Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՀ նախագահը Հովիկ Աբրահամյանի համար որոշակի նյարդային վիճակ է ստեղծում` անորոշության քողով ծածկելով ապագան

ՀՀ նախագահը Հովիկ Աբրահամյանի համար որոշակի նյարդային վիճակ է ստեղծում` անորոշության քողով ծածկելով ապագան
12.02.2016 | 00:35

Այս օրերին հայաստանյան ներքաղաքական օրակարգի թիվ մեկ թեման ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության կամ կոալիցիայի հարցն է։ Սակայն այս ընթացքում գուցե ավելի լուրջ տրանսֆորմացիաներ կամ պայքար ապագա խորհրդարանում և իշխանության բուրգում տեղ գրավելու համար ընթանում են հենց Հայաստանի հանրապետական կուսակցության ներսում։ Ընդ որում, ներսի պայքարը շատ մեծ ազդեցություն է թողնելու այդ նույն կոալիցիայի ձևավորման, կոալիցիայում կոնկրետ կադրային քաղաքականության վրա։ Բնականաբար, բազմաբևեռ ՀՀԿ-ում առկա բոլոր խմբակցությունները փորձելու են իրենց քվոտան ունենալ համամասնական ցուցակում։ Գաղտնիք չէ, որ սովորաբար ընտրացուցակները քվոտավորված են լինում, և քաղաքական դեմքերից ու օլիգարխիայից կազմված ազդեցիկ խմբավորումները փորձում են իրենց ներկայությունն ու համաձայնեցված տեղերն ունենալ ցուցակում։

Եվ սա բավականին բարդ և աշխատատար գործընթաց է, քանի որ հանրապետական կուսակցությունում նշմարվում են առնվազն 4-5 բավականին ինքնուրույն թևեր։ Բոլորովին պատահական չէ, որ հենց դաշնակցության հետ ՀՀԿ-ի բանակցությունների փուլում ակտիվացան խոսակցությունները, թե բավականին լուրջ տարաձայնություններ կան Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի միջև։ Դա բնական է, քանի որ Հովիկ Աբրահամյանն այժմ գլխավորում է ՀՀԿ-ում ներկուսակցական ազդեցիկ խմբավորումներից մեկը կամ ինչպես ընդունված է ասել, հնաբնակների թևը։ Այս լարվածությունն իրոք բավականին սրվել է։ Հովիկ Աբրահամյանը վարչապետի իր կարգավիճակին հասել է երկար տարիների ընթացքում, աստիճանաբար, էվոլյուցիոն ճանապարհով։ Կուսակցական ամենաներքին աստիճաններից բարձրանալով կառավարության ղեկավարի պաշտոնին՝ նա, բնականաբար, իրավունք ուներ հույս տածելու կամ գուցե հույսեր էր փայփայում, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանի ավարտից հետո դուրս է գալու ամենաառաջին դիրքեր։ ՈՒ ըստ էության, վերջին 1-2 տարվա ընթացքում նա պատրաստվում էր դրան՝ հնարավորինս ավելացնելով իր քաղաքական կշիռը, ձևավորելով իր տնտեսաօլիգարխիկ և քաղաքական թիմը, բիզնեսում, ինչպես նաև այլ ոլորտներում ձեռք բերելով նորանոր ֆինանսատնտեսական լծակներ։ ՀՀ վարչապետը նույնիսկ փորձում էր աշխարհաքաղաքական սեփական կապերը ձևավորել՝ առաջին հերթին ՌԴ-ի, Մեդվեդևի հետ հատուկ հարաբերություններ ձևավորելով և հնչեցնելով մտքեր, որոնք շատ դեպքերում Ռուսաստանն ինքնուրույն չէր ցանկանում բարձրաձայնել։ Այս համատեքստում, թերևս, հիշարժան է ՀՀ վարչապետի կողմից Եվրասիական տնտեսական միության տարածքում մեկ ընդհանուր արժույթ ունենալու գաղափարի առաջքաշումը։ Նման առաջարկություններով, փաստորեն, Հովիկ Աբրահամյանը ՌԴ համակրանքը շահելու նպատակ էր հետապնդում՝ միաժամանակ ՌԴ իշխանություններին ուղերձ հղելով, որ իր վրա հաստատ կարելի է հույս դնել։ Տեսանելի է նաև կառավարության ղեկավարի հատուկ ակտիվությունը Չինաստանի և Իրանի հետ հարաբերություններում։ Հովիկ Աբրահամյանն իր համար հատուկ հենարաններ է ստեղծում նաև գործարար աշխարհում՝ գործարարությամբ զբաղվողներին հասկացնելով, որ խաղի որոշակի կանոնների պահպանման դեպքում կարող է դառնալ նրանց հենարանը։ Այս գործընթացները զուգահեռաբար շատ ակտիվորեն տարվում էին նաև օլիգարխիկ կլանը ներկայացնողների և ոչ միայն նրանց հետ։ Այս պարագայում մոտ մեկ տարի առաջ ՀՀ նախագահի հայտարարությունից հետո՝ թե նոր սահմանադրության ընդունման պարագայում առանձնապես շահագրգիռ չէ պետական պաշտոններ գրավելու հարցում, վարչապետը հավանաբար հույս էր փայփայում, որ իր համար առաջին գիծ դուրս գալու լայնարձակ ճանապարհներ են բացվում։
Սակայն Սերժ Սարգսյանի՝ 2017 թ. խորհրդարանական ընտրություններից հետո իր մարտավարության հնարավոր վերանայման անակնկալ հայտարարությունից հետ Հովիկ Աբրահամյանի համար որոշակի նյարդային վիճակ է ստեղծվում՝ անորոշության քողով ծածկելով ապագան։ Առավել ևս, որ սահմանադրական հանրաքվեի՝ իշխանությունների համար դրական արդյունքի «փնթի» ապահովումը լուրջ հարցեր առաջացրեց ՀՀԿ-ի շտաբի պետի՝ Հովիկ Աբրահամյանի անկեղծ գործելու հանդեպ: Հիմա նա ձգտում է պահպանել գոնե իշխանության պաշտոնական հիերարխիայում փաստացի երկրորդ մարդու կարգավիճակը։ Իսկ նոր սահմանադրությամբ, դա կարծես թե Ազգային ժողովի նախագահի պաշտոնն է։ Ինչևէ, Հովիկ Աբրահամյանի թիմը բավականին ակտիվ է, և փորձելու է իր մեծ ներկայությունն ունենալ հանրապետականների ապագա համամասնական ցուցակում։
ՀՀԿ հաջորդ թևը ներկայացնում են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանն ու նրա եղբայրը՝ ԱԺ պատգամավոր, հանրապետական Կարեն Կարապետյանը։ Երկար ժամանակ այս տանդեմը ձգտում է ինչ-որ ազդեցիկ լծակ ապահովել Կարեն Կարապետյանին։ Իհարկե, վերջինս անցած 8-10 տարվա ընթացքում տարբեր ազդեցիկ համարվող դիրքեր ունեցել է, բայց, այնուամենայնիվ, գործող համակարգում նրան այդպես էլ չի հաջողվել հիմնովին ամրապնդվել։ Հետաքրքրական է, որ վերջին երկու տարում Կարեն Կարապետյանը ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս ծավալուն հարցազրույցներով, որտեղ ոչ միշտ են արտահայտված մոտեցումները, մեղմ ասած, համընկնում կուսակցության կամ իշխանության պաշտոնական գծի հետ: Ընդ որում, դա վերաբերում է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տարբեր հարցերի: Այսպես օրինակ, բոլորովին վերջերս Կարեն Կարապետյանը հերթական հարցազրույցով հիշեցրեց իր քաղաքական նկրտումների մասին, որտեղ ուղղակիորեն ասաց հետևյալը. «Պետք է վերջ տալ անդրկուլիսային մանր-մունր բազարային շահերով առաջնորդվելուն և, այսպես ասած, մուտիլովկաներին: Անհրաժեշտ է կենտրոնացնել բոլորիս հնարավորությունները թիմային աշխատանքում»: Այս անգամ Սամվել Կարապետյանը, որն ունի նաև աշխարհաքաղաքական աջակցություն Ռուսաստանից, փորձելու է ավելի լայն ներկայություն ունենալ խորհրդարանում՝ Կարեն Կարապետյանի համար հնարավորինս ազդեցիկ հենարան ստեղծելով ապագայի համար։ Չի բացառվում, որ Սամվել Կարապետյանն այլ կերպ նույնպես փորձի ապահովել իր ներկայությունը քաղաքական խճանկարում, մանավանդ եթե իրոք կյանքի կոչվի Արամ Աբրահամյանի մուտքը հայաստանյան մեծ քաղաքականություն։ Այս պարագայում անհավանական չէ, որ աշխարհաքաղաքական միասնությունից ելնելով՝ Սամվել Կարապետյանն այս քաղաքական ուժի ցուցակում ևս ունենա իր որոշ ներկայությունը։ Իհարկե, չի բացառվում նաև, որ եթե նույն Մոսկվայում նպատակահարմար լինի ուժեղացնել ռուսամետ երկրորդ բևեռը, ապա որոշակի առաքելություն կդրվի նաև Սամվել Կարապետյանի վրա։ Նա կփորձի ոչ միայն հանրապետականում իր կայուն ներկայությունն ունենալ, այլև սեփական ազդեցությունը «կայուն մեծամասնություն» չկազմած քաղաքական ուժերի մեջ։
Իշխանական կուսակցությունում հաջորդ «ֆրակցիան» երիտհանրապետականներն են։ Վերջիններս համեմատաբար երկար ժամանակ քաղաքական դաշտում գտնվող և նույնիսկ բավականին լուրջ լծակներ ունեցող գործիչներ են։ Նրանք իրենց կարիերայի համար պարտական են հիմնականում Սերժ Սարգսյանին և հույս ունեն, որ կիրականանան երկար չարչրկվող խոսակցությունները, թե ՀՀ նախագահը, այնուամենայնիվ, փորձում է թարմացնել, երիտասարդացնել իշխանական էլիտան։ Այսպիսով երիտկուսակցականները մեծ հույսեր են փայփայում, որ նախագահի աջակցությամբ կփորձեն իրենց ազդեցությունն էլ ավելի մեծացնել և խորհրդարանում գոնե փոքր-ինչ, եթե ոչ արմատապես, հետ մղել վարկաբեկված հներին՝ ավելի մեծ դեր խաղալով ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերում, երկրի ներսում տիրանալով իրական ազդեցության լծակների։ Ընդ որում, բազմատարր է նաև երիտհանրապետական խմբակցությունը։ Նշված թևից հստակորեն տարանջատվում են ՄԻԱԿ-ականները և նրանցից «սերված» այլ քաղաքական ուժերի որոշ ներկայացուցիչներ։ Վերջիններս գուցե այժմ այնքան երևացող չեն, սակայն ունեն մեծ նկրտումներ, քանի որ արդեն երկար ժամանակ սպասում են իրենց հերթին ու բավականին լուրջ ռեսուրսներ են կուտակել (լրատվական լծակներ, աշխարհաքաղաքական կապեր) այդ ցատկի համար։ Ընդ որում, նրանք բավականին կոմպլեմենտար են արտաքին քաղաքական ոլորտում։
Վերջին ամիսներին ՀՀԿ-ում աննկատորեն ձևավորվում է ևս մեկ երիտասարդական թև՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի թիմը, որին քաղաքական շրջանակները համառորեն ապագայում լուրջ դերակատարություն են վերագրում՝ շատ դեպքերում Վիգեն Սարգսյանին հակադրելով Հովիկ Աբրահամյանին։ Սակայն այստեղ էլ գուցե որոշակի հետաքրքրություններ ունենան ազդեցության այլ ոլորտներում. այս խմբի ներկայացուցիչները, թերևս, փորձեն իրենց նշանակությունը և ազդեցությունն ամրապնդել նաև ոչիշխանական հարթակներում։ Սա ավելի շատ արևմտյան սեգմենտ է, որը փորձելու է տեղավորվել և՛ իշխանության, և՛ ընդդիմության մեջ։
Բնականաբար, անկախ ամեն ինչից, այս բոլոր թևերը մրցակից են, ու այդ մրցակցության պայմաններում, հատկապես ընտրությունների ֆոնին, սուր դրսևորումներ կարող են գրանցվել։ Ինչ վերաբերում է հայտնի օլիգարխների հետաքրքրություններին, ապա նրանք այս անգամ ևս հավանաբար փորձելու են կա՛մ անձամբ, կա՛մ իրենց ներկայացուցիչների միջոցով ներկայացված լինել հանրապետականների ցուցակում: Բայց ամեն դեպքում նկատելի է, որ նրանք ընդհանուր առմամբ վերահսկելի են անձամբ ՀՀ նախագահի կողմից:
Այստեղ արբիտրի ամենակարևոր դերը Սերժ Սարգսյանինն է՝ իր ամենամոտ շրջանակով, որը պայմանականորեն անվանենք «քաղբյուրո»։ ՀՀ նախագահը, իհարկե, փորձելու է որոշակիորեն պահպանել հավասարակշռությունն այս խճանկարում, որովհետև եթե չունես միատարր կուսակցություն, միշտ էլ ձեռնտու է ունենալ մոզաիկ պարունակություն, որպեսզի մեկը մյուսի միջոցով կարողանաս կառավարել։ Այստեղ, թերևս, գործում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքը։ Այդ գործընթացը հիմա ընթացքի մեջ է, և առաջին հերթին խնդիր է դրված թուլացնել առաջին խմբին՝ Հովիկ Աբրահամյանի թիմին, որն իր ռեսուրսներով բավականին կայացած է։ Այս բազմաբևեռության գործոնով է պայմանավորված նաև այն, որ հանրապետականն այսօր կոալիցիա է ձևավորում դաշնակցության հետ։ Նույն դաշնակցականների միջոցով ՀՀԿ ղեկավարը փորձելու է խաղեր տալ կուսակցության ներսում և իշխանության մեջ։
Այս պրոցեսը բավականին հետաքրքիր է, ինչ-որ չափով նաև անակնկալներով, ինտրիգներով լի։ Գլխավոր արբիտրից՝ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնող Սերժ Սարգսյանից, շախմատային նուրբ և հնարավորինս ճշգրիտ քայլեր են պահանջվելու։ Հարցն այն է՝ արդյոք շախմատիստը չի՞ հայտնվի ցայտնոտի մեջ, և արդյոք ժամանակը կբավականացնի՞ ճշգրիտ կարգավորումներ անելու համար։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1377

Մեկնաբանություններ