ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

«Անպատասխան» պատասխան

«Անպատասխան» պատասխան
12.02.2016 | 01:21

«Իրատեսի» այս տարվա երկրորդ համարի հարցազրույցում ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ արտգործնախարարության քաղաքականությունը որոշ հարցերում կասկածի տակ էր դրել: Քաղաքական գործիչը մասնավորապես շեշտել էր. «Դեռ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Բաքու եկան Թուրքիայի գլխավոր շտաբի հրամանատարը, արտգործնախարար Չավուշօղլուն, այնուհետև վարչապետ Դավութօղլուն։ Առաջին երկուսը հայտարարեցին, թե պետք է անպայման ազատագրել օկուպացված տարածքները, իսկ Ահմեդ Դավութօղլուն, ով նեոօսմանիզմի գաղափարախոսության հեղինակներից է, ավելի հեռուն գնաց և հայտարարեց, թե մենք բոլոր միջոցներով պետք է ազատագրենք օկուպացված տարածքները, որովհետև դրանք սուրբ հողեր են մեզ համար։ Երբ մուսուլմանը հայտարարում է, որ այդ հողերը իր համար սուրբ են, դա ջիհադի հայտարարություն է։ Ովքեր չգիտեն, հիշեցնեմ՝ սա սովորական հայտարարություն չէ, շարքային թուրքի հայտարարություն չէ, այլ երկրի ղեկավարի հետ համաձայնեցված դիրքորոշում։ Սա Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն է։ Եվ ի՞նչ։ Որևէ հայ պաշտոնյա չարձագանքեց այս դիրքորոշմանը։ Արտաքին գործերի նախարարությունը մի նոտայով հանդես եկա՞վ։ Ոչ»:
Այս առնչությամբ «Իրատեսը» դիմեց ԱԳՆ` պարզաբանումներ ստանալու համար, թե ինչու համապատասխան արձագանք չի եղել: Նախ` երկու շաբաթից ավելի ձգձգվեց պատասխանը, թե իբր գործուղումներ են եղել, Էդվարդ Նալբանդյանն այդ ընթացքում տարին ամփոփեց (իր աշխատակիցների տրամաբանությամբ` հավանաբար գործուղման ժամանակ), ու վերջապես «չարչրկված» պատասխանը ստացանք: Պատասխանն էլ պատասխանի նման լիներ, էլի ոչինչ, ընդամենը մի «պատառիկ» էր ներկայացված արտգործնախարարի վերջին ասուլիսից` հակիրճ «նախաբանով»: «ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ եթե Թուրքիան իրոք ցանկանում է օժանդակել ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ապա պետք է հնարավորինս հեռու մնա այդ գործընթացից»,- ասված է պատասխանում և մեջբերված է ասուլիսից հատված. «Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից հնչող հայտարարություններին, որևէ նորություն չկա: Տարօրինակն այն է, որ ոչ թե Հայաստանն է նախապայմաններ առաջ քաշում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար, այլ ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիան: Դա տարօրինակ է: Չնայած ասեմ, որ տարօրինակ կլինի տրամաբանություն գտնել Թուրքիայի դիվանագիտության, հռետորաբանության մեջ վերջին շրջանում ոչ միայն այս հարցում, այլև այլ հարցերի շուրջ: Իհարկե, այս կարգի տրամաբանությամբ ոչ միայն Հայաստանի հետ, այլև այլ երկրների հետ էլ չեն կարողանա հարաբերություններն առաջ տանել»:
Իհարկե, մեր հարցը լիովին այլ հարթության մեջ էր, բայց նախարարության մամուլի բաժինը փորձել է մի հարվածով երկու նապաստակ որսալ` ասուլիսի հարցուպատասխանը «կարել» մեր հարցի «հագով»: Վերստին շեշտում ենք մեր հարցը. ինչո՞ւ ԱԳՆ-ն, ինչպես ՀԴԿ ղեկավարն է տարակուսում, «ջիհադի հայտարարությանը» ժամանակին չի արձագանքել, արհամարհե՞լ են, կա՞ որևէ բացատրություն, թե ինչու հայ դիվանագիտական կորպուսը չի մեկնաբանում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները: Սպասում ենք հստակ պատասխանի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ