Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Երբ խոսքը 400-500 էջի մասին է, արխիվ չի կարելի կոչել»

«Երբ խոսքը 400-500 էջի մասին է, արխիվ չի կարելի կոչել»
09.02.2016 | 19:13

Համո Սահյանի որդին` Նաիրի Սահյանը, որոշել էր վաճառել հոր անտիպ արխիվը՝ ստացված գումարով Լոր գյուղում գրողի թանգարան բացելու, Երևանում հուշարձան կանգնեցնելու համար, թեպետ վստահ էլ չէր, որ ձեռագրերի համար այդքան գումար կտան: Այս մասին Նաիրի Սահյանն ասել էր «Իրատեսի» հետ զրույցում (15.12.2015): Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը խնդրին անդրադառնալով, վստահեցրեց, որ անհանգստանալու կարիք չկա, տուն-թանգարանի կառուցումն ավարտվում է, էքսպոզիցիոն պլանը կազմված է, կիսանդրին պատրաստ է, մեծ գրողի տուն-թանգարանն իր դռները կբացի 2016-ի մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը:
Սահյանի որդու աղմկահարույց հայտարարությունը արդեն իսկ տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել: Խնդրի մեկ այլ կողմին է վերաբերում մեր անդրադարձը` Սահյանի արխիվին, մասնավորապես` այնտեղ պահվող անտիպներին: Գրողի որդին վստահեցնում էր, որ արխիվում կան տպագրության համար նախատեսված նյութեր` նամակների բնօրինակներ, անտիպ գործեր, ձեռագրեր, հեռագրեր, թերթերում տպված հոդվածներ և այլն: «Արխիվը պետք է նվիրեի գրականության ինստիտուտին, բայց եկա կանգնեցի այս խնդրի առաջ: ՈՒզում էի անտիպները ամբողջական գրքով հրատարակել: Գրականագետները եկան, տեսան, գլուխները բռնեցին, ասացին` ժամանակ տուր, գումար հայթայթենք տպագրության համար: Որոշ ժամանակ անց ասացին, որ գումար չկա»,- ասաց նա:
Սահյանի անտիպներին ո՛չ մշակույթի նախարարությունում էին տեղյակ, ո՛չ գրողների միությունում: Փորձեցի պարզել` ի՞նչ գիտեն այս մասին գրականության ինստիտուտում: ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն, գրականագետ ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆԸ նույնպես ոչինչ չէր լսել Սահյանի արխիվի մասին: Ասաց, որ գրականության ինստիտուտին որևէ մեկը չի դիմել այդ հարցով, գրական միջավայրում Սահյանի մասին մասնավոր զրույցների ընթացքում նման խոսակցություն, հարցադրում երբևէ չի եղել: «Հնարավոր է, ինչ-որ բան իմանա «Համո Սահյան գիտամշակութային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շչորս Դավթյանը, որը շնորհակալ հսկա աշխատանք է տանում»,- հավելեց գրականագետը:
«Համո Սահյանի պարագայում այդ անտեղյակությունը արդարացի՞ է արդյոք»։ Այս հարցին ի պատասխան ասաց, որ տեխնիկապես հնարավոր չէ իմանալ՝ որտեղ ինչ կա: «Գրողի մահից հետո սովորաբար հարազատները գրողին պատկանող իրերը, ձեռագրերը նվիրում են գրականության և արվեստի թանգարանին: Հարյուրամյակը եղավ, պետությունն այդքան միջոցներ հատկացրեց հարյուրամյակի հանդիսություններին, քառահատորյակը տպագրվեց, ինչո՞ւ այդ ժամանակ չասացին: Ժողովածու են ներկայացրել, չի՞ տպագրվել: Համո Սահյանն այնպիսի հեղինակություն ունի, որ ժողովածուի կազմելը, խմբագրելը շատ գրաքննադատներ գրեթե անվճար կանեին, միայն տպագրական ծախսը կմնար: ՈՒմ էլ հարցնեք, վստահաբար կասեն` անտեղյակ ենք»:
Ասացի, որ գրողի որդու մոտ պահվում են անտիպ գործեր, նամակների բնօրինակներ, և որ դրանք Նաիրի Սահյանը նպատակ ունի վաճառելու:
«Նվիրելն ուրիշ բան է, վաճառելը՝ մեկ այլ բան: Օդի մեջ չեն վաճառում, գրականության և արվեստի թանգարան պետք է դիմեն, հանձնաժողով կազմվի, տեսնեն՝ դրանք անտի՞պ են, թե՞ գրողի ձեռագրերն են: Մարդ կա իր բոլոր տպագրած գործերը մաքրագրած պահել է, դա մեկ այլ արժեք է` որպես մասունք գրողից մնացած, մեկ այլ բան է, երբ անտիպ է: Գնային առումով բազմաստիճան դասակարգում ունի: Համոզված եմ, որ որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել: Եթե դիմեին գրականության և արվեստի թանգարանի տնօրենին, անհնար է մերժում ստանային, այդ թանգարանը ավանդույթ ունի, դասականների հանդեպ պաշտամունք կա: Իսկ Սահյանը բոլորի կողմից ընդունված, հարգանքի արժանի գրող է»,- ասաց գրականության ինստիտուտի տնօրենը, նշեց նաև, որ նամակը զգայուն բան է, որոշակի հեղինակային հաստատություններ գոնե քառորդ դար կամ հիսուն տարի անց են թույլ տալիս տպագրել. «Ես չեմ ասում, թե չի կարելի տպագրել, բայց ժամանակակից գրականության մեջ նամակն ինչքան էլ արժեք ունենա, ավելի ինտիմ է, անձնական»:
Վարդան Դևրիկյանը չէր սխալվում, երբ ասաց, որ որևէ պաշտոնական դիմում չի եղել: «Անտերության» մատնված արխիվի լուրը լայն տարածում էր գտել սոցցանցերում ու մամուլում, իսկ ահա գրականության ու արվեստի թանգարան էր հասել ընդամենը օրեր առաջ: Այս մասին տեղեկացանք Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՑ:
«Նաիրի Սահյանը ցանկն է բերել, ձեռագրերն անմիջապես հետ տարել: Խոսքը 400-500 էջի մասին է: Նամակներ են, բանաստեղծություններ, ընդ որում՝ ոչ բոլորն են ձեռագիր, մի մասը մեքենագիր է: Բովանդակությանը դեռ ծանոթ չենք: Հիմա ուսումնասիրում ենք, ճշտում` որն է անտիպ, որ մասը հրատարակված: Խնդիրը մի քիչ բարդ է, քանի որ Սահյանի որդին ուզում է վաճառել իր մոտ եղած նյութերը, և մեր ֆոնդային հանձնաժողովն աշխատում է դրանք գնահատելու ուղղությամբ»:
Կարո Վարդանյանն ընդգծեց, որ երբ խոսքը 400-500 էջի մասին է, արխիվ չի կարելի կոչել, թանգարանում ավելի մեծ քանակի նյութ ունեն: Հետաքրքրվեցի` անտի՞պ են այդ նյութերը: Ի պատասխան Կարո Վարդանյանն ասաց, որ պետք չէ սևեռվել անտիպի վրա, որովհետև Սահյանը մեր առավել սիրված և ամենից շատ հրատարակված բանաստեղծներից է: Հնարավոր է՝ անտիպ լինեն նամակները, որոնք այդքան հաճախ չեն տպագրվում, պոեզիան չեն համեմատել, ստուգել, բայց քիչ է հավանականությունը, որ մեծ քանակի անտիպ բանաստեղծություններ լինեն: Նկատեց նաև, որ թանգարանի ֆոնդապահոցներում մեկուկես միլիոն միավորից ընդամենը 10-20 տոկոսն է հրատարակված:
Այսպիսով, Նաիրի Սահյանի տրամադրած նյութերն ուսումնասիրելուց հետո առաջիկայում արձանագրություն կկազմեն, կտեսնեն՝ ի վիճակի՞ են կամ նպատակահարմա՞ր է ձեռք բերելը դրանք: Եվ դեռ հարց է` թանգարանի ֆոնդային հանձնաժողովի կազմած եզրակացությունը Նաիրի Սահյանի ակնկալիքները կարդարացնի՞, թե՞ ոչ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ