Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

2016-ին ՏՏ առաջնահերթություններից է լինելու կրթությունը

2016-ին ՏՏ առաջնահերթություններից է լինելու կրթությունը
05.02.2016 | 00:16

2016 թվականին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար առաջնահերթություն է լինելու կրթությունը՝ իր բոլոր բաղադրիչներով։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Նա կարևորեց ինժեներական կրթությունը դպրոցում, որտեղ արդեն իսկ մի քանի ծրագիր է գործում։ Մասնավորպես, հանրակրթական դպրոցներում ներդրվում են ինժեներական լաբորատորիաներ, միաժամանակ զարգանում են ԹՈՒՄՈ-ի, ԱՅԲ դպրոցի համապատասխան ծրագրերը։
Կարեն Վարդանյանը բարձրացնում է բուհական համակարգում բարեփոխումների խնդիրը։ Գոնե առաջնային համալսարանները պետք է վերածվեն գիտակրթական օջախների, որտեղ պետք է ձևավորվեն ինժեներական դպրոցներ։ Զուգահեռաբար պետք է ստեղծվեն էլեկտրոնային կրթության հարթակներ, որպեսզի երեխան ստիպված չլինի, ասենք, Բերդից կամ այլ բնակավայրից գալ հասնել Երևան։ «Կարևոր է, որպեսզի ուսմանը զուգահեռ, 9-րդ դասարանցի աշակերտները մտնեն աշխատանքի մեջ։ Այն, ինչ մենք մատուցում ենք նրանց, բավարար գիտելիքներ և հնարավորություն տալիս է աշխատելու համար»,- նշում է մեր զրուցակիցը։
Ըստ պարոն Վարդանյանի՝ 2016-ին անցկացվելու է ԴիջիԹեք ամենամյա համաժողովը։ Այս պահին բանակցություններ են ընթանում Թայվանի հետ՝ Հայաստանում Թայվանի տարի անցկացնելու նպատակով։ Այս երկրի Զարգացման գործակալության հետ քննարկվում է թայվանական մի քանի տասնյակ ընկերությունների` Հայաստան ժամանելու հարցը։
Շարունակվելու է և առաջնահերթ են մնալու հայկական բրենդի տարածումը և «Ինչո՞ւ Հայաստան» հարցի պատասխանը ներկայացնելը։ Ըստ ԻՏՁՄ գործադիր տնօրենի՝ Հայաստանը պետք է տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտներում ներկայանա որպես որակ ապահովող, ստեղծագործական երկիր. «Մենք պետք է կարողանանք Հայաստանը ներկայացնել որպես հաճելիորեն զարմացնող ինժեներական լուծումների երկիր։ Անցած տարի շատ լուրջ հաջողություններ ենք ունեցել։ Այն ընկերությունները, որոնք կիրառում են այս գաղափարը, գրեթե երեք անգամ աճել են, և մենք այդ փորձը պետք է փոխանցենք նաև այլ ընկերությունների»։
Հունիսին ԻՏՁՄ-ն կանցկացնի ԴիջիԹեք բիզնես ֆորումը, նոյեմբերին՝ բիզնես ինովացիոն համաժողովը, որին այս տարի ևս մի շարք օտարերկրացի մասնագետներ կմասնակցեն, կընթանան հետաքրքիր քննարկումներ։ Առաջիկայում կանցկացվի ռոբոտաշինությանն առնչվող երկու մրցույթ՝ ական փնտրող ռոբոտի և անօդաչու թռչող սարքերի։ Կարեն Վարդանյանը հույս հայտնեց, որ մրցույթներն իրենց շուրջը կհավաքեն այդ ոլորտով հետաքրքրված մարդկանց։
Հիշեցնենք, որ 2019-ին Հայաստանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Կարեն Վարդանյանը նշում է, որ աշխարհի ՏՏ ոլորտի 2200 ամենաբարձր թոփ մենեջերներ են գալու Հայաստան։ Ըստ նրա՝ մեր հաղթաթուղթը կոնգրեսում կարող են լինել դպրոցներում ստեղծված ինժեներական լաբորատորիաները. «Մինչև 2019 թվականը մենք ծրագրում ենք դառնալ աշխարհի միակ երկիրը, որի բոլոր դպրոցներն այդպիսի լաբորատորիաներ կունենան։ Դեռ երեք տարի կա, և մենք լավագույնս պետք է պատրաստվենք կոնգրեսին։ Նախ` պետք է կազմակերպչական առումով շատ գործ արվի, այս տարի արդեն կստեղծվի կազմկոմիտե, որի մեջ կընդգրկվեն բիզնեսից, կառավարությունից, համալսարաններից ներկայացուցիչներ, որոնք ուղղակիորեն կզբաղվեն համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական աշխատանքներով` այն հավուր պատշաճի իրականացնելու համար»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ