Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

...Այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը

...Այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը
05.02.2016 | 10:02

Բարեկենդանը երկարմատ խոսք է՝ բաղկացած «բարի» և «կենդանի» բառերից: Իսկ քրիստոնեական օրացույցում այն գործածվում է Մեծ պահքից առաջ, որպես նախկին Էդեմական դրախտի ժամանակները հիշեցնող ամենաուրախ տոն, երբ հավատավոր մարդը նախապատրաստվում է զատկական Հարության պահքին, բայց մինչ սկսելը միայն այդ օրը իրեն թույլ է տալիս ճոխ ու կենդանական կերակուրներով զվարճանալ։

Բարեկենդանով էլ սկսվում է Մեծ պահքը։ Այս տարի այն բավական շուտ է սկսվում՝ փետրվարի 7-ին, և ավարտվում է Զատկի սուրբ Հարության տոնին՝ մարտի 27-ին։
Իսկ հիմա հստակեցնենք, թե ինչու է անհրաժեշտ պահքը։ Նախ, ասենք, որ պահքի կարևորությունն այնքան մեծ է, որ Հայ առաքելական եկեղեցին տարվա 158 օրերը պահեցողության է հրավիրում քրիստոնյա հավատավորներին, բայց Մեծ պահք սովորաբար ասում են Զատկից առաջ քառասունօրյա ժամանակաշրջանը (չհաշված կիրակիները, քանի որ դրանք Տերունական օրեր են կոչվում)։
Մարդ արարածը կյանքի ընթացքում ջանում է ամենաշատը մարմնավոր կարիքները հոգալ, ուտել, խմել, հագնել և դրանց զուգահեռ այլ հաճույքներ, որոնք երբեմն ուղեկցվում են կործանարար մոլություններով՝ հարբեցողություն, որկրամոլություն, թմրանյութեր, նաև կնամոլություն։ Այդ պատճառով էլ կերակուրներին չափազանցորեն տրված մարդուն ասում են որկրամոլ, երբ իր որկորը, այսինքն` որովայնի պարունակության ապահովումը դարձրել է նպատակ և ոչ թե լոկ ապրելու միջոց։ Այդ առիթով Պողոս առաքյալն ասում է. «Ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ՝ ըստ հոգու. արդարև նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. քանի որ մարմնավոր խորհուրդը մահ է, իսկ հոգևոր խորհուրդը` կյանք և խաղաղություն. քանզի մարմնավոր խորհուրդը թշնամություն է առ Աստված, որովհետև չի հնազանդվում Աստծո օրենքին. և նա ոչ իսկ կարող է: Նրանք, որ մարմնի իշխանության տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն» (Հռոմ. 8.5-5)։
ՈՒրեմն, մարմնավոր խորհուրդներին տրվելով մենք չենք կարող հաճելի լինել մեր Աստծուն։ Ավելին, դրանց տրվելով մինչև դժոխք կարող ենք իջնել։ Այդ պատճառով էլ անչափավոր ցանկություններին ամեն գնով հակառակվել է պետք, ինչն էլ հենց եկեղեցական պահքի բուն նպատակն է։ Եվ զուր չէ, որ եկեղեցու սուրբ հայրերը որկրամոլությունը դասել են յոթ մահացու մեղքերի շարքում։ Ընդհանրապես եկեղեցական պահքի վերջնանպատակը ոչ թե մարմինը զրկելն է իր սիրած կերակուրներից, այլ մեր հոգու զորացումը։ Եվ քրիստոնեական կյանքի հաղթական ավարտի և հոգու հավիտենական փրկության հասնելու համար ամենակարևոր ժամանակաշրջանը քառասունօրյա զատկական պահքի օրերն են։
Որպեսզի մեր պահեցողության ջանքերն ընդամենը սովաբուժության դիետայի չվերածվեն, անհրաժեշտ է որոշ նրբություններ իմանալ ճշմարիտ պահեցողության մասին, որը քրիստոնյա մարդու ապաշխարության ամենակարևոր զենքերից մեկն է։ ՈՒ որպեսզի ճշտենք, թե արդյոք ճի՞շտ ենք ընթանում, օգտվենք հոգու ճշգրիտ «կողմնացույցից»` Աստծո խոսքից, և այդ խոսքով ճշմարիտ պահքով սրբության հաղթանակի հասած սուրբ հայրերի խորհուրդներից։
Պահքի խորհուրդը սկսվել է դեռևս դրախտից, երբ Աստված ասաց. «Բարու և չարի գիտության ծառից մի կերեք» (Ծննդոց Բ. 17): Խախտելով այդ միակ պատվիրանը` Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից: Բայց քանի դեռ Արարչի կողմից, Հիսուս Քրիստոսի միջոցով մարդկային սերունդը երկնային դրախտ վերադառնալու խոստումն ունի, նորից անհրաժեշտ է պահեցողություն, բայց այս անգամ զղջումով, ապաշխարությամբ ու մեղքի դեմ պատերազմելով: Մեզ պահեցողության օրինակ ծառայեցին աստվածաշնչյան բոլոր ընտիր ծառաները, սկսած Մովսեսից, Դավիթ թագավորից, մյուս մարգարեներից: Նաև պահքի ու զղջման շնորհիվ իսպառ բնաջնջումից փրկվեցին Նինվե քաղաքի բնակիչները, իսկ հետո հրեա ժողովուրդը՝ Ասուրեոս թագավորի օրոք: Եվ վերջապես, բոլորիս համար պահեցողության ամենաընտիր օրինակը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, ով իր Ավետարանի քարոզությունները սկսելուց առաջ, քառասուն օր անապատում ոչինչ չճաշակելով, հաղթող դուրս եկավ սատանայի փորձությունից: Այդ է պատճառը, որ մեր Հայ առաքելական եկեղեցին տարվա օրերից 158-ը հայտարարում է պահեցողությանը նվիրված, որոնցից, ասացինք, ամենակարևորը Զատկական պահքն է, որպեսզի ամեն մի քրիստոնյա պահքով ու ապաշխարությամբ քննի իր անձը և իր հավատքի ընթացքն ուղղի հոգու փրկության շավիղները:
Որպեսզի մեր պահեցողության ընթացքը բարի և հաղթական ավարտ ունենա, օգտակար կլինի ծանոթանալ պահքի վերաբերյալ սուրբ հայրերի խրատներին, ովքեր ճշմարիտ պահեցողությամբ հաղթող դուրս եկան պատերազմից։
ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ. «Միամտությամբ հնազանդվենք Աստծո բարերար կամքին և արգելենք չար կամքի բոլոր հորդորները, մտքերի զգայությունների չար ու դառը շարժումները, որը պահքի լրումն ու կատարումն է և հասցնում է Կյանքի դռներին»:
ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ. «Զգուշացիր պահքը գնահատել լոկ պարզ ժուժկալությամբ: Նրանք, որ իրենց զսպում են ուտեստեղենից, բայց անկարգ են պահում, նմանվում են սատանային, որը չնայած ոչինչ չի ուտում, բայց չի դադարում մեղք գործելուց»:
ՀԱՅՐ ՊԻԵՄՆ. «Ժուժկալությունը առողջության մայրն է, իսկ զեխությունը՝ տկարության»:
ԱՆՏՈՆ ՄԵԾ. «Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում է միտքը, չափի ու հակակշռի տակ պահում կրքերը, ցրում ցանկության ամպերը, մարում սեռական կրակը, արծարծում ժուժկալություն և վաճառում ճշմարտության լույսը»:
ԵՐԱՆԵԼԻ ՀԵՐՈՆԻՄՈՍ. «Ոմանք չափազանց պահանջկոտ են ուտելիքի հանդեպ և թույլ չեն տալիս, որ իրենց բերանները վատ կերակուր մտնի, բայց այնքան էլ զգույշ չեն այն խոսքերի նկատմամբ, որ դուրս են գալիս իրենց շրթունքներից»:
ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ. «Պահքը միայն կերակուր ուտել-չուտել չէ, այլ մեղքերի խափանումը»:
Վկայություն պահքի մասին. Եղբայրը հարցրեց Հայր Սիսոյին. «Եթե երեք բաժակ գինի խմեմ, արդյո՞ք շատ է»: Պատասխանեց ծերը. «Եթե սատանա չկա, ապա շատ չէ»:
Այս ամենի մասին առավել ըմբռնելի գրել է Կոստանդնուպոլսի պատրիարք երջանկահիշատակ Շնորհք Գալուստյանն իր «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» գրքում. «Պահքից անբաժան էր աղոթքը: Սուրբ գրքում որտեղ էլ պահքի մասին հրահանգ է տրվում, միաժամանակ հանձնարարվում է աղոթքը: Իսկ պահքի ներկա ձևին, այսինքն` համադամ կերակուրներից և մսեղենից հրաժարվելու սովորությանը, առաջին անգամ հանդիպում ենք Դանիելի մարգարեական գրքում, որում ասված է. «Այդ օրերին ես` Դանիելս, երեք շաբաթ սուգի մեջ էի: Լավ հաց չկերա, միս և գինի չմտավ իմ բերանը, յուղով չօծվեցի, մինչև որ վերջացան երեք շաբաթները» (Դան. 10. 2-3):
Պահքի մասին մեր այս խորհրդածություններն ընդհանրացնենք Եսայի մարգարեի գրքից սքանչելի մի հատվածով, ուր Աստված մարգարեի բերանով հայտնում է, թե ինչպիսին է Իր ցանկացած պահքը: Այս հատվածում նախ Աստծո ժողովուրդն է, որը գանգատի ձևով հարց է տալիս Աստծուն.
«Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և Դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և Դու չիմացար»:
Աստված պատասխանում է.
«Որովհետև ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում և
կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ:
Հակառակության և կռիվների մեջ եք պահում և արհամարհում տկարին:
Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք ասեք Ինձ,
և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի և ոչ էլ այնպիսի
օրը, երբ մարդն իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի
նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի
պահք և ընդունելի օր. այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի:
Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունները ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր անիրավ մուրհակները:
Քաղցածների՛ն բաժանիր քո հացը և անօթևան աղքատների՛ն տար քո տունը.
եթե մերկ մարդ տեսնես` հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր:
Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը, և արագորեն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջևից պիտի ընթանա քո արդարությունը, և Աստծու փառքը պիտի պահպանի քեզ:
Այն ժամանակ պիտի կանչես, և Աստված պիտի լսի քեզ.
մինչև դու խոսես, Նա պիտի ասի, թե` «Ահա հասել եմ»:
Եթե դու քո միջից հեռացնես խարդախությունը,
ձեռնձգությունն ու տրտունջի խոսքերը,
քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս
և չքավոր մարդկանց կշտացնես,
այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը,
քո խավարը կվերածվի միջօրեի:
Քո Աստվածը ամեն ժամ քեզ հետ կլինի,
քո անձն ըստ ցանկության հագեցում կստանա,
և քո ոսկորները կլիանան ու կլինեն ինչպես ջրաբեր պարտեզ,
որից ջուրը չի պակասի
(Հմմտ. Եսայի 58. 3-11)։

Սուրբ գրքի մեջբերված հատվածներից ու եկեղեցու հայրերի այս խրատներից կարող ենք այս վերջին եզրակացությունը անել. պահքը ոչ միայն ուտել¬չուտելու մրցասպարեզ է, այլև սրտի և հոգու ախտավոր խորհուրդներից ապաշխարությամբ մաքրվելու անհրաժեշտ միջոց։ Մանավանդ աններողամտությունը, որի պատճառով բազում հոգիներ են դատապարտվում, քանզի տերունական «Հայր մեր» աղոթքը միայն շրթունքներով, կեղծավորաբար են արտասանել. «Ներիր մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին»։
Տերը թող բոլորիս օգնի այս առաջիկա պահեցողության օրերին, մինչև Զատկի օրը, միմյանց ներելով, ինչպես Քրիստոս Տերը մեզ ներեց, սուրբ Հարության օրը դիմավորելու շնորհ պարգևի բոլորիս։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2103

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ