Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Պատմվածքի, հեքիաթի կամ ոտանավորի առանցքում երեխան ինքն է` իր ինչուներով և դրանց պատասխաններով»

«Պատմվածքի, հեքիաթի կամ ոտանավորի առանցքում երեխան ինքն է` իր ինչուներով և դրանց պատասխաններով»
12.02.2016 | 12:26

Պատանիներին հասցեագրված «7 գույն» խորագրով պատմվածքների ժողովածուն ստեղծվել է «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթի արդյունքում: Երիտասարդ գրողների և նկարազարդողների համար կազմակերպվել են եռօրյա վարպետության դասեր, որոնք վարել են գերմանացի հայտնի գրող Մանֆրեդ Թայզենը և բելգիացի հայտնի նկարազարդող Կլաաս Վերպլանկը: Ստեղծագործական փուլին մասնակցել է 7 գրող, ովքեր, կիրառելով իրենց արդեն իսկ ունեցած փորձը, ինչպես նաև վարպետության դասի շրջանակում ձեռք բերած հմտությունները, գրել են պատանիներին նվիրված 7 հետաքրքիր պատմվածք: Ծրագրի երկրորդ փուլում դրանք նկարազարդել են ծրագրին մասնակցող 8 նկարազարդողներ: Նախագիծն իրականացրել են հայաստանյան Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի («IBBY») ներկայացուցչությունը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը` «IBBY»-ի դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
Առաջիկայում «7 գույն»-ը կթարգմանվի նաև անգլերեն:
«Իրատեսի» զրուցակիցը մրցույթի մասնակից, «Վասիլը» պատմվածքի հեղինակ, մանկագիր ԱԼԼԱ ՍԵՐՈԲՅԱՆՆ է: «Վասիլը» հուզիչ մի պատմություն է, որի հիմքում ընկած է նվիրումի և երախտագիտության գաղափարը: Պատմվածքի հերոսը` Վասիլ կատուն, որին կոպիտ վարքագծի համար հաճախ «վայրենի» էին կանչում, թփերի մեջ գտած շան ձագին ոչ միայն չի վնասում, այլև տալով իր հոգու ողջ ջերմությունն ու սերը` առանց վարանելու կյանքի գնով փրկում է շնագայլերի հարձակումից: «Այս պատմությունից հետո կյանքում առաջին անգամ ես զգացի իմ մեծանալը»,- խոստովանում է այն պատանին, ով ամբողջ ընթացքում հետևում էր այս պատմությանը:

-Վասիլը նախատիպ ունի՞: Կամ այսպես ասեմ, նման հոգատարություն սպասելի՞ է կենդանուց: Այս պատմությունն ինձ հիշեցրեց համացանցում մեծ թվով դիտումներ գրանցած տեսանյութը, որտեղ առյուծը կապիկին խժռում է, իսկ կապիկի ձագի հետ խաղում է, խնամում:
-«Վասիլը» պատմվածքը ստեղծվել է իրական հենքի վրա. Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակիչը, ով իր հարկի տակ էր առել տարբեր կենդանիներ, ականատես է լինում, թե ինչպես բազմաթիվ կատուներից մեկը «մայրական սիրով» տոգորված, խնամում, կերակրում և պաշտպանում է մի շան ձագի, թույլ չտալով որևէ մեկին անգամ մոտենալ նրան: Նման պատմությունները բազմաթիվ են. բոլորիս քաջածանոթ է Տոլստոյի «Առյուծը և շնիկը» պատմվածքը, որը հազարավոր մարդկանց ստիպել է հուզվել և խորհել բնության զարմանահրաշ երևույթների մասին, ինչու չէ, նաև հետևություններ անել:
-Ձեր պատմվածքը շարունակություն ունենալո՞ւ է և ինչպե՞ս է հասնելու ընթերցողին:
-«Վասիլը» պատմվածքի շարունակությունը` «Լեդիի վերադարձը», փոքրիկ ընթերցողների ձեռքին կլինի այս տարվա գարնանը: Այս երկու պատմվածքները, որպես մեկ ամբողջական գործ, կհրատարակվեն մեկ գրքով:
-Վասիլը շնագայլերից փրկում է Լեդիին իր մեծ սիրով: Կարծում եք` պակասե՞լ է սերը մեր օրերում: Խոսքը, իհարկե, մարդկանց աշխարհի մասին է:
-Բարությունը, սերը, ազնվությունը, գթասրտությունը համամարդկային այն արժեքներն են, որոնք ժամանակի մեջ ոչ պակասում են, ոչ էլ արժեզրկվում: Պարզապես լինում են պահեր, երբ մարդիկ խոցելի երևալու «վախից» գերադասում են չցուցադրել մարդկային կարևորագույն այս հատկանիշները, այնինչ կենդանիները, առաջնորդվելով բնազդով, քողարկվելու կարիք չունեն, նման վախերը նրանց բնույթին օտար են: Ես այն կարծիքին չեմ, որ աշխարհում բարին պակասել է, մարդկանց շրջանում այն պարզապես մի փոքր «շղարշվել» է, առավել տեսանելի դարձնելով բնության մեջ` կենդանական աշխարհում յուրաքանչյուր արժեքավոր երևույթ: Իսկ այդ երևույթները բացահայտում, գնահատում, վերարտադրում է մարդը: Այս պատմվածքով ես ցանկանում եմ ոչ թե լրացնել սիրո պակասը, այլ հաստատել այն իրողությունը, որ սերն ու բարությունը մեզ ուղեկցում են ամենուր` ընտանիքում, աշխատավայրում, փողոցում, ընկերների, բարեկամների շրջանում, այն ստանում ենք անգամ «չբարեկամներից» և մեզ «օտար» տեսակից:
-Երեխաների համար պետք է գրել այնպես, ինչպես մեծերի համար, բայց ավելի լավ: Սա հայտնի բանաձև է: Դո՞ւք ինչ կասեք:
-Մանուկների և պատանիների համար ստեղծված գրականությունն առաջին հերթին պետք է բարձր գեղագիտություն ունենա, ներկայացվի գեղարվեստական կերպարների լեզվով և միտված լինի կրթական, դաստիարակչական խնդիրների լուծմանը: Պատմվածքի, հեքիաթի կամ ոտանավորի առանցքում երեխան ինքն է` իր ինչուներով և դրանց պատասխաններով: Ստեղծագործության լեզուն պետք է լինի պարզ և մատչելի, երկխոսություններով, գործողություններով և արկածներով հարուստ, իսկ երջանիկ ավարտը այս ոլորտի գրականության կարևորագույն պայմաններից է:
-Մանկագիրները, կարծես, քիչ են: Նոր և լավ գործեր ստեղծվո՞ւմ են 21-րդ դարի փոքրիկների համար:
-19-20-րդ դարերի մանկապատանեկան գրականության հունձքը չափազանց առատ և որակյալ էր: Ե՛վ գրողները, և՛ նրանց մաքրամաքուր էներգետիկայով օժտված ստեղծագործությունները 21-րդ դարում ևս արդիական են, սիրված և պահանջված: Այսօր բարձր տեխնոլոգիաների և տարբեր հնարքների դարաշրջանի երեխան ընթերցում է Լյուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում», Շառլ Պեռոյի, Գրիմ եղբայրների, Հանս Քրիստիան Անդերսենի, Ջաննի Ռոդարիի, Օսկար ՈՒայլդի, Աստրիդ Լինդգրենի, Ալեն Ալեքսանդր Միլնի, Նիկոլայ Նոսովի, Կոռնեյ Չուկովսկու, Սամուել Մարշակի, Հովհ. Թումանյանի, Ղազարոս Աղայանի. Աթաբեկ Խնկոյանի ստեղծագործությունները, դիտում դրանց տարբեր բեմականացումները և էկրանավորումները: Կարծում եմ, այն գրականությունը, որն անցել է ժամանակի փորձության միջով, գիտելիքի շտեմարան է և երեխաների ձևավորման գործում կարևորագույն դերակատարում ունի:
21-րդ դարի երեխային հետաքրքիր են բոլոր թեմաները և ժանրերը, կարևորը նյութի մատուցման ձևերն ու հնարքներն են: Այս առումով հետաքրքիր է Վլադիմիր Պոզների «Պոզները կարդում է Քիպլինգ» նախագիծը. թարգմանելով Ռադյարդ Քիպլինգի «Փղիկը», «Կատուն, որը զբոսնում էր ինքն իր համար», «Թիթեռնիկը, որը զայրացել էր» պատմվածքները, անվանի հեռուստալրագրողը այն վերածել է MP3 CD ֆորմատի աուդիոգրքի: Պատմվածքները կարդում է Վ. Պոզները, երաժշտությունը հեղինակել է նրա դուստրը` Եկատերինա Չեմբարջին, իսկ երգերը կատարում է թոռնուհին` Մաշա Լոբանովան: Այս նախագիծը երեխաների, նաև մեծահասակների կողմից շատ արագ դարձավ սիրված և մեծ հեղինակություն է վայելում:
-Այսինքն, դասականների ստեղծագործությունները նորովի են ներկայացվում:
-Այո, ինչը չի նշանակում, որ աշխարհում մանկապատանեկան գրականությունը ծերանում է, կամ նոր հեղինակներ ու ստեղծագործություններ չկան: 21-րդ դարի մանկապատանեկան գրականությունը, մի կողմից, ստեղծվում է դասական հենքի վրա, մյուս կողմից` արդի մտածողության, ժամանակակից թեմաների, ժամանակի գեղագիտական չափանիշների և արժեքների հրամայականով: Արդի գրողների ստեղծագործությունները հիմնականում ուղղված են երեխայի, պատանու անձի և անհատականության բացահայտմանը: Ժամանակակից ստեղծագործությունը ոչ միայն գիտելիք կամ ուղերձներ է պարունակում, այլև երեխային հասկանալի լեզվով ինքնաբացահայտման, ինքնաճանաչման փորձի հնարավորություն է ընձեռում: Ժամանակակից գրականության այս ազդակների շնորհիվ երեխան կարողանում է սեփական հայացքն ուղղել իր ներսը` հաղթահարելով կասկածներն ու վախերը, սովորելով ականջալուր լինել սեփական զգացումներին և զգացմունքներին:
-Գրախանութներում ամենապահանջվածը մանկական գրքերն են, գերազանցապես հայտնի գրողների գործերը: Ի՞նչ է պետք, որ նոր գործերը հայտնի ու սիրելի դառնան` գրավելով գնորդների ուշադրությունը:
-Մանկական գրականությունն ամենասպառվողն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Քաջ հայտնի է, որ երեխաներին կրթելու և դաստիարակելու գործում ահռելի դերակատարում ունեն գրքերը, ահա թե որտեղից է գալիս պահանջարկը: Մանկական գրքերից դեռևս ամենապահանջվածներն են դասական գրողների ստեղծագործությունները, իհարկե, ժամանակակից գրողների գեղարվեստական արժեք ներկայացնող գրքերն էլ դարակներին չեն մնում: Մանկական գրքերի պարագայում կարևորագույն նշանակություն ունեն նաև գունեղ, հետաքրքիր, պրոֆեսիոնալ, տեքստի բովանդակությանը համահունչ նկարազարդումները: Պետք է նշեմ, որ մանուկների համար ստեղծված գրքերի ապրանքային տեսքի համար շատ կարևոր են նկարազարդումներն ու որակյալ դիզայնը, երեխային հարմար տառատեսակը: Մանկական գիրքն առաջին իսկ հայացքից գրավիչ տեսք պետք է ունենա: Իհարկե, երբ բացում ես այն, անմիջապես գործում է «Գիրքը կազմով մի դատիր» ասույթը: Անշուշտ, իդեալական տարբերակն այն է, երբ տեսքն ու բովանդակությունը գեղարվեստական արժեք են ներկայացնում:
-Բացի «Վասիլից», ունե՞ք հրատարակված այլ հեքիաթ կամ պատմվածք:
-2010 թվականին լույս է տեսել «Օճառիկի պայմանը» հեքիաթը, որը ուսուցողադաստիարակչական բնույթի հեքիաթ է. այն փոքրիկներին կոչ է անում հետևելու հիգիենայի կանոններին՝ մտերմանալ օճառիկի հետ: Միևնույն ժամանակ, հեքիաթը փոքրիկների մեջ սերմանում է բարություն և ընկերոջ նկատմամբ պատասխանատվության զգացում: Երեխաները հնարավորություն ունեն նաև գրքում գունավորելու հեքիաթի հերոսներին: Երեք տասնյակի հասնող հեքիաթներից սա իմ առաջին տպագրված հեքիաթն է, հրատարակության եմ պատրաստում ևս տասը` մեկ գրքով:
-Յուրաքանչյուր ստեղծագործության «ծնունդ» սպասելի և գովելի է, սակայն չափազանց կարևոր է հետագա ընթացքը: Խոսքս ընթերցողին հասնել-չհասնելու մասին է:
-Լիովին համաձայն եմ Ձեր դիտարկման հետ: Պետք է տեղեկացնեմ, որ Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի դրամաշնորհային ծրագրի շրջանակում այս տարի տեղի կունենա նաև թարգմանիչների վերապատրաստման դասընթաց, պատմվածքները կթարգմանվեն անգլերեն: 2017 թվականին թարգմանված տարբերակը կներկայացվի Բոլոնիայի մանկական գրքի ամենամյա ցուցահանդեսին, և Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի տաղավարում տեղի կունենա գրքի շնորհանդեսը:
Ինչպես տեսնում ենք, այս ծրագրի շնորհիվ ստեղծված արտադրանքը` ստեղծագործությունը, անցնում է կենսական կարևորության բոլոր փուլերը` ստեղծագործություն+տպագրություն+թարգմանություն+ընթերցող: Այս բարդ և պատասխանատու գործընթացի իրականացման համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանին` ծրագրի բծախնդիր, հետևողական, անթերի կազմակերպման և իրականացման համար:
ՈՒզում եմ նշել նաև, որ ծրագրի շրջանակում Երևան ժամանած գերմանացի գրող Մանֆրեդ Թայզենը՝ հայկական ջերմ ընդունելությունից տպավորված, հայ պատանիներին է նվիրել «Ապակյա Արամը» պատմվածքը, որը հայերեն թարգմանությամբ ներկայացվում է պատանի ընթերցողին:

Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
  • Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյան
Դիտվել է՝ 3400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ