Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պեզճին ու ցփսին

Պեզճին ու ցփսին
12.02.2016 | 11:46

Հարություն Պողոսի Պեզճյանը (1771, Կ. Պոլիս-1834, Կ. Պոլիս) ոչ միայն մեր ժողովրդի երջանկահիշատակ զավակներից է, այլև արևմտահայոց բոլոր ժամանակների ամենախոշոր բարերարը: Կարինցի աղքատ ծնողների որդին բնաձիր հատկությունների՝ վաճառականական տաղանդի, ձեռներեցության, շրջահայացության շնորհիվ կարողացավ Պոլսո սովորական մետաքսավաճառից (պեզճի` նշանակում է մետաքսավաճառ) դառնալ Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ մարդկանցից մեկը՝ դրամահատարանի տնօրենը, փողերանոցի տեսուչը։ Սուլթաններն այդ հաստատության ղեկավարի պաշտոնում որպես կանոն նշանակում էին հայերին (ինչպես Տյուզյաններին, որոնց գերդաստանի անդամները ժառանգաբար էին ստանձնում տեսչությունը), և դա ուներ իր դրդապատճառները։ Նախ, հայերը պարկեշտ էին, անխարդախ, հավատարմորեն ծառայում էին տերությանը, երկրորդ, սուլթաններն իրենց իսկ չարաշահումները կոծկելու նպատակով հեշտությամբ կարող էին մեղքը բարդել հայ տեսուչների վրա և նրանց աքսորել կամ կառափնարան բարձրացնել (ինչը, ի դեպ, կատարվեց հենց Տյուզյանների հետ)։
Հ. Պեզճյանը 1825-1834 թթ. լինելով դրամահատարանի տնօրեն՝ միաժամանակ դարձավ սուլթան Մահմուդ II-ի ամենամերձավոր ու վստահելի անձանցից մեկը։ Բայց այդ անձնական մտերմությունն օգտագործեց ազգին ու եկեղեցուն անմնացորդ ծառայելու համար. կառուցեց եկեղեցիներ, վարժարաններ, պատրիարքարանի նոր շենքը, Պոլսո պատրիարքի միջոցով բազմիցս դրամական նվիրատվություններ կատարեց համայնքին, հիմնեց մինչ օրս գործող Սբ. Փրկչյան ազգային հիվանդանոցը (լրագրային սահմանափակ տարածքը հնարավորություն չի տալիս այդ ամենը մանրամասնել)։
Այս պատումը Հ. Պեզճյանի` Օսմանյան կայսրության վերնախավ տանող ճանապարհի սկզբի մասին է:

1802 թվականն էր։ Պոլսո մետաքսավաճառների խանի փոքրիկ կրպակում նստած՝ Հարություն Պեզճյանի միտքը տենդագին փնտրտուքների մեջ էր։ Նա հասկանում էր, որ Հովհաննես բեյ Տյուզյանի՝ դրամահատարանի տնօրենի հանձնարարության կատարումը կարող էր կտրուկ փոխել իր կյանքը։ Բայց խնդիրն անչափ ծանր էր, գրեթե անլուծելի, և պատճառներից մեկն էլ այն էր, որ առնչվում էր իր կնքահոր՝ Կարապետ աղա Պապայանի հետ։
Ամեն ինչ սկսվեց նախորդ օրը. փողերանոցից մի թուրք պաշտոնյա եկավ և ասաց, որ Հովհաննես բեյն ուզում է իրեն անհապաղ տեսնել։ Զարմացավ. Տյուզը մայրաքաղաքի վերնախավի ամենանշանավոր հայերից էր, ի՞նչ գործ կարող էր ունենալ իր նման շարքային մետաքսավաճառի հետ։
Փողերանոցի գրասենյակում Տյուզը Հարությունին ասաց.
-Ես քո մասին շատ լավ բաներ եմ լսել, ասում են, թե դու հիմա խանում ամենաձեռներեց մետաքսավաճառն ես... Անկեղծ ասած, մտադիր եմ ինքս էլ առևտրով զբաղվել, կայսրությունում արքունական ծառայությունը խախուտ բան է, այսօր կա, վաղը՝ ոչ։ Երևի տեղյակ ես, խանում մեծ վաճառատուն եմ սկսել կառուցել, սուլթանից ձեռք եմ բերել մետաքսի տուրքի գանձման մենաշնորհը, բայց ինձ պետք է մեկը, որն ստանձնի կառավարումը, ես բոլորովին ժամանակ չունեմ։
Արդեն ձեռք բերած փորձառության շնորհիվ Հարությունը գիտեր, որ ազդեցիկ մարդկանց հարկ է համակ ուշադրությամբ լսել, երբեք չընդհատել, ձգտել հասկանալ չասածը և չդրսևորել հույզերը։ Հիմա ակնհայտորեն տեղի էր ունենում մի կարևոր իրադարձության նախերգանք. ինչո՞ւ պիտի ամենահայտնի հայ ամիրան, որ հեղինակությամբ գրեթե հավասար էր պատրիարքին, անծանոթ մեկի պատմեր իր ծրագրերի մասին և այն էլ թափանցիկ ակնարկ աներ, թե կառավարիչ էր ուզում նշանակել հենց նրան։ Հարությունը կռահեց, որ դա գործարք էր, առևտրային գործարք, իսկ առևտրում պիտի ձգտես ձեռք բերել այն, ինչի կարիք ունես, բայց փոխարենն անպայման առաջարկես այն, ինչի կարիք ուներ դիմացինը. դա էր հաջողության բանալին։ Տյուզը հակառակ ծայրից սկսեց՝ առաջարկեց այն, ինչի մասին կարող էր երազել ամեն ոք, բայց դեռ չէր ասել այն, ինչ իրեն էր հարկավոր։ Այդ իսկ պատճառով Հարությունը ծպտուն չհանեց... Տյուզը դա գնահատեց, դա նրան դուր եկավ ու նայելով Հարությունի աչքերին՝ քմծիծաղ տվեց և ուղղակի շարադրեց ուզածը։
Խնդիրը հետևյալն էր. վեց ամիս առաջ Տյուզը Կարապետ աղայից ապառիկ վերցրել էր մեծ քանակությամբ ցփսի՝ հնդկական շալ, դրա դիմաց ստորագրել 200 հազար դահեկանի պարտամուրհակ, որի մարման ժամկետը մոտենում էր։ Բայց ամբողջ հարցն այն էր, որ ցփսիից ոչ մի ծերպ չէր վաճառվել, որովհետև թուրքական բարքերն ու սովորույթները խիստ պահպանողական էին. թեպետ Եվրոպայում ցփսին մեծ պահանջարկ ուներ, սակայն թուրքական շուկային դա բացարձակապես չէր հետաքրքրում։ Եվ հիմա Տյուզը ցանկանում էր հետ տալ ցփսիի խմբաքանակը ու Կարապետ աղայից ստանալ մուրհակը։ Բնականաբար, Կարապետ աղան չէր համաձայնվում, նրան ավելի ձեռնտու էր մուրհակը ներկայացնել վճարման, այն էլ՝ տոկոսներով։ Անշուշտ, մի նուրբ պահ էլ կար, որ ամիրան չասաց, բայց Հարությունը կռահեց՝ Տյուզը կամ չուներ 200 հազարը, կամ էլ չէր ցանկանում զրկվել այդքան գումարից։ Չէր ուզում նաև, որ շուկայում իմանային թե՛ այդ մասին, թե՛ ենթադրեին, որ ինքը անհեռատեսություն է դրսևորել. դա կարող էր ստվեր ձգել նրա վարկի վրա։
Իր հաշվարկը Հարությունը կատարեց ակնթարթորեն և համաձայնվեց. թեկուզ հանուն այն բանի, որ հաջողության դեպքում կդառնար Տյուզի առևտրային տան կառավարիչը և առնվազն անհոգ ապրուստ կապահովեր ընտանիքի համար։
...Ահա այսպիսի մտորումների մեջ էր Հարությունը։ Նա կողպեց կրպակի դուռը և քայլերն ուղղեց խանի մյուս ծայրը, որն ավելի մոտ էր նավահանգստին և որտեղ գտնվում էին մանուֆակտուրայի մեծածախ վաճառականները։ Նա, անշուշտ, գիտակցում էր, որ չնայած բարեկամական կապին, այդուհանդերձ, 200 հազարը մեծ գումար էր, և կնքահայրը նույնիսկ հանուն սանիկի Տյուզի առաջարկը չէր ընդունի։ Բայց փորձել պետք էր։
Հարությունին տեսնելով՝ Կարապետ աղան ծանր-ծանր ոտքի ելավ, գրկեց նրան, համբուրեց, հետաքրքրվեց տնեցիների որպիսությամբ, հարցուփորձ արեց գործերից։
Հարությունը պատասխանեց, որ բոլորը լավ են, իր գործերն էլ են հաջող և պատմեց Հովհաննես ամիրայի հետ հանդիպման ու նրա առաջարկի մասին։
Կարապետ աղան փորը բռնեց ու քահ-քահ ծիծաղեց.
-Է՜հ, տղա ջան, հիմա էլ քե՞զ է ուղարկել... Երևի գիտի, որ քավոր-սանիկ ենք։ Գնա ասա, որ համաձայն չեմ, համաձայն չեմ եղել ու չեմ էլ լինի։ Երեք օր է մնացել, եթե փողս չտա՝ վճարման կներկայացնեմ։ Ամիրան վատ մարդ չէ, հեղինակավոր անձնավորություն է, բայց ես մեղավոր չեմ, որ սխալվել է։ Ինքդ դատիր, եթե ցփսին ծախվող ապրանք լիներ՝ ես կվաճառեի, էլ ինչո՞ւ էի նրան տալիս։ Հիմա հետ վերցնեմ՝ ի՞նչ անեմ, եթե ինքը չի կարողացել ծախել, բա ե՞ս ոնց եմ դա անելու։ Չէ, գնա ասա, որ երեք օր է մնացել։
Հարությունը գլխիկոր, բայց ներքուստ զայրացած դուրս եկավ։ Ոչ, ինքը Տյուզին խոստացել էր և իր խոսքի տերը պիտի լիներ։ Բացի այդ, իր հետագա ճակատագիրը դրանից էր կախված։
Անտրամադիր մտավ տուն, բարևեց հորը, Վառվառե մոր հորդորներն անսաց ու չընթրեց, կրտսեր քույրերին առհասարակ բանի տեղ չդրեց, քաշվեց իր սենյակ ու մտավ անկողին։ Ելք պիտի լիներ, չէր կարող չլինել, և ինքը դա պիտի գտներ։
Երազում թե արթմնի, բայց կնճռի լուծումը մտապատկերում պարզորոշ ու միանգամից գծագրվեց... Ճիշտ է, այն բախվելու էր բարոյական խոչընդոտի, սակայն նպատակին հասնելը ակնհայտորեն գերադասելի էր։ Ամբողջ գիշեր անկողնում շուռումուռ եկավ, ծանրութեթև արեց (ախր, Կարապետ աղան իր կնքահայրն էր), բայց լուսադեմին վերջնականապես վճռեց՝ մտահղացումն իրականացնելու էր։


Առավոտ կանուխ գրեթե վազելով հասավ սուլթանի պալատի մոտ ու սկսեց հայացքով փնտրել նրանց, ովքեր իրեն պետք էին։ Շուտով տեսավ բալթաջիներին՝ արքունի ամենաստորակարգ մատակարարներին։ Նրանցից հինգ հոգու մոտ կանչեց, ամեն մեկին 100 ղուրուշ տվեց, բացատրեց ինչ անել, ապա հանգիստ գնաց խանի իր կրպակը. հիմա շտապելու բան չուներ, սպասել էր պետք։
Նրա հեռանալուց հետո բալթաջիները մեկական ժամ ընդմիջումով հերթով մտան Կարապետ աղայի վաճառատուն և սուլթանական պալատի կարիքների համար ահռելի քանակներով... ցփսի ուզեցին։ Ապշահար Կարապետ աղան ստիպված էր նրանց պատասխանել, թե՝ հիմա չկա, բայց վաղը կլինի, վաղը եկեք։
Հարությունն անվրդով սուրճ էր խմում, երբ կրպակի դուռը բացվեց ու ներս ընկավ քափուքրտինք կտրած կնքահայրը։
-Հարություն ջան, համաձա՜յն եմ...
-Ի՞նչ է պատահել, Կարապետ աղա։
-Ահա մուրհակը, ոտքիդ մեռնեմ, տար տուր Տյուզին և ասա, որ ցփսին շտապ հետ ուղարկի։
-Չեմ կարող, աղա ջան, ամիրային արդեն ասել եմ, որ համաձայն չես։
-Տունս մի քանդի, այ տղա, նորից գնա։
-Ախր, ինչի՞դ է պետք, երեկ ճիշտ էիր ասում՝ ցփսի առնողն ո՞վ է։ Չէ, չեմ գնա, կրակը կընկնես։
-Ա՜յ տղա, քո բանը չէ։ Գնա, աղաչում եմ, Տյուզին ասա, որ միտքս փոխել եմ։ Հարություն, վերցրու մուրհակը, էս էլ քեզ 20 հազար ղուրուշ պարգև՝ ծառայությանդ համար, միայն թե շտապիր, արագացրու...
Այլևս իմաստ չուներ չեմուչումը շարունակել։ Կարապետ աղային խոստացավ ձեռից եկածն անել ու շտապեց փողերանոց։
Տյուզը տեղից չշարժվեց։ Հարությունը նրա սեղանին դրեց պարտամուրհակը և 20 հազար ղուրուշը։ Հովհաննես ամիրան զննեց մուրհակը, ապա այն պատռեց, հետո հարցրեց, թե ինչպես է կարողացել գործը գլուխ բերել։
-Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել։
Տյուզը թեթևակի ժպտաց։
-Իսկ սա ի՞նչ փող է։
-Կարապետ աղան ինձ միջնորդավճար է տվել։
Տյուզը փողը հետ հրեց և ասաց.
-Սա քո վաստակն է, վերցրու,- ապա ակնհայտ գոհունակությամբ ավելացրեց,- երեք օր քեզ բավակա՞ն է, որ կրպակիդ հաշիվները փակես։ Այսօրվանից քեզ նշանակում եմ իմ առևտրային տան կառավարիչ, գնա և վաճառատան շինարարությունը վերահսկիր։
...Ամբողջ հաջորդ օրը Կարապետ աղան անհամբերությամբ սպասեց բալթաջիներին։ Ցփսին բերել էին, հակերը միմյանց վրա դարսել, բայց մատակարարներն այդպես էլ չեկան։ Աղան ստիպված գնաց պալատ, գտավ բալթաջիներին, սպառնաց, հետո կաշառեց ու պարզեց իրողությունը...
Կատաղությունից կարմրատակած՝ գնաց սանիկի կրպակ և աշխարհի տակ եղած ամենավերջին անեծքները տեղաց։ Դրանով չբավարարվեց, գնաց նրանց տուն, անպատվեց Պողոսին ու Վառվառեին և հայտարարեց, որ վերջ է դնում բարեկամությանը։ Ծնողներն էլ իրենց հերթին դառը խոսքեր ասացին որդուն, տանն իրադրությունը լարվեց։
Բացի այդ, ամբողջ խանն իմացավ կատարվածի մասին։
...Անցավ երեք ամիս։ Հարությունը նստած էր Տյուզի նորակառույց երկհարկանի, մեծ ու լուսավոր վաճառատանը, երբ անսպասելիորեն ներս մտավ Կարապետ աղան, գրկեց նրան և ասաց.
-Հարություն ջան, քեզնից անչափ շնորհակալ եմ։ Աստծո կամոք, ցփսին իսպառ վաճառեցի, ոչ մի հակ չմնաց։ Վաստակեցի կես միլիոն դահեկան...
Սուլթանական պալատի բարքերը փոխվել էին. եվրոպական նորաձևությունը մուտք էր գործել արքունիք, և պալատականները, պաշտոնյաներն ու նրանց կանայք սկսել էին հնդկական շալից կարված հագուստ կրել...



Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 1764

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ