«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

ԼՂՀ անկախության 25-ամյակի առթիվ կթողարկվի 10 հազար շիշ 25 տարեկան կոնյակ

ԼՂՀ անկախության 25-ամյակի առթիվ կթողարկվի 10 հազար շիշ 25 տարեկան կոնյակ
16.02.2016 | 01:33

Արցախի կառավարությունը հանդես է եկել մի նոր նախաձեռնությամբ. 2016-ին նշվում է Արցախի անկախության 25-րդ տարեդարձը, և այդ կապակցությամբ թողարկվելու է 10 հազար շիշ 25 տարեկան կոնյակ՝ համագործակցելով Երևանի գինու-կոնյակի գործարանի հետ։ Համարակալված կոնյակը հանվելու է շուկա վաճառքի, և շահույթն ուղղվելու է պաշտպանական նպատակների։ Այս մասին Արցախի ազգային վիճակախաղի շահումների հանձնման ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։ Նա համոզմունք է հայտնել, որ այդ կոնյակները բացվելու են Անկախության օրը միմյանց շնորհավորելու համար։ Արդեն մայիսի 9-ին ծրագրում են Ստեփանակերտում և Երևանում կազմակերպել մեծ միջոցառում և առաջին խմբաքանակը հանել վաճառքի։
ԼՂՀ փոխվարչապետը Հայաստանում բնակվողներին հրավիրում է Արցախ. «Արցախցին ձեր կարիքն ունի, պարզ շփումների կարիք ունի։ Ստեփանակերտի հրապարակում կանգնեք, ուղղակի զրուցեք մարդկանց հետ։ Հեռախոսահամարներ, ֆեյսբուքյան հասցեներ փոխանակեք»։
Խոսելով Արցախի ազգային վիճակախաղի մասին՝ Արթուր Աղաբեկյանը նշել է, որ դրա հիմնական նպատակը ԼՂՀ-ում աշխատատեղեր ստեղծելն է։ Լեռնային Ղարաբաղի աշխատող տղամարդկանց զգալի մասն ընդգրկված է պաշտպանության բնագավառում՝ սպաներ են, ենթասպաներ, շարքային զինվորներ, և շատ կարևոր է Արցախում հատկապես կանանց համար աշխատատեղերի ստեղծումը։ «Պատվաբեր է սպաների, զինվորների համար մարտական խնդիր կատարելը, երբ գիտեն, որ ընտանիքը սոցիալապես ապահով վիճակում է։ Առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող սպայի համար հազար անգամ պատվաբեր է, երբ գիտի, որ իր կինը, քույրը, մայրն առավոտյան ժամը 9-ին շտապում են աշխատանքի։ Իսկ այդ աշխատատեղ ստեղծելը շատ դժվար է։ Առկա պայմաններում ամենակարևոր լուծումներից մեկը ձեռագործ գորգերի արտադրությունն է, որը բարձր տեխնոլոգիաներ, մեծ ներդրումներ չի պահանջում։ Եթե բարձր տեխնոլոգիական արտադրական հնարավորություններ ունեցող մեկ աշխատատեղ ստեղծելու համար հարկավոր է մոտ 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ապա մեկ գորգագործի աշխատատեղ ստեղծելն արժե ընդամենը 300 դոլարին համարժեք դրամ։ Սա լավագույն ճանապարհներից մեկն է, որի շնորհիվ մենք շատ արագ կարող ենք ստեղծել հարյուրավոր աշխատատեղեր։ Մենք շարունակում ենք ձեռագործ աշխատանքը դիտել որպես աշխատատեղ ստեղծելու լավագույն միջոց և հիմա փնտրում ենք այլ ուղղություններ, որպեսզի գյուղերում, փոքր համայնքներում մարդիկ կարողանան զբաղվածություն ձեռք բերել»,- ասում է Արթուր Աղաբեկյանը՝ շեշտելով, որ արդեն իսկ ազգային վիճակախաղի ծրագրով միայն գորգագործության բնագավառում 205 կին է աշխատում, որոնց մեծ մասը սպաների կամ զոհված ազատամարտիկների կանայք, մայրեր են։ ԼՂՀ փոխվարչապետը նշում է նաև, որ վերջին տարիներին կարողացել են «դեսպանի» կարգավիճակում հարյուրավոր գորգեր ուղարկել Եվրոպա, ԱՄՆ՝ արցախյան գորգերը ներկայացնելով համայն աշխարհին, որպես հայ ժողովրդի մշակութային սեփականություն։ Այդ մեծագույն առաքելությունն իր վրա է վերցրել «Արցախի ազգային վիճակախաղ» ծրագիրը։ Նշենք, որ 2015-ին իրացվել է մոտ 100 հազար վիճակախաղի տոմս, եղել է ավելի քան 430 շահող՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լիբանանից, Իրանից և բազմաթիվ այլ երկրներից։ Վիճակախաղի տոմսերն իրացվել են 25 երկրներում։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1337

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ