«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

4.Stratfor-ի աշխարհաքաղաքական վերլուծությունը 2015-2025-ին

4.Stratfor-ի աշխարհաքաղաքական վերլուծությունը 2015-2025-ին
07.02.2016 | 11:55

Ռուսաստան


Քիչ հավանական է, որ Ռուսաստանի Դաշնությունը իր ներկա տեսքով պահպանվի: Էներգառեսուրսների արտահանումից ստացած շահույթը կայուն տնտեսության վերածելու Ռուսաստանի անկարողությունը խոցելի է դարձնում նրան աշխաջրածինների գների տատանման առաջ: ՌԴ-ն շուկայական այդ գործընթացներից պաշտպանվելու միջոց չունի: Հաշվի առնելով Դաշնության կառուցվածքը, որտեղ արտահանումից ստացած շահույթը նախ գնում է Մոսկվա, հետո միայն վերահասցեագրվում տեղական կառավարություններին, ռեգիոնները այդ շահույթի շատ տարբեր մասերն են ստանում, և դա հանգեցնելու է 1980-ականների ու 1990-ականների փորձի կրկնությանը, երբ Մոսկվան կորցրել էր պետական ինֆրակառույցներին աջակցելու կարողությունը: Դա կստիպի ռեգիոններին պրոբլեմներից ինքնուրույն ազատվել՝ ձևավորելով պաշտոնական ու ոչպաշտոնական ինքնիշխան միավորումներ: Մոսկվայի ու ծայրամասերի տնտեսական կապերը թուլանում են: Պատմականորեն այդ պրոբլեմները Ռուսաստանը լուծում էր հատուկ ծառայությունների՝ ՊԱԿ-ի և նրա ժառանգորդ ԱԴԾ (Անվտանգության դաշնային ծառայության) միջոցով: Բայց, ինչպես 1980-ականներին, հատուկ ծառայությունները ի վիճակի չեն լինի զսպել կենտրոնախույս ուժերը, որ ռեգիոնները կտրում են կենտրոնից: Կոնկրետ այս դեպքում ԱԴԾ-ի հնարավորությունները թուլացնում է նրա ներգրավվածությունը ազգային տնտեսության մեջ: Առանց իրական սարսափ ներշնչող ԱԴԾ-ի Ռուսաստանի մասնատումը հնարավոր չէ կանխել:
Ռուսաստանից արևմուտք՝ Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան կփորձեն վերադարձնել տարածքները, որ ժամանակին կորցրել են ռուսների հետ պայքարում: Նրանք կփորձեն միացնել ՈՒկրաինան ու Բելառուսը: Հարավում Ռուսաստանը կկորցնի Հյուսիսային Կովկասի վերահսկողությունը, Միջին Ասիայում անկայուն իրավիճակ կստեղծվի: Հյուսիս-արևմուտքում Կարելիան կփորձի վերադառնալ Ֆինլանդիայի կազմ: Հեռավոր Արևելքում անկախ քաղաքականություն կսկսեն վարել ծովամերձ շրջանները, որ ավելի կապված են Ճապոնիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի, քան Մոսկվայի հետ: Մյուս ռեգիոնները ինքնավարություն գուցե և չորոնեն, բայց կստանան իրենց կամքից անկախ: Հիմնական գաղափարը՝ Մոսկվայի դեմ ապստամբություն չի լինի, հակառակը՝ թուլացող Մոսկվան իրենից հետո վակուում կթողնի, որի մեջ գոյությունը կշարունակեն նախկին ՌԴ-ի առանձին հատվածներ: Դա կհանգեցնի հաջորդ տասնամյակի մեծագույն ճգնաժամի: Ռուսաստանը վիթխարի միջուկային զինանոց ունի՝ ամբողջ երկրով տարածված: Մոսկովյան իշխանության թուլացումը այդ հրթիռների վերահսկողության հարցն է բարձրացնելու, նաև՝ ինչպես երաշխավորել, որ հրթիռները չեն օգտագործվի: ԱՄՆ-ի համար դա մեծ փորձություն է: Վաշինգտոնը միակ ուժն է, որ կարող է նման խնդիր լուծել, բայց ամերիկացիները ի վիճակի չեն լինի ֆիզիկապես վերահսկողության տակ վերցնել վիթխարի թվով հրթիռային բազաները զուտ ռազմական ճանապարհով, ընդ որում՝ որ ոչ մի հրթիռ այդ ընթացքում չկրակի: ԱՄՆ-ը պետք է մշակի ռազմական լուծում, որը հիմա դժվար է պատկերացնել, համակերպվի հրթիռների պատահական արձակման սպառնալիքին կամ միջուկային ռեգիոններում ստեղծի կայուն և տնտեսապես հաստատուն կառավարություն, որպեսզի հետո ժամանակի ընթացքում հնարավոր լինի հրթիռները վնասազերծել: Հիմա դժվար է ասել՝ ինչպես կզարգանա իրավիճակը: Բայց հաշվի առնելով մեր կանխատեսումը՝ Ռուսաստանի մասնատումը, առաջիկա տասը տարում այդ պրոբլեմը այս կան այն կերպ պետք է լուծել:
Տասնամյակի առաջին կեսի խնդիրը կլինի տարածքը, որի վրա կձևավորվի նոր Բալթյան-Սևծովյան միությունը: Տրամաբանական կլինի ընդլայնել մինչև Ադրբեջան և Կասպից ծով:


Հ.Գ. Պատկերացնո՞ւմ եք որևէ ռուսի դեմքի արտահայտությունը, եթե կարդա Stratfor-ի
այս վերլուծությունը, որքան էլ երկրում ճգնաժամ է ու ծանր տնտեսական իրավիճակ: Ես չեմ պատկերացնում, առավել ևս չեմ հավատում, որ մինչև վերջ կկարդա: Ինչի՞ վրա են հիմնված Stratfor-ի վերլուծաբանների այս կանխատեսումները: Իրենց ցանկությունների՞, թե՞ կան այլ պատճառներ, որոնց մասին չի խոսվում: Բայց փլուզվեց, չէ՞, ԽՍՀՄ-ը: Հաշվի առնելով, որ Ռուսաստանում տասնյակ ազգություններ են ապրում, չի բացառվում հենց ազգային հատկանիշով երկրի մասնատումը: Այնուամենայնիվ, բացի կենտրոնաձիգ կառավարման, եկամուտների անհավասարաչափ բաշխման, տնտեսական ծանր իրավիճակի գործոններից, կան նաև պետություն ձևավորող այլ ընդհանրություններ, որոնք ակնհայտորեն կկանխեն ՌԴ-ի մասնատումը: Ի վերջո, նույնիսկ եթե ՌԴ-ն տրոհվի, աշխարհը պատրաստ չէ 88-89 նոր պետությունների հետ համակեցության՝ նրանց պահել-պահպանելու ու նրանց խնդիրները լուծելու, այնպես որ նույն Արևմուտքի գերխնդիրն է պահպանել Ռուսաստանի Դաշնությունը, այո, թուլացնել, բայց պահպանել: Ի վերջո, Stratfor-ի վերլուծաբանները, կարծես, բացարձակապես մոռացել են Պուտինի գործոնը: Եթե Լենինը, որին հիմա Պուտինը քննադատում է, կարողացավ քանդել երեքհարյուրամյա Ռուսական կայսրությունը, նա կկարողանա պահպանել ՌԴ-ն իբրև քաղաքական միավոր, թեկուզ տնտեսական կազմաքանդման ու ռեգիոնների՝ հարևան պետությունների գերազդեցության տակ ընկնելու գնով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ