«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հռչակագիրը կընդունվի՞ «սեռազրկված Եվրասոդոմում»

Հռչակագիրը կընդունվի՞ «սեռազրկված Եվրասոդոմում»
16.02.2016 | 01:31

Եվ այսպես, տեղի ունեցավ «հազարամյակի հանդիպումը»՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի երկխոսությունը Կուբայի մայրաքաղաք Հավանայում: Հիրավի պատմական իրադարձություն, քանզի երկու եկեղեցիների առաջնորդները չեն հանդիպել հեռավոր 1054 թվականի քրիստոնեական պառակտումից հետո:
Ստորագրված հռչակագրում խոր մտահոգություն է արտահայտված քրիստոնեության ներկա, առանց չափազանցության, ողբալի վիճակի կապակցությամբ: Հավատազրկվում է եվրոպական աշխարհամասը, անհուսալի է քրիստոնյաների վիճակը Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, քաղաքական-կրոնական հակասություններից բզկտվում է ՈՒկրաինան, ավանդական արժեքներ, ընտանիք, բարոյականություն, երիտասարդություն, փախստականներ, էվթանազիա… Երկու ժամ շարունակ «անկեղծ ու եղբայրական» մթնոլորտում անցած բանակցություններում շոշափվել են ինչպես երկու խոշորագույն եկեղեցիների փոխհարաբերությունների, այնպես էլ առհասարակ քրիստոնեական աշխարհի գոյատևման հրատապ խնդիրները: Փաստաթղթի էությունը լավագույնս են բնութագրում պատրիարք Կիրիլի խոսքերը. «Մենք հակառակորդներ չենք, այլ եղբայրներ, և այս ըմբռնումից մենք պետք է ելնենք մեր բոլոր գործողություններում ինչպես իրար նկատմամբ, այնպես էլ արտաքին աշխարհի հանդեպ»:
Խորհրդային դաստիարակությամբ աշխարհիկ լրագրողի համար դյուրին չէ մեկնաբանել այդ աննախադեպ իրադարձությունը, երբ հախուռն միահյուսվել են կրոնը, պատմությունը, ներկան: Սակայն մեր գործը մասամբ հեշտանում է նրանով, որ այդ հանդիպման ժամանակ գրեթե չեն քննարկվել աստվածաբանական, դավանաբանական հարցեր ու դրանց հետ կապված երկկողմ հակասությունները (արդարացված կլինի, որ այդ կրոնական ներհակությունների շուրջ իրենց մեկնաբանությունները տան մեր եկեղեցու ներկայացուցիչները): ՈՒշադրության կենտրոնում են եղել մեր խռովահույզ ներկայի առաջադրած մարտահրավերները, որոնք էլ նույնիսկ հռչակագրին (անկախ ոճից) ավելի շատ քաղաքական-սոցիալական բնույթ են հաղորդել: Ինչպես ասում են, ավա՜ղ, մեծ կրոնը նաև մեծ քաղաքականություն է:
Ինչո՞ւ դարերի ընթացքում երբեք չեն հանդիպել «եղբայրությունը» մոռացած երկու ճյուղերի կրոնապետերը: Ելնելով քրիստոնեական աստվածաբանության իր մոդելից և քրիստոնեական միասնության վերականգնման ուղիների մասին իր պատկերացումներից, պարզաբանում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ միտրոպոլիտ Իլարիոնը, հռոմեական եկեղեցին դարերի ընթացքում անընդմեջ ջանքեր է գործադրել ուղղափառներին վերափոխելու կաթոլիկի: Հռոմի պապերը իրենց համարել են Աստծո փոխանորդներ երկրի վրա՝ կոչված տիրակալելու բոլոր ժողովուրդներին ու թագավորություններին: ՈՒստի և ուղղափառների հետ նրանք պատրաստ էին առնչվելու միայն նրանց իրենց ենթարկելու պայմանով:
ՈՒղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների հանդիպման հավանականության մասին Ռուսաստանում խոսակցություններ եղան մոտ քսան տարի առաջ: Անարդյունք, համաձայնության եզր չգտնվեց փոխադարձ պահանջներում: Երկու տարի առաջ Վատիկանում էր գտնվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որն էլ կարողացավ Հռոմի պապին համոզել հանդիպման անհրաժեշտության մեջ: Ֆրանցիսկոսին Ռուսաստանում ընդունում են որպես խոհուն, ճկուն, իրատես հոգևոր առաջնորդի, որն իրեն թույլ է տալիս նույնիսկ քննադատել եվրոպական շատ երկրների կրոնաքաղաքական տարբեր գործողություններ, երբ «խմբագրվում են» ավանդական արժեքները լոբբիստական զանազան ուժերի ազդեցության ներքո, հանդես է գալիս Սիրիայում հաշտության հասնելու օգտին, աջակից չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը և այլն: Հետագա բանակցությունները վարվում էին «հույժ գաղտնի» այն պատճառով, որ երկու կողմերի կոնսերվատիվ ուժերը կարող էին բացասական ազդեցություն ունենալ՝ խանգարել կամ ճնշում գործադրել մտահղացման իրականացման վրա: Կիրիլի «ընդդիմախոսներից» մեկը, օրինակ, նրա առաքելությունը համարել էր… կուսակցական հանձնարարություն:
Հանդիպումից առաջ ռուսաստանյան լրատվամիջոցներում սրությամբ ու հրապարակավ քննարկվում էր այն հարցը, թե ժամանակակից Եվրոպան ինչքանով կարելի է համարել քրիստոնեական, երբ մարդիկ զանգվածաբար լքել են եկեղեցին: Ցուցադրվում էին հեռուստաֆիլմեր այն մասին, թե եվրոպական շատ երկրներում, գերազանցապես կաթոլիկ, ինչպես են մոռացված աղոթատեղիները վերածվում խաղատան, հյուրանոցի, ռեստորանի, մարզադահլիճի: Մուլտիկուլտուրալիզմ, ընտանեկան ինստիտուտի քայքայում, միասեռականություն, սեռերի վերացում, խեղկատակային հանդուրժողականություն քարոզող քաղաքակրթությունը չի կարող հեռանկար ունենալ, ասում էին բազմաթիվ հաղորդումների մասնակիցները: Եվ ինչ կարող է տալ ռուսներին ինքն իրեն կործանող այդ հանրությունը: Ցուցադրվեց անգլիական մի քաղաք, որտեղ մուսուլմանները, գնելով տեղի եկեղեցին, հիմնահատակ քանդել են այն, նրա տեղը կառուցել մզկիթ, և հիմա իսլամի հետևորդները կազմում են քաղաքի բնակչության կեսից ավելին:
Սակայն մասնավորից վերադառնանք ընդհանուրին՝ իրադարձության, այսպես ասած, աշխարհաքաղաքական կողմին՝ կարո՞ղ են այսուհետ ընդհանրություններ փնտրել քրիստոնեության այս երկու ուղղությունները, երբ, ինչպես իրավացիորեն նշում են բազմաթիվ փորձագետներ, համաշխարհային քրիստոնեության գլխին մութ ամպեր են կուտակվել: Մի կողմ դնենք Եվրոպան: Իրաքի երկու միլիոն քրիստոնյաներից մնացել է 150 հազարը, Սիրիայի նույնքան հավատակիցներից. հայտնի չէ, ինչքանն է մնացել: Քրիստոնեության բնօրրանում իսլամիստները ոչնչացնում են եկեղեցիները, տաճարները, աղոթավայրերը, դաժանորեն գլխատում «անհավատներին»: Կարդինալ Կոխի մեղանչական խոստովանությամբ (ի դեպ, նա անմիջականորեն մասնակցում էր նշյալ հանդիպմանը), «մենք ոչ թե պետք է վախենանք ուժեղ իսլամից, այլ թույլ քրիստոնեությունից»:
Հետաքրքրական է, որ պատրիարք Կիրիլը, չնայած բազմաթիվ առաջարկություններին, խուսափում էր երկխոսության հարթակ ընտրել որևէ եվրոպական երկիր, աշխարհամասը համարելով անբարենպաստ հող համաքրիստոնեական զարգացումների լուծման տեսանկյունից: Իսկ ինչո՞ւ ընտրվեց Հավանան: Կուբան սերտ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, բնակչության գերակշիռ մասը պատկանում է կաթոլիկ աշխարհին և, ի վերջո, Հավանայի ռուսական եկեղեցին խոշորագույնն է Ամերիկայում:
Թե ինչպես կզարգանան երկու կրոնական «սուբյեկտների» հետագա հարաբերությունները, միանշանակ պատասխան չկա: Ռուսաստանն ընդամենը մեծագույն ուղղափառ պետությունն է, բայց ոչ ուղղափառ աշխարհի հոգևոր կենտրոնատեղին: Վատիկանը որպես կրոնական-պետական համաշխարհային կառուցվածք անհամեմատ համապարփակ է և կաթոլիկ հանրությունն իր քանակով ու աշխարհագրությամբ շատ ավելի էական ազդեցություն ունի մեծ քաղաքականության վրա: Թեև այս կապակցությամբ հաճախ էր մեկնաբանություններում վերհիշվում Իոսիֆ Ստալինի հայտնի արտահայտությունը. «Հռոմի պա՞պը: Իսկ քանի՞ դիվիզիա ունի նա…»: Սակայն հազիվ թե մեր օրերում հատկապես տեղին է մեծն բռնապետի իրոնիան:
Ներկա հանդիպման ժամանակ էլ չքողարկվեցին այն հակասությունները, որոնք գոյություն ունեն երկու կրոնական եկեղեցիների միջև, և որոնց մի մասը դիտվում է որպես անհաղթահարելի: Նրանց համագործակցությունը անտարակույս մեծապես կնպաստեր համաքրիստոնեական խնդիրների լուծմանը: Բայց եկեք թեկուզ վերցնենք ընդունված հռչակագրի 30 կետերից սոսկ մեկը և պատկերացնենք, թե ինչպես կընդունվի այն «սեռազրկված Եվրասոդոմում» (ռուս նացիոնալիստների արտահայտությամբ): «Ընտանիքը հիմնված է ամուսնության վրա՝ որպես տղամարդու և կնոջ միջև ազատ ու հավատարիմ սիրո արտահայտություն: Սերն ամրապնդում է նրանց միությունը, սովորեցնում նրանց իրար ընկալել որպես պարգև: Ամուսնությունը սիրո և հավատարմության դպրոց է: Մենք ցավում ենք, որ համաբնակության այլ ձևերը ներկայումս հավասարեցվում են այդ միությանը, իսկ բիբլիական ավանդույթով օծված պատկերացումները հայրության ու մայրության մասին՝ որպես ամուսնությամբ շաղկապված տղամարդու և կնոջ հատուկ կոչում, դուրս են մղվում հասարակական գիտակցությունից»:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 2187

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ