Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինչպես Ֆրանսիան կորցրեց Դեպարդիեին

Ինչպես Ֆրանսիան կորցրեց Դեպարդիեին
12.02.2016 | 01:37

Երրորդ շաբաթն է՝ իշխանական էլիտան կոալիցիա-չկոալիցիա է խաղում, ով՝ ինչպես, ես հոգնել եմ պարբերաբար կայացման հիմքերը նշելուց ու չկայացման պատճառները որոնելուց, դեռ-ի ու արդեն-ի տարբերությունները գտնելուց: Գալիս է պահ, երբ հասկանում ես՝ քեզ համար ի՞նչ տարբերություն՝ համագործակցո՞ւմ են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, չե՞ն համագործակցում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, խորհրդարանական մյուս կուսակցությունները ի՞նչ են ասում ու չեն ասում: Ո՞վ է նախարար, ո՞վ՝ ոչ: Կա պարզ բանաձև՝ նրանք, ովքեր խորհրդարանում են, ամեն ինչ անելու են, որ դուրս չգան, նրանք, ովքեր դրսում են, ամեն ինչ անելու են, որ ներս գան: 101+N-ը դաժան բանաձև է, բոլորովին նման չէ ռեզինի, եթե ձգողը ՀՀԿ-ն չէ: Հայտնիներն ու անհայտները շարվում են մի լարի վրա, իսկ հավասարման պատասխանը 101+N է: Բայց ի՞նչ տարբերություն ՀՀ շարքային քաղաքացու համար, որ ընտրելու է նրանց: Եթե խաղը ծավալվի այսօրվա խորհրդարանական քաղաքական ուժերի հիմքի վրա, ի՞նչ տարբերություն, թե ինչ են ասում, գան՝ անելու են այն, ինչ արել են ու անում են հիմա: Իսկ ընտրողիս կյանքում փոփոխություն չկա: Ճիշտ է՝ կողքից անընդհատ ասում են, որ այսպես չլիներ, ավելի վատ էր լինելու, բայց տրամաբանությունը թելադրում է, որ դա սոսկ պատճառաբանություն է՝ ոչ մի իշխանություն երբեք չի ասի, որ ինքը սխալ է ու շարունակում է սխալը խորացնել: Շարքային ընտրողին է մնում մտածելու ծանր գործը:
2017-ին ընտրություններ են Ֆրանսիայում՝ նախագահական և խորհրդարանական: Ապրիլին Հինգերորդ Հանրապետությունը 5 տարով նախագահ կընտրի 11-րդ անգամ: 2016-ի հունվարից սկսվել են կուսակցական պրայմերիզները՝ նախնական ընտրությունները, որոնց արդյունքներով ամեն կուսակցություն կառաջադրի իր թեկնածուին: Հոկտեմբերին պատկերը հայտնի կլինի: 2014-ից երեք հիմնական կուսակցությունների գլխավոր թեկնածուները հայտնի են: Նրանց ընտրությունը կարող են մասնակի դժվարացնել ոչ միայն այլ թեկնածուները, այլև արտակարգ դրությունը, որ օրերս երկարաձգվեց ևս երեք ամսով, եթե շարունակվի մինչև ընտրություններ: 2017-ին ամենամեծ շանսեր ունեն գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ սոցիալիստական կուսակցությունից, նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին՝ հանրապետական կուսակցությունից և Մարին լը Պենը՝ «Ազգային ճակատից»: Նա արդեն հայտարարել է, որ թեկնածությունն առաջադրելու է: Անցյալ տարվա հունիսին սոցիալիստների 77-րդ համագումարում առողջապահության նախարար Մարիսոլ Տուրենը հայտարարեց, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը լիովին պատրաստ է իր թեկնածությունն առաջադրել, նախագահը չժխտեց: Նիկոլա Սարկոզիի ռևանշի ցանկությանը ոչ ոք չի կասկածում:
Ի՞նչ կատարվեց նախորդ ընտրություններում: Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում անցկացվում են երկու փուլով: 2012-ի ապրիլի 22-ին առաջին փուլն էր, մայիսի 6-ին՝ երկրորդը: Առաջին փուլում սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլանդը հավաքեց 28,63 %, Սարկոզին՝ 27,18 %: Երրորդը Մարին լը Պենն էր՝ 17,90 %-ով: Ձախ ճակատի թեկնածու Ժան Լյուկ Մելանշոնը չորրորդն էր՝ 11,10 %-ով: Ինչո՞ւ երկրորդ փուլում հաղթեց Ֆրանսուա Օլանդը՝ երկրորդ սոցիալիստը և ինչպե՞ս պարտվեց Նիկոլա Սարկոզին՝ երկրորդ գործող նախագահը երկրորդ ժամկետի չհասավ: Նիկոլա Սարկոզիին առաջադրեց Ժողովրդական շարժման միությունը: Այն ժամանակվա վարչապետ Ֆրանսուա Վիյոնը նրան անվանեց «ընտրություններում աջերի լավագույն թեկնածու»: Սոցիալիստների թեկնածուներն էին Ֆրանսուա Օլանդը (37 %), սոցիալիստների ղեկավար (2008-ից) Մարտին Օբրին (22 %) և 2007-ի ընտրությունների թեկնածու Սեգոլեն Ռուայալը (14 %):

Հոկտեմբերի 9-ի պրայմերիզին սոցիալիստները նորամուծության դիմեցին՝ առաջին անգամ կուսակցության թեկնածուի ընտրությանը մասնակցեցին ոչ միայն կուսակցության անդամները, այլև համակիրները՝ համաձայնագիր ստորագրելով, որ համաձայն են կուսակցության սկզբունքներին և վճարելով մեկ եվրո: Միլիոնից ավելի ֆրանսիացիներ մասնակցեցին (կուսակցությունը մեկ միլիոն եվրո աշխատեց՝ հաշվի առեք): Պրայմերիզի առաջին փուլում ոչ ոք 50 % ձայն չհավաքեց, ինչը ի սկզբանե պարզ էր, հոկտեմբերի 16-ին երկրորդ փուլում Օլանդը շրջանցեց Օբրիին: Դեմոկրատական շարժման թեկնածուն Ֆրանսուա Բայրուն էր: Ազգային ճակատինը՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Մարին լը Պենը: Կանաչների թեկնածուն Եվա Ժոլին էր: Կոմունիստները ներկայացել էին Եվրախորհրդարանի պատգամավոր Ժան-Լյուկ Մելանշոնով: Նրան առաջադրեց նաև Ձախ կուսակցությունը: «Համերաշխ հանրապետությունն» առաջադրեց նախկին վարչապետ Դոմինիկ Վիլպենին, մարտին նա հանեց թեկնածությունը: Աշխատավորական կուսակցության թեկնածուն Նատալի Արտոն էր: Հանրապետական և քաղաքացիական շարժումն առաջադրեց Ժան-Պիեռ Շևենմանին՝ նախկին ՊՆ (1988-1991) և ԱԳ (1997-2000) նախարար, նա ևս հանեց թեկնածությունը՝ փետրվարից: Նոր հակակապիտալիստական կուսակցության թեկնածուն Ֆիլիպ Պուտուն էր: «Որսորդություն, ձկնորսություն, բնություն, ավանդույթներ»-ը (կա նաև այսպիսի կուսակցություն) փետրվարին պաշտպանեցին Նիկոլա Սարկոզիին: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարեց նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան: «Հավերժական հանրապետությունն» առաջադրեց Նիկոլա Դյուպոն-Էնյանին: Քրիստոնեադեմոկրատները փետրվարին պաշտպանեցին Սարկոզիին: Համերաշխություն և առաջադիմությունն առաջադրեց Ժակ Շեմինադին: Առաջին փուլին մասնակցեց ընտրողների 80,46 %-ը, 3 %-ով պակաս նախորդ ընտրություններից: Ինքներդ եք հասկանում, որ երկփուլ ընտրական համակարգի դեպքում գլխավորը երկրորդ փուլն է, որտեղ հաղթում է նա, ում իրենց ձայներն են տալիս երրորդից մինչև ամենավերջին տեղում հայտնված թեկնածուները, կամ չեն տալիս, բայց պահպանում են չեզոքություն: Առաջին փուլում Ֆրանսուա Օլանդի 28,63 %-ը հաղթանակ չէր խոստանում, Սարկոզիի 27,18 %-ի համեմատ (2007-ին Սարկոզին առաջին փուլում ստացել էր 31,18 %): Հաշվարկները խառնեց Մարին լը Պենը. նա մայիսի 1-ին խորհուրդ տվեց ինքնուրույն կողմնորոշվել, իսկ ինքը քվեատուփ գցեց դատարկ ծրարը: Սարկոզիին թեկնածուներից ոչ ոք պաշտոնապես չաջակցեց: Մինչդեռ Օլանդին հրապարակավ աջակցեցին Ժոլին (2,31 %), Մելանշոնը (11,1 %), Բայրուն (9,13 %) և Պուտուն (1,79 %): Ֆրանսուա Օլանդը հաղթեց 51,64 %-ով: Ինչո՞ւ Օլանդը կարողացավ պայմանավորվել քաղաքական ուժերի հետ՝ կոնսոլիդացնել նրանց, Սարկոզին՝ չցանկացավ: Հարցը թողնենք ֆրանսիացիներին: Անծանոթ անունների ու նրանց քաղաքական վարկանիշի այս երկար-բարակ թվարկումը մի նպատակ ուներ՝ պատկերացրի՞ք, թե ինչ բազմազան է Ֆրանսիայի քաղաքական գունապնակը՝ ինչ տարբեր կուսակցություններ կան և ինչ աջակցություն են ստանում ընտրություններում տոկոսային արտահայտությամբ: Ֆրանսիացիները հետո ազգովին հիասթափվեցին իրենց ընտրությունից. ձայն տալով սոցիալիստներին՝ ձայն էին տվել ոչ պոպուլյար բարեփոխումներին, մինչև անցյալ տարի Ֆրանսուա Օլանդը ռեկորդներ էր գրանցում՝ իբրև Հինգերորդ Հանրապետության ամենացածր վարկանիշն ունեցող նախագահ, որ ավելի հայտնի էր սիրային արկածներով: Նիկոլա Սարկոզին Հանրապետական վերանվանեց կուսակցությունը, գուցե պարտությունը մոռացնելու համար, և արդեն նստում էր սպիտակ ձին, իրավիճակ փոխեցին ահաբեկչությունները Փարիզում: Նոյեմբերի 13-ին Բատակլանի առաջ ֆրանսիացիները տեսան ուրիշ նախագահի, ում կարող են նորից իրենց ձայնը տալ: Բացի այդ՝ տեղական ընտրությունների առաջին փուլում հաղթեց Մարին լե Պենը, երկրորդ փուլում նրան չհաջողվեց հաղթել, բոլոր պարտվածները ավանդույթով միավորվեցին: Եթե այս կիրակի լինեն նախագահական ընտրությունները, ֆրանսիացիները առաջին փուլում դարձյալ նրան կտան ձայների մեծամասնությունը, երկրորդ փուլում՝ նրան, ով կլինի երկրորդը: Դա կոնսոլիդացիոն ավանդույթ է: Առայժմ երեք հիմնական կուսակցություններում միայն Մարին լը Պենն է առաջինը, հանրապետականների առաջատարը նախկին վարչապետ և ԱԳ նախարար Ալեն Ժյուպենն է, Նիկոլա Սարկոզիին կհաջողվի՞ նրանից առաջ անցնել: Գուցե նաև սոցիալիստների աջակցությամբ, Օլանդի իդեալական մրցակիցը Սարկոզին է: Նրանից հոգնած ֆրանսիացիները դեռ լիովին չեն հիասթափվել Օլանդից, իսկ աջակիցները դեռ անհույս չեն կարոտել նրան: Թեպետ Օլանդը սոցիալիստների կուսակցությունում առաջինը չէ, բայց կդառնա: Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունները հաջորդում են նախագահականին, սովորաբար մեծամասնություն է ստանում նախագահի կուսակցությունը: 2012-ին խորհրդարանական ընտրությունները անցկացվեցին հունիսի 10-ին ու 17-ին, ընտրվեց 14-րդ Ազգային ժողովը՝ 577 պատգամավորով: Սոցիալիստները ստացան 280 ձայն, «Ժողովրդական շարժման միությունը»՝ 185: 17 պատգամավոր ունեցան կանաչները, 16՝ Նոր կենտրոնը, 10՝ Ձախ ճակատը, 2՝ Ֆրանսուա Բայրուիի կենտրոնամետները, 2՝ Ազգային ճակատը:
Ինչպես նախագահական ընտրություններում քվեարկեցին հայե՞րը: Անաղուհաց: Ֆրանսիայի ՀՅԴ-ականները հայտարարեցին, որ իբրև սոցիալիստ պաշտպանելու են սոցիալիստ Օլանդին: ՀՅԴ-ն բոլոր երկրներում միշտ առնում է իշխանության հոտը, նրանք չսխալվեցին ընտրության մեջ, բայց անտեղի նեղացրին Ֆրանսիայի այն նախագահին, ում մասին հաստատ գիտեին, որ քանի նախագահ է, Թուրքիան ԵՄ-ում ու տարածաշրջանում քիչ շանսեր ունի: Գուցե դաշնակները պարզապես Օգյուստ Ռոդեն չէին սիրում: Իհարկե, Ֆրանսուա Օլանդը հայերի բարեկամն է, 2015 ապրիլի 24-ին նա Ծիծեռնակաբերդում էր, բայց, եթե հիշում եք, նույն օրը երեկոյան Երևանից թռավ Բաքու, որ այնքան էլ նրբանկատ չէր: Նա Ֆրանսիայի առաջին նախագահն է, որ պետական այցով եղել է Թուրքիայում: Պաշտոնավարման տարիները ցույց տվեցին, որ սոցիալիստները քաղաքականության մեջ կողմնակից են սինթեզի՝ հուզական առումով մեզ հետ են ու մեր կողքին, առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնում են թուրքերի ու ադրբեջանցիների հետ: Ստացվում է լավագույնս: Ինչպե՞ս իրենց կդրսևորեն 2017-ի ընտրություններում հայերը: Հարց է, որ դեռ պատասխան չունի, թերևս քվեարկեն ազատ: Սարկոզին չի ների, Օլանդը չի հասկանա, լը Պենը չի նկատի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Մինչև նախագահական ընտրությունները Ֆրանսուա Օլանդը հաղթանակի համար կառավարության կազմը կփոխի (արդեն հրաժարական է տվել ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, թեկնածուներ են Սեգոլեն Ռուայալը, նախկին վարչապետ Ժան-Մարկ Էրոն, Էլիզաբեթ Գիգուն), կփորձի ներգրավել կանաչներին, կոմունիստներին, ձախերին, այսինքն՝ կոալիցիոն կառավարություն կկազմի՝ ընդդեմ նախագահական ընտրություններում հավանական մրցակցի: Եթե նրանք որոշեն, որ կամիկաձե չեն մեկ տարի առաջ սոցիալիստների հետ ձախողումների պատասխանատվություն ստանձնելու, փոխատեղումներ կանի կուսակցության ներսում: Ճիշտ հասկացաք՝ կձգտի կոալիցիայի: Այն, ինչ Հայաստանի հանրապետականներն են պատրաստվում անել, փաստորեն ձևով նույն, բայց բովանդակությամբ տարբեր քայլը: Ինչո՞ւ թողեցի Հայաստանը ու Ֆրանսիայի քաղաքական կյանք մտա: Իսկ դուք համեմատեք ընտրական կարգերը՝ առավելություններն ու թերությունները, իշխանության և ընդդիմության փոխհարաբերությունները, կոնսոլիդացիոն մեխանիզմները, քաղաքական ու մարդկային գործոնները: Կա ավելի կարևորը՝ հասկանալ ինչ է կատարվում ու ինչպես մի երկրում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, երկրորդը ԵՄ-ում ու Հայաստանի բարեկամն է համարվում: Ի՞նչ կապ ուներ Դեպարդիե՞ն: Օլանդի բարեփոխումների պատճառով նա դարձավ ՌԴ քաղաքացի: Որ հարկեր չմուծի:

Դիտվել է՝ 1348

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ