ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Սիրիային նվիրված «Ժնև-3» բանակցությունները ձախողվեցին

Սիրիային նվիրված «Ժնև-3» բանակցությունները ձախողվեցին
12.02.2016 | 00:11

Սիրիային նվիրված «Ժնև-3» բանակցությունները դադարեցվեցին, ըստ էության, առանց նույնիսկ սկսվելու, թեև պաշտոնապես հայտարարվեց, թե դրանք «սառեցվել են» մինչև փետրվարի 25-ը։ Դրանք այդպես էլ չսկսվեցին հունվարի 25-ին, ինչպես պնդում էր ԱՄՆ-ը. պատվիրակությունների կազմի առթիվ եղած տարաձայնության պատճառով սկիզբը հետաձգվեց հունվարի 29-ին։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան դը Միստուրայի ասելով, բանակցային գործընթացը կշարունակվի առնվազն վեց ամիս։ Այնպես որ, որևէ արագ լուծում չի նկատառվում։ Իսկ թե ինչ կլինի վեց ամիս հետո, հազիվ թե հենց սիրիացիներից կամ արտաքին «դերակատարներից» որևէ մեկն այսօր համարձակվի կանխատեսել. սիրիական բանակը միանգամայն հաջող հակահարձակվում է, Դամասկոսի և Հալեպի մերձակա շրջանների ազատագրումը թեև դանդաղորեն, բայց հաջողությամբ առաջ է գնում, մաքրվում է ալավիաբնակ Լաթաքիայի նահանգը (մի շարք ուղղություններում սիրիացիները դուրս են եկել Թուրքիայի սահմանի մոտ), հակահարվածները իբր «ընդդիմադիր» Դերյաայի կողմում առհասարակ անակնկալ են դարձել։ Սակայն քրդաբնակ շրջանների և Ռաքքայի հետ կապված հարցերը դարձյալ շարունակում են մնալ առկախ։ Եվ տեղին է ենթադրել, որ այդ վեց ամիսը, որ դը Միստուրան տվել էր սիրիական բանակցություններին, մրցակից կողմերը կնվիրեն այն բանին, որ բարելավեն իրենց դիրքերը ինչ-որ «իքս օրից» առաջ։

Խնդիրն այն է, որ սիրիական ընդդիմությունը, որը գտնվում է «հակաասադական ճակատի» խնամակալության ներքո, արդեն տորպեդահարել է բանակցությունները և ձգտում է ձգձգել անգամ դրանց իրական մեկնարկը։ Սաուդյան Արաբիայում գտնվող Բանակցային բարձրագույն կոմիտեում ընդդիմության պաշտոնական ներկայացուցիչ Ռիադ Նասան Աղան հունվարի 28-ին անսպասելի հայտարարեց, որ «Ժնև-3»-ում կողմերի քննարկման գլխավոր թեման լինելու է Սիրիայում «անցումային կառավարության» ձևավորումը, իսկ ազգային միասնության կառավարության ստեղծման հարց չի բարձրացվի։ Մինչդեռ, Ռիադ Նասան Աղայի ասելով, բանակցություններին ընդդիմության մասնակցության մասին որոշում մինչև հիմա ընդունված չէ, այդուամենայնիվ, դրա հավանականությունը վերջին օրերս հասել է 70 %-ի։ Բացի այդ, նա ընդգծեց, որ ընդդիմության ներկայացուցիչները դարձյալ հանդես են գալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի խստիվ կատարման օգտին, որը պահանջում է վերացնել նաև սիրիական բնակավայրերի շրջափակումը կառավարական ուժերի կողմից։ Նկատի են առնվում այն քաղաքներն ու գյուղերը, որտեղ ընդդիմադիր ուժերը հիմնվել են իսլամիստների կամ էլ ուղղակի իսլամիստական ահաբեկիչների հետ «փայ մտած»։ Բացի այդ, ինչպես երևում է, «ալավիական ընդդիմադիրները» կտրականապես հրաժարվում են Սիրիայի կառավարական պատվիրակության հետ ուղղակի բանակցություններից։
Այսինքն, չսպասելով անգամ հունվարի 29-ին, ընդդիմադիրները Դամասկոսին և Սիրիայի դաշնակիցներին առաջադրել են կանխավ անիրագործելի նախապայմաններ հենց այն պատճառով, որ սիրիական բանակն ու աշխարհազորը ակնհայտ հնարավորություն ունեն ինքնուրույն մաքրելու Սիրիան ոչ միայն «Իսլամական պետություն» խմբավորումից, այլև ամեն տեսակի «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ավելի մանր ավազակախմբերից։ Բայց դա նշանակում է Ժնևի բանակցությունների ձախողում։ Հարց է ծագում. ո՞ւմ պատվերն է որոշել այս անգամ կատարել սիրիական ընդդիմությունը։ Այս մտքին է հանգում Էմիրությունների լավ իրազեկ «Gulf News»-ը, որը, ի դեպ, հաղորդում է մի կարևոր նրբերանգ. «Ժնև-3»-ը պետք է սկսվեր ոչ թե հունվարի 29-ին, այլ 28-ին։ ՈՒրեմն, բանակցությունները մեկ շաբաթվա ընթացքում հետաձգվել են երկու անգամ, և պատճառը, երևի, հենց այն է, որ ընդդիմությունն ու նրա հովանավորները այդպես էլ ոչինչ չեն կարողանում որոշել։ Մինչդեռ, «Gulf News»-ը նշում է, որ «գործերը միանգամայն այլ շրջադարձ են ընդունում, քան այն, ինչ սկզբում կարծում էին»։ Սկզբում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հերթական բանակցություններն էին։ Հետո Քերին եկավ Էր Ռիադ` հանդիպում ունենալու ընդդիմադիր Բանակցային բարձրագույն կոմիտեի նախագահ Ռիադ Հիջաբի հետ, ով պարտավոր էր ընտրել սիրիական ընդդիմության ժնևյան պատվիրակությունը։ Քերին բարձրաձայնեց «ռուսների վերջնագիրը». «Ամենայն հավանականությամբ, Քերին տեղի է տվել իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի այն պնդումներին, թե այնպիսի խմբեր, ինչպիսիք են «Ջաիշ ալ-Իսլամը» և «Ալ Ախրար աշ-Շամը», ահաբեկչական խմբեր են», նշում է «Gulf News»-ը։ Իսկ ամենակարևորն այն է, որ Քերին ասել է նաև, որ ընդդիմությունը հսկողության տակ չի առնի Դամասկոսը, բայց կմասնակցի ազգային միասնության կաբինետի ստեղծմանը։ Բացի այդ, այդ գործարքին համապատասխան, Բաշար Ասադը 2017 թ. մեկ անգամ ևս կքվեարկվի։
Ի մեծ հիասթափություն Հիջաբի, դա փոխում է անցումային կառավարության` որպես նախագահ Ասադի պաշտոնաթողության մարմնի, ստեղծմանը միտված 2012 թ. «Ժնև-1»-ի արդյունքների տրամաբանությունը, ինչը հետագա հաշտության բանակցություններում ընդդիմության նվիրական նպատակներից էր։ «Ժնև-3»-ում նման բան արդեն չէր ենթադրվում, և «այդ հարցում Վաշինգտոնի և Մոսկվայի տեսակետների զուգադիպությունը բավական զարմանալի է վերջին մի քանի ամիսների իրադարձություններից հետո»,- գրել է «Gulf News»-ը։ Եվ էլի մի հետաքրքիր տեղեկություն. Լավրովի խորհրդով, բանակցությունների մասնակիցների «ամերիկյան ցուցակից» հանվել էին «երեք հոգի» և նրանց փոխարեն առաջարկվել. 1) քրդական (սիրիական) «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ղեկավար Սալեհ ալ-Մուսլիմը, 2) Սիրիայի էկոնոմիկայի նախկին նախարար Քադրի Ջամիլը, 3) մարդու իրավունքների գծով փաստաբան Հայթամ Մանան։ Շվեյցարիայում նախատեսված բանակցությունների մասնակիցների կազմի մեջ քրդական PYD-ի առաջնորդի ներգրավումը, մեր կարծիքով, մեկ անգամ ևս ապացուցում է, որ Ռուսաստանն ու Սիրիայի հարցում նրա դաշնակիցները շատ սերտորեն են աշխատում տարածաշրջանում «քրդական գործոնի» հետ, ավելին, սիրիացի քրդերը հակված են վստահելու հենց ՌԴ-ին ու նրա դաշնակիցներին և ոչ թե արևմտյան ճամբարին։ Ի դեպ, ինչպես հայտնի է, Ռուսաստանի պաշտոնատար անձինք, սկսած նախագահ Վլադիմիր Պուտինից, միշտ ասել են, որ քրդերի հետ մեկտեղ Սիրիային նվիրված բանակցություններին պետք է իրավահավասար մասնակցություն ունենան այդ երկրի բնակչության բոլոր ազգային և կրոնական խմբերը, առանց բացառության, այսինքն, նաև քրիստոնյաները ¥այդ թվում և հայերը¤, որոնք առայժմ «Ժնև-3»-ում չկան։
Բայց Ռիադ Նասան Աղային ո՞վ է հրավիրել հենց սկզբից տորպեդահարելու «Ժնև-3»-ը։ Եթե «Gulf News»-ի տեղեկությունները հավաստի են, և պետքարտուղար Ջ. Քերին իրոք Սաուդյան Արաբիա էր եկել «ճնշում գործադրելու» Էր Ռիադի վրա, ապա խոսքը կարգավորման ռուս-իրանական պլանի իրականացման մասին է։ «Ազգային միասնության կառավարություն» և «անցումային կառավարություն» արտահայտությունների տարբերությունը զգալի է։ Նախագահական երկրորդ ժամկետի համար քվեարկվելու Ասադի իրավունքի հարցը արձանագրում է ինչպես Արևմուտքի, այնպես էլ սիրիական ընդդիմության ռազմավարական պարտությունը, և հանրահայտ է, որ Ասադի օրինական իրավունքները միշտ էլ մատնանշել է հենց Իրանը, ոչ թե Ռուսաստանը։ Եթե դատելու լինենք անուղղակի փաստերից, ապա պետք է խոստովանենք, որ «Gulf News»-ի սենսացիոն հաղորդագրությունները արտացոլել են իրականությունը։ Գրեթե միաժամանակ կամ «Gulf News»-ի կողմից տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Իրանը հունվարի 27-ին սկսեց «Վելայաթ-94» լայնածավալ ռազմածովային զորավարժությունները Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում, որոնք ընդգրկում են 3 մլն քկմ տարածք։ Աշխարհի բոլոր լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին այն մասին, թե Թեհրանը կոշտ պահանջել է, որ ԱՄՆ-ի «Հարրի Տրումեն» ավիակիրը հեռանա այն ջրատարածքից, ուր Իրանը զորավարժություններ է անցկացնում և դուրս գա Հորմուզի նեղուցից։ Ամերիկյան մի ռազմանավ խիստ մոտեցել էր զորախաղերի շրջանին` հաղորդել է իրանական Tasnim գործակալությունը։ Բայց այն հեռացավ իրանական կողմի նախազգուշացումից անմիջապես հետո, որից հետո իրանական նավատորմի հրամանատարությունը շարունակեց զորավարժությունը։ Եվ այդ նույն օրը, հունվարի ընթացքում երկրորդ անգամ, Իրանը Սաուդյան Արաբիայից պահանջեց թուլացնել լարվածության սրումը տարածաշրջանում (առաջին անգամ այդ բանն արել էր հունվարի 9-ին)։ «Սաուդյան Արաբիան կարող է կամ շարունակել աջակցությունը ծայրահեղականներին ու ահաբեկիչներին և միջկրոնական ատելության խորացման քայլեր ձեռնարկել, կամ էլ ընտրել բարիդրացիության ուղին և կառուցողական դեր խաղալ տարածաշրջանային կայունություն ապահովելու գործում։ Իրանը հուսով է, որ Սաուդյան Արաբիան, այնուամենայնիվ, ողջախոհ կգտնվի»,- ասված է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Անշուշտ, Թագավորության հասցեին Իրանի երկրորդ նախազգուշացումը հունվարին, ինչպես նաև «Հարրի Տրումեն» ավիակրի հրամանատարության անմռունչ զիջողականությունը Իրանի ռազմածովային հրամանատարության պահանջներին փաստեր են, որոնք սերտորեն կապված են ԱՄՆ-ի պետքարտուղարի Էր Ռիադ կատարած վերջին այցի և սաուդցիների ու սիրիական ընդդիմության հետ բանակցություններին։ Նշենք` Սաուդյան Արաբիան առայժմ փորձում է «հասկանալ» Թեհրանի հերթական կիսաթափանցիկ ակնարկը և ոչ մի կերպ չի պատասխանում «խելքի գալու» կոչին։ Այդուամենայնիվ, Ռիադ Նասան Աղայի հնարաբանությունները, որը ներկայացնում է հենց Էր Ռիադում հիմնված խամաճիկին` ընդդիմադիր Բանակցային բարձրագույն կոմիտեի նախագահ Ռիադ Հիջաբին, ցույց են տալիս, որ կամ Սաուդյան Արաբիան է ուզում «դուրս գալ ԱՄՆ-ի վերահսկողությունից», կամ էլ ԱՄՆ-ն է հրահանգավորել սիրիացի խամաճիկներին, թե ինչպես ձախողեն «Ժնև-3» բանակցությունները, քանի որ բացահայտորեն չի հաջողվում հակասությունների սեպ խրել Սիրիայի վերաբերյալ Իրանի ու Ռուսաստանի ունեցած տեսակետների միջև։ Իհարկե, հավանականություն կա, որ դրածո ընդդիմադիրներ Հիջաբն ու Նասան Աղան որոշել են գործել «իրենց հայեցողությամբ»։ Բայց այդ հավանականությունն այնքան չնչին է, որ պարզապես իմաստ չունի քննության առնել, ասենք, սիրիական ընդդիմության հիմնական հովանավորների ու փաստաբանների ընդունած որոշումների հետ հաշվի նստել չցանկանալու պատճառները։ Մնում է ենթադրել, որ Էր Ռիադում Քերիի բանակցությունների ժամանակ ինչ-որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, իբր, այս անգամ ԱՄՆ-ը կամ նաև սաուդցիները, կդառնան «բարի ոստիկաններ», իսկ ահա նրանց խամաճիկները կձևանան «չար ոստիկաններ»։ Ամեն ինչ ճիշտ և ճիշտ հոլիվուդյան թրիլերների նման։ ՈՒ, ընդ որում, «բարի շերիֆները» ձեռքերը կտարածեն` մե՞նք ինչ մեղավոր ենք, իրենց` սիրիացիների միջև փոխհամաձայնություն չկա։ Եվ այդ դեպքում, երևի, պետք կլինի լրջորեն խորամուխ լինել, թե ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ի հակակշիռ ի՞նչ կսկսեն «նետել» այսօրվա Սիրիա։ Կատարը, երևի, կարելի է համարել ժամանակավորապես չեզոքացված, հատկապես Կատարի Էմիր Թամիմ բեն Համադի հունվարի 18-ին Մոսկվա կատարած այցից հետո։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շեյխի բանակցությունների մանրամասները, կարծես, հայտնի են։ Բայց այն, ինչ վերաբերում է Սիրիային, սահմանափակվում է մի ժլատ նախադասությամբ. «Ռուսաստանը և Կատարը կմեծացնեն ջանքերը Սիրիայում քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ»։ Թեև կարելի է ենթադրել, որ ռուսական ղեկավարության մոտ ծանրակշիռ փաստարկներ գտնվեցին հօգուտ այն բանի, որ Կատարը թե՛ Սիրիայի առնչությամբ իր բորբոքվածությունը չափավորի, թե՛ եզրեր գտնի գոնե մասամբ մոտեցնելու իր շահերը Մերձավոր Արևելքում Ռուսաստանի վարած քաղաքականությանը։
Եվ այսպես, բանակցող կողմերն ու միջնորդները «Ժնև-3»-ի ընթացքում վեց ամիս կզբաղվեն ժամանակ ձգելով։ Ահա ևս մեկ գործոն. թուրքերի պահանջով առայժմ թույլ չի տրվել բանակցություններին մասնակցել քրդական PYD-ի առաջնորդ Սալեհ ալ-Մուսլիմին։ Եվ զուգահեռաբար բուն Սիրիայում կսրվի առանց այն էլ լարված մրցակցությունը. երևի դրա հետևանքներից մեկը կլինի սիրիական ընդդիմադիրների վերջնական երկատումը մի կողմից Էր Ռիադի Բանակցային բարձրագույն կոմիտեին հավատարիմ մնացածների (այսինքն` ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի) միջև, մյուս կողմից նրանց, ովքեր կնախընտրեն իրենց ինքնուրույնությունն ապացուցել Ռուսաստանին և Իրանին։ Չնչին հավանականություն կա, որ ԱՄՆ-ն իրոք պատրաստ է Սիրիայում զիջումներ անելու Իրանին և Ռուսաստանին։ Հավանաբար, անգամ նախնական պատասխանները կնշմարվեն 2016 թ. հունիսից ոչ շուտ։ Բայց եթե արդյունքում Սիրիայի առնչությամբ Արևմուտքի, թուրքերի ու սաուդցիների քաղաքականությունը փուլ գա, ապա, որպես հետևանքներից մեկը, չի կարելի բացառել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի մասնատումը։ Թուրքիայի հարցը հասկանալի է նաև առանց բացատրության` կաշխատի քրդական գործոնը, իսկ ահա Թագավորության հաշվով, կարծում եմ, զուր չէր վերջին օրերին շրջանառվող այն տեղեկությունը, թե անգլիացիները, որոնք արևմտյան «դերակատարներից» ամենից լավ գիտեն Մերձավոր Արևելքը, մշակել են Արաբիան 4-5 մասի բաժանելու սխեմա, մոտավորապես այն սահմանագծերով, որ գոյություն է ունեցել դեռ 90 տարի առաջ պետական կազմավորումների (Հիջազ, Ալ-Ասիր, Ալ-Հիսա և այլն) միջև, այսինքն, մինչև սաուդյան միասնական պետության կազմավորումը։ Իրանն էլ հունվարին պաշտոնապես կանխատեսեց, որ «ալ-Սաուդի տոհմը կտապալվի», «տեղի կունենա պետական հեղաշրջում, և այդ պետությունը կտրոհվի մի քանի մանր մասերի. կգա ժամանակ, երբ Մերձավոր Արևելքում Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի հետքն էլ չի մնա»։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ