Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բրուկների սիմֆոնիզմի «դիոնիսյան» խորխորատները և «ապոլոնյան» բարձունքները

Բրուկների սիմֆոնիզմի «դիոնիսյան» խորխորատները և «ապոլոնյան» բարձունքները
05.02.2016 | 12:09

Աստված, Քեզ ենք գովաբանում,
Տեր, Քեզ ենք հավատում,
Քեզ, հավիտենական Հայր, ամբողջ երկիրն է մեծարում։
Բոլոր հրեշտակները, բոլոր երկինքները և
տիեզերական ուժերը,
Քերովբեները և սերովբեները Քեզ են կանչում
անդադար ու ասում.
«Սուրբ, Սուրբ, Սուրբ ես, Տեր զորությանց...»։
«Te Deum»

Անտոն Բրուկների հնչյունակերտ տիեզերքում հայտնվեցի շնորհիվ մաեստրո Օհան Դուրյանի։ Հնչում էր ավստրիացի կոմպոզիտորի «Te Deum» («Աստված, Քեզ ենք գովաբանում») մեծակերտ կանտատը։ Հիրավի, բեմը նմանվում էր մի տիեզերքի, աստեղազարդ երկնքի, որտեղ սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը ասես զրնգուն աստղեր լինեին, համաստեղություններ կամ հրեշտակների բազմություն, որոնք երգ ու նվագով փառաբանում էին Արարչին։ Եվ այս ամենի «ներքին այրման շարժիչը» բեմում հազիվ նշմարվող, փոքրամարմին դիրիժորն էր։ Բլեզ Պասկալը կասեր՝ «մտածող եղեգը», մարդ, որը «Տիեզերքի խորքերում ընդամենը աննշան մի կետ է, որին ոչնչացնելու համար բավական է թեթև քամի կամ ջրի մի կաթիլ։ Բայց, ի տարբերություն անհուն Տիեզերքի, այդ «եղեգը» մտածել գիտե, և իր մտքով կարող է ինքն ընդգրկել, իր մեջ առնել ամբողջ Տիեզերքը»։ Այդպես էլ անում էր դիրիժորը՝ հնչյունների այդ տիրակալ «եղեգը», և «ընդ եղեգան փող բոց ելաներ»։
Այդ նվիրական օրվանից ինձ համար դիրիժորներին գնահատելու չափանիշներից մեկը դարձավ Բրուկների մեծակերտ սիմֆոնիզմը...

Ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Բրուկները ծնվել է 1824 թ. Լինց քաղաքի մերձակա Անսֆելդենում, անմահացել է 1896 թ. Վիեննայում։ Կոմպոզիտորի գործունեության հիմնական բնագավառը սիմֆոնիկ ժանրն էր։
Նա հեղինակ է 9 սիմֆոնիայի, 3 մեսսայի, «Ռեքվիեմի» և այլ գործերի։ Բրուկների սիմֆոնիաները կրում են Բեթհովենի, Շուբերտի, Վագների արվեստի բարերար ազդեցությունը։ Նրա սիմֆոնիաները մարմնավորում են փիլիսոփայական վեհ գաղափարներ, հերոսական կերպարներ, ռոմանտիկ բնապաշտություն, միստիկ պայծառացումներ, աստվածապաշտություն։ Նրա սիմֆոնիաներում հաճախ հնչում են կաթոլիկ խորալի թեմաներ, հնչերանգներ։ Գործիքավորման մեջ դրսևորվում է նաև երգեհոնային մտածողությունը։ Ինչպես մեծն Սեբաստիան Բախը, Բրուկները ևս երգեհոնահար էր, և դա նրա դրոշմն է թողել իր սիմֆոնիաների հնչողության վրա։ Այն դրսևորվում է գործիքային խմբերի հակադրման, պոլիֆոնիկ հյուսվածքի և այլ հնարքների մեջ։ Սրան գումարվել են նաև վագներյան նվագախմբին բնորոշ պղնձե փողայինների տիեզերահունչ ղողանջները։
Բրուկների սիմֆոնիաները փորձաքար են ցանկացած դիրիժորի համար։ Նրա սիմֆոնիաները կատարել են Արթուր Նիկիշը, Վիլհելմ Ֆուրտվենգլերը, Բրունո Վալտերը և այլ մեծեր։ Լավագույն մեկնաբաններից է նաև Գենադի Ռոժդեստվենսկին։
Մաեստրոն ղեկավարել է աշխարհի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերը՝ Մոսկվայի Մեծ թատրոնի, Նյու Յորքի, Քլիվլենդի, Բեռլինի, Լոնդոնի, Ստոկհոլմի, Ամստերդամի և այլն։ Ռոժդեստվենսկին հայտնի է նաև որպես բազմակողմանի երաժիշտ, հանրագիտակ, խորաթափանց երաժշտագետ։ Նա հաճախ իր համերգների սկզբում հանդես է գալիս ներածական խոսքով, լուսաբանում կատարվելիք գործերը՝ նպաստելով դրանց առավել ճշմարիտ ընկալմանը։
1983-84 թվականներին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում Ռոժդեստվենսկին կատարել է Բրուկների բոլոր սիմֆոնիաները, Խորհրդային Միության մշակույթի նախարարության իր իսկ հիմնադրած սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Այժմ թարգմանաբար ներկայացնենք Գենադի Ռոժդեստվենսկու ներածական խոսքը՝ 1-ին սիմֆոնիայի կատարման կապակցությամբ։
«Բրուկների ներքին լսողությունը տեսանողի լսողություն էր, մարգարեի լսողություն։ Բրուկները մտածում էր հնչյունային կատեգորիաներով, որոնք բնորոշ էին 20-րդ դարին՝ նրա հարմոնիաները, նրա ռիթմը, ձևակառուցողական նրա զգացողությունը ավելի շատ պատկանում են մեր դարին, քան 19-րդ։ Պատահական չէ, որ կոմպոզիտորի կյանքի օրոք նրա սիմֆոնիաները գրեթե չէին կատարվում։
Նվիրվելով սիմֆոնիկ ժանրին՝ տարիներ շարունակ Բրուկները չի լսել իր գործերը, այսինքն՝ նա դրանք լսում էր միայն «իր ներսում»։ Եվ այդ տանջալի վիճակը գործնականում շարունակվել է նրա ամբողջ կյանքում։ Ահավասիկ, 5-րդ սիմֆոնիայի կատարմանը նա սպասել է 18 տարի, իսկ 6-րդ սիմֆոնիայից կյանքի օրոք կատարվել է ընդամենը երկու մաս։ Ինչ խոսք, իրավիճակը ողբերգական էր։ Բրուկների կյանքում մեծ խնդիր էր և տառապանքների պատճառ ընկերների, այսպես կոչված, «օգնությունը», ովքեր ձգտում էին առավել մատչելի դարձնել կոմպոզիտորի երկերը։
Նրանք հարթեցնում էին «սուր անկյունները», ընդհուպ մինչև սիմֆոնիայի կառուցվածքի փոփոխությունը, ընդ որում` մի գործիքը փոխում էին մյուսով, կատարում խոշոր կրճատումներ։ Այն ժամանակ Բրուկների սիմֆոնիաները չափազանց երկար էին թվում նույնիսկ իր մերձավորներին, ովքեր պրոֆեսիոնալ և ազնիվ երաժիշտներ էին։ Բանն այն է, որ, եթե կարելի է այսպես ասել, նրանք «ձևն» ընկալում էին ըստ Եվկլիդեսի, մինչդեռ կոմպոզիտորը՝ ըստ Լոբաչևսկու...
Անվիճելի է, որ Բրուկների բարեկամները, իսկ դրանց շարքում էին անվանի երաժիշտներ, նրա ջերմեռանդ երկրպագուներ Ֆրանց և Յոզեֆ Շալկ եղբայրները, ղեկավարվում էին լավագույն մղումներով, և դրանով զրկում էին կոմպոզիտորին ամենաթանկ բանից՝ անկրկնելի անհատականությունից։ Սրտանց ցանկանալով տարածել Բրուկների երաժշտությունը՝ տարբեր երաժշտական սալոններում երկու դաշնամուրով էին կատարում նրա սիմֆոնիաները, բայց ձևափոխած վիճակում։ Այսպիսով, ներկաները սիմֆոնիաների մասին պատկերացում էին կազմում՝ ելնելով այդ խղճուկ նմանակումներից։ Սա էր պատճառը, որ կոմպոզիտորը ենթարկվում էր քննադատների անդադար հալածանքների, ովքեր միմյանց գերազանցում էին, այսպես կոչված, սրամտությամբ, նրան դարձնելով մշտապես գնդակոծվող թիրախ։ Ֆրանց Յոզեֆ կայսեր մոտ ընդունելության ժամանակ Բրուկները նրան դիմեց միակ խնդրանքով. պաշտպանել իրեն քննադատների հարձակումներից։ Կայսրը մերժեց, պատճառաբանելով, թե անհնար է ճնշում գործադրել ավստրիական «ազատ մամուլի» վրա։
Բրուկները չափազանց համեստ և մեծ մարդ էր։ Արդեն հասուն տարիքում նա խնդրել է ընկերոջը՝ Ֆրիդրիխ Կլոզեին, փնտրել և ուղղել իր՝ Բրուկների պարտիտուրներում հարմոնիայի օրենքներով արգելված զուգահեռ օկտավաները։ Երբ Կլոզեն ասաց, որ նման օկտավաներ կարելի է գտնել և Վագների մոտ, Բրուկները պատասխանեց, որ Վագներին դա կարելի է ներել, որովհետև Վագները վարպետ է, իսկ ինքը՝ Բրուկները, «աշակերտ»։ Միևնույն ժամանակ Բրուկները համոզված էր, որ իր երաժշտությունը ապագա ունի, և ինքը ճիշտ ուղու վրա է։
8-րդ սիմֆոնիայի կատարման առիթով դիրիժոր Ֆելիքս Վայնգարտներին ուղղված նամակում կարդում ենք. «Ես խորհուրդ եմ տալիս Ձեզ ֆինալը կրճատել։ Ամբողջությամբ այն կարելի է կատարել ապագայում, այն էլ նեղ շրջանակում...»։ Մահից 4 տարի առաջ Բրուկները իր ձեռագիր պարտիտուրները պահ տվեց Վիեննայի պալատական գրադարանին, իսկ ծրարի վրա գրեց. «Ապագայի համար»։ Այդ ապագան եկավ 1927 թվականին, երբ բրուկներյան միջազգային ընկերությունը սկսեց պարտիտուրների բնօրինակների վերականգնման իր վիթխարի աշխատանքը։ Դրանցից առաջինը լույս տեսավ 1931 թվականին։ Հենց այդ խմբագրությամբ էլ բրուկներյան սիմֆոնիաներն ընդգրկվեցին Վիլհելմ Ֆուրտվենգլերի, Բրունո Վալտերի, Կառլ Բյոմի երկացանկում։


Անտոն Բրուկների 1-ին սիմֆոնիան գրվել է 1865-66 թվականներին Լինց քաղաքում, դրա համար էլ կոչվում է «Լինցեր-սիմֆոնիա»։ Վերջինս ավարտելուց հետո Բրուկները, ըստ իր սովորության, սկսեց վերանայել այն, և 1868 թ. պրեմիերայի առիթով ստեղծեց պարտիտուրի նոր տարբերակ։ Առաջին կատարումը, համեմատ Բրուկների նախորդ պրեմիերաների, ընդունվեց բավական ջերմ։
Այսպես, օրինակ, վիեննական անվանի քննադատ Էդուարդ Հանսլիկը դրվատանքի խոսքեր ասաց, սակայն անուղղակի կերպով։ Թերթերից մեկում նա գրեց. «Եթե Բրուկները, իրոք, ուսանել է Վիեննայի կոնսերվատորիայում, ապա մենք կարող ենք շնորհավորել այդ օջախը»։ Ընդ որում՝ նա, միանգամայն անկեղծ, սրտանց խորհուրդ տվեց կոմպոզիտորին գրել ավելի պարզ։ Բայց, նույնիսկ նման «փայլուն» գրախոսականից հետո, 1-ին սիմֆոնիայի ապագա ճակատագիրն անհաջող էր՝ ոչ ոք չէր ուզում կատարել այն։ Հրաժարվելով կատարելուց Բրուկների սիմֆոնիան, պատճառաբանելով, թե այն «ծանրաշարժ է և վայրենի», Վիեննայի հռչակավոր սիմֆոնիկ նվագախումբը ձեռք բերեց տխուր համբավ»։
Զարմանալի չէ, որ կոմպոզիտորը ծանր դեպրեսիայի մեջ ընկավ։ Ժամանակին նա նույնիսկ ուզում էր փոխել մասնագիտությունը՝ դառնալ գրագիր և լքել Ավստրիան։ Նա նախընտրում էր երկու երկիր՝ Մեքսիկան և Ռուսաստանը, «կամ էլ մեկ այլ երկիր,- ինչպես Բրուկները գրել է իր բարեկամ Վայնվուրմին,- եթե մեր հայրենիքը մեզ չի ընդունում»։
Առաջին սիմֆոնիան ստեղծելուց 24 տարի անց Բրուկները կրկին անդրադարձավ նրան։ Շարժառիթն էր սիմֆոնիան կատարելու՝ դիրիժոր Հանս Ռիխտերի ցանկությունը։ Եվ Բրուկները, դարձյալ ըստ իր սովորության, 1890 թվականին ձեռնամուխ եղավ պարտիտուրի հիմնովին վերանայմանը։ Նա սիրում էր այդ ստեղծագործությունը, քաջ գիտակցում էր, որ որքան անսովոր է այն, այնքան դժվար է կատարման համար, և բոլոր առումներով, ուստի սիմֆոնիան անվանում էր «իմ փոքրիկ դարձորյակ»։ Սիմֆոնիայի 1-ին (Լինցի) և 2-րդ (Վիեննայի) խմբագրությունների միջև տարբերությունը շատ մեծ էր։ Վիեննական պարտիտուրում նոր դրվագները շատ են, վերանայված են համամասնությունները և գործիքավորումը։ Տարբերություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները։ Պետք չէ մոռանալ, որ վիեննական տարբերակը ստեղծվել է տարեց վարպետի կողմից, որն արդեն գրել էր 7-րդ և 8-րդ սիմֆոնիաները և սկսել էր աշխատել 9-րդի վրա։
Այսպիսով, 1-ին սիմֆոնիայի վերջին տարբերակը երիտասարդ կոմպոզիտորի գաղափարների և հասուն վարպետի իմաստնության մի արտասովոր միաձույլ է, ինչը արվեստի պատմության մեջ բացառիկ դեպքերից է։
Բրուկների սիմֆոնիաները Ռուսաստանում սկսեցին կատարել 20-րդ դարի 30-ական թվականներին։ Դրանցից մի քանիսը տեղ են գտել դիրիժորներ Եվգենի Մռավինսկու, Կառլ Էլիասբերգի, Նիկոլայ Ռաբինովիչի երկացանկում։ Վերջերս Բրուկների սիմֆոնիաները սկսել է կատարել Եվգենի Սվետլանովը, իսկ 8-րդ սիմֆոնիան նա ձայնագրել է սկավառակի վրա»...
Գենադի Ռոժդեստվենսկու այս բովանդակալից խոսքին դժվար է որևէ բան ավելացնել։ Մեզ մնում է նրա հիշատակած դիրիժորների շարքին դասել նաև Օհան Դուրյանին, քանզի Բրուկների սիմֆոնիաների նրա կատարումները նոր երանգ են հաղորդում կոմպոզիտորի մարմնավորած կերպարներին։ Հայ դիրիժորը յուրովի է շեշտադրում Բրուկների երաժշտության տարերային զորությունը, պղնձե փողայինների միաձույլ համազարկերը, փայտյա փողայինների հովվերգականությունը, լարայինների երգայնությունը։
Իսկ սկերցոներում ժայթքող «դեմոնիզմը» պարզապես մարտահրավեր է նետում ու մահացու հարված հասցնում չարի ուժերին։ Ղեկավարվելով Ֆրիդրիխ Նիցշեի առաջ քաշած սկզբունքներով, կարելի է ասել, որ Դուրյանը, ինչպես և Ֆուրտվենգլերը, ավելի շատ ընդգծում է Բրուկների սիմֆոնիզմի «դիոնիսյան» խորխորատները, միստիկ ոլորտները, իսկ Ռոժդեստվենսկին, ինչպես Հերբերտ ֆոն Կարայանը, ուղղորդում է դեպի «ապոլոնյան» արևաշող հեռաստաններ։
Տվյալ դեպքում դիցաբանական այս խորհրդանիշները չեն հակասում Բրուկների դավանանքին, չեն ստվերում կոմպոզիտորի սիմֆոնիայի քրիստոնեական լույսը, քրիստոնեական, այսինքն՝ համամարդկային, էությունը։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2654

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ