Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խոսք` ուղղված քաղաքագիտության մի դոկտորի

Խոսք` ուղղված  քաղաքագիտության մի դոկտորի
19.02.2016 | 08:49

Սկսեմ խոսքս քաղաքագիտության դոկտորից և ասեմ, որ նա էլ հայ է և (ինչպես բոլոր հայերս) սիրում է մեր դժբախտությունների ողջ պատասխանատվությունը փնտրել ուրիշների մեջ: Քանի որ դոկտորը նաև դասավանդում է, այսինքն` պատրաստում է նոր քաղաքագետների սերունդներ, բնականաբար նույն պատասխանատվությամբ նրա հետևորդները պիտի մոտենան մեզ առնչվող քաղաքական շատ հարցերի մեկնաբանմանը, այսինքն` նորից պիտի շարունակվի հիվանդոտ մտածելակերպը, բոլշևիկյան «բանդան» (բերված դարձվածքը քաղաքագետի լեքսիկոնից է- Ս.Հ), հանուն համաշխարհային հեղափոխության, հանուն մուսուլմանական Արևելքի ծախեց թուրքին մեր պատմական հողերը:
Ոչ քաղաքագիտության դոկտորս փորձեմ փաստերով հիմնավորել` իրո՞ք բոլշևիկյան «բանդան» այդ հողերը նվիրեց հենց այնպես, հանուն թուրքի սիրո, թե՞ որոշակի հիմնավոր պատճառներ կային այդ «սիրո» արտահայտության համար, և վերջապես այդ թվականների հայոց կառավարությունը մեղքի իր բաժինը չունե՞ր թուրքերի նկատմամբ բոլշևիկյան սիրո նման դրսևորման համար։ ՈՒ նաև 1921-ի փետրվարի 18-ին Երևանում բռնկված հեղափոխությունը, որի արդյունքում մոտ 40 օրով տապալվեց բոլշևիկյան վարչակազմը Հայաստանում, էական նշանակություն ունեցա՞վ այդ պայմանագրի վրա, թե՞ ոչ: Այդ հեղափոխության համար որոշ հայ բոլշևիկներ ստեղծել էին օբյեկտիվ պայմաններ (Երևանի Չեկայի բակում Ավիս Նուրիջանյանը կացնահարում էր Սարդարապատի հերոսներին), և դաշնակցության լիդերներն էլ օգտվեցին օբյեկտիվ ստեղծված վիճակից ու գնացին… չեմ ուզում օգտագործել ավանտյուրա բառը (այդպես է բնութագրել բոլշևիկյան հայ պատմագրությունը ՀՅԴ քայլերը)։ Բայց չեմ կարող չհարցադրել` որքա՞ն էր բանական` մեծ քաղաքականության առումով, ծվեն-ծվեն եղած, սոված ազգին հանել միանգամից թուրքական և բոլշևիկյան իշխանությունների դեմ, այն էլ այն օրերին, երբ Մոսկվայում ընթանում էին ռուս-թուրքական բանակցությունները սահմանային հարցերի վերաբերյալ: Եթե խնդրին մոտենանք սառը դատողությամբ, ապա պետք է ասել` դաշնակցականներն ընտրեցին կշեռքի նժարների վրա դրված ընկերների կյանքը, որն անհամեմատ թեթև էր ողջ հայ ժողովրդի շահերից, իսկ գուցե ընկերների կյանքն էլ այնքան էական չէր, որքան անսահման կույր սերը դեպի Անտանտի դաշնակիցները, դեպի իշխանությունը և ավելի կույր ատելությունը առ նոր Ռուսաստան: Նման քաղաքական պայմաններում Մոսկվայում ընթանում էին ռուս-թուրքական բանակցությունները:
Բոլշևիկներն իրենց հատուկ դիվանագիտական ճկունությամբ հարաբերություններ էին պահպանում ինչպես քեմալականների, այնպես էլ երիտթուրքերի լիդերների հետ: Ինչո՞ւ, որպեսզի անհրաժեշտության դեպքում քեմալականների հետ բանակցությունների ժամանակ կարողանային ճնշում գործադրել նրանց վրա: Այդ միտքը պարզ երևում է Չիչերինի 1921 թվականին ՌԿԿ-ին գրած նամակում, նույն Չիչերինը 1920 թվականին Լենինին գրած նամակում (իմ կարծիքով` ոչ ոք Չիչերինին չի կարող մեղադրել հակահայկականության մեջ) աղերսում էր արագացնել պայմանագրի ստորագրումը: Իսկ 1926 թվականին անգլիական «Գարդիան» թերթին տված հարցազրույցում ուղղակի ասել է. «Եթե մենք չպաշտպանեինք ազգային շարժումը Թուրքիայում, ապա Անգլիան կհայտնվեր Կովկասի դարպասների մոտ»: Իսկ ի՞նչ էր անում այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը, որն այդպես էլ կուրորեն նվիրված էր Անտանտին: Ավելի լավ է խոսքը տանք Տ. Բեկզադյանին: «Թուրքերի վերջնագրի կապակցությամբ երեկ տեսնվեցի Շեյնմանի և Ստոքսի հետ»,- գրում է Բեկզադյանը արտգործնախարարությանն ուղարկած նոյեմբերի 12-ի հեռագրում:
Վերջինը (նկատի ունի Անգլիայի ներկայացուցիչ Ստոքսին) վերջապես պատռեց իր դիմակը և հայտարարեց, որ եթե ինքը լիներ Անգլիայի կառավարողը, ապա կօժանդակեր քեմալական շարժմանը, քանի որ այն հակաբոլշևիկյան շարժում է, և օժանդակելով Քեմալին` Անգլիան կբարձրացնի իր ընկած հեղինակությունը մուսուլմանական աշխարհում:

Պարզ է, որ անգլիացիներից մենք սպասելու ոչինչ չունենք: Շեյմանը պատասխանեց, որ Չիչերինը հարձակմանը դեմ է: Ստոքսի նման պատասխանը չի սթափեցրել Օհանջանյանին: Փաստերը ցույց են տալիս, որ բանակցություններն ընթացել են չափազանց ծանր պայմաններում, և թուրքերը ձգտել են ողջ Հայաստանի տարածքին։ Եվ իրենց նպատակներին հասնելու համար մեջտեղ էին քաշում 1920 թվականի դեկտեմբերի 2-ին (նշենք, որ Հայաստանը խորհրդայնացվել էր 1920 թվականի նոյեմբերի 29-ին) հանրապետության կառավարության և Թուրքիայի միջև կնքված Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը:
Այստեղ օրինական հարց է առաջանում. բոլշևիկները, որոնք կարողացան մաս առ մաս վերականգնել ռուսական կայսրությունը (բացի Լեհաստանից և Ֆինլանդիայից), ինչո՞ւ պետք է կամովին թուրքերին զիջեին ռուսական կայսրության հսկայական հողեր: Տեղին է նշել, որ թուրքերը, Մոսկվայից բացի, բանակցություններ էին վարում Լոնդոնում և փորձում էին հասնել Ալեքսանդրապոլի պայմանագրի ընդունմանը: Ավելին նշեմ. ծանր ու երկար բանակցություններն ավարտվել են 1921 թվականի մարտի 16-ին, բայց այն ստորագրվել է երկու օր ուշացումով, որովհետև բուն պայմանագրի ընդունումը չի գոհացրել թուրքերին: Նրանք պահանջել են երաշխիքներ, որ Ռուսաստանը պիտի շարունակի օգնել իրենց ոչ միայն զենք-զինամթերքով, այլև ոսկով:
Այնպես որ, այդ պայմանագիրը ոչ եղբայրական է, ոչ էլ բարեկամական, պարզապես հարկադրաբար ընդունված ակտ: Այդ պայմանագրի մասին տեսնենք, թե ինչ է ասել այն ժամանակ Մոսկվայում Թուրքիայի դեսպան, բանակցությունների մասնակից Ալի Ֆուադը. «Շնորհիվ որոշ ճգնաժամային պահերի, որը հաջողվել էր մեզ ստեղծել, և դրա արդյունքում մեր ճնշումներին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը չկարողացավ արդյունավետ անցկացնել իր գիծը»: Կարճ ասած, թուրքերն ավելի ճկուն դուրս եկան և կարողացան օգտվել խորհրդային Ռուսաստանի համար ստեղծված տնտեսական, քաղաքական ծանր պայմաններից: Այնպես որ այդ պայմանագիրն ավելի շատ կարելի է անվանել պարտվողի պայմանագիր, քան եղբայրության և հավասարության: Իսկ ավելի ճիշտ, դա Ռուսաստանի ճակատին Թուրքիայի կողմից դաջված խարազան է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ