USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

«Ընտրյալների» քաղաքական դիրքն ու գործունեությունը որոշակի ազդեցություն ունեն հանրային կարծիքի ձևավորման վրա»

«Ընտրյալների» քաղաքական դիրքն ու գործունեությունը որոշակի ազդեցություն ունեն հանրային կարծիքի ձևավորման վրա»
09.02.2016 | 00:50

«Ճշմարտությունն ասելու համար քաղաքական գործիչը պետք է խոսի, ստելու համար լռելն էլ բավական է»: Թևավոր մտքի կշիռ ունեցող այս ձևակերպումը դժվար է վիճարկել, առավել ևս, կասկածի տակ դնել: Այդպես է իրոք: Վերջին քսանհինգ տարում հայրենի քաղաքական միտքն այնպիսի վայրիվերո «թռիչքներ» է արձանագրել՝ «խոսողների» ու «լռողների» մշտական դերակատարությամբ, որ գրեթե անհնար է դարձել ճշմարտությունն ասողներին ու ստողներին տարբերակելը: Իսկ տարբերակել պետք է: «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու խորհրդական ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ տարբերակման իր բանաձևն է առաջարկում:

-Պարոն Իսագուլյան, որքան էլ տարօրինակ թվա, այնուամենայնիվ, պետք է հարցադրեմ. չե՞ք կարծում, որ անհետաքրքիր են դարձել քաղաքական գործիչների հետ քաղաքական թեմաներով զրույցներն ու հարցազրույցները: Հետաքրքիր է, խոհափիլիսոփայական ի՞նչ հենք ունեն մեր քաղաքագետներն ու քաղաքական գործիչները, որոնք մտածողություն, վարքականոն ու գործունեություն են ուղղորդում:
-Հարցն անչափ հետաքրքիր է, քանզի կարևոր է, թե ինչ հանգամանքներում և ում կողմից է ակնկալվում կամ տրվում այս կամ այն քաղաքական հարցի պատասխանը, պատասխանողն ինչքանով է ազատ իր մտքերի ձևակերպման մեջ, և արդյո՞ք դրանք իր կամքի արտահայտությունն են, թե՞ ընդամենը ստանդարտ ձևակերպումներ են՝ առանց որոշակիության:
-Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում՝ կթարգմանե՞ք:
-Թարգմանության կարիք, թերևս, կա, որովհետև մեր ժամանակներում անչափ կարևոր է՝ որևէ հարցի պատասխանող ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում, քանզի հարցի պատասխանը կարող է հետապնդել մի քանի նպատակ.
ա) ասել այն, ինչ դու իրականում գիտես այդ հարցի վերաբերյալ, դա ճիշտ է և այն ուզում ես փոխանցել հանրությանը,
բ) խուսափում ես պատասխանից և այն լղոզում ես ընդհանրական ձևակերպումների մեջ՝ ըստ էության ոչինչ չասելով,
գ) խուսափում ես պատասխանից,
դ) պատասխանդ բխում է քեզանից «վերև» գտնվողների ցանկություններից (դու քծնում ես) և այլն, և այլն: Այսինքն, պատասխանողը չունի ազատության այն աստիճանը, որի դեպքում երկխոսությունը կարելի է համարել անշահախնդիր:
-Փաստորեն, հարցապնդողն ինքը պետք է եզրահանգում անի՝ պատասխանողը որ դեպքում ինչ սկզբունքով է առաջնորդվում:
-Քավ լիցի, դա հասկանալն առաջին հայացքից է միայն բարդ ու անիրագործելի թվում, իրականում այն շատ ավելի պարզ է: Տեխնիկայի ու հնարավորությունների այսօրվա պայմաններում ամեն ինչ ստուգելն ու ճշմարտությունը գտնելն այնքան էլ բարդ չէ, եթե դրա ցանկությունը մենք ունենք, ու եթե կոնկրետ պատասխանողի մտքերի իսկությունը մեզ, որպես քաղաքացու, հետաքրքրում է:
-Դուք առաջարկում եք ծառայողական քննության նման մի բա՞ն անցկացնել: Բայց չէ՞ որ դա, տեսականորեն որքան էլ դյուրին, գործնականում նույնքան անհնար է՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, որոնք Ձեզ էլ շատ լավ հայտնի են:
-Բայց ես ամենևին նկատի չունեմ, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքական գործչի կամ քաղաքագետի ասածների նկատմամբ հետաքրքրության այդ մակարդակը ցուցաբերել: Ասածս վերաբերում է «ընտրյալներին», որոնց քաղաքական դիրքն ու գործունեությունը որոշակի ազդեցություն ունեն հանրային կարծիքի ձևավորման վրա: Նրանց թիվն այնքան էլ մեծ չէ, ու նրանց մասին հնարավորինս սպառիչ ճշմարտություն իմանալն անչափ կարևոր է, հատկապես, եթե նկատի ենք ունենում մեր պետության փոքր մասշտաբները, միմյանց հետ ունեցած բնակչության սերտ կապերն ու ժողովրդի մեջ առկա կարծիքները:
-Բայց կարծիքները չափազանց տարբեր են, հաճախ՝ իրարամերժ, ո՞րն ընդունել որպես իրականություն:
-Մեզնից յուրաքանչյուրի բանականությունը, տարբեր կարծիքներ համադրելու և ճիշտ եզրակացություն անելու ունակությունը: Մենք չպետք է առաջնորդվենք զգացմունքներով, երբ խնդիրը մեր ու գալիք սերունդների հետագա ճակատագիրն է: Պետք է մտածենք, խորհենք ու խորհրդակցենք, քննարկենք ու բացահայտենք ճշմարտությունը:
-Բայց չէ՞ որ սա հենց այն դեպքն է, երբ պատրաստի դեղատոմս չկա, ու շատ դժվար է ճիշտ ախտորոշել՝ որտե՞ղ է «թաղված շան գլուխը», և ո՞ւմ ասածն ընդունել որպես ճշմարտություն:
-Հասարակությունը, որպես ամբողջություն, ունի ընդհանրական գիտակցություն, և եթե ազատ հասարակություն է, ապա նրա մտածողությունը միշտ էլ կողմնորոշվելու է դեպի ճշմարտությունը, որովհետև ընդհանրական գիտակցության մեջ ինքնապահպանության, զարգացման ու հենց այդքանով էլ հարատևության կոդավորումն առկա է: «Ընտրյալների» առաքելությունը հասարակության ազատությունն ապահովելն է, ինչպես իմ լավագույն ընկերներից մեկն է ասում՝ «իրավունք ունեցողի իրավունքով», իսկ «իրավունք ունեցողի իրավունքը» միայն նրանց է տրված, ովքեր իրենց գաղափարներով, գործով ու կյանքով ապացուցել են դա՝ երբեք չխուսափելով ասելուց այն, ինչը համարել են ճշմարիտ:
-Եթե դժվար չէ, պարոն Իսագուլյան, մատնանշեք գոնե մեկ «իրավունք ունեցողի»:
-Ինչպես Դուք, այնպես էլ յուրաքանչյուրը կարող է դա անել:


Զրույցը՝
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԻ

Դիտվել է՝ 1913

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ