Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում խուսափել իրավիճակի սրումից

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում խուսափել իրավիճակի սրումից
12.02.2016 | 21:21

Այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, «Ազատության» հայկական ծառայության խնդրանքով անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Ստոլտենբերգը մի քանի անգամ շեշտեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը լարվածության թուլացման կողմնակից է։ «Ես կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ կողմերը կամք և զսպվածություն ցուցաբերեն, խուսափեն ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումից»,- ասաց Ստոլտենբերգը։
Օրերս ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերն իր ամենամյա զեկույցում նշել էր, որ այս տարի հակամարտության գոտում իրավիճակը կարող է ավելի լարվել: «Բաքվի շարունակական վերազինումը՝ զուգորդված Ադրբեջանի տնտեսական պայմանների վատթարացման հետ, 2016-ին մեծացնում են հակամարտության սրման հավանականությունը: Ադրբեջանի հրապարակային մերժողականությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պահանջներից հրաժարվելու հարցում և Հայաստանի դժկամությունը իր հսկողության տակ գտնվող տարածքները հանձնելու հարցում շարունակելու են բարդացնել խաղաղ կարգավորման հնարավորությունը»,- արձանագրել էր Քլափերը:
«Ազատության» հարցին՝ ՆԱՏՕ-ում է՞լ են կարծում, որ իրավիճակը կարող է սրվել ղարաբաղյան գոտում, դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան չտվեց՝ ընդգծելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են տարածաշրջանային զարգացումներին։ «Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում զարգացումներին։ Եվ Ադրբեջանը, և Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկերներն են, և մենք երկու երկրների հետ համագործակցությունը շատ բարձր ենք գնահատում»,- ասաց նա։ Հարցին, թե Հյուսիսատլանտյան դաշինքում գիտե՞ն՝ ինչպես խուսափել ղարաբաղյան հակամարտության գոտում զոհերից, Ստոլտենբերգը խուսափեց պատասխանել։

Դիտվել է՝ 585

Մեկնաբանություններ