Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գավաթային խաղերում լրացուցիչ ժամանակը մոդա է

Գավաթային խաղերում լրացուցիչ ժամանակը մոդա է
12.02.2016 | 12:30

«Բարսելոնը» Իսպանիայի գավաթի եզրափակչում է, ու կասկածող էր փնտրվում, «Բավարիան» ու «Հերտան» միացան մեկ օր առաջ կիսաեզրափակիչ փուլ ելած Դորտմունդի «Բորուսիային» ու «Վերդերին», «Պարի Սեն Ժերմենը» շարունակում է ճակատումը Ֆրանսիայի գավաթում, իսկ «Վեստ Բրոմվիչը» անգլիական ակումբներից վերջինն էր, որ միացավ 1/8 մտած հաջողակներին:

ՖՐԱՆՍԻԱ
Ֆրանսիայի գավաթի 1/8-ի շրջանակում «Պարի Սեն Ժերմենը» տանը 3:0 հաշվով պարտության մատնեց «Լիոնին»: Դուբլի հեղինակ է դարձել մայրաքաղաքայինների հարվածային հիմնական ուժը՝ Զլատան Իբրահիմովիչը, ում դա անելու համար լիովին բավականացրեց «աշխատանքային» հինգ րոպեն:
Գերլարված հանդիպում արձանագրվեց Բորդոյում՝ «Նանտի» հետ տեղի համանուն թիմի մրցակցությունում: Այստեղ պահանջվել է լրացուցիչ ժամանակ, քանի որ հիմնականում կողմերը չեն կարողացել մեկմեկու նկատմամբ առավելության հասնել՝ 2:2: Գոլերի հրավառությունը շարունակվել է նաև լրացուցիչում, որտեղ առավել հաջողակ են եղել հյուրերը՝ 1։2:
Նախօրեին կայացած հանդիպումներից նշենք «Սեն Մալոյի» նկատմամբ «Գազելեկ Այաչոյի» հաղթանակը (2։1): Նույնպիսի հաշիվ է գրանցվել նաև «Սոշո»-«Մոնակո» դիմակայությունում: Այստեղ առավել հաջողակ եղել են տանտերերը: Ինչ վերաբերում է «Գրանվիլ»-«Բուր-ան-Բրես» մրցակցությանը, հաղթողը որոշվել է լրացուցիչ ժամանակում՝ 1:0: Լրացուցիչում է որոշվել նաև «Տրուա»-«Սենտ Էտիեն» հանդիպման ճակատագիրը՝ 1:2:

ԱՆԳԼԻԱ
Կեղծիք կլինի ասել, թե, հաշվի առնելով ընթացիկում իր մրցումային խիստ հագեցած ցանցը, գումարած վնասվածք ստացած կամ վնասվածքով հանդես եկող մեծ թվով ֆուտբոլիստների պարագան, «Լիվերպուլը» միտումնավոր հրաժարվեց Անգլիայի գավաթի խաղերի մասնակցությունից: Եթե այդպես լիներ, լիվերպուլցիներն իրենց այդ «հաճույքից» չէին զրկի արդեն իսկ առաջին խաղում, մինչդեռ այստեղ արձանագրված ոչ-ոքին բերեց հանդիպման վերախաղարկման, ինչն էլ իր հերթին պարտադրեց լրացուցիչ խաղակես, քանի որ դիմակայության հիմնական ժամանակը դարձյալ ի հայտ չբերեց ուժեղագույնին (1:1), իսկ լրացուցիչը երջանկաբեր եղավ «Վեստ Հեմի» համար՝ 2:1:
Հաղթողին որոշելու համար ոչ միայն լրացուցիչ ժամանակի (հիմնականն ավարտվել է 1:1), այլև հետխաղյա տասնմեկմետրանոցների անհրաժեշտություն եղավ «Պիտերբորո»-«Վեստ Բրոմվիչ» դիմակայությունում: Հաջողությունն ուղեկցեց հյուրերին՝ 3:4:


ԳԵՐՄԱՆԻԱ
Հայտնի դարձան Գերմանիայի գավաթի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները: Մեկ քառորդի պատասխան խաղում նույն 3:1 հաշվով Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Շտուտգարդին», «Վերդերը»՝ «Բայերին»: Ասենք, որ դորտմունդցիների գոլերից մեկի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն է: Կիսաեզրափակչի մյուս երկու մասնակիցներն են «Հայդենհայմի» նկատմամբ 3։2 հաշվով առավելության հասած «Հերտան» ու երեք անպատասխան գոլով «Բոխումի» հարցերը լուծած «Բավարիան» (Լևանդովսկին դարձել է դուբլի հեղինակ): Կարծում ենք՝ հետաքրքիր կլինի նշել, որ հաջորդ փուլ դուրս եկած բոլոր չորս թիմերն էլ հաղթանակի են հասել մրցակցի հարկի տակ:

ԻՍՊԱՆԻԱ
«Վալենսիա»-«Բարսելոն» կիսաեզրափակիչ երկրորդ խաղը բացարձակապես զուրկ էր մրցակցային հետաքրքրությունից, քանզի առաջինում «թռչող չղջիկների» կրած 0։7 հաշվով պարտությունն անգամ գերլավատեսին չէր կարող հաջող ելքի հույսի տեղ թողնել, իսկ կատալոնյան փառահեղ ակումբի գլխավոր Լուիս Էնրիկեն էլ միանգամայն իրավունք ուներ խաղադաշտ հանելու փոխարինողներին` արհամարհելով այն սցենարը, որ հնարավոր պարտությունը կընդհատեր քսանութ խաղ առանց պարտության ընթացքը` զրկելով ռեկորդային նոր սահմանագիծ քաշելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է փոխարինողներին դաշտ հանելուն, բա ի՞նչ, նրանց էլ խաղային ժամանակ պիտի տրվի:
Հետաքրքիրն այն է, որ անգամ այսպիսի երիտասարդ «Բարսելոնին» «Վալենսիան», որը, այդուհանդերձ խոստովանենք, բնավ էլ լավագույն ժամանակները չի ապրում, ի զորու չեղավ հաղթելու՝ 1:1: Եզրափակչում կատալոնցիների մրցակիցը կլինի «Սևիլիա»-«Սելտա» զույգի հաղթողը: Ամենայն հավանականությամբ հենց «Սևիլիան» էլ կլինի «Բարսայի» մրցակիցը, քանի որ առաջին հանդիպման 4:0 տպավորիչ հաշիվը գերազանցելու համար «Սելտան» դժվար թե անհրաժեշտ ռեսուրսներ ունենա, որքան էլ որ սեփական հարկի տակ է հանդես գալու: Ի դեպ, այդ հանդիպումը կայացել է երեկ ուշ երեկոյան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ