Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ճեղքված տապանաքարը

Ճեղքված տապանաքարը
05.02.2016 | 11:57

Միշտ զարմացել եմ. աշխարհի երկրներում հայ համայնքների լավագույն, ճարտարապետական ոճերով գեղեցկագույն շենքերը պատկանել են ազգային վարժարաններին: Ո՞րն էր դրա պատճառը` պաշտամունքի հավասարվող խոնարհումը կրթության հանդեպ, քանզի կրթվածությունն էր հնարավորություն ընձեռում մրցակցության մեջ մտնելու և հաղթանակելու: Իսկ ուսուցիչը ամենահարգված անձնավորությունն էր, չկա այսուայն գաղթօջախի վերաբերյալ պատմագիրք, որտեղ չլինեն վարժապետների լուսանկարներն ու կենսագրականները:
Ստորև կշարադրեմ այդպիսի մի վարժարանի ծննդյան և, ավա՜ղ, վախճանի համառոտ պատմությունը:

Էդուարդ Ղարամյանի սիրտը զայրույթից պայթում էր։
Նա զզվել էր ամենքից և ամեն ինչից։ Անգլիական «Արևելահնդկական ընկերության» «Նորդ» կոչեցյալ այս առագաստանավից, որով ճամփորդում էր արդեն երկու ամիս, նավի անձնակազմից՝ ամբարտավան ու գոռոզամիտ անգլիացիներից, որոնց համար իրենցից զատ աշխարհում այլ բան գոյություն չուներ, ուղևորներից՝ թեթևամիտ ու շահասեր ֆրանսիացիներից, կնկա վանդակավոր շրջազգեստ հագած կաս-կարմիր, հարբեցող շոտլանդացիներից, ծույլ ու փնթի հնդիկներից, որոնց եթե չքշեին, տախտակամածի վրա կքնեին։ Ձանձրացել էր միօրինակ և անհամ կերակուրներից, նավի անվերջանալի ճոճքից, քամիներից, փոթորիկներից, ծովի ալեկոծությունից։ Բայց հիմա, երբ մինչև Անգլիա շատ կարճ ճանապարհ էր մնացել, տախտակամածի վրա ծալովի փայտե բազկաթոռին նստած, անթարթ հայացքը հառած մթնշաղով պարուրված խաղաղ ջրերին՝ նա ցավագին գիտակցում էր, որ իր կյանքը դժբախտության հունով է ընթացել, որ այն, ինչ տասնամյակներ շարունակ արել-դրել էր, սխալ էր։ Այս մտքից նա ավելի էր նեղվում, չէր ուզում հաշտվել իրողության հետ, և անելանելիությունից քիչ էր մնում սիրտը տեղից դուրս թռչի։
Ծնվել էր 1730 թ., Նոր Ջուղայի կաթոլիկների Շահրիմանենց թաղում։ Ռաֆայել հայրը առևտրային գործերով տարիներ շարունակ դրսերում էր, Հնդկաստանում. հերթական տունդարձից հետո նա ինչ-որ տարօրինակ հիվանդությունից հանկարծակի մահացավ։ Երբ Էդուարդը դարձավ 10 տարեկան, մայրը՝ Նանաջանը, որդուն հանձնեց քարավանբաշուն, և մանչուկը համաքաղաքացիների, ուղտերի ու ջորիների խմբի հետ հասավ Բանդար-Գյազ։ Այստեղից վաճառականների հետ նավ նստեց ու ճանապարհվեց Հնդկաստան՝ մորական պապ Խոջամալի մոտ։ Պապը վաճառական էր, համեմունք, ակնեղեն, ծխախոտ բարձած` Հնդկաստանով մեկ դեսուդեն էր թափառում և համարում էր, որ միայն ուսումը մարդուն մարդ կարող է դարձնել։ Թոռանը տեղավորեց Փոնդիշերի անգլիական վարժարանում, որտեղ Էդուարդը տիրապետեց անգլերենին ու ֆրանսերենին, կարդաց բազմաթիվ գրքեր, բայց անգլիացիների ու ֆրանսիացիների միջև ծագած պատերազմի պատճառով ստիպված եղավ ուսումը կիսատ թողնել։
Տասնվեց տարեկանից սկսեց պապին օգնել, առաջին քայլերն արեց առևտրում, ու երբ Խաջամալը մահացավ, Էդուարդն արդեն բավական փորձառություն ուներ։ Բայց 1761-ին դժբախտություն պատահեց. սիկխ ավազակները նրան թալանեցին, ապրանքը տարան, ձախ ձեռքից էլ վիրավորեցին, և միայն մեկ օր անց ձկնորսները նրան կիսամեռ վիճակում գտան ու բերեցին Փոնդիշեր։ Միանգամից կորցրեց այն ամենը, ինչ տքնանքով ձեռք էր բերել։
Ծանր հարվածին դիմացավ, որովհետև անտերությունը, պանդխտությունը, զրկանքներն ու չարչարանքները անընկճելիություն էին ձևավորել։ Ամեն ինչ սկսեց սկզբից. առևտուր էր անում ոչ միայն Բենգալիայում, այլև ապրանքներն առած հասնում էր Չինաստան ու Ֆիլիպյան կղզիներ։ Շուտով մեծ հարստություն դիզեց, առաջնակարգ վաճառականի համբավ վաստակեց և 1772-ին ամուսնացավ Սահրադենց Հեղինեի հետ։ ՈՒնեցավ հինգ զավակ՝ Հովհաննես, Ալեքսանդր, Լուի, Աննա և Աննա-Մարիամ։ Երեխաների հետ հարաբերությունները բարդ էին. նրանք հորը համարում էին ինքնիշխան, իրասածի, կոշտուկոպիտ մարդ, որին սակայն ստիպված էին հլու հնազանդվել։
Նոր ձախորդության պատճառ դարձան Վենետիկի Մխիթարյանները։ 1785-ին Մադրաս եկան վարդապետներ Նիկողայոս Բուզանյանն ու Պողոս Մեհերյանը՝ Սբ. Ղազարի համար դրամական նպաստ ժողովելու նպատակով։ Ղարամյանը մի ծածուկ երազանք ուներ, որի մասին պատմեց հայրերին։ Նա անչափ շատ էր սիրում Դիոնիս Կասիուսի «Հռոմի պատմությունը» անգլերեն հրատարակությունը, որը պարբերաբար վերընթերցում էր։ Դա համարում էր լավագույն աշխատությունը և ամբողջ սրտով ուզում էր, որ այն թարգմանվի հայերեն։ Այդ իսկ պատճառով Մխիթարյաններին 8000 ռուփի տվեց թարգմանության, տպարանական ծախսերի համար, 5000 ռուփի էլ խոստացավ Սբ. Ղազարին նվիրաբերել, երբ հայերեն գիրքը ձեռքը կառնի։ Վարդապետները հանձն առան, բայց չորս տարի անցավ, իսկ Ղարամյանը ոչ թարգմանությունը տեսավ, ոչ էլ փողը հետ ստացավ։
Սակայն փողից բացի միաբաններին տվեց նաև... ավագ որդուն՝ Հովհաննեսին։ Խոջամալ պապն իրավացի էր՝ մարդ կրթությամբ կարող էր մարդ դառնալ, հասարակությունում դիրք ու ազդեցություն գրավել, և այն, ինչ ճակատագիրն իրեն չէր վերապահել, Ղարամյանը որոշեց տալ զավակներին։ Հնդկաստանում բարձրակարգ կրթություն ստանալու մասին խոսք լինել չէր կարող, միայն Անգլիայում էր դա հնարավոր, ահա թե ինչու նա Մխիթարյանների հետ Լոնդոն ուղարկեց նախ ավագին, ապա՝ նաև Ալեքսանդրին ու Լուիին։
Աննային ամուսնացրեց թոքատցի Մկրտչի որդի Սամուելի հետ՝ Մուրատենց տոհմից, և շատ գոհ էր։ Փեսան առաջնակարգ վաճառական էր, զբաղվում էր թանկագին քարերի առքուվաճառքով ու թերևս միակն էր, ով հասկանում էր իրեն։ Դա էր պատճառը, որ 1789 թ. դեկտեմբերի 31-ին Ղարամյանը կտակ գրեց ու հանձնեց Սամուելին, որով նրան թողնում էր 65 հազար ֆրանկ և պատվիրում իր մահից հետո Եվրոպայում հայ երեխաների համար մի կրթօջախ հիմնել, որը կկրեր հոր՝ Ռաֆայելի անունը։ 15 հազար ֆիորին էլ կտակեց Ալեքսանդր որդուն, որպեսզի Ավստրո-Հունգարիայի Եղիսաբեթպոլիս քաղաքի հայկական վարժարանում մայրենիի դասավանդումը չընդհատվի:
Տասը տարի էր անցել այն օրից, ինչ որդիներին Անգլիա էր ուղարկել։ Եվ ահա մի քանի ամիս առաջ Լոնդոնից մարդ եկավ ու հայտնեց, որ որդիները մտադիր են անգլիկան եկեղեցու դավանանք ընդունել, ամուսնանալ անգլուհիների հետ և այլևս չվերադառնալ։
Դա մահվան բոթի հավասար մի բան էր։ Աշխարհը փուլ եկավ Ղարամյանի գլխին։ Նա, որ Մադրասի ամենաերևելի մարդկանցից մեկն էր, որին ճանաչում էին ծովերից անդին, որի հետ հաշվի էին նստում անգամ հոխորտ անգլիացիները, կորցնում էր ժառանգներին։
Բանուգործը, բիզնեսը թողեց Սամուելին, նստեց այս անիծյալ «Նորդը», որպեսզի գնա որդիների հետևից, նրանց դարձի բերի, հետ պահի անմիտ քայլերից։ Եվ հիմա, տախտակամածի ծալովի բազկաթոռին նստած ու մթնդած ծովին նայելով, մտածում էր որդիների հախից գալու մասին։ Կսպառնա ժառանգությունից զրկել, հայրական անեծք կթափի, ի վերջո, իշխանություններին կդիմի, որ նրանց արտաքսեն երկրից... Ոչի՜նչ, քիչ մնաց։
...Կեսգիշերին մոտ հերթապահ նավաստին նավապետին զեկուցեց, որ տախտակամածի վրա, բազկաթոռի մեջ մեռած մարդ կա։
Նավի բժիշկը դին զննեց և արձանագրեց, որ մարդը մահացել է սրտի կաթվածից։ Նավապետն իսկույն ճանաչեց հանգուցյալին. դա եվրոպացու հագուստով, թուխ մաշկով, ալեհեր այն հայն էր, որ ամբողջ ճանապարհին ամեն ինչից դժգոհել և բոլորի հետ կռվշտել էր։
Ծովային օրենքի համաձայն՝ դին փաթաթեցին սավանով ու նետեցին ծովը։
Մինչև Անգլիա մնացել էր մեկ օրվա ճանապարհ...

Սամուել Մուրատը (1760-1816) 48 տարեկան հասակում կտակ գրեց, որի 6-րդ կետն ավետում էր.
«Վեցերորդ: Ես իմ հաշուագրքումն մին որբոց աղքատաց եւ տնանկաց հաշիւ ունեմ. իմ ստացուածիցն մին հարիւր եւ յիսուն հազար հուն հանեն եւ տանեն նոյն հաշիւն. և յետ ասացեալ հարիւր յիսուն հազար հունն ասացեալ հաշիւն տանելէն, ղոր ինչ որ ասացեալ հաշուումն տալիքս գումարի, ասացեալ գումարն բոլորն թողման ամ Հայոց ազգի որբ եւ աղքատ մանկանց դպրատան շինութեան համար, որ ըստ խորհրդոյ եւ միջնորդութեան Վենետիկ Հայոց միանձանց որ մի կողմն Եվրոպիոյ որ աջողակ համարեն գետին գնեն եւ ասացեալ գետնի եկամուտն քանի մանկանց տարեկան ծախուցն որ բաւական առի, այնքան Հայոց ազգէն որբ եւ աղքատ մանկունքն ասացեալ դպրատանն ձրիապէս ուսումն եւ լեզուք ուսանեն եւ դառնան իւրեանց հայրենիքն:
Եւ պարտականութիւն չլինի ասացեալ դպրատան ուսանողաց վերայ քահանայ լինելոյ, բայց եթէ ոմանք իւրեանց ազատ կամաւն յօժարեսցին քահանայութեան՝ լինիցին:
Եւ եթէ ոմանք հարուստ անձինքն եւս ազգէս Հայոց կամեսցին զմանկունս իւրեանց վերոյասացեալ դպրատանն ուսուցանել, կարող են, զծախսն հատուցանելով, քանզի դիտաւորութիւնն իմ վասն այս դպրատան շինութեան՝ է վասն աղքատ մանկանց ուսուցանելոյ, այսինքն՝ վասն նոցա զի որոց հարքն չքաւորք են, եւ վասն չկարելոյ նոցա զծախսն դպրատան հատուցանել՝ զանց առնեն ուսմամբ մանկանց իւրեանց, եւ անմեղ մանկունքն այնոքիկ մնան զուրկ ի յամենայն ուսմանց եւ գիտութեանց, եւ որոյ վասն գրեթէ ըստ մեծի մասին անտերունչ ազգս Հայոց տգետք են:
Ես յուսամ յԱստուած, զի եւ այլք հարուստ անձինք ազգէս Հայոց, յետ ճաշակելոյ զքաղցրութիւն ուսման դպրատանն, զորս իմով միջնորդութեամբ սկսանի, եւ նոքա իմոց շաւղացն հետեւեսցեն, եւ այնու կարելի լինիցի սփռիլ ի մէջ ազգիս, եթէ ոչ բոլորովին՝ գոնէ ըստ մասին, զլոյս գիտութեան եւ իմաստութեան. եւ անտերունչ ազգս զարթնուցու ի քնոյ թմրութեան եւ անհոգութեան:
Եւ վասն կառուցանելոյ զդպրատունն եւ ի գործ դնելոյ զտարեկան եկամուտ գնեցեալ գետնոցն, եւ աղագս տեսակաց ուսման եւ լեզուաց զորս կամիմ զի ուսանիցին մանկունքն ի յիշեալ դպրատան եւ վասն որպիսի կարգաւ եւ կանոնիւ առաջացուցանելոյ զդպրատունն եւ որպիսի վարելոյ ընդ նա, զկարծիս իմ յատուկ գրեցեալ ներփակեցի ի յասմ թողեալ հպատակ ուղղութեան՝ եթէ սխալացեալ լինիցիմ՝ կտակակատարացն իմոց եւ հարց Մխիթարեանց, որոց միջնորդութեամբն կամիմ զի կառուսցի դպրատունն, զսխալանս կարծեաց եւ կարգադրութեան իմոյ ուղղել, իսկ եթէ կարծիս եւ կարգադրութիւնս իմ ուղիղ դատասցեն, այնու ձեւով առաջասցեն: Եւ այսքան առ այս»:
Այս կտակով Ս. Մուրատը, աներոջ կտակին ի հավելումն, հատկացրեց 1 մլն 700 հազար ոսկե ֆրանկ՝ կտակակատարներ նշանակելով տիկնոջը՝ Աննային, և որդիներ Էդուարդին ու Հովհաննեսին: Նա կատարեց աներոջ վերջին կամքը: Բայց ինքն էլ վերջին կամք ուներ` հոգին ավանդելիս ցանկություն հայտնեց, որ իր թաղման ծեսը կատարի հայ լուսավորչական քահանա, այլ ոչ՝ կաթոլիկ: Երբ տեղեկացրին, թե լուսավորչական քահանա չկա, կարգադրեց. «Կաթոլիկ քահանա չը մերձենայ իմ դիակին, այլ մի աշխարհական մարդ կարդայ իմ մարմնոյ վերայ «Հայր մեր» եւ յետոյ դնեն գերեզման»: Այդպես էլ վարվեցին:
1834 թ. Մխիթարյան միաբանները Իտալիայի Պադովա (Պադուա) քաղաքում բացեցին Մուրատ-Ռաֆայելյան վարժարանը, որտեղ կարող էին ուսում ստանալ տարբեր դավանանք ունեցող հայ պատանիները։ 1846-ին տեղափոխվեց Փարիզ, տասնամյակներ անց՝ Վենետիկ: Գիշերօթիկ այդ հաստատությունն ուներ հարուստ գրադարան, թանգարաններ, մարզահրապարակներ, գործում էին «Սայաթ-Նովա» նվագախումբը, թատերական խմբակը։ Մուրատ-Ռաֆայելյանն իր գոյության ընթացքում դարձավ ոչ միայն առաջնակարգ, եզակի կրթօջախ, այլև արևմտահայոց բազում սերունդների կենսուղին հարթող արահետ: Վարժարանի շրջանավարտներից էին անմահ բանաստեղծ Դանիել Վարուժանը, նկարիչ Էդգար Շահինը, հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը, այստեղ էին ուսանել հայագետներ Հյուբշմանը, Բրոսեն, Յորգանը և այլք։
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ վարժարանը փակվեց, ապա վերաբացվեց 1950-ին` շարունակելով իր ազգանվեր առաքելությունը:
Սակայն ժամանակները, բարքերն ու մարդիկ փոխվեցին, մարդկային տեսակը խեղվեց, և 1996 թ.` 20 տարի առաջ, Մուրատ-Ռաֆայելյանը վերջնականապես փակվեց` 162 տարի հայոց սերուցք խմորելուց հետո: Էդուարդ Ղարամյանի և Սամուել Մուրատի տապանաքարը ճեղքվեց:
Վերհիշենք Սամուել Մուրատի կտակի տողերը. «…Դիտաւորութիւնն իմ վասն այս դպրատան շինութեան՝ է վասն աղքատ մանկանց ուսուցանելոյ, այսինքն վասն նոցա զի որոց հարքն չքաւորք են, եւ վասն չկարելոյ նոցա զծախսն դպրատան հատուցանել՝ զանց առնեն ուսմամբ մանկանց իւրեանց, եւ անմեղ մանկունքն այնոքիկ մնան զուրկ ի յամենայն ուսմանց եւ գիտութեանց, եւ որոյ վասն գրեթէ ըստ մեծի մասին անտերունչ ազգս Հայոց տգետք են:
Ես յուսամ յԱստուած, զի եւ այլք հարուստ անձինք ազգէս Հայոց, յետ ճաշակելոյ զքաղցրութիւն ուսման դպրատանն, զորս իմով միջնորդութեամբ սկսանի, եւ նոքա իմոց շաւղացն հետեւեսցեն, եւ այնու կարելի լինիցի սփռիլ ի մէջ ազգիս, եթէ ոչ բոլորովին՝ գոնէ ըստ մասին, զլոյս գիտութեան եւ իմաստութեան. եւ անտերունչ ազգս զարթնուցու ի քնոյ թմրութեան եւ անհոգութեան»:
Ավաղ, այլ հարուստ անձինք տեր չկանգնեցին, և սա էլ ենք մենք` արյուն-քրտինքով, տառապանքով ու դժվարությամբ ստեղծածը հեշտուհանգիստ կարող ենք վերացնել: Երբ մենք մեր ստեղծածն ենք ոչնչացնում, պատասխան պահանջող չիք:

Ավարտենք` Էդուարդ Ղարամյանի որդի Ալեքսանդրով, նրանով, հանուն որի հայրը նավ նստեց, մահկանացուն կնքեց տախտակամածի վրա, ու ծովը դարձավ գերեզման:
1829 թ., ի կատարումն ծնողի կամքի, Անգլիայում բնակվող Ալեքսանդր Ղարամյանն այցելեց Եղիսաբեթպոլիս և հոր կտակած 15000 ֆիորինով ու դրա հավելյալ 600 ֆիորին տոկոսագումարով հիմնեց հայուհյաց վարժարան։ 1847-ին նա մասնակցեց խորհրդարանական ընտրությունների, բոլոր թեկնածուներից ավելի քվե ստացավ և դարձավ Լոնդոնի պառլամենտի առաջին հայ անդամը։ Մահից հետո՝ 1851 թ., թողեց 16 միլիոն ֆրանկ, բայց ազգին՝ ոչինչ։ ՈՒծացած մարդու մեջ ազգային ինքնագիտակցում չէր մնացել, և հե՛նց դրանից էր վախենում նրա երջանկահիշատակ, անգերեզման հայրը:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ