Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանի կույր աղիքը (գաստրոնոմիական կաքավումներ)

Հայաստանի կույր աղիքը (գաստրոնոմիական կաքավումներ)
12.02.2016 | 11:23

Տանում էին վաղ առավոտ
Մոտիկ սարի ուխտատեղին
Մի գառնուկի՝ դունչը դեղին...
«Մատաղացու», ՄԵՏԱՔՍԵ

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՃՈՒՐԴ
(տրագիֆարս՝ նախաբանի տեսքով)
Մինչև բուն ասելիքը, այսինքն՝ ՀՀ արտոնախավի և նրա հայրենասիրական ախորժակի ձեռքը կրակն ընկած մահկանացուներիս սննդային մոնիթորինգը, նախ աշխարհաքաղաքական մի երկու շրջայց կատարենք։
«Իսլամական պետություն»-չարիքը, ինչպես վստահեցնում են ՄԱԿ-ն ու նրա գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, սանձարձակվում է ժամ առ ժամ, և պատերազմի արհավիրքը մոտենում է մեր տան շեմին։ Աշխարհն ահաբեկված է, աշխարհը ելք է փնտրում, Երկիր մոլորակը տնքում է չմարսվող-ահաբեկչական սննդից և ուր որ է կորձկա արյուն և ուղեղ։ Սակայն չարիքի բնից երկու թիզ հեռու մի հինավուրց երկրում օրորոցայիններ են հնչում։ Հայաստան է այդ երկրի անունը, ըստ Աստվածաշնչի՝ Թորգոմաց տուն, ըստ Տերյանի կամ Չարենցի՝ Երկիր Նաիրի և այլն, և այլն։ Գուցե ռուսական անվեհեր սապո՞գն է մեր անդարդ անդորրի հիմքը։ Գուցե մի այլ բան կա։ Տեսեք, կոռուպցիայի մակարդակով, արտագաղթի հզոր թափով և վերջապես վարկային վայրագությամբ մենք առաջնադիրքում ենք։ Եվ գնալով ամրապնդվում ենք այնտեղ։ Բայց և այնպես Արարատի հայացքի ներքո խաղաղ է ամեն բան։
Այսինքն՝ դրախտի դռների պես բաց է մեր սիրտը աշխարհի թերմացքի և թույնի առաջ։ Վարկեր շարունակ, վարկեր ամենուր, տաղանդների արտաքսում և աղանդների փթթում։ Հընթացս վարկավորվեց Արգիշտի-1-ում գտնվող աշտարակը և սպառնաց դառնալ կառավարության վարկային մրցակիցը։ Ի դեպ, Արգիշտի-1-ի, այսինքն, քաղաքապետարանի վարկային մունետիկ տիար Արեյանը ժամանակն է, որ հայտարարի Երևանի մետրոպոլիտենի շինարարությունը շարունակելու-ավարտին հասցնելու վարկի մասին։ Արգո Կամո, հուշում եմ, գուցե վարկ վերցնեք Զիմբաբվեից, չէ՞ որ մենք նրանց ժամանակին ծիրանային վարկ ենք հրամցրել։
Մի խոսքով, այս ամենը ձանձրացրել է այնքան, որ դարձել է սովորական և, չզարմանաք, նույնիսկ սիրելի։ Եվ, ահավասիկ, հայ ոչ իշխանական (ոչ էլ ընդդիմադիր) հանրությունը սարսափած սպասում է երջանկահիշատակ այն օրվան, երբ հանրապետությունում կդեգերի ճիշտ 1 մլն մարդ, երբ սահմանամերձ գյուղերը կվերածվեն անկելանոցների, երբ ներկա 5 մլրդ վարկը կտասնապատկվի, և վարկատուներն արդեն հույսները կորցրած միջազգային աճուրդի կներկայացնեն Հայաստանը, և զարմանալի կլինեն սույն աննախադեպ աճուրդի պայմանները՝ ՀՀ և ոչ մի քաղաքացի չի մասնակցի երկրավաճառքին։ Այս է մեր վաղվա դժնդակ օրը։ Սակայն այս ամենն անհասկանալի է իշխանություններին և ընդդիմության (խորհրդարանական և արտախորհրդարանական, հանրահայտ և լիովին անհայտ), աղանդավորների ու թափառաշրջիկների, մենաշնորհատերերի և չինովնիկության համար։ Թերևս հավելենք նրանց քծնասպետ մտավորականներին և մտավոր հետամնացներին, այսինքն՝ գժերին։ ՈՒ գիտե՞ք ինչու... Զի նրանք համոզված են, որ վաճառված Հայաստանում էլ կլինեն դրության տերը, ինքնաբավ, ինչպես կարմրակատար աքլորը շփոթված հավերի հարեմում, կամ էլ թեկուզ ոչխարի փարախում հայտնված ու քաղցից խելքը թռցրած գայլը։
Բայց հարկադրված եմ հիասթափեցնել ոմանց։ Տիկնայք, նաև տիարք, աճուրդված Հայաստանում դուք կհայտնվեք ճիշտ այն վիճակում, ինչում մենք ենք երջանկանում 25 տարի։ Զի աճուրդը շահած թուրք և իսրայելցի, ազերի և վրացի, նաև, ինչու չէ, ռուս տերերը ձեզ կվերաբերվեն ճիշտ այնպես, ինչպես դուք եք վերաբերվում ձեզ ծնած ու սնած, երբեմն էլ ձեզ լիասիրտ վստահած ժողովրդին։
Ողջ լերուք, և պատրաստվեք 2017-ի, ո՛չ, ոչ թե ԱԺ ընտրություններին, այլ ՀՀ աճուրդին։

ԿԱԼՈՐԻԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ
(խեղված կատակներ)
ՈՒրեմն պատրաստվենք 2017-ի, ո՛չ, ոչ թե ԱԺ ընտրություններին, այլ ՀՀ աճուրդին։ Բայց վերադառնանք իրականություն։ Իրատեսորեն վստահեցնում եմ, որ երկրի փրկության (այն է՝ ազգի հարատևման և մենաշնորհների չեղարկման) միակ ճանապարհն առկա կկալ-ի, ասել է՝ սննդի կալորիականության սահմանադրական բաշխումն է վերնախավի և հակավերնախավի (այսինքն՝ հասարակության) միջև։ Երբ ՀՅԴ-ն ներդաշնակվում է ՀՀԿ-ին, ապա եղերամայրային ճառաբանության փոխարեն նրանք պետք է երկիրը նախապատրաստեն կկալ-յան հեղաշրջման (կկալը սննդի կալորիականության չափման միավորն է, ինչպես կարատն ադամանդի համար)։ Հիշեցնում եմ, որ ՀՀ պարենային նվազագույն զամբյուղի սննդամթերքների ցանկը սա է. նախ և առաջ հասկանալի է, որ հաց։ Նախ և հետո՝ ձավարեղեն, մակարոնեղեն, կաթ և կաթնաշոռ, պանիր, կարտոֆիլ, բանջարեղեն, շաքար և ձու, բուսական յուղ, մարգարին և ձուկ, վերջապես մսամթերք։ Դուք հարկավ վրդովված եք, զի այստեղ բացակայում են թթվասերն ու թթու վարունգը, բայց ոչինչ, դրանց փոխարեն ամրագրված է ընդեղենը։ Այս կենարար, սակայն մի փոքր վախվորած զամբյուղը ձևակերտել է ԱՎԾ-ն՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության մշակած սննդամթերքի կառուցվածքի, կազմի և էներգետիկայի։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, այսպիսով, սահմանադրորեն պարտավոր է յուրաքանչյուր օր օգտագործել 2412 կկալ։ Այսինքն, արևածագը դիմավորելով պիտի խոր շունչ քաշի, չափի-կշռի 2412 կկալը և ճաշակի ճիշտ այդ կալորիականության սննդամթերք, ոչ մի նիշ ավելի կամ պակաս։ Սակայն շատերը բավարարվում են ընդամենը 7-8 հարյուր կկալ սննդով, անհրաժեշտ գումարի բացակայության պատճառով։ Այնպես որ, նրանք իրենց սահմանադրական պարտականությունը չեղարկում են։ Այսինքն, հոգեպես վաղուց կազմ-պատրաստ են կալորիական հեղաշրջմանը։ Ասենք թե գալիք գարնանը։

Երկրի նոր սահմանադրությունը նվազագույն զամբյուղի մասին ոչինչ չի ասում։ Մնում է, որ քաղաքական ուժերը խոսեն այս մասին և բարեփոխումը այս բնագավառում սկսեն իրենցից։ Բայց քանի որ նրանք չափազանց գաղտնապահ են և դժվար թե ցանկալի տվյալները մեզ տրամադրեն, մի բան է մնում անել, այն է՝ դիմել ՀՀ առողջապահության նախարարությանն ու ԱՎԾ-ին, նաև բոլոր այն քաղաքական մարմիններին, որոնց անվան մեջ և ծրագրերում կան սոցիալական կոչեր և մեծահարուստների սնանկացման (նրանց ունեցվածքի յուրացման) փորձեր։ Ահավասիկ, որքա՞ն է 1 միավոր պատգամավորի 1-օրյա սննդի կալորիականությունը։ Արդյո՞ք նվազագույն զամբյուղի ձևաչափում է։ Հարկավ ոչ։ Նմանապես դժվար թե նվիրաբերված բարձրաստիճան պետծառայող-միլիոնատերը բավարարվի 2412 կկալ սննդով։ Եվ այստեղ խոսքը նրանց (նաև օլիգարխների) ախորժակի մասին չէ, նրանք, անշուշտ, որկորային ահաբեկիչներ չեն, պարզապես նրանց ընդունած սննդի կալորիականությունն է չափազանց տպավորիչ։ (Թույլ նյարդեր ունեցող, երեք շաբաթ շարունակ երազում ապխտած երշիկը տեսած, բնականաբար, մարտական տրամադրված շարքային մահկանացուներին առաջարկում եմ շրջանցել ներքոնշյալ սանդղակը, զի նրա բարձրաձայն ընթերցումը հղի է սեփական առողջության խաթարմամբ և մերձավորների անդորրի խափանմամբ)։
Ահա շաբաթօրյա նախաճաշիկը։ Սև և կարմիր ձկնկիթ, հրեղեն հավքի ոսկե հավկիթ և, իհարկե, մեկ ժամ առաջ Փարիզի արվարձանում թխված ֆրանսիական բուլկի։ Անդրադառնա՞նք ճաշին, հետճաշիկին, նախավարժանք իրիկնահացին և բուն ընթրիքին։ Իհարկե դրա կարիքը չկա, զի ամեն բան լույսի պես պարզ է, վերնախավի 1-օրյա սննդի հզորությունը կազմում է նվազագույնը 24120 կկալ, այսինքն՝ գերազանցում է նվազագույն պարենային զամբյուղի հաստատուն շեմը ճիշտ 10 անգամ։ Ահա այս խնդիրն է, որը պետք է դառնա թե՛ խորհրդարանական, թե՛ «նրբանցքային» ընդդիմության գլխավոր խաղաքարտը 2017-ին ընդառաջ։ ՈՒ գիտեք, թե ինչու. որովհետև նոր աշխարհակարգում մենք ոտնատակ չենք լինի, եթե միայն հանրապետությունում հաղթանակի ազգային-պետական կալորիական բարոյականությունը։ Թե չէ, երբ մեր բնակչության 70 տոկոսը նվազագույն պարենային զամբյուղի բարիքներին է կարոտ մնում իր ողջ կյանքում, ապա էլ ինչպես ենք մենք հատելու հայ-թուրքական սահմանը և մի՞թե ուժ կմնա մեր կարոտակեզ թևերում, որպեսզի լիաթոք փարվենք Արարատին։ Չէ՞ որ Ռուսիո Պետդումայում լրջորեն փորձում են պատժել էրդողանյան Թուրքիային՝ Արարատը մեզ նվիրաբերելով։ Սակայն սա հարցի ընդամենը երկրորդական կողմն է։ Առավել հետաքրքիր է, մի՞թե լյառն Արարատը կհամաձայնի 3-րդ հանրապետություն ներառնվելուն, ուր բորբոսնած, բայց կատաղած կույր աղիքը փոխարինում է երկրի բոլոր արյունատար և կենարար անոթներին։

ՄԵՐ ՄԱՏԱՂԻ ԱՆԱԼԻ ԱՂԸ
(վերջնագիր)
Այո, պատվարժան պոետեսա Մետաքսե, մեր մատաղի մեջ աղը հանկարծ պակասել է, քանզի մենք մի օր հնազանդվեցինք և կամովին դարձանք դեղնադունչ մատաղացու գառներ։ ՈՒ մեզ ոմանք տշում-քշում են դեպի իրենց ապականված ուխտատեղին։ Մարդ իմանա, թե ինչու։ Գուցե մատաղների աղն է անալիացել, ի՜նչ իմանաս։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ