«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Հայաստանը կարող է ձեռք բերել 100 տարի առաջ կորցրածը կամ ընդմիշտ մոռանալ այն երբևէ վերադարձնելու մասին»

«Հայաստանը կարող է ձեռք բերել 100 տարի առաջ կորցրածը կամ ընդմիշտ մոռանալ այն երբևէ վերադարձնելու մասին»
05.02.2016 | 11:36

Թուրքիայում ընթացող իրադարձությունների շուրջ զրուցում ենք թուրք-քրդական հակամարտության հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։


-2015-ը չափազանց լարված տարի էր Թուրքիայի համար՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության առումով։ Մասնավորապես, Թուրքիայի ուժային կառույցների և Քրդստանի աշխատավորական կուսակցության միջև զինված բախումները բավական լուրջ սրացում առաջացրին քրդական հարցում։ 2016-ին ի՞նչ կանխատեսումներ կան թուրք-քրդական ճակատում։
-Կանխատեսումներ անելը մի քիչ անշնորհակալ գործ է, բայց կփորձեմ ուրվագծել այն ճանապարհը, որով կընթանա թուրք-քրդական հակամարտությունը 2016-ին: Արդեն ակնհայտ է, որ այս բախումներն այլևս փողոցային զինված բախումներ չեն, արդեն ռազմական գործողություններ են իրականացվում՝ կոնկրետ տարածքներում վերահսկողություն սահմանելու համար: Դեռևս հունվարին էր պարզ, որ թուրքական կողմը Հաքքարի նահանգում կորցրել է վերահսկողությունը նահանգի վարչական կենտրոն համարվող Հաքքարի քաղաքի, իսկ Շրնաք նահանգում՝ նույնպես վարչական կենտրոն համարվող Շրնաք քաղաքի նկատմամբ: Հենց դա էր պատճառը, որ կառավարությունը որոշեց վերոնշյալ նահանգների կենտրոնները տեղափոխել մեկ այլ քաղաք՝ մի դեպքում Սիլոփի, մյուս դեպքում՝ Ջիզրե: Ներկա պահին հենց այս քաղաքների համար էլ պայքար է գնում: Թվում է, թուրք-քրդական պայքարը կախված է արտաքին ուժերից, բայց այդպես չէ, պարզապես արտաքին ուժերը երբեմն օգնում են PKK-ին: 2016-ին արդեն հստակ կուրվագծվեն այն սահմանները, որոնք կլինեն քրդերի վերահսկողության տակ: Իսկ թե ինչպիսի իրավական կարգավիճակ կունենան այդ տարածքները, ցույց կտա գերտերությունների հետագա քաղաքական շահը:
-Դուք նշել էիք, որ թուրք-քրդական հակամարտությունը դուրս է եկել թուրքերին և քրդերին վերաբերող հարցերի շրջանակից։ Ի՞նչ նկատի ունեք։ Կա՞ որևէ ուժ, որ կանգնած է քրդերի թիկունքին։ Ո՞վ է ֆինանսավորում քրդական շարժումը։
-Դեռևս 2015 թ. սեպտեմբերի վերջերին, երբ Ռուսաստանը սկսեց ավիահարվածներ հասցնել Սիրիայում տեղակայված ԻՊ-ի զինյալ ուժերին, արդեն խոսակցություններ էին պտտվում, որ PKK-ն վարձկաններ է ներգրավում իր շարքերը՝ Թուրքիայում կռվելու համար: Սակայն սա խիստ գաղտնի էր պահվում թե՛ թուրքական թե՛ քրդական կողմից: Թուրքերը գաղտնի էին պահում, որպեսզի իրենց տարածք չներթափանցեն, այսպես ասած, վարձու մարդասպաններ և մահապարտներ, որոնք խիստ վտանգավոր են ցանկացած պետության համար: Իսկ քրդերը գաղտնի էին պահում, որպեսզի պայքարին ավելի ազգային-ազատագրական տեսք հաղորդեն: Սակայն Էրդողանի և Դավութօղլուի հարաբերությունների հերթական սրումից հետո եղավ ինֆորմացիայի արտահոսք, և հայտնի դարձավ, որ PKK-ի շարքերում կան վարձկաններ, հիմնականում դիպուկահարներ: Նույնիսկ նշվում է, որ մի քանի օր առաջ հենց Ջիզրեում զոհվել է ազգությամբ սերբ հինգ դիպուկահար: Դավութօղլուն արդեն խոստովանել է, որ PKK-ի շարքերում կռվող վարձկանները Թուրքիայի սահմանը հատել են օդային ճանապարհով, օրինական կարգով, սակայն զերծ է մնացել վարձկանների ազգության մասին ինֆորմացիա հրապարակելուց՝ պատճառաբանելով, որ դա կվտանգի իրենց արտաքին քաղաքականությունը տվյալ երկրների հետ:
-Քրդական պայքարը ներսից ջլատում է Թուրքիան, թուրքական իշխանություններին։ PKK-ի գործողությունները մեծապես ազդում են Թուրքիայի` էներգետիկ միջանցք դառնալու հավակնությունների (նկատի ունեմ Իրանի էներգակիրների արտահանումը), տրանսպորտային միջանցքի դերակատարության վրա, հարցականի տակ դնում տրանսպորտային նոր նախագծեր առաջ քաշելու նպատակահարմարությունը, վնասում այլ երկրների հետ առևտրային կապերին, զբոսաշրջության զարգացմանը։ PKK-ի դեմ պայքարը Թուրքիայից խլում է ֆինանսական զգալի ռեսուրսներ, մեծացնում է նրա ռազմական ծախսերը։ Մի խոսքով, քրդական հարցը իրական գլխացավանք է դարձել Թուրքիայի համար։ Թուրքական իշխանությունն ի վիճակի՞ է դիմակայելու ներքին և արտաքին մարտահրավերներին, հատկապես եթե հաշվի ենք առնում Էրդողանի և Դավութօղլուի միջև եղած հակասությունները։
-Էրդողանի և Դավութօղլուի ներքին հակասության հիմքում նույնպես քրդական հարցն է: Դավութօղլուն կողմ է երկրի հարավարևելյան նահանգներում բնակվող քրդերին որոշակի ինքնուրույնություն տալուն, սակայն Էրդողանը կտրականապես դեմ է այս ծրագրին: Թուրքիան արդեն 7-8 ամիս է, ինչ դարձել է վտանգավոր երկիր զբոսաշրջիկների համար: Թուրքիայի զբոսաշրջության կենտրոն համարվող Անթալիա քաղաքում վաճառքի են հանվել մեծ թվով հյուրանոցներ, ռեստորաններ և ժամանցի գոտիներ, քանի որ այլևս եկամտաբեր բիզնես չի համարվում: Թուրքիայի հարավարևելյան նահանգներում ամբողջությամբ, իսկ արևելյան նահանգներում մասամբ դադարեցված են միջպետական բեռնափոխադրումները: PKK-ի զինվորական հրամանատարությունն ի սկզբանե որոշել էր, որ քրդական պայքարը կլինի ավելի շատ պարտիզանական պայքար, որով կփորձեն քիչ կորուստներով զգալի վնաս հասցնել թուրքական բանակին: Արդեն ակներև է, որ Թուրքիան ի վիճակի չէ պայքարելու քրդերի դեմ, դրա համար էլ փետրվարի 2-ին Էրդողանը ԱՄՆ-ին և ԵՄ-ին մեղադրեց իրեն PKK-ի դեմ պայքարում չաջակցելու համար: Նա նույնիսկ նշել էր, որ Ռուսաստանը զինում է քրդերին, իսկ դաշնակից ուժերը դեռ երկակի ստանդարտներով քաղաքականություն են վարում: Քրդական խնդիրը Թուրքիայի թիվ մեկ գլխացավանքն է: Դավութօղլուի հայտարարություններից պարզ է դառնում, որ թուրքական բանակը պատրաստ է ավիահարվածներ հասցնելու քրդաբնակ քաղաքներին:
-Հայաստանն ի՞նչ կարող է շահել կամ կորցնել թուրք-քրդական հակամարտությունից։
-Հայաստանը կարող է ձեռք բերել 100 տարի առաջ կորցրածը կամ ընդմիշտ մոռանալ այն երբևէ ձեռք բերելու մասին: Երրորդ երկրի ձեռքից այլևս անհնար կլինի վերցնել այն, ինչը մերն է, բայց արդեն դարձել է իրենցը: Այստեղ կրկին կա գերտերությունների գործոնը: Եթե Թուրքիան պահի իրեն այնպես, ինչպես մինչ այժմ է պահում, ապա մեծ է հավանականությունը, որ ռուսները կուղղեն իրենց երբեմնի սխալը, երբ հանձնեցին Կարսը: Հավելեմ, որ նաև մենք պետք է պատրաստ լինենք հարմար պահին գործելուն։


Հարցազրույցը՝
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ