Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր «դարդը» հայրենի խոպանչիներն են

Մեր «դարդը» հայրենի խոպանչիներն են
12.02.2016 | 11:28

Մինչ այս վերջին տնտեսական ճգնաժամը Մոսկվան սկսել էր որոշակի իմաստով միջինասիական քաղաք հիշեցնել: ՈՒր գնում էիր` տաջիկներ էին, ղրղզներ, ուզբեկներ, որոնք իրենց քանակական տեսանելի առկայությամբ առաջ էին բերում տեղացիների հակակրանքը: Իսկ մուսուլմանական տոներին միջինասիացի «գաստարբայտերները» քաղաքի մզկիթներում գերազանցում էին տեղաբնակ մուսուլմաններին: Ծանոթ մի ադրբեջանցի, որը թարգմանիչ էր աշխատում Ռուսաստանում գործող թուրքական խոշոր մի շինարարական ընկերությունում, պատմեց, որ քաղաքային իշխանությունների հետ բանակցելիս թուրքերը թույլտվություն էին պահանջել Մոսկվա բերելու թուրք (քուրդ) բանվորների, քանզի տեղացիները չարաշահում են խմիչքը: Եվ բավականին հաճախ նրանք այդպես էլ անում էին, էլ ավելի խտացնելով մուսուլմանների շարքերը ռուսաց մայրաքաղաքում:
Իրավիճակը փոխվեց, երբ բռնկվեց նոր տնտեսական ճգնաժամը, ընկավ ռուբլու փոխարժեքը ու փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ: Նույնիսկ շուկաներում աշխատելը սկսում է դառնալ ոչ ձեռնտու: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին արձանագրեց, որ արդեն Ռուսաստանից հեռացել է մոտ մեկ միլիոն օտարերկրացի, հիմնականում՝ միջինասիացի, իսկ փող աշխատելու նպատակով եկողների հոսքը կրճատվել է 70 տոկոսով:
Ռուսներն առանձնապես չեն բարձրաձայնում, սակայն, տնտեսական պատճառներից բացի, միջինասիացի մուսուլմանների դեմ գործում է նաև քաղաքական-կրոնական գործոնը: Եթե մինչ վերջերս Ռուսաստանում իրականացված ահաբեկչական գործողությունների հեղինակները գերազանցապես եղել են հյուսիսկովկասցիները, ապա օրերս Եկատերինբուրգում բացահայտված ահաբեկչական հանցախմբի մասնակիցների մեջ գերակշռում էին միջինասիացիները, իսկ դրա պարագլուխը Թուրքիայի քաղաքացի էր: Իսլամական պետության շոշափուկները սկսում են ընդարձակվել նաև Ռուսաստանում:
Իհարկե, չի կարելի միջինասիացիների աշխատանքային հոսքը Ռուսաստան համեմատել Եվրոպայում նկատվող մուսուլմանական ներխուժման հետ: Միջինասիացիները առայժմ այստեղ շարունակում են դիտվել որպես նախկին խորհրդային քաղաքացիներ. երկուստեք իրար լավ գիտեն, և լեզվական խնդիրներ չեն առաջանում: Բայց սա չէ էականը: Միջինասիացիների ամենամեծ «արժանիքն» այն է, որ նրանք անհամեմատ էժան աշխատուժ են, հիմնականում՝ ցածր որակավորմամբ: Ռուսաստանում խոսք անգամ չի կարող լինել ներգաղթողների նկատմամբ ինչ-որ եվրոպատիպ «մարդասիրության», ոչխարային հանդուրժողականության՝ տոլերանտության դրսևորման մասին: Ֆանտաստիկա կլիներ, եթե միջինասիացիներին ռուսները վճարեին նպաստ, տրամադրեին բարեկարգ ապրելավայր, անվճար բուժօգնություն, ուսում և նման այլ աննախադեպ արտոնություններ: Եկել ես, գլուխդ պահիր` ինչպես կարող ես: Ավելին, աշխատանքային արտոնագիր ձեռք բերելն արդեն որոշակի գումար է պահանջում:
Ռոմոդանովսկին նշեց, որ արևմտյան պատժամիջոցների պատճառով գործազրկությունը համակել է Ռուսաստանի 82 տարածաշրջան, արդեն մեկ միլիոնից ավելի ռուսաստանցիներ զրկվել են աշխատանքից, «հերթի են կանգնել» ևս 650 հազար տեղացիներ: 2015 թվականի վերջին ամբողջ երկրում գրանցվել է 4,4 միլիոն գործազուրկ, որը կազմում է աշխատունակ բնակչության ընդհանուր ծավալի 5,8 տոկոսը: Ռուսաստանցի շատ գործարարներ, ինչքան էլ ձեռնտու չլինի, ստիպված են աշխատանքի ընդունել տեղացիներին:
Սակայն, ինչպես ասում են, մեր «դարդը» միջինասիացիները չեն, այլ հայրենի խոպանչիները: Հայոց լրատվամիջոցներում խոր անհանգստություն է արտահայտվում այս կապակցությամբ. իրոք, կոռուպցիոն-օլիգարխիական անարդար ռեժիմը անկարող է աշխատանքով ապահովել այն հազարավոր մարդկանց, որոնք սեզոնային աշխատանքով հացի փող են վաստակում Ռուսաստանում: Բայց և ստացվում է, որ այդ մարդիկ, ինչքան էլ դժվար լինի, այնուամենայնիվ, պիտի փորձեն հարմարվել Ռուսաստանում ստեղծված նոր անբարենպաստ պայմաններին: Ռուսաստանին փնովող՝ Հայաստանի անկախության հին ու նոր բոցաշունչ ջատագովների մտքով կանցնե՞ր, որ հայոց երկիրը կվերածվի նաև ցածրորակ աշխատուժի մատակարարի: Հենց ցածրորակ, ոչ հարգի: Մի կողմ դնենք սեփական դատողությունները և մեջբերենք ռուսաստանցի արհմիութենական մի փորձագետի կարծիքը. «Ստեղծված իրավիճակի բերումով իրական խնդիր է առաջանում՝ ինչպես և ինչով ներգրավել ռուսաստանցիներին ցածրորակ աշխատանքի մեջ: Ներկա պայմաններում բարձրացնել աշխատավարձը անհնարին է: Որոշ ձեռնարկություններ փորձում են շարքային անձնակազմին հրապուրել ոչ նյութական պայմաններով, օրինակ, նրանց տրամադրելով ճկուն աշխատակարգ, ազատ հերթափոխեր, ապահովում են կացարանով ու սննդով և այլն: Որոշ ձեռնարկատերեր էլ այլ ճանապարհ են ընտրել՝ միջինասիացիներին փոխարինել են ուկրաինացիներով, մոլդովացիներով և նույնիսկ՝ միայն հայերով (ընդգծումն իմն է. Ռ. Հ.)»:


Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 1939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ