Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բառի ապստամբությունը

Բառի ապստամբությունը
12.02.2016 | 11:31

Երբեք չեմ հավատացել գրականության ժանրային բաժանումներին: Ինչ ժանրում էլ լինի, բովանդակությունն է կարևորը: Հեմինգուեյը մի նախադասությամբ վեպ էր գրում՝ «Վաճառվում են բոլորովին չհագած մանկական կոշիկներ»: Անվանեք այս վեց բառը պոեմ, ակնարկ, պատմվածք, վեպ, եթե ձեզ ոչինչ չասաց, չի էլ ասելու: Եթե հասկացաք, շարունակվելու է ձեր ներսում ու դառնալու է մի ընտանիքի, մի երկրի, մի ժամանակի պատմություն: ՈՒ մնալու է մարդու պատմություն՝ հասկանաք, թե չհասկանաք: Երբ Հրանտ Մաթևոսյանը գրում էր «Ահնիձորը», ընդունված էր ակնարկի ժանրը: Ի՞նչ ակնարկ: «Ահնիձորի» խորքում մենք բոլորս էինք՝ բնության ու միմյանց նկատմամբ մեր փոխհարաբերություններով, երկրի ու պատմության հետ մեր հարցերով: Գրվեց ու փորձանք դարձավ «Ահնիձորը» ոչ պատահաբար, շատ էր խորքային ակնարկի համար, շատ էր նոր ու շատ էր հզոր գրականության մեջ ու քաղաքականության մեջ աղմուկ չհանելու համար: Այդպես գրականություն մտավ իշխող մտածողության դեմ ապստամբությունը, մարդու պաշտպանության ու հայրենիքի պաշտպանության գաղափարը, որ, բնականաբար, չընկալվեց, Խորհրդային Հայաստանում ու ԽՍՀՄ-ում այդպիսի հարցեր չէին կարող լինել: Բայց՝ այդպես էլ շարունակվեց, տող առ տող: Պատմվածք առ պատմվածք: Վեպ առ վեպ: Հարցազրույց առ հարցազրույց: Նրանք բոլորը ամբողջ ԽՍՀՄ-ում նույն գործն էին անում՝ պաշտպանում էին մարդուն ու հայրենիքը, Աստաֆևը, Ռասպուտինը, Շուկշինը, Բելովը: Նրանք ասպարեզ էին բերում նոր որակ ու նոր մակարդակ, որ սոցռեալիզմի սահմաններում ինչպես էլ անվանվեր, մարդագրության նոր ընկալում ու նոր մեկնություն էր: Նրանց անվանեցին գյուղագիրներ, որովհետև ժամանակի մեջ ընդունված էր պիտակներ տալ, իբր ավելի հասկանալի դարձնելու համար, իրականում գյուղագրության նեղ սահմանների մեջ նրանց հզոր գրականությունը մտցնելը իշխանության ինքնապաշտպանությունն էր։ Ո՞վ են նրանք ու ի՞նչ են գրում: Դե, հա, այնքան էլ կարևոր չէ, քանդվող գյուղերի մասին են գրում, ինչ էլ գրեն, կյանքը առաջ է գնում: Հիշում եք, չէ՞, ԽՄԿԿ համագումարից համագումար տեղափոխվող ծրագրային դրույթների հայտնի կետը՝ կոմունիստական կուսակցության նպատակն էր վերացնել գյուղի և քաղաքի տարբերությունները: Կրկնում ու առաջ էին գնում, բայց ինչո՞ւ վերացնել: Ոչ ոք հարց չէր տալիս, իսկ գրականությունը պատասխանում էր՝ ինչո՞ւ չվերացնել: Նույն թվականներին Լատինական Ամերիկայում՝ մի քանի երկրներում միաժամանակ սկսվեց մեկ այլ գրական շարժում, որ հետո անվանվեց մոգական ռեալիզմ: Ի՞նչ էին անում Արգենտինայի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Մեքսիկայի, Չիլիի, Պարագվայի, Պերուի, ՈՒրուգվայի հոգևոր հայրերն ու դեսպաններն ամբողջ աշխարհում՝ Բորխեսը, Կորտասարը, Սաբատոն, Ամադուն, Մարկեսը, Լիոսան, Կարպենտիերը, Լիման, Ֆուենտեսը, Ռուլֆոն, Ալեգրիան, Ներուդան, Բաստոսը, Արգեդասը, Սկորսան, Օնետին: Նրանք որոնում ու իրենց ժամանակակցին էին հրամցնում իրենց արմատներն ու պատմում էին կյանքի մասին՝ կյանքի ներսից: «Այս սիրելի-սարսափելի, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում դաժան բան է մերկ լինել, լինել աշխարհի մերկացած նյարդը՝ գրող: Սպիտակ թղթի առջև ամեն վայրկյան կարելի է կաթվածահար լինել»՝ այդպես էին գրում՝ ամեն վայրկյան կաթվածահար լինելով, ու հատվածական աշխարհը միավորելով: Ձևակերպել է Հրանտ Մաթևոսյանը, վստահ եղեք, կստորագրեին բոլորը, որ հետո դարձան աշխարհահռչակ գրողներ, ոմանք՝ Նոբելյան մրցանակակիրներ: Գրողը կատարելության ու մարդու կամուրջն է, որ, ինչպես բոլոր կամուրջները, երբեմն միացնում է, երբեմն բաժանում ափերը: Անցյալ դարակեսից Հրանտ Մաթևոսյանի գործը միացնելն էր՝ «Ահնիձորից» մինչև իր ապրած վերջին օրը ու այսօր: Նրա ու նրա սպիտակ թղթի միջև միայն մենք չենք, ժամանակն էր, երբ «փլուզում եղավ»: Փակվող էպոխայի ու բացվող էպոխայի միջև դարձյալ նրա խոսքը հնչեց, որ տարածքը Հայրենիք դարձնի:
Ամեն սերունդ իր գիտակցական գոյությունը սկսում է որտեղի՞ց եմ գալիս, ո՞վ եմ և ո՞ւր եմ գնում հարցերի պատասխաններից: Անցյալի ավանդույթների վերաիմաստավորումը, ներկա իրողությունների բացատրությունը նույն հարթակում՝ լավագույն դիտակետն է դեպի ապագա նայելու համար: Այդպես գրականության մեջ հաստատվում են տեղանուններ ու դառնում խորհրդանիշներ, որոնք էջ առ էջ բացում են տոհմի, ցեղի, ժամանակի պատմությունը, գրականություն բերած նրանց հերոսը, անկախ ճակատագրի զիգզագներից, դառնում է ժամանակի տերը: Ի վերջո, ամբողջ գրականությունը մի գիրք է, որ գրել է մի մարդ: Տարբեր են այդ գրքի էջերը՝ ժողովուրդ առ ժողովուրդ, երկիր առ երկիր, գրող առ գրող: Եվ՝ ընթերցող առ ընթերցող: Այդ գրքի իր էջերին Հրանտ Մաթևոսյանը հանձնեց թուխ ու ջղային մարդկանց պատմությունը, որ ցեղասպանությունն անցան ու չկորցրին ապրելու համը, թեպետ «Քո բոլոր ճակատամարտերն այլևս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով», թեպետ «Կյանքը թանկացավ այնքան, որ պիտի մուրացվի հացի պես», բայց հենց նա սովորեցրեց հիշողության դասը, խեղճի ու խղճի տարբերությունը, կծելու, կոտրելու, ատելու տղամարդկությունը, Իշխանի ու Ավետիքի համադրումը, երկրի աղը դառնալու դժվար հաճույքը, ի վերջո՝ հաղթելու արվեստը: Իրենք իրենց համար ապրող բառերին նա տվեց կյանք, որ շարունակվում է անվերջ: Դարասկզբին Եղիշե Չարենցը, դարավերջին Հրանտ Մաթևոսյանը եկան ու կամրջեցին մեզ՝ մեզ, ամբողջացրին, այս «անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտում» դարձրին ՏԵՐ: Գրականությունը նաև մեկ այլ հանճարեղ որակ ունի՝ ինքը նույնն է, փոխվում ես դու, և այն, ինչ երեկ քեզ ոչինչ չի ասել, այսօրվա հայտնագործությունն է դառնում, առավել ևս՝ վաղվա, ու՝ շարունակվում է ճանապարհը դեպի ԲԱՌԸ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

Հ.Գ. Կարդացեք Հրանտ Մաթևոսյան:

Դիտվել է՝ 2086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ