Սպիտակ տունը նախատեսում է բյուջեով 22 մլն 412 հազար դոլար հատկացնել Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն: 2015-ի համեմատ՝ գումարն ավելին է 22%-ով: 2016-ին ևս ԱՄՆ-ի բյուջեով հատկացումներ չեն նախատեսվում Լեռնային Ղարաբաղի համար։ Ըստ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի՝ Ստեփանակերտին անհրաժեշտ է հատկացնել 5 միլիոն դոլար Lady Cox վերականգնողական կենտրոնի համար, որտեղ տարեկան բժշկական օգնություն է ստանում ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող 1000 մարդ: Լեռնային Ղարաբաղին տարեկան 1.5 մլն դոլարի օգնություն էր տրամադրում USAID-ն: Անցած մի քանի տարիներին ԱՄՆ-ն միջինը 1.5 մլն դոլար է հատկացրել ԼՂ-ին: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը նշել է, որ դա ավելի շատ ոչ թե ֆինանսական, այլ բարոյական խնդիր է. «Ի տարբերություն Ադրբեջանի, որին ԱՄՆ-ը, թեպետ կրճատել է, բայց օգնություն տրամադրում է ՝այդ թվում ռազմական, որն Ադրբեջանի կողմից օգտագործվոմ է մեր զինվորների սպանության համար, մենք այդ գումարն օգտագործում ենք վերականգնողական կենտրոնի զարգացման, մարդասիրական ծրագրերի համար»։ Բաբայանը հույս հայտնեց, որ բյուջեի հաստատաման ժամանակ մոտեցումը կվերանայվի. «Չճանաչվածությունը չպետք է լինի հիմք՝ այս կամ այն երկրին կամ ժողովրդին զրկելու մարդասիրական տարբեր ծրագրերի իրականացումից։ Համոզված եմ, որ ուշ թե շուտ Վաշինգտոնը վերանայելու է իր մոտեցումները»,- եզրափակեց Դավիթ Բաբյանը։