Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի աննախադեպ մերձեցման մեջ պետք է տեսնել ապագա եվրասիական ռազմավարական եռյակի նախատիպը

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի աննախադեպ մերձեցման մեջ պետք է տեսնել ապագա եվրասիական ռազմավարական եռյակի նախատիպը
09.02.2016 | 02:14

Մինչ Արևմուտքում և ԱՊՀ-ում մտածում ու բանավիճում են, թե ինչ շահ կարող են քաղել հակաիրանական պատժամիջոցների չեղարկումից և որ կողմը «կթեքվի» Իրանը տնտեսության մեջ բաղձալի առաջընթացի հասնելու համար, բուն Թեհրանում, դատելով չոր փաստերից, այլ բան են մտածում։ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի գլխավորությամբ չինական ստվարաթիվ պատվիրակության հունվարի 22-ին Իսլամական Հանրապետություն Չինաստանի ղեկավարի կատարած առաջին այցն էր վերջին 14 տարվա ընթացքում։ Արդյունքում երկու երկրները համաձայնության հասան բոլոր «միջազգային, տարածաշրջանային և երկկողմ գործերում ռազմավարական գործընկերության» շուրջ։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն ավելի վաղ 17 համաձայնագիր ու փաստաթուղթ էին ստորագրել երկկողմ համագործակցության վերաբերյալ։ Իրանն ու Չինաստանը պայմանավորվել էին գալիք տասնամյակի ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունն ավելացնել ավելի քան 10 անգամ, հասցնելով 600 մլրդ դոլարի։ Իսկ իրանա-չինական բարձր մակարդակի բանակցությունների ոչ հրապարակային մասը մնում է կադրից և Իրանի ու աշխարհի առաջատար լրատվամիջոցների հաղորդագրություններից դուրս։ Բոլորը, սակայն, ուշադրության են առել այն փաստը, որ համատեղ մամուլի ասուլիսում «ռազմավարական գործընկերության» մասին վերամբարձ հայտարարել են թե՛ Սի Ցզինպինը, թե՛ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ընդ որում` երկու առաջնորդների տրամադրությունն էլ անսքող բարձր է եղել։ Ինչպես որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` անցած տարի Թեհրան կատարած այցի դեպքում, Իրանի արտքաղաքական գերակայությունների առաջնահերթության հաստատում դարձավ Սի Ցզինպինին ընդունելու իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի համաձայնությունը։ Բացի պաշտոնական հաղորդագրություններից, ՉԺՀ նախագահի հետ այաթոլլահ Խամենեիի բանակցությունների մասին ոչ մի լրացուցիչ մանրամասն, փաստորեն, չկա։ Այսպես, IRNA-ն և «Reuters»-ը հաղորդել են, որ Խամենեին Չինաստանի հետ ավելի սերտ տնտեսական համագործակցության, ինչպես նաև անվտանգության ասպարեզում կապերի ամրապնդման կոչ է արել, քանի որ, նրա խոսքերով ասած, Իրանը երբեք չի վստահել և չի վստահում Արևմուտքին։ Կարելի է մեկ անգամ ևս հիշեցնել. Իրանի Գերագույն առաջնորդը խիստ հազվադեպ է իր մոտ ընդունում օտար պետությունների ղեկավարներին։ Իսկ հիմա մի կարճ ժամանակամիջոցում նա անհրաժեշտ համարեց ընդունել Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդներին. փաստերն իսկ հատկանշական են և վկայում են, առնվազն, Թեհրանի լուրջ մտադրությունների մասին` իր ավանդը մուծելու աշխարհի, մասնավորապես Մերձավոր Արևելքի փոփոխվող աշխարհաքաղաքականության մեջ։
Ռազմավարական գործընկերությունը դատարկ խոսք չէ Իրանի համար։ Օրինակ, Թեհրանը ձգտել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Չինաստանի հետ առանձնահատուկ փոխըմբռնման և գործակցության հասնել այն բանից դեռ շատ առաջ, երբ Բաղդադում բացվեց քառակողմ ռազմատեղեկատվական կենտրոնը և սկսվեց ՌԴ ռազմատիեզերական ուժերի գործակցությունը «ցամաքում» ահաբեկիչների դեմ գործող սիրիական բանակի, իրանական հատուկջոկատայինների և շիական կամավորականների հետ։ Եվ ռազմավարական գործընկերությունը, առաջին հերթին, ենթադրում է առանձնակի համագործակցության հարաբերություններ ռազմական, ռազմատեխնիկական և էներգետիկ ոլորտներում։ Դեռ 2014 թ. սեպտեմբերին Իրանն ու Չինաստանը հեռագնա քայլեր էին ձեռնարկել. պատմության մեջ առաջին անգամ չինական ռազմանավերը կառանվեցին իրանական Բանդար Աբբաս նավահանգստում, այնուհետև մասնակցեցին Պարսից ծոցում անցկացված համատեղ ռազմածովային զորավարժություններին։ Արդեն այն ժամանակ արևմտյան վերլուծաբանները անհանգստացած հայտարարեցին, որ ռազմածովային ոլորտում Իրանի ու Չինաստանի համագործակցությունը նպատակամղված է Պարսից ծոցում Իրանի ռազմական հզորության մեծացմանը, ինչպես նաև վկայում է Արևելյան Ասիայի սահմաններից դուրս իր ազդեցությունն ու ներկայությունն ուժեղացնելու Չինաստանի մտադրության մասին։ «Դա բացահայտորեն ցույց է տալիս, որ Պեկինը ճանաչում է այդ հարաբերությունները (Իրանի հետ), որոնք համեմատաբար գաղտնի էին պահվում մինչև հիմա»,- հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ռազմածովային փորձագետ Քրիստիան Լամիերը։
Ապա 2014 թ. հոկտեմբերի վերջին Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլա Սայյարին այցելեց Չինաստան և բանակցություններ վարեց ՉԺՀ պաշտպանության նախարար Չան Վանցյուանի հետ։ Այն ժամանակ Չինաստանի ռազմական նախարարը հայտարարեց, որ Պեկինն ուզում է ռազմական ոլորտում ավելի սերտ համագործակցություն հաստատել Իրանի հետ։ Վանցյուանի խոսքերով ասած, երկու երկրների զինված ուժերը վերջին տարիներին «լայնորեն գործակցում են, փոխայցելություններ կատարում, կադրեր են պատրաստում, համագործակցում են այլ ոլորտներում»։ Նա նաև ընդգծեց, որ Չինաստանը պատրաստ է «Իրանի հետ հաստատելու հետագա գործարար համագործակցություն և ամրապնդելու ռազմական կապերը»։ Սայյարին իր հերթին հայտարարեց, որ Իրանը մեծ ուշադրություն է նվիրում ՉԺՀ-ի հետ իր կապերին և «պատրաստ է ընդլայնելու երկկողմ համագործակցությունը երկու երկրների զինված ուժերի միջև, հատկապես ռազմածովային ոլորտում»։ Չինական պետական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Սայյարիի այցի ընթացքում նրա համար ճանաչողական շրջագայություն է կազմակերպվել չինական մեկ սուզանավի և մի քանի ռազմանավերի վրա, որտեղ նա «հիմնարար տեղեկություններ է լսել չինական սարքավորումների և զինահամակարգերի վերաբերյալ»։ Նշվեց, որ իրանցի ծովակալը ծովահենների դեմ ուղղված գործողություններում երկու նավատորմերի համագործակցության հնարավորության հույս է հայտնել։
Հայտնի է, որ 2015 թ. ապրիլի 16-ին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը Մոսկվայում անցկացված Անվտանգության միջազգային 4-րդ խորհրդաժողովի շրջանակներում Ռուսաստանին, Հնդկաստանին ու Չինաստանին կոչ արեց ավելի ակտիվ ռազմական համագործակցություն ծավալել և կոնսուլտացիաներ սկսել այդ հարցի շուրջ` «դեպի Արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, ինչպես նաև ՀՀՊ գլոբալ համակարգի տեղաբաշխմանը հակազդելու համար»։ Ռուսաստանի հետ Իրանի ռազմական կապերի մասին հաճախ է գրվել, ուստի ուշադրությունը սևեռենք այն բանի վրա, թե ինչ վիճակում են ռազմական ոլորտում Թեհրանի ու Պեկինի հարաբերությունները։ Երկկողմ կապերը առանձնապես ակտիվացան 2015 թ. աշնանը։ Հոկտեմբերի 14-15-ին Իրանում էր գտնվում Չինաստանի ստվարաթիվ ռազմածովային պատվիրակությունը` ՉԺՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Չինաստանի ռազմածովային ուժերի ծովակալ Սուն Ցզյանգոյի գլխավորությամբ։ Բանակցությունների արդյունքների հիման վրա Իրանի ՌԾՈՒ գլխավոր հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլա Սայյարին հայտարարեց, որ Թեհրանն ու Պեկինը մտադիր են ընդլայնելու երկու երկրների ռազմածովային ուժերի գործակցությունը։ Մեկնաբանությունների համաձայն, այդ հանդիպման հիմնական նպատակը կարելի է համարել երկկողմ համագործակցության խորացումը մասնագետների պատրաստման, փորձի փոխանակության և Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում անվտանգության պահպանման ասպարեզում։
Ծովակալ Սուն Ցզյանգոյից հետո Իրան ժամանեց նաև Չինաստանի մի ներկայացուցչական ռազմաօդային պատվիրակություն` ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Մա Սյաոտյանի գլխավորությամբ։ Թեհրանից հաղորդեցին, որ Իրանն ու Չինաստանը ծրագրում են զարգացնել ռազմական համագործակցությունը օդում։ Երկու երկրների ռազմաօդային ուժերի ղեկավարները քննարկեցին ընդլայնված համագործակցության հնարավորությունը։ «Հուսով ենք, որ մեր համագործակցությունը կարող է նոր մակարդակի բարձրանալ»,- ասել է չինական ՌՕՈՒ գլխավոր հրամանատար Մա Սյաոտյանը։ Ըստ որում, հայտնի է, որ Չինաստանի ՌՕՈՒ գեներալակազմը հանդիպում է ունեցել ոչ միայն Իրանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Հասան Շահ-Սաֆիի հետ` հաշվի առնելով Չինաստանում ավիակրի ու տախտակամածային մարտական ավիացիայի առկայությունը, չինական զինվորականների հետ հանդիպում են ունեցել նաև Իրանական ՌԾՈՒ բարձրաստիճան սպաներ։ Ի դեպ, հետաքրքիր կլինի իմանալ, որ Իրանի պաշտպանության նախարար Դեհղանը ևս նախկինում զինվորական օդաչու է եղել, մասնակցել է իրանա-իրաքյան պատերազմին, ուստի զարմանալի չէ, որ օդում երկու պետությունների զինվորականների գործակցության մասին հավասարապես խոսում են և՛ Թեհրանում, և՛ Պեկինում։ Վերջապես, ակնկալվում է նաև երկու երկրների համագործակցությունը փոխադարձ զինամատակարարումների ոլորտում։
Հիմա ռազմավարական գործընկերության հաջորդ բաղկացուցչի մասին. այսօրվա դրությամբ հենց Չինաստանն է իրանական նավթի ու բնական գազի հիմնական գնորդը։ Վերջին 2-3 տարում Պեկինը կտրուկ ավելացրել է նավթի գնման ծավալը, իսկ հիմա` ավելի շատ, կապված Արևմուտքի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման հետ։ Իսկ գազամատակարարումները ամենամոտ ապագայի ռազմավարական գործոն են։ Եվ ահա այստեղ պետք է հիշել, որ Իրանից ՉԺՀ գազի մատակարարումները կատարվել են ամենատարբեր ձևերով, այդ թվում հեղուկ գազի տեսքով։ Եվ դեռ այն ժամանակ, երբ շահագործման էր հանձնվում Իրան-Հայաստան գազամուղը, Թեհրանում վերակենդանացրին դեպի Չինաստան արտահանական գազամուղի շինարարության նախագիծը։ Այն ստացել էր «Խաղաղություն» հավակնոտ անվանումը։ Համարվում էր, որ այդ գազամուղը խաղաղություն կբերի այն երկրներին, որոնց տարածքով անցնելու է (Աֆղանստան, Պակիստան)։ Իրանական լրատվամիջոցների վկայությամբ, 2017 թ. դեկտեմբերին իրողություն կդառնան 1735 կմ երկարությամբ և 2,5 մլրդ դոլար արժողությամբ խողովակաշարը, ենթակառուցվածքները և հեղուկ գազի գործարանը։ Փորձագետներն ընդգծում են, որ քաղաքական առումով «Խաղաղության» իրականացումը Թեհրանի առաջին քայլը կլինի Չինաստանի կողմից ստեղծվող «նոր Մետաքսի ճանապարհի տնտեսական տարածության» մեջ նրա ներգրավման գործում։ Թեհրանն ակնկալում է նաև, որ կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ, Եվրասիական տնտեսական միության հետ կստեղծի ազատ առևտրի գոտի։ Այո, իհարկե, ԱՄՆ-ը փորձել է և փորձում է հակազդել։ Չէ՞ որ դեռ 2015 թ. ամռան վերջին, երբ արդեն ստորագրված էին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Վիեննայի համաձայնագրերը, երբ արդեն տեղի էր ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի այցը Իսլամաբադ, որից հետո էլ, ըստ էության, «Խաղաղություն» գազամուղն իրական ուրվապատկեր ստացավ (թեև շինարարությունն Իրանի տարածքում սկսվել էր վաղուց՝ դեռ 2010-ից), հնչեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հերթական նախազգուշացումը. «Պատժամիջոցների ռեժիմը Թեհրանի վրայից դեռ հանված չէ։ 1996 թ. օրենքը, որի համաձայն ցանկացած ոչ ամերիկյան ընկերություն, որն իրանական նավթի-գազի հատվածում տարեկան 20 մլն դոլարից ավելի կներդնի, կենթարկվի պատժամիջոցների, դեռ ոչ ոք չի չեղարկել։ Եվ գազամուղի նախագծի իրականացմանը մասնակցող ընկերությունները ցանկացած պահի կարող են խնդիրներ ունենալ»։
Վաշինգտոնի հակազդեցության հետևանքը ևս հայտնի է. գազամուղի սկզբնական ուղեգիծը վերանայվեց, և առայժմ պետք է հասնի (առաջին երակը) միայն Պակիստանի Գվադար նավահանգիստ։ Այստեղ մոտ ժամանակներս, 2016-ի վերջից ոչ ուշ, պետք է սկսվի հեղուկ գազի արտադրության գործարանի շինարարությունը, որի համար ևս Պեկինը լրացուցիչ միջոցներ է հատկացնելու։ Դրա հետ մեկտեղ, նույն Գվադարում սկսվում են օրական 400 հազար տակառ թողունակությամբ և գրեթե չորս մլրդ դոլար արժողությամբ նավթավերամշակման գործարանի շինարարության նախագծային աշխատանքները, որտեղ, ինչպես հասկանալ են տվել Պեկինում, «տեղ կճարվի նաև իրանական նավթի համար, որը կմատակարարվի Բանդար Աբբասի նավահանգստից»։ «Խաղաղություն» գազամուղի և «չին-պակիստանյան տնտեսական միջանցքի» զուգորդումից ռազմավարական բնույթի շահ կստանան բոլոր երեք կողմերը։ Թեհրանը լուծում է իր էներգակիրների արտահանական ուղեգծերի բազմազանեցման հարցը և ելք է ստանում ինչպես Հարավային Ասիայի շուկաներ, այնպես էլ խողովակաշարը մինչև չինական տարածք հասցնելու հեռանկար։ Այդ ճեղքումը Թեհրանի կողմից այնքան բարձր է գնահատվում, որ գազի արտահանման հեռանկարների առթիվ վերջերս ունեցած ելույթում Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն առանձնակի ընդգծեց, որ այդ հարցում գլխավոր գերակայությունն Իրանի ղեկավարությունը համարում է ոչ թե եվրոպական, այլ ասիական շուկաները, նկատի ունենալով Չինաստանի հետ համագործակցության ակնհայտ հեռանկարները և հիմք ստեղծելով առավել սուր խնդրի լուծման համար, այն է՝ բազմամիլիարդ ներդրումներ ներգրավել Իրանի նավթի-գազի ճյուղերի արդիականացման համար։
Հիմա իրանա-չինական ռազմավարական գործընկերության պատկերը մասամբ ավարտուն բնույթ է կրում։ Հասկանալի է, որ դա ԱՄՆ-ի շահերից չի բխում, դա չի համապատասխանում նաև Արևմտյան Եվրոպայի շահերին. այնտեղ ուզում են «ճզմել» Իրանի վառելիքաէներգետիկ համալիրի առկա և ստեղծվելիք կարողությունները, իսկ Թեհրանը (նշենք՝ ՌԴ-ից հետո) այժմ նավթի ու գազի արտահանության իր գերակա հասցեատեր համարում է Չինաստանը, ապա և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը։ Բայց Ադենի նեղուցում Իրանն ու Չինաստանն արդեն գործակցում են ռազմածովային ոլորտում, իսկ չինական ռազմանավերի «չափափորձումը» Բանդար Աբբասի նավահանգստում ցույց է տալիս, որ ՉԺՀ-ի հետաքրքրությունների շրջանակը տարածվում է նաև Պարսից ծոցի ու, ինչու չէ, նաև ամբողջ Մերձավոր Արևելքի վրա։ Եվ այս ամբողջ թվարկվածը հիմք է տալիս համարելու, որ Ռոհանիի և Սի Ցզինպինի հունվարի 22-ի համատեղ հայտարարությունը սովորական տուրք չէր արևելյան դիվանագիտության պերճախոսությանը։ Հուսանք, որ իշխանություններն ու մյուս քաղաքական ուժերը կկարողանան Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի աննախադեպ մերձեցման մեջ տեսնել ապագա եվրասիական ռազմավարական եռյակի նախատիպը։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ