մանկահասակ տղաները, որ փողոցում խաղալիս էին եղել, հրաշքով էին կենդանի մնացել:
Մեր ծանոթությունը վերածվել էր բարեկամության, ավելին, հարազատության: Օջախի ջերմության ու ծնողական գուրգուրանքի կարոտ կար նրանց դեռևս մանուկ հոգիներում: Առանց տղաների հացի չէինք նստում: Առավել կապված էի փոքրի՝ Բիլալի հետ: Արցունքի պես ջինջ էր Բիլալի հոգին, զուլալ: Մի աշխարհ արժեր Բիլալի հումորը: Երեկոյան սկսվում էին իմ ու Բիլալի սրամտությունները, պատմություններն ու օյինբազությունները: Մեր սովորած նիդերլանդերենի սահմաններում պատմում էինք անվերջ: Պատմում էի իմ կյանքից, մեր իրականությունից: Հազիվ էր ուշքի գալիս, այնպես էր քրքջում ձայնը գլուխը գցած, որ մեր բելգիացի հարևանները ստիպված եղան մի քանի անգամ զգուշացնել:
Տաքարյուն էր, կռվազան, բայց ոչ անտեղի, միայն առիթի դեպքում: Երբեք նախահարձակ չէր լինի, բայց գիտեր հրաշալի պաշտպանվել: Մի խոսքով, իսկական տղամարդ էր մեծանում:
Այդ օրը, եթե ընդմիջմանը դուրս եկած չլինեի ծխելու, երևի կսպաներ այն երկու աֆղաններին, որ կոպտորեն ու անհարկի վիրավորել էին զուգահեռ խմբում սովորող մի աղջկա: Մի կերպ կարողացա կապերը ձգել այդ կատաղած ցլիկի, որ արաբերենով շարունակում էր հայհոյանքների տարափն ու անընդհատ կրկնում. «Լսեք, նա մեր ավագ ընկերոջ` Յոհանեսի (այդպես էին ինձ անվանում) համերկրացին է` Ռոմանիայից...»: Տունդարձի ճանապարհին արդեն անցորդները տարակուսած, ուսերը թոթվելով ու ժպտալով պիտի անցնեին մեր կողքով, քանի որ նրա զրնգուն ծիծաղն աշխարհ էր բռնել, երբ որերորդ անգամ այդ հիմարիկին փորձում էի անօգուտ բացատրել, որ Արմենիան շատ հեռու է Ռումինիայից, քեզ մի կոտորիր (թեկուզ դա հատուկ է նաև շատ ու շատ օտարերկրացիների, որոնք, նմանեցնելով այդ երկու անվանումները, հաճախ են շփոթում իրար հետ): Խելացի էր, ուշիմ, արագ յուրացնում էր լեզուն, երազում էր օդաչու դառնալ, ճախրել, սուրալ երկնքում: Շատ էր սիրում հայերին, հիանում մեր աղջիկների անզուգական գեղեցկությամբ: Պատահմամբ ազգականիս աղջկա նկարն էր տեսել ու ցնորվել: Ես ու կինս արդեն հոգնել էինք շարունակ լսելուց, որ քիչ էլ մեծանա, տղամարդ դառնա, կաշխատի, կկայանա, ու խնդրում էր, որ խոստանանք ամուսնացնել իրեն գեղեցկուհի Անիի հետ: «Միայն կրոնափոխ լինելու դեպքում»,- կատակում էի ես: «Ամեն ինչ կանեմ»,- լրջորեն ասում էր նա: Տարբեր զարդեր էր գնում, մեկ առ մեկ ցույց տալիս կնոջս ու սրբորեն պահում դրանք: Անիի համար էր:
Մի օր էլ շատ անհանգիստ տեսա Բիլալին, կարծես տեղը չէր գտնում, ինչն աչքիցս չվրիպեց: Մի կերպ կարողացա խոսեցնել ու հասկացա, որ փողի կարիք ունի, բայց չգիտի ինչպես ձևակերպել խնդրանքը: ՈՒզածն էլ ընդամենը 40 եվրո էր: Տվեցի 50 եվրո: «Չէ, ինձ 40 է հարկավոր»,- պնդեց տղան ու, հայացքն ինձնից փախցնելով, ամոթխած ինչ-որ օր ասաց, ինչն ինձ չհետաքրքրեց ու չլսեցի անգամ, քանի որ գումարը չէի տալիս հետ ստանալու պայմանով: Գումարի պահը չէր, սակայն, որ տանջում էր տղային: Նրան ավելի շատ տանջում էր այն միտքը, արդյոք ես կռահո՞ւմ եմ, թե ինչ ծրագիր ունի և ինչի վրա է ծախսելու այն: «Լսիր, շան տղա,- դրությունը փրկեցի ես,- զգույշ կլինես»: Մի պահ լռություն տիրեց: «Յոհանես, կարո՞ղ եմ ես քեզ հայրիկ անվանել»,- ինձ համար խիստ անսպասելի հարցրեց Բիլալը: Տղայի ձայնը դողաց: Կատակս փրկեց դրությունը. «Լսիր, շան լակոտ, եթե՝ հայրիկ, ուրեմն հենց հիմա վեր կընկնես տեղդ, բայց հորեղբայրը կամ մորեղբայրն ավելի հարմար են այս դեպքում: Հասկացա՞ր, հիմարիկ, դե հիմա գնա»: «Դու ավելին ես, քան հայրը»,- ասաց ու թռավ: Մի պահ նայեցի հետևից ու նկատեցի, որ վաղուց արդեն մեծացել է:
Եկավ հրաժեշտի պահը: Հայրենիք էի վերադառնում: Վերադառնում էի, բայց մի ճնշող զգացում էր պատել հոգիս, կարծես մեղք գործած լինեի, որ օտար, բայց ինձ հարազատ դարձած որբուկին կրկնակի որբության եմ մատնում: Սկզբում շփվում էինք վիրտուալ, սակայն մեկ տարի անց այդ շփումն էլ դադարեց: Ոչ ոք տեղեկություն չուներ նրանցից:
Երկու տարի էր անցել, ու ես կրկին Բելգիայում էի: Կարոտել էի իմ բոլոր ընկերներին, ծանոթներին, դե իհարկե, Բիլալին ու Բասիմին՝ առավել: Հաջորդ օրն արդեն մեքենան վարում էի դեպի Տոնգերլո: Բասիմն արդեն հասցրել էր տեսնել ինձ ու կատվային ցատկով թռչել երկրորդ հարկի պատշգամբից: Բայց ուրախություն չտեսա տղայի աչքերում, փաթաթվել էր ինձ ու բարձրաձայն հեկեկում էր... «Կգնանք Բիլալի մոտ, կգնանք, Յոհանես, նա էլ քո ճանապարհին էր նայում»,- ասաց` չսպասելով հարցիս: Հասկացա, որ Բիլալի հետ ինչ-որ բան այն չէ, միանգամից մտածեցի, թե տղան կա՛մ բանտում է, կա՛մ հիվանդանոցում, բայց այն, ինչ պատմեց Բասիմը, անկարող էի լսել մինչև վերջ…
Անտվերպեն քաղաքում, ազգամիջյան բախումների հողի վրա, ծեծկռտուքի բոլոր մասնակիցներին ոստիկանները հավաքել էին: Բիլալը հայտնվել էր հատուկ նշանակության ճամբարում, որտեղից միայն արտաքսում են օտարազգի քաղաքացիներին: Դատարանը որոշում էր կայացրել արտաքսել Բիլալին երկրից, ականջալուր չլինելով դատապաշտպանի բազմաթիվ փաստարկներին, որ տղային միանշանակ մահ է սպառնում հայրենիքում: Վճռաբեկ դատարանը վճիռը թողել էր անփոփոխ: Որոշումը կայացնելուց մեկ ամիս անց Բիլալին շղթայակապ բերել էին օդանավակայան: Ինքնաթիռի դռանը չհասած, տղան հարմարեցրել էր պահն ու շարժասանդուղքի վերջին աստիճանից թռել: Թռիչքը ճախրանք էր եղել, անկասելի, բայց, ցավոք, ստացած վնասվածքները շատ էին լուրջ: Տասնհինգ օր անց Բիլալն ընդմիշտ փակել էր աչքերը:
Անշուք ու խոնավ հողաթմբի առջև եմ, ուր ամփոփված է Բիլալի մարմինը: Չկարողացա տղամարդ խաղալ, չստացվեց, և արցունքներս փոխվեցին դառն ու մաղձոտ լացի: Կյանքում առաջին անգամ դառնաղի լաց եղա: Համբոյին ու Գիքորին հիշեցի որտեղից որտեղ. «Եկել եմ, եկել եմ, Գիքոր ջան, դե վեր կաց, է՜, քո ապին եմ, է՜…»:
-Բիլալ ջան, եկել եմ ասեմ, որ համաձայն եմ, ուզում եմ, շատ եմ ուզում, որ դու ինձ հայրիկ ասես.... Եկել եմ ասեմ՝ աշխարհ, ինչո՞ւ ես այսքան անիմաստ կլոր: Եկել եմ ասեմ` սիրտ ունեցեք, մարդիկ, ու սրտի մեջ էլ մի փոքր երկինք, որ աշխարհի բոլոր բիլալները կարողանան երկինք սլանալ ու ճախրե՜լ-ճախրել...
Վերադարձիս Բասիմն ինձ մի փոքրիկ փաթեթ տվեց: Եղբորից էր մնացել: Խնդրեց բացել տեղ հասնելուց հետո միայն: Հիմա ձեռքիս է այն, Անիի համար պատրաստած նվերներն են ու… 40 եվրոն: «Տղամարդը պարտք չի մնա»,- երևի անցել էր մտքով:

Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 80508

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ