Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շղթայական գործընթաց է

Շղթայական գործընթաց է
05.02.2016 | 00:56

Ընտրական օրենսգրքին «ընդառաջ» քաղաքական դաշտը կրկին քանդվում-հավաքվում է: Չնայած հավաքելու բան առանձնապես չի էլ մնացել: ՀՀԿ-ՀՅԴ-ի վերջին «շփումների» վրա կարելի էր կազմել ներքաղաքական դաշտի ողջ քրեստոմատիան, սակայն խաղն այնքան է պրիմիտիվացել, ապաքաղաքականացվել, որ դրա վրա ժամանակ կորցնելը խիստ անիմաստ է: Պատային իրավիճակ է բոլորի, այդ թվում` ՀՀԿ-ի համար: Առաջին հայացքից կարող էր թվալ, թե Մելիք-Ադամյանում կաստայացող սույն «չաղ-ուրախ-բախտավոր» կուսակցությունն իր ամենալավ օրերն է ապրում, սակայն այնտեղ ևս վերադասավորություններ և լուրջ գործընթացներ են: Առաջին հերթին` վերնախավում: Եվ քանի որ «մարտն» այնտեղ, ինչպես միշտ, ընթանում է գորգի տակ, անչափ դժվար է արմատական գործընթացը տարբերել պրոֆիլակտիկ միջոցառումներից և հասկանալ` Հովիկ Աբրահամյանի մեկուսացումը մի շարք, այդ թվում` կադրային գործընթացներից, «նմա՞ն» է այն ամենին, ինչ տեղի ունեցավ ոչ վաղ անցյալում, երբ նրան «դուրս հրավիրեցին» ԱԺ նախագահի աշխատասենյակից, և, էներգաթափ անելուց հետո, կրկին վերադարձրին համանման աշխատասենյակ` պակասեցրած ամբիցիաներով: Թե՞ որոշվել է` դեպ խորհրդարանական հանրապետություն մուտքը նորոգված մոտեցումներով ու թիմով շեմել` կտրելով անցյալի ու անցյալը «պատկերող» գործիչների հետ բոլոր կապերը` վասն ապագայի: Ընդ որում, չպետք է մոռանալ նաև, որ այդ «կտրումը» շղթայական գործընթաց է և համալիր լուծում է պահանջելու:
Շատ նուրբ մի հանգամանք էլ կա այս ամենում: Կարելի է կարծել, որ այս պահին իշխանությունները (հասկանում ենք` Սերժ Սարգսյանը) խուսափեցին ոչ միայն արտաքին, այլև ներքին գրեթե բոլոր կարգի վտանգներից։ Պոտենցիալ «հակաթիմերը» «գերի» են վերցված, որևէ խաղի հնարավորություն չունեն, ինչպես, ասենք, Օսկանյանը, նույն ԲՀԿ-ի ավերակների վրա մնացածները, ՀԱԿ-ը… շատերը: Կա նաև այս խնդրի հակառակ երեսը, քանզի Նյուտոնի օրենքը` հարված-հակահարված, չի դադարել գործելուց: ՈՒ հիմա, երբ քաղաքական դաշտը գրեթե հիմնովին ամայացած է, անվերջ մենապարել հնարավոր չէ, պետք է կարողանալ վակուումը լցնել: Ինչո՞վ` ահա հարցերի հարցը, որի նույնքան համակարգված պատասխանը Սերժ Սարգսյանը, հաստատապես, չունի:
Իհարկե, լավ է, որ խաղից գրեթե հանված են թե՛ ԼՏՊ-ն, թե՛ Քոչարյանը, թե՛ օլիգարխիկ ԲՀԿ-ն, թե՛ Հովիկ Աբրահամյանը (՞), սակայն անհայտ է` կարողանալո՞ւ է Սերժ Սարգսյանը, ով վերը նշվածների հետ լրջագույն պորտալար ունի, հիմնովին կլլել նրանց, տրանսֆորմացնել և, որ ամենակարևորն է, տրանսֆորմացվել` փլատակների տակ չմնալու, կենսունակ լինելու, հարցերի հարցին պատասխանելու համար` ի՞նչ ռեսուրսների հաշվին է կառուցելու խորհրդարանական հանրապետությունը` իներցիո՞ն, հին գինին` նոր տիկում սկզբունքո՞վ։ Կարողանալո՞ւ է բարեփոխումների այն հույսերը, որ կապված էին իր հետ, երբ 2008-ին ստանձնեց պաշտոնը և խոսեց դրանց մասին, իրականացնել, թե՞ դրանք «լոկ ֆիկցիա, ուղեղային մորմոք» էին:
Առավել բարեպատեհ առիթ ու ժամանակահատված չի կարող լինել, քան հիմա է. լուֆտային այս տարին` մինչև 2017, երբ, չնայած արտաքին մարտահրավերներին, մեր շուրջը հարաբերական դադար է, ունենք գերտերությունների հնարավոր բարյացակամությունը, ներքին դաշտում էլ, ինչպես ասացինք, խանգարողների փաղանգը հետ է քաշված:
ՈՒրիշ էլ` ե՞րբ: Մանավանդ որ տիեզերքը չի սիրում նրանց, ովքեր իր տված հնարավորությունն ու դասը չեն սերտում։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ