Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մի՞թե կառավարությունը ղեկավարվում է «մի տեղ չորացնենք, մյուս տեղում կանաչ դարձնենք» սկզբունքով

Մի՞թե կառավարությունը ղեկավարվում է «մի տեղ չորացնենք, մյուս տեղում կանաչ դարձնենք» սկզբունքով
09.02.2016 | 02:20

Այսօր, երբ կառավարությունը (ի սեր Աստծո, թող ոչ ոք չմտածի, թե ես կառավարամետ անձ եմ և կուրորեն պաշտպանում եմ նրան) փորձում է փոքր-ինչ առաջ նայել և երկրի համար կարևոր նշանակություն ունեցող հարցին լուծում տալ, իսկույն գտնվում են «հայրենասերներ», ովքեր, աներևույթ կացինը ձեռքին, փորձում են կացնահարել բարձրացված հարցը: Մինչ կոնկրետ բարձրացվող հարցին անդրադառնալը փորձեմ մի փոքր հետ գնալ և հիշել նման կարգի «հայրենասերներին», որոնք Խորհրդային Հայաստանում էլ քիչ չէին: Հայաստանում պիտի կառուցվեր ատոմակայանը: Հիշում եմ, հայտնի Մերգելյան ինստիտուտի կոլեկտիվում քննարկվում էր այդ հարցը` տա՞լ համաձայնություն, թե՞ հրաժարվել դրա կառուցումից: Ասեմ, որ նման քննարկումներ անցկացվում էին ողջ հանրապետությունում: Համարյա բոլորը կասկածանքով էին վերաբերվում, իսկ ավելի «վառ հայրենասերներն» ասում էին, որ ատոմակայանի կառուցումով վերևներում (նկատի ունեին Մոսկվան) ցանկանում են վերացնել մեր գենոֆոնդը:
Հանրապետությունում կար մեկը (դա Անտոն Քոչինյանն էր) և մեկն էլ Մոսկվայում` ատոմային էներգիայի նախարար Անդրանիկ Պետրոսյանցը, ում խոսքերը բառացիորեն լավ հիշում եմ (ասեմ, որ Մոսկվան այնքան էլ հաճույքով չէր ցանկանում միլիոններ տալ այդ նպատակի համար, և հետագայում, երբ ատոմակայանը կառուցվել էր, և Վրաստանն ու Ադրբեջանն էլ փորձեցին իրենց մոտ կառուցել նման ատոմակայան, Մոսկվան գումարներ չտվեց). «Տարեք կառուցեք այդ ատոմակայանը և հետագայում հայհոյեք ինձ»: Հետագայում, հայտնի ժամանակներում, գտնվեցին «հեղափոխականներ», որոնք հայհոյեցին Պետրոսյանցին, բայց որոշ ժամանակ հետո ամեն ինչ իր տեղն ընկավ, և այսօր այդ ատոմակայանը մեր էներգետիկ անվտանգության հիմքն է: Այդ նույն հոգեբանությամբ մեր մեջ գտնվեցին «հայրենասերներ», որոնք ավերեցին Ալավերդու պղնձի գործարանը, հիմք դրեցին «Նաիրիտի» փակմանը, իբր բացասաբար էր անդրադառնում հայ տղամարդկանց պոտենցիայի և կանանց պտղաբերության վրա: Այսօր «Նաիրիտը» չկա, բայց հայ տղամարդկանց ոչ պոտենցիան է ավելացել, ոչ էլ կանանց պտղաբերությունը: Այդ նույն հայրենասերներն էին, որ կարողացան տապալել Եղվարդի ջրամբարի շինարարությունը հազար ու մի ապուշ հիմնավորումներով: Այդ «վառ հայրենասերների» արշավն այսօր էլ հանրապետությունում շարունակվում է, երբ… Այդպիսի «վառ հայրենասիրություն» եմ տեսնում Գառնի-Քաղցրաշեն մեխանիկական ջրագծի ծրագրի քննարկման առնչությամբ: Քննադատողներից ոչ ոք չի ցանկանում լսել որևէ հիմնավորում, որովհետև նպատակը մեկն է` վիժեցնել այդ ծրագիրը, որը պիտի կյանքի կոչվի համաշխարհային բանկի տրամադրելիք 10 միլիոն դոլարի վարկով: Ծրագրի հակառակորդները միայն մեկ բան են ասում` դա արդյունավետ չէ, խախտվում է կիրճի էկոլոգիան, գետում այդքան ջուր չկա և նման այլ հարցեր։ Իսկ այն, որ այդ ջրագծի անցկացումով տարեկան խնայվելու է մոտ 600 միլիոն դրամի էլեկտրաէներգիա, որ ջրարբիացվել է Արարատյան դաշտավայրի մոտ հազար հեկտար բերքառատ հող, դա ոչ բնապահպանին է հետաքրքրում, ոչ էլ որևէ հասարակական կազմակերպության: Փակ ջրագծի անցկացման դեպքում որևէ ջրի կորուստ չի լինում, վերցվում է մոտ 800 լիտր ջուր այդ նպատակի համար: Ազատ գետի ջրամբարի հաշվին չի վերցվում այդ ջրի քանակը: Ջրագիծը գործելու է ապրիլ ամսից մինչև հոկտեմբեր։ Աշնանային անձրևները ձյունը հոկտեմբերից մինչև ապրիլ կլցնեն ջրամբարը: Ոմանց այն պատճառաբանությունները, թե կտուժեն Գառնի համայնքի հողատարածքները, ինչպես Դիլիջանում եմ ասել այդ հարցի քննարկման ժամանակ, այնպես էլ հիմա եմ կրկնում` «մի՞թե կառավարությունը ղեկավարվում է մի տեղ չորացնենք, մյուս տեղում կանաչ դարձնենք» սկզբունքով: Մենք ունենք մեկ կառավարություն, որը հանրապետության բոլոր տարածքների զարգացման մտահոգությամբ է լցված: Ոմանք փորձում են շահարկել բարձրաստիճան մի պաշտոնյայի` շահարկելով, որ իբր նա այդ տարածքում հողեր ունի:
Թող թույլ տրվի հարցնել` այդ պաշտոնյան իր հողերը չի՞ կարող ջրել գործող պոմպակայաններով: Կարող է:
Այգեստան գյուղում, որի գյուղապետն եմ, կարող եմ հանգիստ ասել այդ «վառ հայրենասերներին». մեր գյուղացիներին ոչ ոք չի մշակում, ինձ` առավել ևս: Նույնը կարող եմ ասել մնացած այն բոլոր գյուղերի անունից, որոնց հողերը պիտի ավելի էժան ջրվեն այդ մեխանիկական ջրագծով:
Իմ սիրելի «վառ հայրենասերներ», մեր երկրում արատավոր չլուծված շատ հարցեր կան, պայքարենք այդ երևույթների դեմ և ոչ թե սուր ճոճենք իրոք կարևոր նշանակություն ունեցող հարցերի լուծման համար:
Գառնի-Քաղցրաշեն ջրագիծը այդպիսի կարևոր հարց է մեր Արարատյան դաշտի գյուղատնտեսության զարգացման համար:
Չխրտնեցնենք վարկատուին մեր անմիտ դիմումներով:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Արարատի մարզի
Այգեստանի գյուղապետ

Դիտվել է՝ 3266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ