Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երկրի վրա և ոչ մի բան Չունեմ ես թանկ Քեզանից

Երկրի վրա և ոչ մի բան Չունեմ ես թանկ Քեզանից
12.02.2016 | 12:12

Ըստ երաժշտական հանրագիտարանի՝ «մոտետը» բազմաձայն երաժշտության ժանր է։ Այն գոյացել է 12-րդ դարում Ֆրանսիայում և մինչև 16-րդ դարը մնում էր որպես հոգևոր և աշխարհիկ բազմաձայն (պոլիֆոնիկ) երաժշտության հիմնական ժանր։ Ֆրանսերեն «մոտ» արմատը նշանակում է խոսք։ Այս ժանրը սկզբնավորվել է Փարիզի Աստվածամոր տաճարին կից կոմպոզիտորական դպրոցում։ Այն բխել է «օրգանում» կոչված երգասացությունից՝ պոլիֆոնիկ երաժշտության վաղագույն ձևից։ Առաջին օրգանումներն ունեին երկձայն կերտվածք, որի տենոր ձայնում հնչում էր գրիգորյան խորալի մեղեդին, իսկ սրան հավելված երկրորդ ձայնը շարժվում էր տենորին զուգահեռ։ Ինչպես օրգանումում, այնպես էլ մոտետում տենոր ձայնը հիմնվում էր գրիգորյան խորալի որևէ դրվագի վրա։ Այդ նոր ձայնը երգվում էր ուրիշ խոսքերով։ Երկրորդ ձայնը, ինչպես նաև ամբողջ ստեղծագործությունը, կոչվեց «մոտետուս»։ Եռաձայն մոտետում, հավելված 3-րդ ձայնը ևս երգվում էր նոր, մեկ այլ տեքստով։

Երաժշտագետ Նատալյա Սիմակովան մի ուշագրավ օրինակ է բերում։ Դա Փարիզի Աստվածամոր տաճարի երգեհոնահար, երաժշտապետ Պերոտինի եռաձայն օրգանումն է, որը կոչվում է «Haec dies quam» («Սա է օրն այն, որ Տերը ստեղծեց, եկեք ցնծանք»)։ Սա մի հատված է 117-րդ (118) սաղմոսից։ «Իր եռաձայն օրգանումը հորինելիս Պերոտինն օգտագործել է իր ուսուցիչ Լեոնինի երկձայն օրգանումի նյութը»,- գրում է Սիմակովան։
Մոտետ ժանրի հետագա զարգացման յուրաքանչյուր փուլն իր հետ բերում էր նորանոր փոփոխություններ։ Ձևավորվեց բազմալեզու մոտետ, որի ձայները երգիչները միաժամանակ կատարում էին լատիներեն, ֆրանսերեն և տարբեր բարբառներով։
Նոր մոտետների ռիթմը և ձայնատարությունն ավելի հարուստ էին, բազմազան, զարգացած։ Հետագայում մոտետ անվանում էին նաև կանտատներում հնչող առանձին խմբերգային դրվագները։ Իր գագաթնակետին մոտետ ժանրը հասավ Պալեստրինայի և Բախի արվեստում։ Պալեստրինայի մոտետները առանց նվագակցության են (a capella), մինչդեռ Բախն իր խմբերգերում օգտագործել է նվագարաններ։ Ըստ Ալբերտ Շվայցերի, Բախի նպատակն էր գործիքների միջոցով ավելի հնչեղ դարձնել երգչախմբի ձայները, ավելի հստակ գծագրել պոլիֆոնիան։ Հայտնի է, որ Պալեստրինան գրել է 307 (որոշ աղբյուրներում նշվում է 375), իսկ Բախը՝ 6 մոտետ։
Ինչպես փոխանցում է Շվայցերը, Մոցարտը, լսելով «Singet dem Herren» («Նոր երգեր երգեք Տիրոջը») մոտետը, անմիջապես ըմբռնեց Բախի մեծությունը։ Կոմպոզիտորի հանճարն իր ամբողջ ուժով դրսևորվում է նաև մեկ այլ գլուխգործոցում՝ «Jesu meine Freude» («ՈՒրախություն իմ, Հիսուս») մոտետում։
Մոտետը ստեղծվել է 1723 թ. Լայպցիգում, ոմն պաշտոնյայի կնոջ՝ Մարիա Կեսինի մահվան կապակցությամբ։ Մոտետի տեքստը կազմել է ինքը՝ Բախը։ Այն բաղկացած է 11 մասից։ Աստվածաշնչյան գաղափարներով համակված մոտետում մարդն արտահայտում է իր սերը, նվիրումն առ Փրկիչ, ով ուժ է տալիս մերժելու անցավոր աշխարհի գայթակղությունները, արատավոր կյանքը, վանելու մահվան վախը, հրաժարվելու մեղքերից, հաղթահարելու տառապանքները, սփոփանք գտնելու Հիսուսի գրկում։
Մոտետի 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դրվագները Բախը կառուցում է՝ հիմնվելով Պողոս առաքյալի՝ հռոմեացիներին հղած թղթի 8-րդ գլխի 1-2, 9-11 համարների վրա։ Այստեղ խոսքը կրկին մեղքի և մահվան օրենքից Հիսուսի միջոցով փրկվելու, հարություն առնելու մասին է։ Այսպիսի կոլաժանման տեկստերի՝ որպես հնարքի, հանդիպում ենք նաև միջնադարյան պոեզիայում։ Օրինակ, այսպես է կառուցված չեխ բանաստեղծ Վացլավ Կոցմանեկի (1607-1679) «Հայր մեր» պոեմը։ Տերունական աղոթքը նա բաժանել է 19 մասի և, որպես ներդիր, դրանցից յուրաքանչյուրը զետեղել է իր հորինած ամեն քառյակից հետո։ Այսպիսով, պոեմը նմանվում է մի տաճարի, որի 19 խորաններից՝ վիտրաժներից, ադամանդի պես շողշողում են Արարչի հրեղեն խոսքերը։
Երաժշտական կառուցվածքի տեսակետից մոտետը կատարյալ սիմետրիկ շինություն է։ Այն բացվում և ամփոփվում է միևնույն խորալով։ Ընդ որում, վերջում խորալի խոսքերը փոփոխված են։ Այս խորալի մեղեդին ստեղծել է Յոհան Կրյուգերը (1653 թ.), իսկ մոտետում այն հնչում է Բախի բազմաձայն մշակմամբ։ Մոտետն ամբողջությամբ, նրա մասերի փոխհարաբերությունները կարելի է համեմատել արեգակնային համակարգության հետ։ Ասես հնչյունակերտ այս միկրոտիեզերքն արտացոլում է մակրոտիեզերքը։ Արևի դերն այստեղ կատարում է 6-րդ մասի հնգաձայն կրկնակի ֆուգան. այն կառույցի կենտրոնն է, սիմետրիայի առանցքը, իսկ մյուս մասերը մոլորակների պես պտտվում են նրա շուրջը։
Ինչպե՞ս է Բախը կառուցում այս սիմետրիկ «տաճարը»։ Ինչպես 1-ին մասին արձագանքում է 11-րդ մասը, կամարակապելով, ամբողջացնելով մոտետը, այնպես էլ 2-րդ մասի նյութի վրա կոմպոզիտորը կառուցում է 10-րդ մասը, որը նույնպես խորալի հերթական վարիացիա է, ընդ որում՝ հնգաձայն, որը երգվում է ուրիշ տեքստով։ Մինչդեռ մոտետի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը Բախը միավորում է, դարձնում եռամաս մի կառույց, որի առաջին մասը խորալի նոր վարիացիա է, 2-րդ մասը՝ երկնամերձ տրիո, որը երգում են հրեշտակաձայն սոպրանոները և ալտերը, իսկ 3-րդ մասը նույնպես հնգաձայն խորալային վարիացիա է։ Բախը, միավորելով համապատասխանաբար 7-րդ, 8-րդ և 9-րդ մասերը, ստեղծում է մի նոր եռամաս ձև, որը նախորդի հայելապատկերն է։ Այսպիսով, Բախը, ղեկավարվելով ձևագոյացման ներքին տրամաբանությամբ, մոտետի 11 մասերը դասակարգում է, համախմբում ու ստանում 7-մասանի համակենտրոն մի գերկառույց։ (Ինչպես դա տեղի է ունենում վարիացիոն ձևում, որտեղ առանձին վարիացիաներ ընդհանրության և կոնտրաստի սկզբունքով համախմբվում են խոշոր միավորներում, ստանալով եռամաս ձևի սիմետրիկ տեսք)։
Թվային բանաձևի միջոցով այն կարելի է արտացոլել հետևյալ կերպ՝

1 - 2 - 3 + 4 + 5 - 6 - 7 + 8 + 9 - 10 - 11

Եթե նկատի առնենք նաև թվերի խորհուրդը, իմաստաբանությունը, ապա, կարելի է ասել, որ այս «յոթնարփյան» մոտետի ձևը կատարելապես ներդաշնակվում է իր աստվածաշնչյան բովանդակությանը։
Ահավասիկ.
1. ՈՒրախություն իմ, Հիսուս,
Հոգուս բերկրանք ու սփոփանք,
Գեղեցիկը աշխարհի։
Ա՜խ, վաղուց եմ սպասում Քեզ,
Ո՛վ Աստծո գառ, իմ փեսա,
Սիրտս ծարավ, սիրակեզ։
Երկրի վրա և ոչ մի բան
Չունեմ ես թանկ Քեզանից։

2. «Եթե այդպես է, այլևս ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, որոնք Քրիստոս Հիսուսի մեջ են» (Հռոմ. 8, 1):

3. Քո հովանին պահապան է
Թշնամուց ու փորձանքից։
Թող սատանան կատաղի,
Թող չարանան թշնամիք...
Թող բոցկլտան, վախեցնեն
Մեղքն ու դժոխքը մոլեգին՝
Միևնույն է, Հիսուսը իմ
Ապաստանն է, հովանին։

4. «Որովհետև Քրիստոս Հիսուսով կյանք տվող հոգու օրենքն ինձ փրկեց մեղքի և մահվան օրենքից» (Հռոմ. 8, 2):

5. Չքվի՛ր, հին օձ դժոխքի,
Անարգ մահվան դու երախ,
Ես վանում եմ ամեն վախ։
Ծամածռվի՛ր, մոլեգնի՛ր,
Ո՜վ դու, աշխարհ խենթ ու սին,
Իսկ ես այստեղ խաղաղված,
Գովերգում եմ Հիսուսին։
Աշխարհ ու սանդարամետ,
Որ ոռնում են, մռնչում,
Պիտի կորչեն առհավետ։

6. «Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ հոգու, եթե Աստծո Հոգին բնակված է ձեր մեջ։ Ապա եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում» (Հռոմ. 8, 9):

7. Կորչե՛ք, երկրային գանձեր։
Լոկ դու ես իմ բերկրանքը,
Հիսուս, քաղցր տիրակալ։
Կորչի՛ր, սին փառք աշխարհի,
Ես չեմ ուզում քեզ անսալ։
Դժբախտություն, քամահրանք,
Աղքատություն, խաչ ու մահ,
Որքան էլ ինձ չարչարեն,
Չեն բաժանի Հիսուսից։

8. «Իսկ եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար» (Հռոմ. 8, 10):

9. Հրաժարվում եմ, հրաժեշտ տալիս
Այս աշխարհի բարքերին։
Հրաժեշտ կյանքին արատավոր,
Հպարտության ու ցոփության
Կործանարար ախտերին։
Բազում մեղքեր իմ անցյալի
Էլ հետ չգաք այս երկիր։

10. «Եթե ձեր մեջ բնակվում է Նրա Հոգին, ով հարություն տվեց Հիսուսին մեռելներից, ապա և, ով հարություն տվեց Քրիստոսին մեռելներից, կկենդանացնի ձեր մահկանացու մարմինները ձեր մեջ բնակվող իր Հոգով» (Հռոմ. 8, 11):

11. Ոգիներ, դուք, վշտաբեր,
Նահանջեցեք խոնարհ, հեզ,
ՈՒրախություն է բերում
Իմ Հիսուսը սիրակեզ։
Ով սիրում է Արարչին,
Տառապանքի մեջ անգամ
Քաղցրություն կգտնի։
Այս աշխարհում ես կկրեմ
Եվ կշտամբանք, և ծաղրանք,
Բայց Քեզ հետ ես վշտերիս մեջ,
Չեմ կորցնի հավատ ու հույս,
ՈՒրախություն իմ, Հիսուս։

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Դիտվել է՝ 2528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ