Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀԱՊԿ-ի դիրքորոշումը չի փոխվի նույնիսկ Սերժ Սարգսյանի քննադատությունից հետո

ՀԱՊԿ-ի դիրքորոշումը չի փոխվի նույնիսկ Սերժ Սարգսյանի քննադատությունից հետո
12.02.2016 | 22:24

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «անիմաստ» է համարում փոխել դաշինքի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության առնչությամբ, չնայած նախագահ Սերժ Սարգսյանի՝ կազմակերպության հասցեին հնչեցրած աննախադեպ քննադատությանը: Անցած տարվա դեկտեմբերին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովին ՀՀ նախագահը հրապարակավ քննադատեց Ռուսաստանի նախաձեռնած պաշտպանական դաշինքը՝ հայտարարելով, որ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի պայմաններում կազմակերպությունը չի հետևում իր կանոնադրությանը, և հավելեց՝ այդ առումով պետք է դասեր քաղել ՆԱՏՕ-ից: Այսօր տեսակամուրջի օգնությամբ Մոսկվայի, Երևանի ու Աստանայի միջև կազմակերպված ասուլիսի ընթացքում Բորդյուժան հարցրն՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո կփոխվի՞ ՀԱՊԿ-ի մոտեցումը, պատասխանել է. «Չեմ կարծում, որ անհրաժեշտ է որևէ ձևով փոխել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը այդ գերզգայուն թեմայի առնչությամբ: ՀԱՊԿ-ը ներգրավված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Մենք մոնիտորինգի ենք ենթարկում իրավիճակը, որովհետև այն առնչվում է մեր կարևոր դաշնակիցներից մեկին՝ Հայաստանին: Հակամարտության կարգավորմամբ զբաղվում են միջազգային այլ կառույցներ՝ ստեղծված ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի կողմից: Ուստի անիմաստ է ինչ-որ կերպ փոխել մեր դիրքորոշումը այդ հարցի կապակցությամբ»,- ասաց Բորդյուժան։ Անցած տարին, թերևս, ամենալարվածն էր 1994-ի զինադադարից հետո: Ադրբեջանական կողմը ծանր սպառազինություն էր կիրառում ոչ միայն Ղարաբաղի ուղղությամբ, այլև ՀԱՊԿ անդամ Հայաստանի նկատմամբ, ինչի հետևանքով կտրուկ աճեց հակառակորդի կրակից զոհված հայ զինծառայողների թիվը։ Գնդակոծվում էին Հայաստանի բնակավայրերը, զոհվեցին խաղաղ բնակիչներ: Նիկոլայ Բորդյուժան այսօր ևս մեկ անգամ ներկայացրեց ՀԱՊԿ դիրքորոշումը՝ դաշինքի անդամ բոլոր երկրները կողմ են, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բոլորը դեմ են Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճին, դեմ են ծանր սպառազինության կիրառմանը՝ միաժամանակ հիշեցնելով, որ «Կովկասում իրավիճակի վերաբերյալ» ամեն տարի հայտարարություններով են հանդես գալիս ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները, դաշինքի անդամ-երկրների արտգործնախարարները: «Այս կապակցությամբ համարում եմ, որ նախորդ տարիներին արված հայտարարությունները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ 2014-ին, 2015-ին ու արդեն այս տարի արված մեկնաբանությունները բավարար են: Չեմ կարծում, որ այս իրավիճակը ինչ-որ կերպ ազդում է կազմակերպության հեղինակության վրա: Կրկնեմ՝ դաշինքը արձագանքում է, արձագանքել է ու կարձագանքի ցանկացած գործողության, որն ազդում է դաշնակիցների անվտանգության վրա»,- ասաց Բորդյուժան։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ի դեպ, ուշագրավ հայտարարություն արեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին։
Հարցին՝ 102-րդ ռազմակայանի ներուժը կբավականացնի՞ դիմակայելու թուրքական բանակին՝ ռուս-թուրքական հնարավոր պատերազմի դեպքում, Նիկոլայ Բորդյուժան պատասխանեց.- «102-րդ ռազմակայանի ներուժը բավարար է նրա առջև դրված խնդիրների լուծման համար: 102-րդ ռազմակայանը նախատեսված չէ թուրքական բանակին դիմակայելու համար, այլ նախատեսված է տարածաշրջանում կայունության ապահովման համար: Եթե այդ ռազմակայանը սկսի գործել, գործելու է այլ միջոցների համակարգում, որոնք կձեռնարկվեն տարածաշրջանի երկրների, ներառյալ Ռուսաստանի ղեկավարության կողմից: Ուստի, անհրաժեշտ չեմ համարում այսօր այդ տարածաշրջանում ուժերի ավելացումը»:

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ