Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մոսկվան ու Անկարան բոլորովին այլ դաշտում են հարաբերություններ պարզելու

Մոսկվան ու Անկարան բոլորովին այլ դաշտում են հարաբերություններ պարզելու
11.02.2016 | 11:56

Շաբաթվա սկզբից շրջանառվում է տեղեկությունը, որ ՌԴ Պետդումայի կոմունիստական կուսակցության խմբակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են ՌԴ նախագահին ու արտգործնախարարին՝ չեղարկելու Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության պայմանագիրը։ Ճիշտ է, ՌԴ կոմկուսի նախագահ Գենադի Զյուգանովը անմիջապես հայտարարել է, որ համաձայն չէ նրանց տեսակետին: Բայց նրանց միացավ նաև Սերգեյ Միրոնովի «Արդար Ռուսաստանը»: Նամակում պատգամավորներն իրենց տեսակետը հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով, նշել են, որ «Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դա անարդարացի համարելով»: Նաև՝ որ Հայաստանն այդ նախաձեռնության մեջ իրենց կաջակցի։ ՈՒզում էի նույն օրն արձագանքել, հետո որոշեցի ոչ Պուտինից, ոչ Լավրովից առաջ չընկնել: Պուտինը դեռ լռում է, Լավրովը երեկ արձագանքել է: Բնականաբար ոչ անձամբ՝ ՌԴ արտգործնախարարությունը կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու` Պետդումայի պատգամավորների առաջարկը, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Դեռ պետք է ուսումնասիրվի պատգամավորների նամակը, հասկանալու համար, թե ինչ են նրանք ստույգ առաջարկում»,- ասել է ԱԳՆ խոսնակը: Ճիշտ է ասել, իրականում նրանք ոչինչ չեն առաջարկում՝ քարոզչական պատերազմում կրակում են դատարկ պարկուճներով: Եվ, չգիտես ինչու, վստահ են, որ Հայաստանն էլ իրենց պետք է աջակցի: Պայմանագիրը կնքելիս Հայաստանի կարծիքը հարցրե՞լ են: Հայաստանը մասնատել են, իրար նվերներ են արել, Հայաստանի շահը հաշվի առե՞լ են: Անցած տարի Ցեղասպանության 100-ամյակն էր, ավելի զորեղ ազդակ չէ՞ր պայմանագիր չեղարկելու, եթե Հայաստանի մասին են մտածում: Հայաստանի մասին մտածո՞ւմ էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, երբ պայմանագրի կնքման 90-ամյակին Էրդողանին բնագիրն էր նվիրում: ՈՒ ի՞նչ էր մտածում, որ պատմական պայմանագիր է՝ 10 տարի հետո էլ 100-ամյակին Էրդողանը ոսկե շրջանակով բնագիրը կվերադարձնի Մոսկվայի՞ն: Պայմանագրի դենոնսացիայի խնդիր չի էլ ծագելու, Մոսկվան ու Անկարան բոլորովին այլ դաշտում են իրենց հարաբերությունները պարզելու: Շաբաթվա սկզբից Էրդողանը բողոքում է, որ Պուտինին չի կարողանում զանգահարել: Կապի խնդիր չկա, Պուտինը տեղյակ է նրա զանգերին, խոսել չի ուզում: Ինչո՞ւ: Միայն թվում է, թե Պուտինը պատրաստ չէ Էրդողանի հետ խոսակցությանը, որովհետև նա ներկայացնելու է անառարկելի փաստեր, որ ռուսական ռազմական օդուժը բազմիցս խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Դա նախագահների մակարդակով քննարկում չէ: Պուտինը չի ուզում հիմա խոսել Էրդողանի հետ, քանի դեռ չի ավարտել թուրք-սիրիական սահմանը «փակելը», քանի դեռ չի կտրել թուրքերին ԻՊ-ից, նավթի առքուվաճառքից: Նա կխոսի Էրդողանի հետ իր պայմաններով, երբ իրեն հարմար լինի: Իսկ մինչ այդ՝ տեղեկատվական պարապը կլցնեն նման պատգամավորների նման առաջարկները: Մինչ այդ զորատես կանի, Հարավային օկրուգի բոլոր ռազմակայաններում պատրաստականության ստուգումներ կանցկացնի, Արևմուտքին ցույց կտա, որ ինքը լի է անակնկալներով, որ Ռուսաստանի պատմությունը լի է անակնկալներով, պետք լինի ինչ 10 ու 20, 100 ու 200 տարվա վաղեմության «սխալները» կուղղի: Ինչո՞ւ ոչ:
1921-ին կոմունիստնե՞րն են սխալն արել, հիմա էլ կոմունիստներն են ուզում ուղղել: Վա՞տ է: Երբ անցյալ տարի Ռուսաստանը որոշեց միջամտել Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմին, փորձագետները գնահատում էին, որ սիրիական հողում կարող են բախվել ռուս-ամերիկյան շահերը և չի բացառվում՝ նաև ռազմական ուժերը: Վեց ամիս անց պարզվում է, որ բախումն առավել հավանական է դառնում ռուսների և թուրքերի միջև: Օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ իր երկիրը թույլ չի տա սիրիական բանակը ամբողջությամբ վերականգնի վերահսկողությունը թուրք-սիրիական սահմանի վրա, որ Հալեպի քաղաքի ճակատամարտում Թուրքիան անմասն չի մնա. «Մենք կվերադարձնենք մեր պատմական պարտքը: Ժամանակին Հալեպի մեր եղբայրները պաշտպանել են մեր քաղաքները` Ղազիանթետը, Քահրաման, Մարաշը, իսկ այժմ եկել է ժամանակը, որ մենք պաշտպանենք Հալեպի հերոսական ժողովրդին»՝ հայտարարել էր Դավութօղլուն, հավելելով, որ Թուրքիան պատրաստվում է զորք մտցնել Սիրիայի հյուսիսային տարածք: Հետևեց Լավրովի արձագանքը՝ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն պետք է թույլ չտան, որ Թուրքիան դիմի այդ քայլին: Եթե Թուրքիան զորք մտցնի սիրիական տարածք, բախվելու է սիրիական բանակին, որի գրոհները ուղեկցվում են ռուսական ավիացիայի օդային հարվածներով: Եթե Թուրքիան որոշի ներխուժել սիրիական տարածք` խախտելով օդային սահմանը, Սիրիայում են գերժամանակակից C-400 հակաօդային համակարգերը, որը դարձյալ բախում է նշանակում Ռուսաստանի և Թուրքիայի միջև: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի: Ռուսական կործանիչը նոյեմբերին խփած թուրքերին ՆԱՏՕ-ն հայտնեց իր աջակցությունը, բայց դա հրապարակային աջակցություն էր, իրականում ՆԱՏՕ-ն պահպանեց չեզոքություն, երկրորդ անգամ չի ստացվի: Հետաձգելով Էրդողանի հետ խոսակցությունը՝ Պուտինը ժամանակ է տալիս Օբամային ու Ստոլտենբերգին՝ համոզելու դաշնակցին ձեռնպահ մնալ Սիրիա զորք մտցնելուց: Այլապես՝ կամ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը պիտի աջակցեն Թուրքիային, որ բախում է Ռուսաստանի հետ, կամ հրաժարվեն դաշնակցից, որ ստվեր է նետում դաշինքի՝ իբրև իր անդամների անվտանգության երաշխավորի վրա: Մնացածը, կրկնում եմ, ժամանակը իր համար ցանկալի լուծումներ ստանալուն ուղղված խաղերով ու խաղիկներով լցնելու գործընթացն է: ՈՒ շատ տարօրինակ է, որ ամեն անգամ բավական է՝ Մոսկվան հերթական խայծը նետի, որ Հայաստանում անմիջապես կուլ տան ու տեսություններ զարգացնեն պատմական արդարության ու պատմական հայրենիքի վերաբերյալ: Տարօրինակ է, եթե վճարովի չէ: Վճարովիության պարագայում պարզ է, որ ռուս-թուրքական պատերազմին կամ Մոսկվայի պայմանագրի դենոնսացիային ու հայկական հողերի վերադարձին հավատացող մարդիկ, վաղը, երբ Անկարան ու Մոսկվան հաշտվեն, նույն եռանդով ու երազկոտությամբ խոսելու են նոր իրողություններում հայերի առաջ բացվող հեռանկարների մասին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի հավելումն հիշեցնեմ «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի խոսքերը։ «Թիկունքում ունենալով Օսիան, Աբխազիան, Ղրիմը, Դոնեցկը, Մերձդնեստրը, Ղարաբաղը... Մենք դեռ կխաղարկենք Ղարաբաղի քարտը, այնպես, որ քիչ չի թվա։ Թող Իլհամ Հեյդարովիչն իր թուրք ընկերների հետ հիշի, որ մենք այնտեղ կարող ենք լարվածություն ստեղծել, երբ ցանկանանք։ Մենք դեռ կխաղարկենք այդ քարտը, մեզ համար բացարձակ միևնույնն է տեղի բնակչությունը»,- ասել է Վենեդիկտովը: Մեկնաբանություններ պե՞տք են:

Դիտվել է՝ 1192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ