Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Բերմուդյան եռանկյունի»

«Բերմուդյան եռանկյունի»
12.02.2016 | 01:34

2017-ի նախընտրական կոալիցիան վերջապես «իրեղենացավ»: ՈՒ սա այն դեպքն է, որի մասին ասում են. «Երբեք մի ասա` երբեք»: Քանզի Ռոբերտ Քոչարյանին, Հովիկ Աբրահամյանին, դրսի ու ներսի դաշնակցականներին հրելով անկյուն` «փասիանսի» նստեցին երկուսով` իննսունականներին «հայրենիքի դավաճանության» հոդվածով «դատապարտվածը» և նրան «դատապարտողը»: «Դրոյի» գործով անցնող Հրանտ Մարգարյանն ու ԱԱԾ-ՆԳ նախկին նախարար Սերժ Սարգսյանը։
Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, ուր կան միայն շահեր, այնուհանդերձ, գեղագիտության տեսանկյունից կատարվածը ոչ թե մարկեսյան, այլ շեքսպիրյան քանքարին արժանի դիպված էր, սակայն Աստծունը թողնենք Աստծուն, դառնանք «Կեսարին»:
Այսպիսով, հասկանալի է, որ սոցիալիստ դաշնակցականների և պահպանողական ՀՀԿ-ի միակցվելու պատճառը հաստատապես գաղափարական առաջնահերթությունը չէր (երկու կուսակցություններն անքա՜ն շատ են «ամուսնացած» եղել, որ գաղափարականի մասին խոսելն ամոթ է):
Աշխարհաքաղաքական ընդհանրություննե՞ր: Այո, կա նման բան: ՀՀԿ լիդերը քարտեզագրում է ապագա խորհրդարանը` գերակա դարձնելով «հյուսիսային» գործոնը` նվիրվածությունը Ռուսիո քայքայվող «թագավորությանը»` չափավորապես պահելով նաև Արևմուտքի հետ հարաբերակցությունը, նախ` ՀՀԿ-ի, ապա` ՀՅԴ-ի դրսի կառույցների միջոցով, և, ՀՅԴ-ի հետ ապագա խորհրդարանում «սպասվելիք» մեծամասնությանը զուգահեռ, կարող է «մտածել» խորհրդարանի մնացյալ գունապնակի մասին, որը կլինի ձևով արևմտյան, բովանդակությամբ` Սերժ Ազատիչին «հարող»:
Կադրային խնդիրնե՞ր: Սա, փաստացի, այն փոսն է, ուր ընկան երկու կուսակցություններն էլ` թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն: Հենց միայն այն հանգամանքը, որ ԿԳ-ի երիտասարդ, ավյունով լի, իրեն գրեթե արդարացրած նախարարը փոխարինվում է նույն աթոռին երեք անգամ արդեն նստած ոչ «թարմ» կադրով, էլ չենք ասում գրեթե նույնքան նախարարական «աթոռների» վրա «ծերացած» Դավիթ Լոքյանի մասին, արդեն ցուցիչ է, որ որևէ լավ բան սպասել պետք չէ այդ համագործակցությունից։
Ասել է` որևէ գաղափարական-թիմային-հոգևոր արթնացման սպասում անիմաստ է: Ավելին` ճահիճը վերածվում է «Բերմուդյան եռանկյունու», որին ցանկացած հպում հղի է ոչնչացման հզոր տենդով, որովհետև ներուժ չկա, կենդանությունը վաղուց լքել է այս երկրի քաղաքական դաշտը:
Ասում եք` Արծվիկ Մինասյանը «լույսի» փոքրիկ շո՞ղ է: Նախ` այնպես չէ, որ դեռ «կենդանի» Արծվիկ Մինասյանը «պտիտ չի եկել» հայոց նախարարություններով, ճիշտ է, ոչ դաշնակցականների քվոտայով, այնուհանդերձ, նա եղել է սոցապ փոխնախարար: Չնայած Արծվիկ Մինասյանի «հմայքը» մեկ այլ «տեղ» է, ու այս մասին դաշնակցականները պետք է շա՜տ լրջորեն «փիքր» անեն, որովհետև կգայթեն այս քարի վրա, եթե էս գլխից հակակշռիչ մեխանիզմներ չկիրառեն:
Բանն այն է, որ կադրային նշանակումներում «զրո» դերակատարություն ունեցող, դեռևս կառավարության ղեկավար Հովհաննես Արգամիչը, եթե ուրախ-ցայտնոտում է իր քավոր-սանիկ Դավիթ Լոքյանի պահով (ի դեպ, լոքյանները կառավարությունում երկու օրինակից են` հայր և որդի), խիստ լոյալ ու փափուկ Լևոն Մկրտչյանի (ում անմիջական «մեկենասը» Սերժ Սարգսյանն է) հետ հնարավոր կլինի մասամբ «փափուկ» լինել ու չինտրիգահարել նրան:
Դե, իսկ Արծվիկ Մինասյանը ստիպված է լինելու դիմագրավել Արգամիչի և նրա շրջապատի ինտրիգները: Կյանքի դրվածքն է այդպիսին, զի Արգամիչը բնավ չի ուզել ընկեր Արծվիկի նախարարացումը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1135

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ