Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչ ասվեց Բաղրամյան 26-ում և ինչո՞ւ

Ի՞նչ ասվեց Բաղրամյան 26-ում և ինչո՞ւ
13.02.2016 | 16:28

Այս տարվա փետրվարի 12-ը՝ 2015-ի փետրվարի 12-ի համեմատ, շատ խաղաղ էր ու քաղաքակիրթ: Առաջին հայացքից: Մականուններ ու բամփեր չեղան: Հայտնի փետրվարի 13-ն էլ չհետևեց՝ տեղական նշանակության զորաշարժերով, որոնց արդյունքը վերածվեց հետևանքի, իսկ հետևանքը զրոյական էր:
Հակառակ սպասումների՝ ոչինչ չասվեց ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության կամ կոալիցիայի մասին, ավելին՝ նույնիսկ ՀՅԴ-ն չկար նախագահի նստավայրում, բայց կար ԲՀԿ-ն, որ թվում էր՝ ի՞նչ կապ ունի կուսակցական ու պետական գործիչների հետ իր պաշտոնական ընդդիմադիրի կարգավիճակով: Սահմանադրության փոփոխությունից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդարձակ ելույթ ունեցավ: Ու՞մ էր ուղղված նրա խոսքը: Պաշտոնապես՝ ուղերձ էր հայ ժողովրդին, իրականում վերաբերում էր նախ կուսակիցներին, երկրորդը՝ արտաքին աշխարհին: Գուցե նաև քաղաքական դաշտին, այնքանով՝ որքանով նրանք հարաբերվում են Հայաստանի ապագային:
Նույն օրը Հայաստանը երկու ձեռքբերում ունեցավ՝ ՄԻՊ և ԱԱԾ նոր տնօրեն: Երկու երիտասարդ, գուցե խոստումնալից և հասարակությանն անհայտ գործիչներ, որ լավ հայտնի են ՀՀ նախագահին: Գեորգի Կուտոյանին համակարգին ներկայացնելիս ՀՀ նախագահը նույնպես ելույթ ունեցավ ու նրա խոսքը գործնականում նստավայրում ելույթի նախաբանն է: «Մինչև 2018թ. տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում և պետական մարմինների լիազորությունների էական վերաբաշխում: Եվ այս անցումային փուլում ազգային անվտանգության մարմիններն իրենց գործառույթների շրջանակներում պետք է ոչ միայն ապահովեն կառավարման համակարգի սահուն փոխակերպումը, այդ ընթացքում պետական իշխանության անընդհատությունը, այլև պետական մարմինների շարքում կարողանան ամրագրել իրենց արժանի տեղն ու կարգավիճակը: Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երևույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը: Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը: Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսևորումների դեմ պայքարը հատկապես կարևորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Ես կարծում եմ, որ իմ ասածը դուք շատ ճիշտ եք ընկալում»,- ասել է նա:
Ընդդիմությունը մշտապես ԱԱԾ-ին մեղադրել է, որ երկրի անվտանգության խնդիրները թողած՝ զբաղվում են ընդդիմադիրների անձնական վերահսկողությամբ, այդպես է-այդպես չէ, բայց այս ընթացքում իսկապես եղել են բացթողումներ, որ համակարգին բնավ պատիվ չեն բերել՝ սկսած գորշ գայլերի Հանրապետության հրապարակում հայտնի լուսանկարից, որ տարածվեց ամբողջ աշխարհում, մինչև անցյալ տարի բացահայտված ահաբեկչական խմբավորում, որ այդպես էլ հասկանալի չի՝ գործել է ԱԱԾ-ի վերահսկողության տա՞կ՝ երևան բերելու բոլոր կապերը, թե՞ պատահաբար է բացահայտվել: Այս գործը դառնալու է նորանշանակ տնօրենի լուրջ մասնագիտական ու քաղաքական փորձությունը: Փաստացի՝ ԱԱԾ-ն ստանում է կոռուպցիայի դեմ պայքարի գործառույթ՝ երկրի ներքին անվտանգության ապահովման առանցքով: Սա ինչ-որ նորություն է: Միաժամանակ՝ սա ուղղակի արձագանք է ԱՄՆ դեսպանին, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի խնդիր էր դնում: Բայց սա նաև ահազանգ էր պետական մակարդակով կոռուպցիայով զբաղվողներին, գուցե այլևս մի քանի հարյուր կամ հազար դոլարի կաշառք տվող ու ստացողների բացահայտումը կորցնու՞մ է արդիականությունը: Գործնականում սա մարտահրավեր է համակարգին ու հայտնի չէ՝ ու՞մ դիմադրությունն ավելի մեծ կլինի և ու՞մ գործունեությունն ավելի հաջող:
Իսկ նախագահականում իր ելույթով Սերժ Սարգսյանը զգուշացրեց, որ նոր Սահմանադրությամբ ձևավորվող նոր խորհրդարանը շատ տարբեր է լինելու նախորդ գումարումների խորհրդարանների կազմավորման սկզբունքներից: Ու սա երկրորդ ազդանշանն էր համակարգին, որ միաժամանակ նշանակում էր՝ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նորից ինձ հետ եք գործ ունենալու՝ նոր տերեր չորոնեք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ արձագանք կունենա արտաքին աշխարհը, կբավարարվի՞ կոռուպցիայի դեմ պայքարի ու արդար ընտրությունների խոստումով: Ի՞նչ արձագանք կունենա համակարգը, կհամաձայնի՞ եկամուտների կտրուկ կորստի ու քաղաքական լծակների կորստին փաստին, թե՞ ներքին ապստամբություն կձեռնարկի՝ ունեցածը չկորցնելու համար: Փետրվարին այդ հարցը պատասխան չի ունենա, իսկ եթե ունենա, դա կլինի 2017-ի փետրվարը:

Դիտվել է՝ 1545

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ